16:16
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ազնիվ, արդար եւ բարեխիղճ աշխատանք. Soft Papyrus ընկերություն

2020-02-13 15:04

 «Դե Ֆակտո» N 5/151 (11-12/2019թ.)

Soft Papyrus («Սովթ Պապիրուս») ընկերությունը ստեղծվել է 2014թ: Աշխատանքային հինգ տարիների ընթացքում ընկերությունը հաղթահարել է բազում խոչընդոտներ, բայց հավատարիմ է մնացել իր ներքին որոշմանը` աշխատել բարեխիղճ, ազնիվ լինել սպառողի հետ և արժանացել վերջինիս բարձր գնահատականին:
Soft Papyrus ընկերությունը ճանաչվել է «Տարվա ապրանքանիշ 2019», ինչպես նաև «Որակյալ և մատչելի, միջազգային ստանդարտներին համապատասխան թղթի հայրենական արտադրության առաջատար»: Ընկերության կայացման ճանապարհի, հաջողությունների և ապագա ծրագրերի մասին զրուցել ենք տնօրեն Տիգրան Կարապետյանի հետ:

-Պարո՛ն Կարապետյան, նախ շնորհավորում ենք Ձեզ «Համազգային վստահություն» խորհրդի կողմից Soft Papyrus ընկերության` «Տարվա ապրանքանիշ», «Որակյալ և մատչելի, միջազգային ստանդարտներին համապատասխան թղթի հայրենական արտադրության առաջատար» անվանակարգերում հաղթողի կոչմանն արժանանալու առթիվ: Ի՞նչ կարևորություն ունեն նման մրցանակները Ձեզ համար:

-Բնականաբար, նման մրցանակներն ուրախացնում և մոտիվացնում են յուրաքանչուր արտադրողի, քանի որ արտացոլում են սպառողի բարձր գնահատականը, ինչը մեզ համար ամենակարևորն է: Ես շնորհակալ եմ մեր սպառողներին վստահության և, իհարկե, «Համազգային վստահություն» խորհրդին` մեր ընկերությանը նման բարձր մրցանակի արժանացնելու համար: «Սովթ Պապիրուս» ընկերությունը հիմնված է ազնիվ և արդար աշխատանքի վրա, և ես ուրախ եմ, որ դա նկատվում և գնահատվում է:

-Ինչպիսի՞ տարի էր 2019թ. «Սովթ Պապիրուս» ընկերության համար:

-Պետք է նշեմ, որ 2019թ. բավականին հաջող տարի էր մեզ համար, քանի որ մենք արձանագրեցինք 28 տոկոս աճ: Մեզ հաջողվեց ընդլայնել մեր արտադրությունը, ավելացնել աշխատողների թիվը: Իհարկե, մեզ մեծապես աջակցեց ՀՀ կառավարությունը` հնարավորություն ընձեռելով օգտվել հարկային արտոնությունից, ինչի շնորհիվ մենք կկարողանանք 2020թ. ևս ավելացնել մեր արտադրության ծավալները և արձանագրել այնքան աճ, որքան այս տարի կամ գուցե դրանից ավելի, ժամանակը ցույց կտա:

-Պարո՛ն Կարապետյան, ի՞նչ առանձնահատկություններ ունի սանիտարահիգիենիկ թղթե պարագաների արտադրությունը, և հետաքրքիր է, ինչո՞ւ ընտրեցիք արտադրության հենց այս ճյուղը:

-Իմ ընտրությունը պատահական չի եղել, մինչև սանիտարահիգիենիկ թղթե պարագաների արտադրություն սկսելը, ես հինգ ամիս ուսումնասիրել եմ շուկան և պարզել, որ հացից հետո ամենամեծ պահանջարկ վայելող ապրանքներից մեկը անձեռոցիկն է: Այդպես որոշեցի ներդրում կատարել այդ ոլորտում:

-Արդյո՞ք հարթ է եղել Ձեր ճանապարհը:

-Իհարկե ոչ, սկզբում այդքան էլ հեշտ չէր, 2014-2016թթ. ընթացքում բավականին լուրջ բարդությունների միջով եմ անցել թե՛ շուկայում հայտնվելու, թե՛ արտադրությունը ճիշտ կազմակերպելու, և թե՛ որակյալ կադրեր ներգրավելու առումով, բայց կարողացել եմ հաղթահարել դրանք:
2016թ. սեպտեմբերից սկսել եմ համագործակցել «Երևան Սիթի» խանութների ցանցի հետ և տարվա վերջին արդեն արձանագրել 25 տոկոս աճ: Մինչև 2018թ. կեսերը, աշխատել ենք նույն հնարավորություններով, այնուհետև` որոշում կայացրեցինք նոր հաստոցներ ձեռք բերելու, արտադրական բազան թարմացնելու վերաբերյալ: Խնդիրն այն էր, որ մեր ունեցած հնարավորություններով չէինք կարողանում ապահովել այն արտադրողականությունը, ինչը պահանջում էր շուկան: Անհրաժեշտ էր ներդրում կատարել, ինչը և արեցինք 2018թ. վերջում: Նոր հաստոցներ ձեռք բերելու համար 140 մլն. դրամ ներդրում կատարեցինք` «Ամերիաբանկ»-ից վարկային միջոցներ ստանալու շնորհիվ, ինչի համար շնորհակալ ենք «Ամերիաբանկ»-ից: Անհրաժեշտ էր նաև ընդլայնել արտադրության տարածքը, որը ևս իրականացրեցինք, և մեր ներդրման ընդհանուր արժեքը կազմեց 600 մլն. դրամ:
2018թ. վերջում արդեն ունեինք 8 նոր հաստոց, որոնք տեխնիկայի վերջին ճիչն են. դրանց ողջ աշխատանքն ավտոմատացված է: 2019թ. սկզբից աշխատում ենք նոր արտադրամասում` նոր հաստոցներով:
Ինչպես նաև պետք է նշեմ, որ այժմ մեր արտադրատեսականին ներկայացված է Երևանի բոլոր խոշոր խանութների ցանցերում:

-Որքա՞ն է Ձեր աշխատողների թիվը:

-Այս պահին ունենք 22 աշխատող, 2020թ. մինչև մարտի վերջը կունենանք 31 աշխատակից:

-Քանի՞ անուն արտադրատեսակ ունեք:

-Ունենք մոտ 50 անուն արտադրատեսակ: Ի դեպ` 2019թ. վերջում մենք արտադրել ենք մեր «Դելյուքս» դասը, որը շուկայում այս պահին բացառիկ արտադրանք է համարվում թե՛ տուփի, թե՛ թղթի որակով, և թե՛ դիզայներական նուրբ լուծումներով: Մենք այն արտադրել ենք անհրաժեշտաբար, խոշոր ներկրողի հետ մրցակցելու համար, ինչն առայժմ հաջողվում է: Մեր «Դելյուքս» դասի արտադրանքի նմանօրինակը այս պահին հայկական շուկայում չկա, մենք առաջինն ենք:

-Ուրիշ ի՞նչ առավելություններ ունի «Սովթ Պապիրուս»-ի արտադրանքը:

-Պետք է կրկին նշեմ, որ մենք աշխատում ենք ազնիվ և մաքուր խղճով: Մենք պահպանում ենք արտադրական բոլոր պահանջները` թղթի քաշը, խտությունը, բացառում քիմիական նյութերի առկայությունը և այլն: Օրինակ` տուփի ներսում պետք է պարտադիր դրվի միմիայն սննդային թուղթ, քիմիա պարունակող թուղթ չպետք է օգտագործվի, քանի որ անձեռոցիկն ունի բարձր կլանողականություն և միանգամից ներծծում է քիմիական նյութերը: Սպառողը նման բաներին ուշադրություն չի դարձնում, սակայն դրանք շատ կարևոր են իր առողջության համար:
Մենք օգտագործում ենք ամենաորակյալ և ամենաթանկ նյութը տուփը լաքապատելու համար, ինչպես նաև պետք է նշեմ, որ մեր անձեռոցիկն օգտագործելիս փոշի չեք տեսնի, քանի որ մեր հաստոցներով այն լիովին մաքրվում է:

-Եթե գործարանն աշխատի իր ողջ հզորությամբ, ապա...

-Եթե գործարանն աշխատի իր ողջ հզորությամբ, ապա մենք կբավարարենք Հայաստանի սանիտարահիգիենիկ թղթե պարագաների ներքին սպառման մոտավորապես 50 տոկոսը: Այժմ աշխատում ենք մեր ունեցած հզորությունների 25-30 տոկոսով` ապահովելով շուկայի պահանջարկի 15 տոկոսը:
Հույս ունենք, որ մեր կառավարությունը կաջակցի մեզ էլ ավելի մեծ բարձունքների հասնել:
Ի դեպ, այժմ նոր մշակույթ է ձևավորվել` մարդիկ սկսել են նախապատվություն տալ, վստահել և օգտագործել հայկական արտադրանքը, ինչը շատ կարևոր ձեռքբերում եմ համարում:

-Ինչո՞վ պետք է պետությունը աջակցի տեղական արտադրողին:

-Կարծում եմ` ամենակարևորը ազնիվ և արդար մրցակցության ապահովումն է, ինչը հնարավոր է միայն շուկայի խիստ վերահսկողության պարագայում: Պետք է պետական վերահսկողություն իրականացվի մակնշումների և արտադրանքի` դրանց համապատասխանության և այլնի ուղղությամբ: Շուկայում ներկայացված է թե՛ տեղական, թե՛ ներմուծված արտադրանք, որոնց մակնշումների մեջ, երբեմն շատ անհամարժեքություններ են լինում, ինչը բավականին լուրջ խոչընդոտներ, անբարեխիղճ մրցակցային պայմաններ է առաջացնում:
Օրինակ, մեր ընկերության արտադրանքը, իր որակ-գին հարաբերության մեջ բավականին մատչելի է, մենք երբեք գնի հաշվին որակը չենք գցում, կարևորում ենք սպառողի հանդեպ ազնիվ լինելը: Եվ եթե խիստ վերահսկողություն լինի շուկայում, ապա մեր ընկերության արտադրանքը Հայաստանում կդառնա համար առաջինը թե՛ իր որակով, թե՛ գին-որակ հարաբերության մեջ: Ես վստահ եմ դրանում, քանի որ մեր ընկերությունը մինչև այսօր բարձր շահույթով չի աշխատել, մենք ունենք ներքին որոշում` վաճառել շատ, ստանալ քիչ շահույթ:

-Ի՞նչ ծրագրեր ունեք 2020թ. հետ կապված:

-2020թ. նախատեսում ենք արտադրել 15-20 նոր անուն ապրանքներ` և՛ անձեռոցիկի, և՛ զուգարանի թղթի, և՛ սրբիչների:
2020թ. պետք է ապահովենք մեր ընկերության արտադրատեսականու առկայությունը որոշ մարզերում, որոնցում մեր ընկերությունը դեռևս ներկայացվածություն չունի:
Հաջորդ տարի մեր ընկերության ամենակարևոր ծրագրերից է արտահանման գործընթացի մեկնարկը. պետք է պայմանագիր կնքենք Վրաստանի հետ:

-Առջևում Ամանորն է, ինչպե՞ս եք պատրաստվում տոնին, արդյո՞ք արտադրատեսականին ունի տոնական դիզայն:

-Իհարկե, մեր ամբողջ տեսականին ունի տոնական դիզայն. անձեռոցիկի, զուգարանի թղթի, խոհանոցի թղթե սրբիչների տուփերը ձևավորված են յուրահատուկ մոտեցմամբ` ձմեռ պապի, ձյունանուշի, ամանորյա շնորհավորանքի ուղեկցությամբ: Անձեռոցիկների ոչ միայն տուփը, այլ նաև ողջ պարունակությունն ունի տոնական տպագրություն: Սպառողներից արդեն զանգեր ստացել ենք, արձագանքը դրական է:
Ընդհանրապես, դիզայներական առումով մենք չենք վախենում նոր ու հետաքրքիր լուծումներից, ես իմ թիմին ստեղծագործելու, նոր առաջարկներ ներկայացնելու հնարավորություն եմ տալիս:
Ի դեպ, մեր սպառողը շատ ակտիվ է, մշտապես հետևում է մեզ և կապի մեջ է մեզ հետ, ինչի համար շատ ուրախ ենք:

-Աշխատանքային ի՞նչ սկզբունքներ ունեք:

-Շատ եմ կարևորում ազնվությունը, պարտաճանաչությունը, ճշտապահությունը: Մենք «տաբու» ունենք խաբեության հետ կապված, այն մեր աշխատանքում և մարդկային փոխհարաբերություններում տեղ չունի:

-Որո՞նք են անփոխարինելի արժեքները Ձեզ համար:

-Ինձ համար անփոխարինելի արժեքներ են` հավատարմությունը, ընտանեկան համերաշխությունը, սերը, որը ամեն տեղ շատ կարևոր խնդիր է լուծում., եթե չսիրես աշխատանքդ, ոչինչ չի ստացվի, եթե չսիրես կնոջդ, չես կարող նրա հետ երկար ապրել, եթե չսիրես զավակիդ, չի ստացվի ոչ մի հարաբերություն նրա հետ, եթե չլինի համերաշխություն թե՛ կոլեկտիվում, թե՛ ընտանիքում, ապա հաջողություն չի լինի:

-Քանի՞ երեխա ունեք, ինչպիսի՞ դաստիարակություն եք տվել նրանց, ի՞նչ արժեքներ եք փոխանցել, որ ստացել եք Ձեզ ծնողներից:

-Ունեմ երեք տղա. մեծս 22 տարեկան է, միջնեկս` 20, նոր է վերադարձել բանակից, պետք է շարունակի ուսումը, փոքրս 10 տարեկան է, 5-րդ դասարանում է սովորում:
Դաստիարակության առումով` ես փորձում եմ նրանց մեջ սերմանել այն արժեքները, որոնք ինքս եմ կրում և կարծում եմ` իմ սեփական օրինակը դրա ամենամեծ հնարավորությունն է: Ես հորիցս ժառանգել եմ աշխատասիրություն և ազնվություն, ինչի համար շատ շնորհակալ եմ նրան, քանի որ այդ արժեքներն ինձ շատ են օգնել կյանքում: Ես 5-րդ դասարանից սկսել եմ աշխատել և գումար վաստակել: Հայրս է ինձ սովորեցրել, որ բարեկեցիկ ապրելու միակ ճանապարհը սեփական քրտինքով գումար վաստակելն է:

-Ինչի՞ մասին եք երազում:


-Յուրաքանչյուր գործարար ունի երազանքներ, որոնք ժամանակի ընթացքում դառնում են նպատակներ: Իմ նպատակն է «Սովթ Պապիրուս» ընկերության արտադրանքով զբաղեցնել Հայաստանի սանիտարահիգիենիկ թղթի արտադրատեսակների շուկայի 40-50 տոկոսը, որին ուղղված հստակ քայլեր եմ ձեռնարկում: Երբ նպատակս իրականանա, կհամարեմ, որ երազանքս իրականացել է:
Զավակներիս հետ կապված` երազում եմ, որ նրանք լավ մարդիկ և պրոֆեսիոնալ մասնագետներ դառնան. ինձ փոխարինողներ են պետք:
Հայաստանի հետ կապված` երազում եմ, որ շարունակի մեծ քայլերով առաջ գնալ, ինչպես հիմա, պահպանի այս տեմպը, և ամեն ինչ լավ կլինի: Հայաստանը մեր հողն ու ջուրն է, մեր հայրենիքն է, առանց նրա` ոչ մի հայ չի կարող որևէ տեղ երջանկություն և հանգստություն գտնել:


Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...