09:07
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ազնիվ աշխատանք, կայուն որակ, անվտանգ ճանապարհներ Արարատ-Ճանշին` արդեն 21 տարի ոլորտի առաջատար

2020-06-15 18:36

 «Դե Ֆակտո» N 02/153 (05/2020թ.)

Շուրջ 21 տարի է, ինչ «Արարատ-Ճանշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը գործունեություն է ծավալում ճանապարհաշինության ոլորտում եւ առանձնանում իր որակյալ աշխատանքով եւ հաջողություններով: Ընկերության տնօրեն Ստեփան Վարդանյանը ջանք ու եռանդ, ֆինանսական միջոցներ չի խնայում որակյալ ճանապարհաշինարարություն իրականացնելու համար: Նրա այդ մոտեցումը բխում է ոչ միայն մարդու իր ազնիվ եւ սկզբունքային տեսակից, այլ նաեւ հայրենասեր հայի իր նկարագրից: Ստեփան Վարդանյանի համար ամենակարեւորն այն է, որ իր հայրենիքի ճանապարհները լինեն բարեկարգ, անվտանգ եւ դառնան տնտեսապես հզոր Հայաստանի գրավականներից մեկը:

-Պարո՛ն Վարդանյան, շուրջ 22 տարի է, ինչ զբաղվում եք ճանապարհաշինարարությամբ, թեև մեքենաշինության մասնագետ եք, հետաքրքիր է, ինչո՞վ Ձեզ գրավեց ճանապարհաշինարարությունը:

-Ես երբեք չեմ մտածել, որ մի օր կզբաղվեմ ճանապարհաշինարարությամբ, քանի որ սիրում եմ իմ մասնագիտությունը (ինժեներ-մեխանիկ): Սակայն կյանքի բերումով որոշեցի գործունեություն ծավալել ճանապարհաշինության ոլորտում, և եթե առաջին քայլերս անհաջող լինեին, գուցե այն շարունակություն չունենար:
Ընկերությունը ստեղծվել է 1996թ.-ին: 1999թ. մենք շահեցինք առաջին մեծ մրցույթը. պետք էր Թալինի տարածաշրջանի Բազմաբերդ գյուղի մուտքից մինչև Մաստարա գյուղը, 20 կմ երկարությամբ իրականացնեինք ասֆալտի մակերեսային մշակման աշխատանքներ, որոնց համար նախատեսված էր 420 մլն. դրամ Համաշխարհային բանկի միջոցներով: Եվ պետք է նշեմ, որ երկու տարվա ընթացքում մեր կատարած աշխատանքը բավականին բարձր որակ ունեցավ, այն դրական արձագանք գտավ և ազդարարեց մեր գործունեության հաջող մեկնարկը: Դրանից հետո սկսեցինք առավել խորությամբ ուսումնասիրել ճանապարհաշինության ոլորտի գաղտնիքները, բարձր որակի ապահովման նրբությունները, քանի որ գործունեության հենց սկզբից որդեգրել էինք ազնիվ և որակյալ աշխատանք կատարելու սկզբունքը:

-Կնշե՞ք` հետագայում ի՞նչ ծրագրեր իրականացրեցիք:


-Ինչպես նշեցի, առաջին հաջողությունից մենք շատ ոգևորված էինք, և դա դրական ազդակ եղավ, որպեսզի հետագայում ևս շարունակենք նույն կերպ աշխատել, ջանք ու եռանդ չխնայել աշխատանքի բարձր որակի ապահովման համար:
Կարևոր ծրագրեր ենք իրականացրել «Լինսի» հիմնադրամի միջոցներով, մասնավորապես` միջպետական նշանակության ճանապարհ համարվող Տիգրանաշենի կամ ինչպես նախկինում էին ասում, Քյարքիի ոլորանների վերակառուցման աշխատանքները: Այդ ճանապարհահատվածը սկիզբ է առնում Երասխի հանգույցից և ձգվում դեպի Զանգակատուն համայնք: Պետք է նշեմ, որ վերը նշված ծրագրի իրականացումը բավականին բարդ էր, և մենք շատ բարձր գնահատականներ ստացանք մեր կատարած աշխատանքի որակի համար: Նաև իրականացրել ենք Զանգակատուն բնակավայրին մոտեցնող սողանքային մի հատվածի վերակառուցման աշխատանքները, որոնց ավարտին այնտեղ տեղադրվեց հուշաղբյուր, որի վրա ճանապարհաշինարարների կողմից գրված է. «Քո շինողի կյանքը ջրի նման երկար լինի»:
Այս 21 տարիների ընթացքում մենք գործունեություն ենք ծավալել ՀՀ գրեթե ողջ տարածքում, մասնավորապես` Կապանում, Սիսիանում, Տաթևում, Շամշադինում, Մարտունիում, Գավառում, Վարդենիսում, Գյումրիում, Արարատում և այլուր:

-Ինչպիսի՞ զարգացում է ապրել ընկերությունը այս 21 տարիների ընթացքում:

-Մեր ընկերությունը տարեց տարի զարգացել է: Արդիականացվել է մեր ողջ տեխնոպարկը, լիովին հրաժարվել ենք խորհրդային տարիների սարքավորումներից, ընկերությունը համալրվել է նոր ու որակյալ մասնագետներով: Տարիների ընթացքում մեծացել են մեր աշխատանքային ծավալներն ու ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև ընդլայնվել են մեր գործունեության ոլորտները. բացի ճանապարհաշինարարությունը, մենք զբաղվում ենք նաև ասֆալտբետոնի, ավազի, խճի, հանքային փոշու, բետոնե եզրաքարերի, սյուների արտադրությամբ: Սկզբում միայն Արարատում ունեինք ասֆալտի փոքր գործարան: 2002թ. և 2007թթ.-ին գնեցինք նոր ասֆալտբետոնի գործարաններ, իսկ 2017թ. այդ գործարանները լիովին արդիականացրեցինք` տեղադրելով նաև օդի աղտոտումը շեշտակի պակասեցնող սարքավորումներ:
Ուկրաինայի Կրեմենչուկ քաղաքի «Կրեդմաշ Սերվիս» ասֆալտբետոնե գործարաններ արտադրող ընկերությունից մասնագետներ հրավիրեցինք, որոնք եկան, իրենց փորձն ու գիտելիքները ներդրեցին մեր արտադրությունում: Այժմ մենք ունենք արդի սարքավորումներով հագեցած, ամբողջովին համակարգչայնացված գործընթացներով աշխատող գործարաններ:
Այժմ մեծացել են նաև մեր աշխատանքային ծավալները և կրճատվել է դրանց իրականացման համար անհրաժեշտ ժամանակը: Դա, իհարկե, շնորհիվ նորագույն տեխնիկայի և տարիների փորձի: Պարզապես, ճանապարհաշինարարական տեխնիկան շատ թանկարժեք է, հատկապես` բարձրորակ, եվրոպական արտադրության տեխնիկան: Մենք նախապատվությունը տվել ենք եվրոպականին, քանի որ այն որակյալ է, աշխատանքի ընթացքում չի փչանում և հնարավորություն է տալիս նշված ժամկետներում ավարտել ծրագիրը:
Վերջին երկու տարվա ընթացքում մենք ձեռք ենք բերել 4 մլն. դոլարից ավելի արժողությամբ տարբեր համաշխարհային հայտնի ընկերությունների կողմից արտադրված տեխնիկական սարքավորումներ: Օրինակ` 2019թ-ին ձեռք ենք բերել գերմանական BENNINGHOVEN ընկերության շարժակամ գերժամանակակից էկո-ասֆալտբետոնի գործարան` մեկ ժամում 240 տոննա արտադրողականությամբ: Ես գնացել եմ այդ քայլին, քանի որ գիտեմ, որ աշխատանք կա և գործում են հավասար պայմաններ բոլորի համար, ռիսկայնությունը պակասել է:

-Դուք օգտագործում եք Ձեր արտադրած հանքային փոշին և մյուս նյութերը, ի՞նչ առավելություններ ունեն դրանք:

-Ասֆալտբենտոնի արտադրության համար, բացի բիտումից, մենք ամեն ինչ արտադրում ենք ինքներս: Ուզում եմ հատկապես առանձնացնել հանքային փոշին, որը յուրահատուկ ամրություն և որակ է հաղորդում ասֆալտին, և, կարելի է ասել, մեր աշխատանքի որակի կարևոր գրավականներից մեկն է: Այն չի թողնում, որպեսզի ջուրը թափանցի ասֆալտի մեջ և այդ առումով իդեալական լուծում է այն վայրերի համար, որտեղ եղանակը անձրևային է:
Այժմ հանքային փոշու պահանջարկը մեծացել է, շատերն են սկսել այն օգտագործել իրենց աշխատանքում, ինչի արդյունքում 2019 թվականին, 2018 թվականի համեմատ, հանքային փոշու պահանջարկը մոտ 3 անգամ աճել է. 2018թ. 4,5 հազար տոննա ենք արտադրել, 2019թ.` 15 հազար տոննա: Կապիտալ վերանորոգել ենք նաև այս արտադրամասը:
Ես ուրախ եմ, որ հանքային փոշու օգտագործման կարևորությունը շատերն են գիտակցում, ինչի արդյունքում կբարձրանա մեր հանրապետության ճանապարհների որակը և ամրությունը:

-Դուք բավականին մեծ ներդրումներ եք կատարել, մասնավորապես` ի՞նչ արդյունքների եք հասել:

-Ինձ հաճախ են այդ հարցը տալիս, թե ինչ օգուտ ստացա` այդքան թանկարժեք սարքավորումներ ներդնելով գործարանում, ես էլ պատասխանում եմ, որ, նախ և առաջ վերացան ասֆալտգործարանի խափանումները, բարձրացել է արտադրանքի որակը, ավելացել է աշխատանքի արտադրողականությունը: Բացի այդ, եթե արտադրանքի մեջ թերություններ նկատենք, ապա կարող ենք համակարգչում տեսնել անգամ մի քանի տարի առաջվա խառնուրդի բաղադրությունը և արձանագրել նորմայից թույլ տրված շեղումները. համակարգչի հիշողության մեջ բոլոր տվյալները պահպանվում են:
Մեր ոլորտում պետք է տիրապետել որակի ապահովման բոլոր նրբություններին, անգամ քարը կոտրելը պետք է ճիշտ կատարել: Ինձ համար մեծ փորձառություն էր Ուկրաինայում աշխատելը` մեծ գործարան էի ղեկավարում և շատ բան եմ սովորել այնտեղից: Նոր գիտելիքներ եմ ձեռք բերում նաև հաճախակի այցելելով եվրոպական տարբեր երկրներ:

-Դուք Ձեր գործունեության հենց սկզբում բարձր նշաձող սահմանեցիք ընկերության աշխատանքի համար, դժվա՞ր չէ այն մշտապես բարձր պահելը:

-«Արարատ-Ճանշին»-ի համար ամենակարևորը բարձր որակ ապահովելն է, որի համար ես ջանք, եռանդ ու միջոցներ չեմ խնայում: Եվ հետո, ինչպես մյուս ոլորտները, այնպես էլ ճանապարհաշինությունը, օր օրի զարգացում է ապրում աշխարհում, և մենք պետք է հետևենք դրանց ու գնանք բարձր որակի ապահովման և կատարելագործման ճանապարհով, ինչը և անում ենք: Եվ ես ինչ ոլորտում էլ աշխատեմ, միևնույնն է, սկզբունքներս չեն փոխվի, կարծում եմ` եթե որոշել ես ինչ-որ աշխատանք կատարել, ապա այն պետք է որակյալ լինի` եթե ոչ լավագույնը, ապա ամենալավերից մեկը հանրապետությունում:
Իսկ սահմանված նշաձողը բարձր պահելու բանալին մեկն է` հետևողական, նվիրված, ազնիվ աշխատանքը, հմուտ մասնագետները, ինքնաքննադատությունը և, իհարկե, որակյալ հումքն ու տեխնիկան: Ես հատուկ վերջում նշեցի տեխնիկան, քանի որ այն չի կարող հրաշքներ գործել, եթե չկան դրա կիրառման հնարավորություններին տիրապետող մասնագետներ, և եթե չկա հետևողական հսկողություն արված աշխատանքի նկատմամբ, փոքրիկ թերությունների ժամանակին շտկում և այլն, իսկ այդ ամենը մարդու ձեռքերում է, ապա մարդկային գործոնը կարևոր նշանակություն ունի. անգամ հին տեխնիկայով է հնարավոր բարձր որակ ապահովել:
Ես անընդհատ հետևում եմ մեր ընկերության կատարած աշխատանքին, մանրամասն ուսումնասիրում եմ և պետք է նշեմ, որ բարձր գնահատականներ տալու առումով շռայլ չեմ, իմ աշխատակիցները գիտեն, որ միայն իդեալական աշխատանքի դեպքում եմ գովեստի խոսքեր ասում, ինչից նրանք շատ են ոգևորվում:
Ամեն դեպքում, պետք է նկատել նաև, որ ճանապարհաշինարարության որակը աշխատանքի ընթացքում հնարավոր չէ օբյեկտիվ գնահատել, դա անում է ժամանակը, միայն 5-10 տարի հետո է երևում աշխատանքի իրական որակը:

-Պարո՛ն Վարդանյան, Ձեր գործունեության ընթացքում եղավ մի ժամանակահատված, երբ Դուք թողեցիք Հայաստանը և մեկնեցիք արտերկիր` աշխատելու: Հետաքրքիր է, ո՞րն էր պաճառը:

-Այո՛, 2012-2015թթ. ես թողեցի Հայաստանը, ստիպված էի այդպես վարվել, քանի որ մեր առջև արգելքներ էին դրվում թե՛ մցույթներին մասնակցելու, թե՛ որևէ ծրագիր իրականացնելու հետ կապված: Գործում էր խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը, ինչն ինձ համար անընդունելի էր: Դա եղավ պատճառ, որ ժամանակավորապես մեկնեմ Հայաստանից և աշխատեմ արտերկրում:
Այսօր ստեղծված են մրցույթներին մասնակցության հավասար պայմաններ բոլոր կազմակերպությունների համար, և յուրաքանչյուրը կարող է ազատորեն մասնակցել դրանց ու շահել արդար մրցակցության արդյունքում:

-Ինչպե՞ս կգնահատեք այսօր իրականացվող մրցույթները, արդյո՞ք այսօր էլ թերություններ կան:

-Կարող եմ վստահաբար և ուրախությամբ նշել, որ այսօր խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը չի գործում, հավասար պայմաններ են ստեղծված բոլոր կազմակերպությունների համար, և յուրաքանչյուրը կարող է ազատորեն մասնակցել մրցույթներին ու շահել արդար մրցակցության արդյունքում: Պարզապես պետք է արագ գործել, առավել ճկուն առաջարկ ներկայացնել, սահմանել մրցութային ցածր արժեք` հիմնված հստակ հաշվարկների վրա, ու շահել: Իսկ եթե չի հաջողվում, ապա դրա մեղավորությունը, միանշանակ քոնն է:
Ավելին` այժմ առավել պարզացրել են մասնակցության պայմանները, պակասեցրել են թղթաբանությունը, սակայն ավելացրել են մեկ պահանջ` բանկը պետք է երաշխիք տա տվյալ կազմակերպությանն աշխատանքի արժեքի 110 տոկոսի չափով հաղթելու դեպքում պայմանագիր կնքելու համար:
Մեկ հանգամանք էլ նշեմ, որ այսօր առավել հեշտ է շահելը, քան աշխատելը, քանի որ որակի ապահովման բավականին բարձր չափանիշներ են սահմանված, որոնք պետք է բավարարել:
Ինչ վերաբերում է թերություններին, ապա դրանք ևս կան, սակայն մեծապես կապված են փորձի պակասի հետ: Ես կարծում եմ, որ ժամանակի հետ այդ խնդիրը ևս կլուծվի:

-Հետաքրքիր է, որակյալ ճանապարհ կառուցելը միայն ճանապարհաշինարարական կազմակերպության աշխատանքի՞ց է կախված, թե՞ կան նաև այլ նախապայմաններ:

-Իհարկե, միայն ճանապարհաշինական կազմակերպությունից չի կախված որակյալ ճանապարհների կառուցման խնդիրը, քանի որ մեր առջև դրվում է կոնկրետ խնդիր` ինչ որակի ճանապարհ է անհրաժեշտ և որքան գումար է դրա համար ծախսվելու: Մենք` ճանապարհաշինարարաներս, պարտավոր ենք բարեխղճորեն աշխատել և բարձր որակ ապահովել, դա շատ կարևոր է, սակայն եթե մեր երկիրն ավելի հզոր ու զարգացած լիներ, ունենար մեծ հնարավորություններ, ապա միանշանակ մեր ճանապարհներն առավել հիմնավոր ձևով կկառուցվեին:

-2019թ. բավականին մեծ ծավալով ճանապարհաշինական աշխատանքներ կատարվեցին Հայաստանում, իսկ այս տարի դրանց ծավալներն ավելի են մեծացել: Մի փոքր պատմեք այդ մասին:

-Համաձայն եմ, նախորդ տարին աչքի ընկավ ճանապարհաշինարարական ակտիվ աշխատանքների իրականացմամբ, պարզապես ուշ սկսեցինք աշխատել` հունիս ամսից, այլապես ավելին էր հնարավոր անել: Գիտեք, մեր աշխատանքը մեծապես կախված է եղանակային պայմաններից, բարձր որակ ստանալու համար նախ եղանակը պետք է բարենպաստ լինի: Նախորդ տարի ասֆալտապատման աշխատանքները սկսեցինք Սևանի թերակղզու ճանապարհից մինչև Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու մուտքը, այնուհետև շարունակեցինք դեպի Դիլիջան, հետո` Իջևան, այնուհետև Եղվարդ:
Այս տարի հիմնանորոգման մրցույթները նախատեսված են ապրիլի 14-ին, եթե աշխատանքներն արագ կազմակերպվեն, ապա գուցե այս տարի ավելի լայնամասշտաբ ծրագրեր իրականացնենք, աշխատանքները իսկապես շատ են, պարզապես պետք է կարողանանք հասցնել: Ըստ ամենայնի` նոր մրցույթների արդյունքները կամփոփվեն մայիսի կեսերին, որը կրկին ուշ է, և ինձ թվում է` դժվար կլինի ավարտին հասցնել ծրագրված 500 կմ ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքները: Բացի այդ, նախորդ տարվանից ևս ունենք կիսատ թողած աշխատանք, որն Իրանի հետ սահմանի փակ լինելու պատճառով չենք կարողանում իրականացնել, պետք է բիտում բերենք այն ավարտին հասցնելու համար: Բայց ուրախալի է մի փաստ, որ բոլոր ճանապարհաշինարարական կազմակերպությունների զբաղվածությունն այս տարի ապահովված կլինի, աշխատանք շատ կա անելու:

-Մի փոքր խոսենք «Արարատ-Ճանշին»-ի մասնագիտական թիմի մասին. որքա՞ն է Ձեր աշխատակիցների թիվը, արդյոք կա՞ն բավարար թվով հմուտ մասնագետներ:

-«Արարատ-Ճանշին»-ն ունի բավականին հզոր մասնագիտական թիմ, այլապես հնարավոր չէր լինի ապահովել աշխատանքի նման բարձր որակ, հատկապես ունենք ինժեներական հմուտ կազմ: Ինչ վերաբերում է աշխատակիցների թվաքանակին, ապա կախված մեր աշխատանքի սեզոնայնությունից` նրանց թիվը տատանվում է 50-250-ի սահմաններում: Մեր մշտական աշխատակիցների կազմում ընդգրկված է ընկերության մասնագիտական հիմնական կորիզը, իսկ մնացածն ընդգրկվում են ծրագրերի իրականացման ժամանակահատվածում:

-Դուք բազում մրցանակներ եք ստացել, վերջերս արժանացաք նաև «Որակի նշան» մրցանակին. ի՞նչ կարևորություն ունեն դրանք Ձեզ համար: 

-Բնականաբար, շատ հաճելի է և մեծ պատիվ նման մրցանակներ ստանալը: Դրանք ոգևորում են ոչ միայն ինձ, այլ նաև իմ կոլեկտիվի անդամներին: Ամենակարևորն այն է, որ մրցանակն օբյեկտիվ գնահատականների վրա է հիմնված:

-Մի փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Ունեմ երկու որդի` Տիգրանը և Արմանը: Տիգրանը մասնագիտությամբ դիվանագետ է, այժմ ապրում է Հունաստանում, Հայաստանի Հանրապետության հյուպատոսն է, իսկ Արմանը նախընտրել է իմ ուղին, աշխատում է մեր կազմակերպությունում: Տիգրանն ունի մեկ աղջիկ և մեկ տղա` Ստեֆանին ու Դանիելը, իսկ Արմանն ունի երկու տղա` Ստեփանն ու Նարեկը: Նարեկն ասում է, որ պետք է ճանապարհաշինարար դառնա, շաբաթ, կիրակի օրերի հոր հետ գալիս է աշխատանքի, սովորում վարել մեր աշխատանքային մեքենաները:

-Ի՞նչ արժեքներ են Ձեր ծնողները փոխանցել Ձեզ, իսկ Դուք` Ձեր զավակներին:

-Ծնողներս ինձ փոխանցել են ամենակարևոր արժեքները` ազնվություն, բարություն, հետևողականություն, սկզբունքայնություն, որոնք ընկած են իմ աշխատանքային և մարդկային փոխհարաբերությունների հիմքում:
Եվ պետք է նշեմ, որ թե՛ բիզնեսում, թե՛ մարդկային հարաբերություններում, դրանք ինձ շատ են օգնել:
Ես այդ արժեքները փոխանցել եմ իմ զավակներին, իսկ այժմ ցանկանում եմ դրանք տեսնել նաև թոռնիկներիս մեջ:

-Ձեր նվիրումն աշխատանքին, համառ պայքարը հայրենիքի ճանապարհների ամրության համար խոսում է Ձեր հայրենասիրության մասին: Ի՞նչ է Ձեզ համար հայրենասիրությունը:

-Կարծում եմ` խոսքերով չէ, որ պետք է արտահայտվի հայրենասիրությունը, ես չեմ սիրում խոսել նման թեմաների մասին, քանի որ մարդու գործունեությունը, ապրած կյանքը պետք է պատմեն այդ մասին:


-Ի՞նչ երազանքներ ունեք:

-Իմ երազանքները շատ-շատ են, որոնք կապված են թե՛ ընտանիքիս անդամների, հատկապես` թոռներիս, թե՛ հայրենիքիս հետ:
Երազում եմ, որ թոռներս կիրթ և զարգացած մարդիկ մեծանան, դառնան լավ մասնագետներ` համադրելով գիտելիքն ու փորձը:
Երազում եմ նաև տնտեսապես հզոր, զարգացած, որակյալ ճանապարհներով և խաղաղ երկնքով Հայաստանի մասին, և որպեսզի Հայաստանն իր հեքիաթային բնությամբ, պատմամշակութային մեծ ժառանգությամբ դառնա զբոսաշրջային գեղեցիկ երկիր:

 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...