17:22
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հայաստանում արեւային էներգետիկան մեծ թափով զարգանում է

2020-02-04 12:04

 «Դե Ֆակտո» N 5/151 (11-12/2019թ.) 

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է ոլորտի առաջատար «Ֆրիէներջի» ընկերության գլխավոր տնօրեն Արարատ Չոբանյանը:

Այսօր արդեն ավելի քան 1600 բնակարաններ, առանձնատներ, պետական կառույցներ եւ բիզնես տնտեսություններ արեւից անվճար ստանում են էլեկտրաէներգիա եւ տաք ջուր, ամսական խնայում են ֆինանսական շոշափելի միջոցներ` մեր բանիմաց մասնագետների կողմից տեղադրված եւ հաջողությամբ գործող արեւային կայանների շնորհիվ: Հայաստանյան շուկայում առաջիններից էինք, որ սկսեցինք խոսել արեւային էներգետիկայի եւ դրա արդյունավետության մասին, եւ ուրախ ենք, որ այն այսօր Հայաստանում լայն տարածում է գտել:

-Պարո՛ն Չոբանյան, մի փոքր կպատմե՞ք` ինչպես ստեղծվեց «Ֆրիէներջի» ընկերությունը:

-Այլընտրանքային էներգիան Հայաստանում և Արցախում սկսել ենք հասանելի դարձնել և ոլորտում ներդրումներ ենք կատարել դեռ 2012 թվականից: Մեզ համար խնդիր էինք դրել գտնել քաղաքացիների և բիզնեսի ծախսերը նվազեցնելու արդյունավետ լուծումներ: Արդեն երևում էր նաև, որ վառելիքաէներգետիկ միջոցներն անխնա օգտագործելուն այլընտրանք է պետք: Ուսումնասիրեցինք միջազգային փորձն ու զարգացման միտումները, արդյունքում այսօր իր ծառայություններ է մատուցում մեր «Freenergy» (անվճար էներգիա) ընկերությունը: Մեր գործունեության հիմքում արևից էներգիայի ստացումն է, որն ի տարբերություն փայտի, գազի, ածուխի կամ մազութի, անսպառ է, մաքուր է` չի աղտոտում շրջակա միջավայրը:

-Ձեր ընկերության ծառայություններն ուղղված են բնակարաններին, առանձնատներին, բիզնես կազմակերպություններին, ի՞նչ առավելություններ ունեն «Ֆրիէներջի» ընկերության առաջարկած արևային համակարգերը, ջրատաքացուցիչները, ինչպիսի՞ տեսականի ունեք:

-Ինչպես ճիշտ նկատել եք, քաղաքացիները, պետական կառույցները և բիզնես տնտեսություններն արևի մաքուր և անվճար էներգիայից կարող են ինքնուրույն արտադրել տաք ջուր և էլեկտրաէներգիա, արդյունքում խնայել ֆինանսական շոշափելի միջոցներ` մեր ընկերության առաջարկած մատչելի, հուսալի ջերմա- և էլեկտրակայանների միջոցով:
Մեր կայանների առավելությունը գնի, որակի, հուսալիության ու փորձառության համադրությունն է: 2012 թվականին մենք շուկա ենք մտել, մասնավորապես, արևային ջրատաքացման համակարգերով: Ինչպես ջերմային կայանների, այնպես էլ արևային էլեկտրակայանների որակի և հուսալիության մասին խոսում է տրվող գործարանային 25 տարի երաշխիքը: Որակի լուրջ ցուցանիշ է նաև Հայաստանում և Արցախում, մեր տեղադրած և արդեն տևական ժամանակ անխափան գործող շուրջ 1600 կայանները:
Ոլորտը շատ մեծ է, բայց այլընտրանքային էներգիայի յուրաքանչյուր նոր մոդել առաջինը մենք ենք շուկայում կիրառում: Ընկերության հիմնումից մինչ այսօր կյանքի ենք կոչել իրարից տարբերվող մի շարք կայաններ: Լինելով առաջինը, արդեն 7 տարի կուտակել ենք փորձ, յուրացրել ենք որակյալ ծառայություն մատուցելու լուծումներ: Մեր թիմի բանիմաց մասնագետների հետևողական աշխատանքի շնորհիվ կարողանում ենք գոհացնել յուրաքանչյուր հաճախորդի:
Որակից բացի մեր առավելությունն է արդյունավետության և խնայողության գրանցած ցուցանիշները, որին մենք հասնում ենք արևային համակարգի տեղադրման դեռ նախապատրաստական փուլում` գնահատման, նախագծման ժամանակ: Ցանկացած հաճախորդի համար մշակվում է տվյալ վայրին համապատասխան նախագիծ, կատարվում են ճշգրիտ տեխնիկական հաշվարկներ, արևային համակարգը տեղադրվում է միջազգային ստանդարտներին և կազմված նախագծի պայմանների խիստ պահպանմամբ:

-Իսկ ինչպիսի՞ գնային քաղաքականություն է սահմանված, գները հասանելի՞ են բոլորին:

-Եթե կարճ պատասխանեմ, Էներգախնայողության մեր լուծումները ծախսարդյունավետ են: Արևի էներգիային անցնելը շատ շահավետ է: Իսկ Հայաստանում արևային էներգետիկայի այսօրվա բուռն զարգացման պայմաններում շարունակել էլեկտրաէներգիայի դիմաց նման մեծ գումարներ վճարել ուղղակի իներցիայի հետևանք է: Դա նման է, երբ չես փոխում լուսավորության հին լամպերը և չես տեղադրում էներգախնայող լամպեր:
Կախված արևային կայանի տեսակից, մեկ անգամ վճարելով ձեռքբերման դիմաց, ամառ թե ձմեռ, առնվազն 25 տարի, կարող ես ունենալ անվճար տաք ջուր, ջեռուցում, էլեկտրաէներգիա: Ընդ որում կայանի դիմաց վճարում ես մի գումար, որը հազիվ կբավականացներ 5-6 տարվա էլեկտրաէներգիայի և ջեռուցման վճարի համար, այն էլ այսօրվա գներով, մինչդեռ նույն գումարով, հինգ անգամ ավելի երկար ժամանակ կարող ես էներգիա ստանալ ավելի մաքուր եղանակով` արևից, ինչպես նաև էլեկտրացանցի վթարային անջատումներից կախված չլինել:
Սա մեր բնակչության համար հոգսերը թեթևացնելու լավ հնարավորություն է, իսկ բիզնեսի համար մրցունակությունը մեծացնելու, տնտեսության ժամանակակից պայմաններում շուկայում մրցակցային դիրքերը բարելավելու ևս մի լուծում է, ինչը պետք է նշեմ, որ այսօր հաջողությամբ օգտագործում են հանրապետության մի շարք հյուրանոցներ և հյուրատներ, ջերմոցային տնտեսություններ, գազալցակայաններ, արտադրական հիմնարկներ և առհասարակ տնտեսության բոլոր մնացած ճյուղերում, քանի որ վառելիքաէներգետիկ միջոցների սպառումը տնտեսական գործունեության մեջ համատարած է:
Արևային էներգետիկայի զարգացումը խթանում են նաև ֆինանսական կազմակերպությունները, որոնք իրենց հերթին առաջարկում են վարկավորման, լիզինգի շահավետ առաջարկներ, ինչի շնորհիվ կարելի է նույնիսկ արևային կայանը տեղադրել 0% կանխավճարով, 8% տարեկան տոկոսադրույքով և 8 տարի մարման ժամկետով: Ամսական վճարումները գրեթե այն չափի են, որքան սովորաբար կազմում է կոմունալ վճարը: Դա նշանակում է, որ արևային կայանի անցնելով, կոմունալի նույն գումարը մուծելով, մի քանի տարի հետո ամբողջովին ազատվում ես տաք ջրի, ջեռուցման և էլեկտրաէներգիայի ծախսերից:
Կարող եմ հավելել, որ արևային ջերմային համակարգեր նախընտրողներն ավելի շատ են, քան արևային էլեկտրակայանների, քանի որ ջերմակայանների դեպքում ներդրումը ավելի քիչ է, իսկ գումարի հետ վերադարձի ժամկետը` համեմատաբար ավելի վաղ:

 

-Պարո՛ն Չոբանյան, իսկ քանի՞ տարի կարող է ծառայել արևային համակարգը:

-Մեր կողմից տեղադրված արևային կայաններն ունեն 25 տարի գործարանային երաշխիք, իսկ մեր ընկերությունն առաջին 5 տարիներին իրականացնում է երաշխիքային սպասարկում: Դա նշանակում է, որ կայանը դեռ երաշխիքի մեջ կատարված ներդրման հետ վերադարձը ապահովվում է: Այնպես չէ, որ 25 տարի հետո տեղադրված արևային համակարգը շահագործման ենթակա չէ, այն կարելի է թարմացնել ու օգտագործել ևս 10-15 տարի ժամկետով` ընդամենը ներդնելով սկզբնական գումարի 30 տոկոսը:

-Մինչ այսօր ի՞նչ խոշոր աշխատանքներ է իրականացվել ընկերության կողմից:

-Եթե խոսենք խոշոր նախագծերից, ապա օրեր առաջ տեղի ունեցավ Եվրամիության պատվերով կառուցված հերթական 1ՄՎտ հզորությամբ արևային կայանի շահագործման հանձնման արարողությունը: Այն մնացած նախագծերից առանձնանում է ոչ միան խոշորությամբ (բաղկացած էր 4000 վահանակներից և 25 տարի կհոգա Վայոց Ձորի մարզի 500 տան կարիքները), այլ նաև, որ մեր ընկերությունը հայկական արևային էներգետիկայի ոլորտում եվրոպական որակի պահպանման նոր նշաձող սահմանեց: Կայանի կառուցման ժամանակ պարտադիր են եղել եվրոպական և միջազգային ստանդարտների պահպանումը, ինչը հաղթահարեցինք հաջողությամբ:
Մյուս կողմից հարկ եմ համարում ընդգծել, որ մեր ընկերությունը նախագծերում խոշոր և փոքր տարբերակումներ չի կատարում: Նույն պատասխանատվությամբ և բծախնդրությամբ է իրագործում ցանկացած նախագիծ` սկսած գյուղական համայնքներին տաք ջրով ապահովելու մեր տասնյակ կայանների գործարկումից, վերջացրած խոշոր կազմակերպությունների համար մեծ հզորությունների ապահովումը: Ընդհանրապես, ասեմ, որ Հայաստանում մենք առաջինն ենք եղել, որ 1 ՄՎտ հզորությամբ արևային կայան ենք կառուցել: Այսօր մեր մասնագետների կողմից տեղադրած հարյուրավոր արևային վահանակներ և ջրատաքացուցիչներ կարող եք գտնել ինչպես մայրաքաղաքի կտուրներին, այնպես էլ հանրապետության հեռավոր մարզերում և Արցախում: Այլընտրանքային էներգիան կարելի է կիրառել ցանկացած վայրում, որտեղ օգտագործվում է տաք ջուր կամ էլեկտրաէներգիա, հետևաբար արևային համակարգը պահանջված է ամենուր:
Բազմաթիվ նախագծեր ենք կյանքի կոչել բժշկական կենտրոններում, օրինակ` մի քանի օրից կավարտենք Մալայանի ակնաբուժական կենտրոնում մեր տեղադրած 100կՎտ հզորությունը 50 տոկոսով ավելացնելու աշխատանքները, ինչպես նաև կառուցված առանձին 5 կՎտ հիբրիդ համակարգի շնորհիվ, ցանցային անջատումների ժամանակ վիրահատարաններն ապահովված կլինեն արևից արտադրած էլեկտրաէներգիայով: Ունենք մի քանի տասնյակ հաջողված նախագծեր դպրոցներում, մանկապարտեզներում, անհատների և կազմակերպությունների համար, որոնք այսօր էլ հաջողությամբ խնայում են և էներգիան ստանում են արևից:

-Հետաքրքիր է, զարգացման ի՞նչ հեռանկար եք տեսնում վերականգնվող էներգետիկայի ոլորտում:

-Անցումը վերականգնվող էներգետիկային այլընտրանք չունի: Այսօր գրեթե ամեն օր տեղական և միջազգային մամուլում կարող եք հանդիպել բազմաթիվ աղաղակող հրապարակումներ կլիմայի փոփոխության, դրա հետ կապված անդառնալի բնական փոփոխությունների վերաբերյալ: Հայտնի է, որ կլիմայի փոփոխության պատճառը ջերմոցային գազերի արտանետումներն են, իսկ էներգիայի արտադրության ավանդական եղանակները ենթադրում են մեծածավալ արտանետումներ, որոնց դերակատարությունը կլիմայի փոփոխության հարցում թերագնահատելը դժվար է: Մեր ընկերության կողմից հաջողվել է մեր գործընկերների համար, ոչ միայն հասնել խնայողության աննախադեպ ցուցանիշների, այլև տնտեսել ջերմոցային գազերից մեկը հանդիսացող CO2-ի հազարավոր տոննաներ:
Կարծում եմ, որ Հայաստանում արևային էներգետիկայի նման թափով զարգացման թիվ մեկ պատճառը հենց հանրության էկոգիտակցության բարձրացումն է: Իրենց բնագավառներում կայացած, մասնագիտական բարձր որակավորումներ ունեցող, սեփական հստակ հայացքներով և մոտեցումներ ձևավորված մեր նոր սերունդն ունի նաև էկոլոգիական հատուկ պահանջմունքներ և այս սերնդի համար խորթ է բնական ռեսուրսների գերշահագործման, շրջակա միջավայրի աղտոտման ճանապարհով տնտեսության զարգացումը, սպառողական պահանջմունքների բավարարումը: Կարծում եմ` դրա հետևանքն է, որ եթե համեմատենք անցած տարվա և այս տարվա վաճառքի տվյալները, ապա կտեսնենք, որ այն առնվազն հինգ անգամ մեծացել է: Անկեղծ կլինի նշել, որ դրան նպաստել են նաև շատ բարեգործական ծրագրեր, հիմնադրամներ, որոնք նվիրատվություններ են կատարել գյուղական համայնքներում: Օրինակ, եթե գյուղում 50 շահառուի կատարվել է նվիրատվություն և տեղադրվել արևային համակարգ, ապա դրանից հետո միանգամից սկսվել է այդ տարածաշրջանում արևային համակարգերի ընդլայնումը: Արդյունքում այդ հաստատությունների գործունեությունն անուղղակիորեն նպաստել է, որ Հայաստանում մեծ զարգացում ապրի վերականգնող էներգետիկայի ոլորտը:

 

-Վերջին ժամանակաշրջանում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը լուրջ քայլեր է ձեռնարկում ուղղված Հայաստանում արևային էներգիայի զարգացմանը: Դուք որպես այս ոլորտի ներկայացուցիչ, ինչպե՞ս կգնահատեք դրանք, արդյո՞ք այսօր բոլոր պայմանները ստեղծված են, որպեսզի այս ոլորտը զարգանա:

-ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, իրապես լուրջ քայլեր է կատարում ոլորտի զարգացման ուղղությամբ: Հենց էներգետիկայի նախարարության ջանքերով 2016 թվականին ընդունվեց «Նեթ-մեթերինգի» օրենքը, որը բավականին մեծ առաջընթաց ապահովեց այս բնագավառում: Երկու տարի է արդեն արևային կայաններ ունենալու համար ոլորտին տրվել է մի քանի լիցենզիաներ և որոշվել է սակագինը:

-Ի՞նչ մասնագիտական կազմ ունի ընկերությունը:

-Ունենք բավականին մեծ թիմ, ունենք մեր ճարտարագետների առանձին անձնակազմը: Մատուցում ենք համալիր ծառայություններ` աշխատանքները կատարում ենք սկզբից մինչև վերջ` ուսումնասիրություն, ծախսերի գնահատում, նախագծում, համակարգի կառուցում, գործարկում և սպասարկում:
Ասեմ, որ ի սկզբանե այս ոլորտում չեն եղել փորձառու մասնագետներ, քանի որ հայաստանյան շուկայի համար արևային համակարգերը նորույթ էին: Մենք կազմակերպել ենք բազմաթիվ թրեյնինգներ, որի արդյունքում վերապատրաստվել են բազմաթիվ մասնագետներ, որոնցից էլ ձևավորվել է մեր այսօրվա թիմը:
Հպարտությամբ կարող եմ ասել, որ այս պահին ոլորտում գործող գրեթե բոլոր կազմակերպություններում մեր պատրաստած կադրերից աշխատում են: Միշտ կարևորել ենք նաև ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը: Դեռ 2014 թվականից Սևանի արհեստագործական ուսումնարանի, Շուշիի Եզնիկ Մոզյանի արհեստագործական ուսումնարանի, ինչպես նաև Արտաշատի ուսումնարանի և Իջևանի քոլեջի հետ ունենք սերտ համագործակցություն: Ուսումնական կենտրոններին մեր կողմից, ամբողջությամբ անվճար տրամադրել ենք լաբորատորիաներ, որպեսզի տեղում ուսանողները ծանոթանան համակարգերի և սարքավորումների աշխատանքներին և հարուստ մասնագիտական գիտելիքներով ավարտեն ուսումնառությունը:

-Իսկ ՀՀ մարզերում ունե՞ք իրազեկման կենտրոններ:

-Այո՛, բոլոր մարզում ունենք իրազեկման կենտրոններ, որտեղ մեր ներկայացուցիչները բնակչությանը տրամադրում են անհրաժեշտ մասնագիտական և տեխնիկական բնույթի տեղեկատվություն: Տվյալ տարածաշրջանում տեխնիկական մասնագետների թիմի ձևավորումը մեզ տալիս է արագ սպասարկում իրականացնելու առավելություն, միևնույն ժամանակ մեր ուժերի չափով լուծում ենք նաև զբաղվածության և սոցիալական խնդիրներ:

-Եթե համեմատվենք այլ երկրների հետ, ապա Հայաստանում արևային էներգիան ի՞նչ մակարդակի վրա է գտնվում:

-Ասեմ, որ այս ոլորտում ոչնչով չենք զիջում առաջատար երկրներում կիրառվող արևային էներգիայի համակարգերին:
Հայաստանում արևային ռեսուրսի պոտենցիալը շատ մեծ է և քիչ երկրներ կան, որոնք ունեն Հայաստանի արևային ռեսուրսին հավասար պոտենցիալ: Սա նույնպես արևային էներգետիկայի զարգացման այս տեմպերի կարևորագույն գործոններից է:

-Պարո՛ն Չոբանյան, ո՞րն է Ձեր հաջողության բանաձևը:

-Մեր աշխատանքի հաջողության բանաձևը հետևողական աշխատանքն է և մասնագիտական ճիշտ մոտեցումը: Մեր հաջողության բանաձևը, թերևս, նաև այն է, որ յուրաքանչյուր հաճախորդի տրամադրում ենք անհատական մոտեցում, մենք չունենք գործընկեր, ով օգտվելով մեր ծառայություններից դժգոհ է մնացել, կամ կարիք է ունեցել դիմել այլ կազմակերպությունների: Մեր աշխատանքային սկզբունքն է` հաճախորդի արձանագրած ցանկացած խնդրի դեպքում, սեղմ ժամկետում լինել նշված հասցեում և կարգավորել տվյալ խնդիրը առավելագույնը 24 ժամվա ընթացքում:

-Եթե ամփոփենք 2019 թվականը, ապա ինչպե՞ս կգնահատեք տարին և ի՞նչ ակնկալիքներ ունեք 2020 թվականից:

-Այս տարվա համար ստացած արդյունքները բավարար եմ գնահատում: Այս տարի շատ օգտակար ծրագիր իրականացրեցինք Հայաստանի համահայկական հիմնադրամի հետ: Վեց գյուղերի մանկապարտեզներում, դպրոցներում արևային ջրատաքացուցիչներ տեղադրեցինք: Ընթացքի մեջ են մի քանի մեծ կայանների կառուցումը, որոնց շինարարությունը սկզբնական փուլից սկսած մենք ենք կատարել:
Վերջերս հաջող համագործակցության սկիզբ դրեցինք միջազգային ինժեներական կազմակերպությունների հետ և կառուցեցինք արևային կայան, որի պատվիրատուն արևային կայանների կառուցման ոլորտում մի շատ հայտնի ուկրաինական ընկերություն էր: Սա մեզ համար հեռանկարային ձեռքբերում է, որ հենց մեր կազմակերպությունն ընտրվեց որպես համագործակցող ընկերություն: 2020 թվականին պետք է արևային կայանների շինարարություն սկսենք Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում, քանի որ այդ տարածքներում արևի պոտենցիալը շատ ավելի մեծ է: Այնպես որ, ակնկալում եմ, և կան բոլոր նախադրյալներն ու ձեռքբերված համաձայնությունները, որ 2020 թվականին գործունեության ծավալները կեռապատկվեն:

Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...