15:21
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Կրթված սերունդն առողջ հասարակության հիմքն է

2020-06-19 21:25

 
Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի տնօրեն  Շողիկ Ալեքսանյան

 «Դե Ֆակտո» N 02/153 (05/2020թ.)

Սա Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի (նախկինում` Քիմիական տեխնիկում) կարգախոսն է, որին հավատարիմ` երկար տարիներ կրթական գործունեություն է ծավալում ուսումնական հաստատությունը: Քոլեջում կարելի է ձեռք բերել կարևոր և արդի, պահանջված մասնագիտություններ: Կատարվում է միջին մասնագիտական կրթությամբ, նախնական (արհեստագործական) կրթությամբ դիմորդների ընդունելություն` տարբեր մասնագիտությունների գծով, ինչպես նաև գործում են կարճաժամկետ ծրագրեր:
Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջում նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթությամբ դիմորդների համար գործում են հետևյալ բաժինները` ոսկերչություն, խոհարարական գործ, եռակցման աշխատանքների տեխնոլոգիա, լաբորատոր հետազոտություններ և չափումներ արտադրությունում:
Միջին մասնագիտական կրթությամբ դիմորդների համար գործում են` դեղագործություն, ատամնատեխնիկական գործ, կոսմետիկա և դիմահարդարման արվեստ, հաշվապահական հաշվառում, սպասարկման կազմակերպում, կենսաքիմիական արտադրություն, արտադրանքի ստանդարտացման և համապատասխանության հավաստում, շրջակա միջավայրի պահպանման և բնական պաշարների արդյունավետ օգտագործում, հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում (նորույթ), զբոսաշրջություն:
Քոլեջն իրականացնում է նաև կարճաժամկետ ծրագրեր հետևյալ մասնագիտությունների գծով` վարսավիրական արվեստ, լաբորատոր չափումներ և հետազոտություններ արտադրությունում, խոհարարական գործ (նորույթ), եռակցման տեխնոլոգիա, կարի արտադրություն:
Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի կրթական ծրագրերի և հաջողությունների մասին զրուցեցինք քոլեջի տնօրեն Շողիկ Ալեքսանյանի հետ:

-Տիկի՛ն Ալեքսանյան, կխնդրեմ մի փոքր ներկայացնեք` ի՞նչ հաջողությունների է հասել Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջը, ինչպիսի՞ պայմաններ են ստեղծված ուսանողների համար և ինչպիսի՞ ներդրում ունեք Դուք այդ ամենում:

-Պետք է նշեմ, որ շուրջ չորս տարուց ավել է, ինչ ղեկավարում եմ Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջը, և մինչև իմ պաշտոնավարումը, այն արդեն կայացած ուսումնական հաստատություն էր: Իհարկե, տնօրենի պաշտոնը ստանձնելով` ձգտել եմ բարելավել և արդիականացնել թե՛ կրթական ծրագրերը, թե՛ շենքային պայմանները: Մեծ աշխատանք ենք տարել նաև քոլեջում նոր, ժամանակակից մասնագիտությունների ներդրման և պրոֆեսիոնալ դասախոսական կազմի համալրման առումով:
Իհարկե, այդ ամենը հեշտ չի տրվել մեզ, հատկապես քոլեջի սուղ բյուջեի պարագայում, քանի որ ուսանողների մեծամասնությունն անվճար հիմունքներով է սովորում, միայն փոքր մասը` վճարովի: Այնուամենայնիվ, մեզ հաջողվել է իրականացնել վերանորոգման, բարեկարգման և վերազինման աշխատանքներ. քոլեջի շենքը հիմնանորոգված է, լաբորատորիաները, արհեստանոցներն ու լսարանները համալրված են նորագույն տեխնոլոգիաներով ու տեխնիկայով:
Ինչ վերաբերում է ուսումնական ծրագրերին, ապա դրանք մշտապես թարմացվում, մշակվում ու վերանայվում են: Ուսումնական գործընթացը կազմակերպվում է արդի մեթոդներով, նոր մոտեցումներով: Բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները ցանկության դեպքում կրթությունը շարունակում են բարձրագույն ուսումնական հաստատություններում:

-Արդյո՞ք համագործակցում եք պոտենցիալ գործատուների հետ, և ավարտելուց հետո քոլեջի շրջանավարտը կարո՞ղ է ակնկալել աշխատանքի անցնելու հեռանկար:

-Բնականաբար, մենք այդ մասին ևս մտածել ենք. Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջը համագործակցում է տարբեր գործատուների և մի շարք կազմակերպությունների հետ, որոնցում հետագայում աշխատանքի են անցնում մեր լավագույն շրջանավարտները:


-Որքա՞ն է քոլեջի ուսանողների թիվը, և հիմնականում 9-րդ, թե՞ 12-րդ դասարանն ավարտածներն են դիմում քոլեջ:

-Այժմ ունենք մոտ 400 ուսանող, իմ պաշտոնավարման առաջին տարում նրանց թիվը 250 էր: Մեզ հիմնականում դիմում են 9-րդ դասարանն ավարտած դիմորդները, որոնց համար ուսման տևողությունը 3 տարի է, իսկ 12-րդ դասարանն ավարտածների համար` 2 տարի` բացառությամբ «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» բաժնի (9-րդ դասարանն ավարտածների համար` 4 տարի, 12-րդն ավարտածների` 3):
Ուսանողության կեսից ավելին տղաներ են, այդ պատճառով ես ձգտում եմ քոլեջում պահել տղամարդ դասախոսներին` կարևորել նրանց դերը տղաների դաստիարակության գործում:

-Տիկի՛ն Ալեքսանյան, Դուք նշեցիք, որ մի քանի մասնագիտական ուղղություններ Ձեր նախաձեռնությամբ են բացվել քոլեջում, որո՞նք են դրանք և ի՞նչ պայմաններ են առկա այդ ֆակուլտետների ուսանողների համար:

-Իմ ամենամեծ, ծավալուն աշխատանքը «Խոհարարություն» բաժնի ստեղծումն է, քանի որ այն բոլորովին նոր էր մեր քոլեջում, և բավականին մեծ ջանքեր ու ֆինանսներ պահանջվեցին այն ներդնելու համար: Նախաձեռնեցինք, նախ և առաջ ստեղծել մեծ, բարեկարգ և հարմարավետ խոհանոց` համալրված բոլոր անհրաժեշտ պայմաններով` տեխնիկական միջոցներ, խոհարարական պարագաներ, ինչը բավականին ծախսատար աշխատանք էր, իսկ մենք, ինչպես գիտեք, հովանավորներ չունենք, սակայն երբ ցանկությունը մեծ է, դժվարությունները հաղթահարվում են: Մենք մեր խնայողություններով կարողացանք այս շատ կարևոր ծրագիրն իրականություն դարձնել:
Ես շատ էի ցանկանում, որ մենք այս բաժինն ունենայինք, քանի որ, նախ` խորահարարությունը պահանջված մասնագիտություն է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում, հետո` խոհանոցն ազգային մշակույթի մի մասն է, և մենք պետք է ունենանք այն լավագույնս ներկայացնողներ և տարածողներ:
Վերջերս հյուրընկալել էինք Խոհարարների միության նախագահ Սեդրակ Մամուլյանին, ով զարմանքով և հիացմունքով նշեց, որ նման խոհանոց չունեն անգամ երկար տարիներ այս մասնագիտական ուղղությամբ կադրեր պատրաստող ուսումնական կենտրոնները: Ես անչափ ուրախացա` նրա բարձր գնահատականը լսելով, քանի որ իսկապես ամեն բան արել էինք լավագույն արդյունքի հասնելու համար:
Նշեմ նաև, որ մենք այս բաժնին նաև որոշակի գումար ենք հատկացնում դասերի անցկացմանն անհրաժեշտ սննդի ձեռքբերման համար, և ուսանողներից չենք պահանջում սնունդ բերել իրենց հետ:

-Որո՞նք են Ձեր ներդրած մյուս` նոր, մասնագիտական ուղղությունները:

-Այս տարի մենք բացել ենք նաև «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» ֆակուլտետը, որը ՏՏ ոլորտի մասնագետներ է պատրաստելու: Լսարանը ապահովված է նոր համակարգիչներով, իսկ համակարգչային գույքը պատվիրել ենք, այն պատրաստ կլինի նոր ուսումնական տարում: Սա ևս շատ պահանջված և հեռանկարային մասնագիտություն է այսօր, և մենք ձգտում ենք որակյալ կադրեր պատրաստել մեր աշխատաշուկայի համար:
Մենք նաև վերաբացել ենք «Զբոսաշրջություն» և «Շրջակա միջավայրի պահպանման և բնական պաշարների արդյունավետ օգտագործում» ֆակուլտետները, որոնք նախկինում ներառված են եղել քոլեջի մասնագիտությունների ցանկում, սակայն ընդունելություն չի կազմակերպվել դրանց գծով: Կարծում եմ` այս երկու մասնագիություններն առաջիկայում շատ ավելի պահանջած են լինելու, քան այսօր:

-Դուք նաև մեծ ուշադրություն եք դարձնում կիրթ և դաստիարակված անհատ ձևավորելուն, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում այդ ուղղությամբ:

-Առհասարակ, կրթական գործընթացում որակյալ մասնագետ պատրաստելուց բացի, կարևորում եմ նաև որակով մարդ կրթելը, դրանք պետք է շաղկապված լինեն, որպեսզի ես մեր կատարած աշխատանքը լիարժեք համարեմ: Դրան ուղղված իմ քայլերից մեկը «Էթիկայի կենտրոն»-ի հիմնադիր Գևորգ Մկրտչյանի հետ համագործակցությունն է: Նշեմ, որ կենտրոնում կարելի է ձեռք բերել վարվեցողության կանոնների, հյուրասիրության, հագուստի պատշաճ ընտրության և այլնի մասին լիարժեք տեղեկատվություն և հմտություններ, ինչին, կարծում եմ, յուրաքանչյուր կիրթ մարդ պետք է տիրապետի: Նախ ինքս անցա այդ դասընթացը, թեև ինձ համար այն նորություն չէր, որպեսզի տեսնեմ, թե ինչպիսի աշխատանք է տարվում այնտեղ, իսկ այնուհետև, հավանելով դասավանդման մեթոդներն ու բովանդակությունը, ցանկություն հայտնեցի վճարել, որ ամեն տարի մեր քոլեջի 2-3 ուսանող անցնի այն: Այդ մասին ասացի Գևորգ Մկրտչյանին, իսկ նա պատրաստակամություն հայտնեց տարեկան 2-3 ուսանողի անվճար ընդգրկել իր դասընթացներում:
Պետք է նշեմ, որ մեր ուսանողները շատ մեծ սիրով և ոգևորությամբ են մասնակցում այդ դասընթացներին, այնուհետև պատմում միմյանց իրենց սովորածը:
Ես նաև Գևորգին խնդրեցի մեր քոլեջում բոլոր ուսանողների համար սեմինար անցկացնել, նա սիրով համաձայնեց: Սեմինարի ընթացքում շատ հետաքրքիր, ակտիվ, արդյունավետ զրույց ծավալվեց, ու մեր ուսանողները գիտելիքների մեծ պաշար ստացան: 
Քանի որ մեր դիմորդները հիմնականում դեռահասներ են, այդ պատճառով ես նաև նախաձեռնում եմ հոգեսեռական դաստիարակությանն ուղղված սեմինարներ, հրավիրում տարբեր մասնագետների, որպեսզի մեր ուսանողները նաև այդ առումով կիրթ լինեն և սխալներ չգործեն:

-Ի՞նչ խնդիրներ ունի քոլեջը:

-Մենք ունենք դահլիճի հիմնովին վերանորոգման խնդիր, որի համար բավականին մեծ ֆինանսական միջոցներ են պետք: Մենք քոլեջի բյուջեով չենք կարող վերանորոգել այն: Լավ կլիներ, որ գտնվեին հովանավորներ, աջակցեին մեզ, քանի որ դահլիճ չունենալու պատճառով չենք կարողանում մեծ միջոցառումներ կազմակերպել:
Մեզ համար խնդրահարույց է նաև քոլեջի շենքի հարակից հատվածում տիրող իրավիճակը, ես այդ խնդրով բազմիցս դիմել եմ պատկան մարմիններին, սակայն դեռևս այն լուծում չի ստացել: Շատ եմ ցանկանում, որ մեր ձայնը վերջապես լսելի լինի:

-Եվ վերջում` հետաքրքիր է, որո՞նք են Ձեզ համար կյանքում ամենակարևոր արժեքները և ինչի՞ մասին եք երազում:

-Ինձ համար կյանքում ամենակարևոր արժեքն ընտանիքն է, որից սկսվում է հայրենիքը:
Իմ երազանքն է, որպեսզի մեր երկրում խաղաղություն տիրի, կապույտ երկինք, և մեր որդիները պատվով ծառայեն հայրենիքին ու հետ վերադառնան և շենացնեն իրենց օջախները: Ես ամեն անգամ մեծ դժվարությամբ և սրտի դողով եմ մեր շրջանավարտներին բանակ ճանապարհում` կիսելով նրանց մայրերի անհանգստությունն ու մտահոգությունները: Թող որ մեր սահմաններում այլևս կրակոցներ չհնչեն, և հայ մոր սիրտը պատի միայն կարոտի զգացումը:

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...