





2020-08-04 09:50
«Դե Ֆակտո» N 03/154 (03/2020թ.)
Անանձնական սիրով նվիրվել գործին քչերը կարող են, նրանք եզակի անհատներ են, ովքեր ունակ են անշահախնդիր, մաքրամաքուր սիրով իրենց անձը նվիրել այլոց օգնելու համար, իսկ տվյալ դեպքում` կյանքեր փրկելու գործին: Այդպիսին է ամերիկահայ սրտային վիրաբույժ Հրայր Հովակիմյանը, ով 1990-ականներին, երբ ողջ հայությունը ծանր օրեր էր ապրում, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում զարգացրեց սրտային վիրաբուժությունը` իր առջև դնելով բարձր նշաձող: Հայաստանի նման սուղ հնարավորություններ ունեցող փոքր երկրում նա սրտային վիրաբուժությունը հասցրեց եվրոպական և ամերիկյան ամենազարգացած կլինիկաների մակարդակին:
Հրայր Հովակիմյանի գործունեության ամենակարևոր առանձնահատկություններից մեկը հետևողական, անզիջում պայքարն է ցանկալի արդյունքի հասնելու համար և դրա պահպանումն ու կայուն զարգացումը: Կենտրոնի հաջողության գրավականներից մեկն էլ բարձրակարգ մասնագիտական թիմն է, որը, համախմբված մեկ գաղափարի շուրջ, կատարում է իր առաքելությունը: Դա ևս Հրայր Հովակիմյանի ցուցաբերած ճիշտ մոտեցման արդյունքն է: Իզուր չէ, որ մենք նրան անվանել ենք Մեծ հայ:
Հատկանշական է, որ Հրայր Հովակիմյանի հետ միասին Հայաստանում սրտային վիրաբուժությունը զարգացնելու գործին նվիրվել և հավասարապես պայքարել է կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը («Նորք-Մարաշ» ԲԿ նախկին տնօրեն), ով ևս մեծ հայրենասեր ու իր կոչմանը հավատարիմ անձնավորություն է: Այսօր կենտրոնը հաջողությամբ ղեկավարում է Միքայել Ադամյանը, ով, պահպանելով կենտրոնի ավանդույթները, ձգտում է ավելացնել հաջողությունները` կառավարման նորագույն մեթոդների և մասնագիտական արդի մոտեցումների կիրառման շնորհիվ:
Արդյունքում` այսօր «Նորք-Մարաշ» ԲԿ-ն` որպես բարձրակարգ սրտաբանական կենտրոն, ճանաչված է ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ նաև դրա սահմաններից դուրս:
«Դե Ֆակտո» ամսագրի այս համարի առաջին էջին ներկայացնում ենք Մեծ հայ, անվանի սրտային վիրաբույժ և բարերար, անսահման համեստ անձնավորություն Հրայր Հովակիմյանին: Ամսագրի էջերում կարող եք ծանոթանալ նրա գործունեությանը, ընթերցել անվանի բժշկի հետ արված բացառիկ հարցազրույցը, առավել մանրամասն ծանոթանալ «Նորք-Մարաշ» ԲԿ ձեռքբերումներին և հրաշք թիմին:
Վերադառնալ