15:41
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Տարիների լռությունից հետո Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցում կրկին աղոթք է հնչել

2020-01-16 11:53

 «Դե Ֆակտո» N 5/151 (11-12/2019թ.)

  

Գեղարքունիքի մարզում գտնվող 9-րդ դարի պատմաճարտարապետական կառույց համարվող եկեղեցու հիմնանորոգումն ավարտվել է: Տարիներ առաջ մեկնարկված եկեղեցու շինարարությունը ֆինանսական միջոցների բացակայության պատճառով դադարեցվել էր: 2018 թվականից աշխատանքները վերսկսվեցին նորատուսցի, ուկրաինաբնակ գործարար Խաչիկ Կարապետյանի տրամադրած միջոցներով:
Պատմական աղբյուրների վկայությամբ 9-րդ դարում Սահակ Սյունեցի իշխանի հովանավորությամբ կառուցված ճարտարապետական կոթողը մշակութային, գիտական և հոգևոր կենտրոն էր, որն իր պտուղները բերեց ազգային-եկեղեցական կյանքում: Այդ դպրոցից դուրս եկան նշանավոր աստվածաբաններ, հոգևորականներ, փիլիսոփաներ, գիտնականներ: Եկեղեցին կանգուն է մնացել մինչև 1667 թվականի աշխարհավեր երկրաշարժը:

Արևմտյան Հայաստանից գաղթած և Նորատուսում հաստատված վերաբնակիչները 19-րդ դարում փայտե ծածկ են տեղադրել ավերված տանիքի վրա և ծառայեցրել շինությունը, որպես եկեղեցի:
Տևական ժամանակով խոնհարված եկեղեցին, գործարար Խաչիկ Կարապետյանի հովանավորչության բարեկարգված ու բարեզարդված իր դռները բացեց հավատացյալ հայորդիների առջև:
«Մի քանի տարի առաջ արված նկարներին նայելով մենք տեսնում ենք, որ եկեղեցու գրեթե կեսը գոյություն չի ունեցել` երկրաշարժից, տարբեր ավերածություններից, բնության տարերքներից եկեղեցին ամբողջությամբ փլուզված վիճակում էր: Իսկ այժմ, վերջին տարիների մասնակի աշխատանքներից հետո, եկեղեցին նորովի բարեկարգված վիճակում է» - մեր հետ զրույցում նշեց Տեր Նշան Քահանա Սարգսյանը:
Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդի ձեռամբ և գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի հաղորդակցությամբ արդեն օծվել են Սուրբ Աստվածածին եկեղեցու գմբեթի խաչը, դուռը, բակում տեղադրված խաչքարերը: Բակը, կարծես դարձել զբոսայգի, այն նվիրվել է համայնքի բնակիչներին:
Սրբազան հայրերի ձեռամբ բարերար Խաչիկ Կարապետյանի և նրա ընտանիքի անդամների մասնակցությամբ օծվեց եկեղեցու խորանը, սուրբ ավազանը և պատերը. «Սեպտեմբերի 26-ից սկսվեցին արարողությունները, օծվեց խաչը, զանգը, մենք կատարեցինք խաչի, զանգի օրհնությունն ու օծումը, հետո կատարեցինք դռնբացեքի արարողությունը և մուտք գործեցինք եկեղեցի: Օծմանը ներկա էին Մայր աթոռի դիվանապետ` Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մայր աթոռի Սուրբ էջմիածնի լուսավորապետ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Արշակ սրբազանը». ասաց Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը և հավելեց, որ Խաչիկ Կարապետյանին ճանաչում է արդեն չորս տարի. «Նա բավականին ակտիվ է Ուկրաինայի հայ համայնքային կյանքում, իր և իր ընտանիքի հայրենասիրությունը պարզորոշ է բոլորիս համար: Նա իր մասնակցություն է ունեցել Դնիպրո համայնքի Սուրբ Գրիգոր լուսավորիչ եկեղեցու շինարարության աշխատանքներին, նաև Ուկրաինայի հայ համայնքի ղեկավար Վիլեն Շատվորյանի հետ մեկտեղ իր բարեգործական մասնակցությունն է ունեցել Կիևի եկեղեցու շինարարությանը:
Խաչիկի հոգևոր և ազգային արժեքային համակարգը միաձուլված է և մեկը մյուսից անբաժան է: Պարբերաբար հանդիպում ենք, քննարկում հոգևոր թեմաներին վերաբերվող խնդիրներ, և ասեմ, որ նա բավականին լուրջ կառուցողական մոտեցում ունի և ցանկացած հարցում ցուցաբերում է գործնական ու կառուցողական մոտեցումներ: Նորատուսի եկեղեցին դեռ 1980-ական թվականին ապրեց վերականգման փուլ, սակայն ինչ-ինչ պատճառներով այն ընդհատվեց, հետագայում, երբ ես առաջնորդ էի գեղարքունյաց թեմում, Վեհափառի օրհնությամբ վերսկսվեց բարեկարգման աշխատանքները Հայկ Մաղաքելյանի ֆինանսավորմամբ: Վերանորոգումը բավականին առաջընթաց ունեցավ, սակայն մի որոշ հանգրվանի վրա հասնելով, այն դադարեցվեց: Խաչիկ Կարապետյանը մեծ ոգևորությամբ միացավ այդ նվիրական նախաձեռնությանը և ինչպես ասում են` իր ուխտը կնքեց և Աստծո կամքով եկեղեցու վերանորոգման աշխատանքները ավարտին հասցրեց»:
Եվ վերջում` Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանն ավելացրեց, որ Նորատուսցիներին մաղթում է, որ իրենց ստացած հոգևոր ժառանգությունը միշտ կենդանի պահեն իրենց աղոթքներով, իրենց նվիրվածությամբ և ակտիվ զարգացնեն ծխական կյանքը: Այդ եկեղեցիները ներշնչված են ոչ միայն դարավոր պատմությամբ, այլ մեծ հայրերի ու նախնյաց աղոթքով, մեր լուսավոր նախնյաց, ովքեր այդ ամենը թողել են մեզ` որպես հարուստ հոգևոր ժառանգություն, որպես պատվիրան և հնարավորություն:
«Իսկ Խաչիկ Կարապետյանին մաղթում ենք, որ իր ուխտը Աստված ընդունելի դարձնի»- նշեց Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման գործում մեծ ավանդի համար Խաչիկ Կարապետյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի որոշմամբ, արժանացել է հայրապետական բարձր պարգևի` Սուրբ Ներսես Շնորհալի շքանշանի. «Ինձ համար սա մեծ ուրախություն է, քանի որ ես` որպես նորատուսցի, մեծ երազանք ու ցանկություն եմ ունեցել վերանորոգված և կանգուն տեսնել մեր եկեղեցին և Աստված ինձ բախտ ընձեռեց եկեղեցին վերանորոգել և աշխատանքներն ավարտին հասցնել: Կցանկանամ շնորհակալություն հայտնել մեր ժողովրդին, համայնքին, այն մարդկանց, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել այս գործում».- ասաց Խաչիկ Կարապետյանը:
Այնուհետև մատուցվեց Սուրբ պատարագ և հավատավորները միմյանց շնորհավորեցին մատաղի սեղանի շուրջ:
Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցին դարձավ Գեղարքունյաց թեմի գործող եկեղեցի: Գործարարի ֆինանսավորմամբ բարեկարգվել է նաև եկեղեցու բակը: Եկեղեցու հարևանությամբ պարտեզ և հանգստի գոտի է ստեղծվել, որտեղ հուշաղբյուր է կառուցվել ի հիշատակ գործարար Խաչիկ Կարապետյանի հոր` Արևշատ Կարապետյանի. «Նորատուս համայնքը Հայաստանի զբոսաշրջային քարտեզի վրա բավական կարևոր համայնք է, Նորատուսի խաչքարերը շատ հայտնի են և բավականին շատ զբոսաշրջիկներ են այցելում համայնք: Միշտ այնպիսի տպավորություն էր, որ համայնքում ինչ-որ բան պակաս է, քանի որ համայնքն ուներ ճարտարապետական բավականին հին` դեռ Լենկ Թեմուրի ժամանակներից եկեղեցի, սակայն ավերված: 2012 թվականից սկսվել էր վերանորոգման աշխատանքները, սակայն շինարարական աշխատանքները կիսատ էին մնացել: Նորատուսի բնակիչ Խաչիկ Կարապետյանը շարունակեց այդ վերակառուցման գործընթացը: Եկեղեցին և տարածքը ամբողջովին բարեկարգվեց և ոչ միայն եկեղեցին վերակառուցեց, այլ նաև շրջակա միջավայրը: Մարզում ևս մեկ զբոսաշրջային վայր ավելացավ, համոզված եմ, որ շատ զբոսաշրջիկներ կայցելեն եկեղեցի: Ծննդով լինելով Նորատուսից նա մեծ ուշադրություն է դարձնում համայնքի խնդիրներին, ինչի համար ես անչափ շնորհակալ եմ իրենից», ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Այս աստվածահաճո բարեգործությունը Նորատուսի բնակիչները դեռ երկար կհիշեն, քանի որ այն հոգևոր և մշակութային կյանքում մեծ ձեռքբերում է:
«Այն միակ եկեղեցին է Նորատուսում, եկեղեցին գտնվում էր քանդված, ավերված վիճակում, եկեղեցին չուներ տանիք, կարելի է ասել, որ միայն եկեղեցու հիմքն է եղել, բարերար Խաչիկ Կարապետյանի միջոցներով եկեղեցին ամբողջությամբ բարեկարգվեց: Խաչիկ Կարապետյանը հայրենասեր, խելացի և գիտակ անձնավորություն է, նա բացի եկեղեցու վերանորոգումից համայնքի համար բազում բարեգործական աշխատանքներ է կատարել. մանկապարտեզների, դպրոցների համար գումար է տրամադրել, ինչի համար շատ շնորհակալ ենք». ասաց Նորատուսի համայնքի ղեկավար Մուրադ Հարությունյանը:
Եկեղեցու բացման արարողությանը մասնակցել են արտերկրից ժամանած հյուրեր, Սփյուռքի ու Հայաստանի տարբեր վայրերից ժամանած բազմաթիվ հավատավորներ:


Նյութը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...