23:33
12/08/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՄԵԾ ՀԱՅԸ՝ ՀՐԱՅՐ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

2020-08-04 09:51

«Դե Ֆակտո» N 03/154 (03/2020թ.)

Հակոբ Սահակի Հովակիմյան (ավելի հայտնի է որպես Հրայր Հովակիմյան)
Ծնվել է 1953թ. մայիսի 13-ին, Հալեպում (Սիրիա), հայ անվանի բժիշկ, սրտային վիրաբույժ:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1977 թ. ավարտել է Հալեպի համալսարանի բժշկական ֆակուլտետը:
1977-1984 թթ. վերապատրաստվել է Նյու Յորքի Բեկմանի համալսարանում:
1984-1988 թթ. վերապատրաստվել է Օրեգոնի Սենտ Վինսենտ հոսպիտալում (սիրտ-թոքային վիրաբուժության գծով):
1988-1989 թթ. վերապատրաստվել է Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցում:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
1992-1993 թթ. աշխատել է Երևանի Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում:
1993 թ. «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում հիմնադրել է մանկական սրտավիրաբուժության բաժին:
1996 թ. բացվել է նաև մեծահասակների սրտային վիրաբուժության բաժինը:
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի գլխավոր սրտային վիրաբույժն է:
Սրտային վիրաբուժության գծով վերապատրաստել է մեծ թվով հայաստանցի բժիշկների:
Արտասահմանյան մի շարք բժշկական ընկերությունների և ասոցիացիաների անդամ:

ՊԱՐԳԵՎՆԵՐ, ԿՈՉՈՒՄՆԵՐ
Երևանի պատվավոր քաղաքացի (1997):
ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր (1999):
Արտասահմանյան մի շարք բժշկական ընկերությունների և ասոցիացիաների անդամ:
Օրեգոնի բժշկական համալսարանի շնչառական վիրաբուժության 1-ին մրցանակակիր:
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (2008):
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2014):

Թվում է` հնարավոր չէ, որ մարդու մեջ համադրվեն մեծ գործերն ու անսահման համեստությունը, մարդկային կյանքերի փրկության գործն ու լռությունը, հայրենասիրությունն ու միայն նվիրված աշխատանքով այն արտահայտելը, այնինչ կան եզակի անհատներ, որոնք առանձնանում են իրենց մարդկային բարձր արժեքներով, հայրենասերի իրական կերպարով, կյանքի իմաստի ընկալմամբ, անանձնական սիրով, նվիրվածությամբ ու անսահման համեստությամբ: Նրանք իրենց մղումներում դրսևորում են անկեղծություն, ազնվություն և զսպվածություն: Այդպիսին է հայ անվանի սրտաբան, կարդիովիրաբույժ Հրայր Հովակիմյանը, ով Հայաստանի համար ամենածանր տարիներին` 1990-ականներին, երբ ժողովուրդը պայքար էր մղում հանապազօրյա հաց հայթայթելու համար, իսկ մի մասն էլ ապաստան էր փնտրում օտար ափերում, նա հանձն առավ Հայաստանում զարգացնել մանկական առաջին սրտային վիրաբուժության ծառայությունը:
Հրայր Հովակիմյանի մասնակցությամբ 1993թ. «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում բացվեց մանկական սրտային վիրաբուժության բաժանմունքը, 1996թ.` մեծահասակների սրտային վիրաբուժության բաժանմունքը: Բնականաբար, բավականին բարդ էր ստեղծել նման բաժանմունք (այն էլ այդ տարիներին), որը ենթադրում էր կադրերի պատրաստում, սարքավորումների ապահովում և այլն, սակայն երբ կա նպատակ, որում ներդրված է անսահման մարդասիրություն, նվիրվածություն, բարություն, ազնվություն, ցանկացած խոչընդոտ հաղթահարելու կամք և աջակցող մարդիկ, ամեն բան հնարավոր է: Հրայր Հովակիմյանը ջանք ու եռանդ չխնայեց փոքրիկների փրկության ծրագիրը կյանքի կոչելու համար. իր մտավոր, ֆինանսական ներուժը ներդրեց կադրերի պատրաստման և անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման գործում: Այդպես բաժանմունքը զարգացավ, ունեցավ բազում հաջողություններ, ձեռք բերեց միջազգային ճանաչում:
Շուրջ 27 տարի Հրայր Հովակիմյանը շարունակում է իր առաքելությունը կատարել բաժանմունքում, որտեղ այսօր արդեն աշխատում են նրա գործը շարունակող երիտասարդ հրաշալի մասնագետներ, որոնց նա փոխանցել է իր փորձն ու հմտությունները: Տարվա որոշակի ժամանակահատված ապրելով և աշխատելով ԱՄՆ-ում` Հրայր Հովակիմյանն անընդհատ կապի մեջ է «Նորք-Մարաշ»-ի բժիշկների հետ. միասին քննարկում են բարդ դեպքերը, գտնում լուծումներ: Այսինքն` նա մշտապես ներկա է և մասնակցում է բաժանմունքի աշխատանքներին` անգամ հեռվից: Իսկ իր այցելությունների ժամանակ կատարում է անվճար վիրահատություններ, որոնք արդեն նախապես ծրագրված են լինում: Երբեմն օդանավակայանից միանգամից շտապում է կենտրոն` չհանգստանալով երկարատև թռիչքից հետո. Հայաստանում գտնվելու ժամանակահատվածի ամեն րոպեն նա փորձում է արդյունավետ ծախսել, օգտակար գործ անել: Ինչպես նաև, իր յուրաքանչյուր այցելության ժամանակ վիրահատություններին զուգահեռ` նա մաստեր կլասեր է անցկացնում տեղի սրտաբանների հետ, սրտաբանության վերջին նվաճումները, նորությունները հայտնում նրանց: Պատահական չէ, որ մի օր նա նրանց վստահեց իր սրտի վիրահատությունը...
Հրայր Հովակիմյանը մարդու այնպիսի տեսակ է, որը նախընտրում է լռել իր Մեծ գործերի մասին, հարցազրույցներ չի տալիս: Նա ողջ էությամբ տարված է իր առաքելությունն իրականացնելով և հավակնություններ չունի իր անձի շուրջ հերոսական պատմություներ լսելու: Մեզ դժվարությամբ հաջողվեց կարճատև զրույց ունենալ նրա հետ: Բայց որքան էլ նա լռի իր Մեծ գործերի մասին, մարդիկ խոսում ու պատմում են նրա` Մեծ հայի կերպարի մասին, իրենց հարազատների կյանքի փրկության մասին: Երևի թե հենց այսպիսին է և պետք է լինի Մեծ հայը...


Բժշկի պարտքն է բուժել հիվանդին:

Հայաստանն իրավունք ունի դասվելու զարգացած սրտային վիրաբուժություն ունեցող արեւմտյան երկրների շարքում:

Վիրահատության ժամանակ ես չեմ մտածում կյանք փրկելու մասին, այլ` սրտի հետ կապված որ շեղումն ինչպես շտկել եւ երբ հաջողվում է, բնականաբար, ուրախանում եմ:

Հայրենիքը ես տեսնում եմ մարդկային հարաբերությունների մեջ:

Ես ուզում եմ, որ իմ հայրենիքում ապրեն երջանիկ մարդիկ:

-Պարո՛ն Հովակիմյան, նախ ուրախ ենք կրկին տեսնելու Ձեզ Հայաստանում և երջանիկ, որ բախտ ունենք զրուցելու Ձեզ հետ: Գիտենք, որ բազմաթիվ հիվանդներ անհամբերությամբ սպասում են Ձեր ամենամյա այցելություններին: Նախ կասե՞ք` ի՞նչ ծրագրերով եք այս անգամ եկել Հայաստան:

-Վերջին մեկ-երկու տարիների Հայաստան այցելություններիս հիմնական նպատակն իմ գիտելիքների ու փորձի փոխանցումն է երիտասարդ սերնդին, որպեսզի բաժանմունքն ապահովված լինի երիտասարդ, կիրթ և հմուտ մասնագետներով ու ապահովվի բաժանմունքի շարունակական զարգացումն ու հաջողությունները, ինչպես նաև մասնակցում եմ այն վիրահատություններին, որոնցում իմ կարիքը կա:

-Դուք Ձեր կերպարով, գործունեությամբ ապացուցում եք, որ բժիշկ լինելը նախ կոչում է, հետո` մասնագիտություն, բայց կցանկանայինք լսել Ձեր` բազում կյանքեր փրկած մարդու ձևակերպումը` ի՞նչ է բժշկությունը, ո՞վ է բժիշկը, ինչպիսի՞ն պետք է նա լինի:
-Բժշկությունը, ինչպես մյուս մասնագիտությունները պահանջում է գիտելիք և էթիկական որոշակի չափանիշերի պահպանում: Բժշկի պարտքն է բուժել հիվանդին:

-Հայաստանի համար ծանր տարիներին` 1993 թվականին, ստեղծեցիք Հայաստանում առաջին մանկական սրտային վիրաբուժության բաժանմունքը, ինչպե՞ս կբնութագրեք Ձեր անցած ուղին:
-Կպատասխանեմ կարճ` շատ հաճելի ճանապարհ եմ անցել «Նորք-Մարաշ»-ում:

-Ինչպե՞ս կգնահատեք երիտասարդ սերնդի սրտային վիրաբույժների մասնագիտական հմտությունները:
-Մեր երիտասարդ սերնդի սրտային վիրաբույժները, վստահաբար, կարող են ներկայացնել Հայաստանը` որպես ժամանակակից սրտի վիրահատություն կատարող երկիր:

-«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն դիմում են հիվանդներ տարբեր երկրներից, կենտրոնը բավականին բարձր վարկանիշ ունի` առաջին հերթին Ձեր անվան շնորհիվ: Եթե համեմատեք հայաստանյան սրտային վիրաբուժության մակարդակը ամերիկյան կամ այլ զարգացած երկրների հաջողությունների հետ, ապա ո՞ր տեղում կհայտնվի Հայաստանը:

-Կարծում եմ` Հայաստանն իրավունք ունի դասվելու զարգացած սրտային վիրաբուժություն ունեցող արևմտյան երկրների շարքում, իսկ թե որ տեղն է մերը դրանում, դժվար չափվելիք բան է: Միայն կարող եմ ասել, որ «Նորք-Մարաշը», միանշանակ արևմտյան չափանիշերով զարգացող սրտի վիրաբուժության կենտրոն է:


-Մենք գիտենք, որ դեպքեր են եղել, երբ Դուք օդանավակայանից անմիջապես շտապել եք վիրահատարան: Զարմանալի է, թե որքան սեր, բարություն, նվիրում կա Ձեր մեջ դեպի հայրենիքը և, առհասարակ, մարդկությունը. ո՞րն եք համարում Ձեր հաջողության ֆենոմենը:

-Կարծում եմ` հաջողության ֆենոմենը ճիշտ ժամանակին, ճիշտ մարդկանց ճիշտ տեղում հանդիպելն է: Դա ընկած է նաև այն ամենի հիմքում, ինչն իմ գործընկերների հետ իրականացրել ենք, և դժվար է պատկերացնել, որ կարող էր ինչ-որ բան այնպես չլիներ, ինչպես եղել է, պատահականություններ...


-Ի՞նչ եք զգում ամեն անգամ մարդկային կյանք փրկելիս: 

-Վիրահատության ժամանակ ես չեմ մտածում կյանք փրկելու մասին, այլ` սրտի հետ կապված որ շեղումն ինչպես շտկել, իմ խնդիրն այդ պահին դա է, և երբ հաջողվում է, բնականաբար, ուրախանում եմ: 

-Ի՞նչ ծրագրեր ունեք «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի հետ կապված:

-«Նորք-Մարաշ»-ի համար ամենակրիտիկական փուլը սերնդափոխությունն էր, որը, կարող եմ ասել, տեղի է ունեցել, և կենտրոնն իր առջև ունի 30 տարվա սահուն զարգացման հորիզոն:
Այժմ իմ երազանքն է, որ կենտրոնում ունենամ իմ անկյունը, դուռը բացեմ, ներս մտնեմ, նստեմ գրասեղանի մոտ և ուրախանամ` նայելով, թե ինչ հաջողությամբ են մեր մասնագետները կատարում վիրահատությունները, և իմ կարիքը բացարձակապես չունեն:


-Ի՞նչ է հայրենիքը Ձեզ համար:
-Իմ հիմնական նպատակն է հասարակական աշխատանք կատարելը, մարդկությանն օգտակար լինելը, և եթե ունեմ հայրենիք, ապա ինչո՞ւ Աֆրիկա գնալ, ինչո՞ւ չծառայել սեփական ժողովրդին: Այնպես որ, հայրենիքը ես տեսնում եմ մարդկային հարաբերությունների մեջ և ոչ հակառակը:


-Կգա՞ մի օր, որ Դուք կվերադառնաք Հայաստան մշտական բնակության:
-Ներկա աշխարհում մշտական բնակություն ասվածը հարաբերական հասկացություն է, հատկապես, երբ ընտանիք չունես, այդ պատճառով կարող եմ ասել` ես արդեն Հայաստանում եմ:


-Եվ վերջում` ինչպիսի՞ Հայաստանի մասին եք երազում:
-Բոլոր առարկայական ցուցանիշերի վերլուծության նպատակն արձանագրելն է, որ երկրում ապրում են մեծ թվով երջանիկ մարդիկ. ոմանց շատ բան է պետք դրա համար, ոմանց` քիչ:
Ես ուզում եմ, որ իմ հայրենիքում ապրեն երջանիկ մարդիկ: Հավատում եմ, որ մենք կարող ենք ամեն ինչի հասնել, եթե մեր ունեցածը լավագույնս օգտագործենք:

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...