16:47
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Համայնքն իմ մեծ ընտանիքն է

2020-02-11 15:43

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Նորապատ համայնքի ղեկավար 

Վահրամ Խաչատրյանը


«Դե Ֆակտո» N 5/151 (11-12/2019թ.) 

-Պարո՛ն Խաչատրյան, դեկտեմբերի 8-ին տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ և դուք վերընտրվեցիք Նորապատ համայնքի ղեկավար, ինչի առթիվ շնորհավորում ենք Ձեզ: 2016 թվականից հանդիսանում եք Նորապատ համայնքի ղեկավար, ի՞նչ աշխատանքային ուղի եք անցել մինչ համայնքի ղեկավար նշանակվելը:
-Շնորհակալություն: Ծնվել եմ Արմավիրի մարզի Նորապատ համայնքում, հինգ տարի ապրել եմ Եվրոպայում, այնուհետև` 2013 թվականին, վերադարձել եմ Հայաստան և հաստատվել իմ հայրենի Նորապատ համայնքում: 2015 թվականի դեկտեմբեր ամսին ընտրվել եմ Նորապատ համայնքի ղեկավար:

-Որքա՞ն է համայնքի բնակչության թիվը և ինչո՞վ են հիմնականում զբաղվում բնակիչները, աշխատատեղեր կա՞ն:
-Ունենք 2400 բնակիչ: Բնակիչների հիմնական զբաղմունքը հողագործությունն է և անասնապահությունը: Համայնքում գործում են փայտամշակման արտադրամասեր, ջերմոցային տնեսություններ, համայնքում գործում է նաև «Գազպրոմի» մասնաճյուղը. համայնքի բնակիչներն աշխատում են նշված հաստատություններում:

-Մարզերում արտագաղթի տոկոսները բավականին բարձր են, ինչպիսի՞ն է պատկերը Ձեզ մոտ:

-Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, ապա կարող եմ արձանագրել, որ այս չորս տարվա ընթացքում մեզ մոտ բնակչության թիվն ավելացել է, իսկ արտագաղթի տոկոսները նվազել, ինչը շատ ողջունելի է:

-Ինչպե՞ս ընդունեցիք համայնքը և ի՞նչ ձեռքբերումներ եք ունեցել այս տարիների ընթացքում, և արդյո՞ք փոխել է բնակիչների կենսամակարդակը:

-2016 թվականից մինչ այսօր ավելացել է համայնքային բյուջեն` մոտ 15 միլիոն դրամով:
Համայնքի փողոցների մոտ 80%-ը ասֆալտապատվել են, համայնքն ունի գիշերային լուսավորություն, կարող եմ հպարտությամբ ասել, որ Արմավիրի մարզում միակ համայնքն ենք, որն ամբողջությամբ լուսավորված և ասֆալտապատված է: Համայնքն ամբողջությամբ գազաֆիկացված է, չունենք նաև խմելու ջրի խնդիր: Համայնքում լուծված է աղբահանության խնդիրը, շաբաթական երկու անգամ կատարվում է աղբահանություն:
Կարող եմ հպարտությամբ ասել, որ մեր համայնքում բնակիչների համար ստեղծված են բոլոր պայմանները բարեկեցիկ ապրելու համար:

-Խոսեցինք ձեռքբերումներից, նաև կցանկանայինք խոսել թե ի՞նչ չլուծված խնդիրներ կան համայնքում:
-Համայնքում կարևոր խնդիր է ոռոգման ջրի խողովակների անմխիթար վիճակը, այս պահին դաշտամիջյան կիսախողովակներն ենք նորացնում, որպեսզի ջրի խնայողություն ունենանք:
Պետք է վերանորոգվի մշակույթի տունը, որը գալիք ծրագրերի մեջ է մտնում:

-Եթե ամփոփենք 2019 թվականը, ապա ինչպիսի՞ն էր տարին Նորապատ համայնքի համար:
-Կարող եմ ուրախությամբ նշել, որ 2019 թվականը բավականին հաջող էր Նորապատ համայնքի համար: Այս տարի մի շարք կարևոր ծրագրեր իրականացրեցինք, բոլոր միջհամայնքային փողոցներն ասֆալտապատվեցին և ավելացան կանաչապատ տարածքները:

-Ինչպիսի՞ է կրթամշակութային կյանքը համայնքում:
-Ունենք մշակույթի տուն, որտեղ գործում են պարի, երգի խմբակներ: Մեր սաները բավականին հաջողություններ են գրանցել մշակույթի ոլորտում. համայնքում ունենք երգիչ, ով միջազգային բեմերում գրանցել է մեծ հաջողություններ:
Համայնքում նաև շատ ակտիվ է սպորտային կյանքը, ունենք տարբեր մարզաձևերի խմբակներ: Այս տարի համայնքում բացվել է ֆուտբոլային թիմ, որն արդեն շատ հաջողություններ է ունեցել: Ցանկացած քայլ ձեռնարկում ենք, որպեսզի համայնքում զարգանա մշակութային, սպորտային կյանքը:

-Ինչպիսի՞ն է գյուղապետարան-բնակիչ և գյուղապետարան-մարզպետարան փոխադարձ կապը:
-Շատ լավ, ունենք սերտ համագործակցություն մարզպետարանի հետ: Համայնքի բնակիչների հետ մշտապես կապի մեջ ենք, ունենք ընդունելության օրեր, բնակիչները դիմում են տարբեր հարցերով և հնարավորինս սեղմ ժամկետում ստանում իրենց խնդրի լուծումը:

-Պարո՛ն Խաչատրյան, ըստ Ձեզ «Թավշյա» հեղափոխությունից հետո ի՞նչն է փոխվել երկրում:
-Մեր համայնքն առաջիններից էր, որ միացել էր համաժողովրդական շարժմանը, և ես, առանց որևէ մեկի խորհրդի, իմ ժողովրդի կողքին եմ եղել: Հեղափոխությունից հետո մարդկանց մեջ աշխատելու, արարելու եռանդ եմ տեսնում, ինչը շատ ողջունելի է, եթե նախկինում մարդիկ մտածում էին` իրենց տները վաճառեն և արտագաղթեն հայրենի երկրից, ապա այսօր ոչ միայն մնացել են իրենց հայրենիքում, այլ նաև հավատով են լցված վաղվա օրվա հանդեպ:
Մեր համայնքում այն մարդիկ, ովքեր ունեին բարձրագույն կրթություն և գործազուրկ էին, այսօր արդեն աշխատանք ունեն:

-Իսկ ի՞նչ կարգախոսով եք հանդես գալիս:
-Իմ կարագախոսն իմ կատարած աշխատանքներն են, որոնց բնակիչներն ամեն օր ականատես են լինում:

-Առաջիկայում, ի՞նչ ծրագրեր են կյանքի կոչվելու:
-Առաջին ծրագիրս մշակույթի տան վերանորոգումն է լինելու: Նաև ներդրումային ծրագրերին ենք զարկ տալու, արդեն պայմանավորվածություն ունենք արտերկրում ապրող մեր հայրենակիցների հետ, նրանք մեր համայնքում կկատարեն ներդրումներ, ինչ էլ կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը:

-Ինչպե՞ս կցանկանաք տեսնել Նորապատ համայնքը մի քանի տարի անց:
-Կցանկանամ ապագայում Նորապատ համայնքը տեսնել էլ ավելի բարեկարգ, ծաղկուն և գեղեցիկ:

-Բնակիչների շրջանում մեծ հարգանք եք վայելում` ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը:
-Համայնքն ինձ համար մի մեծ ընտանիք է, իսկ ես այդ ընտանիքի անդամներից մեկը:

-Ամուր ընտանիքն ազգի հենասյունն է, մի փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:
-Ամուսնացած եմ, կինս մասնագիտությամբ մանկավարժ է, ունեմ չորս երեխա, երեք աղջիկ և մեկ տղա: Մեր ընտանիքը հայկական, ավանդական ամուր ընտանիք է, ես միշտ իմ երեխաներին խրատում եմ` հարգեն դիմացինին և լինեն հայրենասեր:

-Առաջիկայում ամենագեղեցիկ և ամենահեքիաթային տոներն են Ամանորն ու Սուրբ ծնունդը, ինչպե՞ս եք պատրաստվում նշել այն:
-Ամանորն ինձ համար ընտանեկան տոն է, ես այն միշտ անցկացնում եմ ընտանիքիս հետ:
Այս տարի նույնպես բացառություն չէ, այն կանցկացնեմ ընտանեկան ջերմ մթնոլորտում:

-Ինչպիսի՞ Հայաստանում կցանկանանք, որ ապրեն Ձեր երեխանները:
-Երազում եմ, որ երեխաներս, և առհասարակ բոլորը, ապրեն ապահով Հայաստանում, երազում եմ, որ մեր սահմանները ամուր լինեն` զերծ թշնամու գնդակից, երազում եմ տեսնել հզոր և զարգացած Հայաստան:

-Պարո՛ն Խաչատրյան, և վերջում, Ձեր բարեմաղթանքը մեր ընթերցողներին:
-Ցանկանում եմ, որ բոլորը լավատես լինի, լցված լինեն անսահման հավատով, քանի որ ամեն ինչ շատ լավ է լինելու:

 

Հարցազրույցը`
Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...