15:06
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«ժողովրդի մանդատով խորհրդարանում հայտնված ցանկացած անձ պետք է իր ուսերին զգա այդ պատասխանատվությունը և առաջնորդվի հստակ արժեհամակարգով»

2020-01-10 14:05

  «Դե Ֆակտո» N 5/151 (11-12/2019թ.)  

ՇԱՔԵ ԻՍԱՅԱՆ
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր

 

-Տիկի՛ն Իսայան, Դուք ընդգրկված եք ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում և Ազգային ժողովի յոթերորդ գումարման հաշվիչ հանձնաժողովում, ի՞նչ աշխատանքներ են ընթանում դրանցում և ինչպիսի՞ն է Ձեր մասնակցությունը տարվող աշխատանքներում:

-Նախ մեծ ձեռքբերում եմ համարում, որ 7-րդ գումարման
ԱԺ-ում վերականգնվեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը, քանզի փորձը ցույց տվեց, որ, այո՛, մարդու իրավունքներին առնչվող իրավական փաստաթղթերը յուրահատուկ մոտեցում են պահանջում:
Հանձնաժողովի օրակարգը մշտապես հագեցած է, հանձնաժողովի դերը ոլորտին առնչվող հարցերում ծանրակշիռ է, հետևաբար` պատասխանատվությունը` այդ թվում նաև քաղաքական, բավականին մեծ:
Ինչ վերաբերում է հաշվիչ հանձնախմբի աշխատանքներին, ապա այն ժամանակավոր հանձնախումբ է և հիմնականում գաղտնի քվեարկությունների անցկացումն է ապահովում:

-Մամուլի ազատությանը և լրագրողների պաշտպանությանը նվիրված միջազգային խորհրդարանական համաժողովին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 8-12-ը ներառյալ` Լոնդոն (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն) գործուղվել էիք նաև Դուք: Մի փոքր կպատմե՞ք այդ մասին:

-Աշխատաժողովի բուն էությունը, խորհրդարանների և խորհրդարանականների դերի կարևորումն էր` օբյեկտիվ լրագրությանն աջակցելու գործում:
Քննարկումների թիրախում, իհարկե, առաջնահերթ Հայաստանի Հանրապետությունը չէր, քանզի մեր երկիրը մեդիա ազատությունների սանդղակում նշանակալիորեն բարելավել է իր դիրքերը և առաջընթաց է գրանցել, սակայն գլոբալ առումով աշխարհում այս հարցը բավականին ահագնացող և մտահոգիչ է:
Սակայն ինչ խոսք, նշանակալի մեդիա ազատությունների տիրապետող պետությունների խորհրդարանները ևս օբյեկտիվ, անաչառ լրագրությանը և մեդիագրագիտությանը միտված քաղաքականություն պետք է վարեն: Աշխատաժողովին մասնակցություն ունեցած 13 երկրների ներկայացուցիչներին կոչ արվեց իրենց երկրների համապատասխան հաստատություններում դառնալ այս գաղափարների առաջամարտիկը:

-Տիկի՛ն Իսայան, քաղաքական վերջին մեկ տարին բավականին լարված էր և շարունակում է այդպիսին մնալ, որքանո՞վ եք օրինաչափ համարում հետհեղափոխական Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները: 

-Բնական է, որ հեղափոխությունից հետո հասարակության մեջ տեղի են ունենում վերադասավորումներ, և որոշակի ժամանակ է պահանջվում մինչև խաղի նոր կանոններ կսահմանվեն և կհստակեցվեն: Ինչ վերաբերում է օրինաչափությանը, ապա այն հարաբերական հասկացություն է, հատկապես քաղաքականության մեջ:

-Այսօր շատ է հնչում այն տեսակետը, որ հեղափոխությունից ունեցած ժողովրդի ակնկալիքները չեն արդարացվում և մեկ այլ տեսակետի համաձայն` դրանք «ֆեյք» նորություններ են: Ի՞նչ կարծիք ունեք Դուք` որպես ՀՀ քաղաքացի և ԱԺ պատգամավոր:

-Սկզբում կցանկանայի պարտադիր նշել, որ այո՛, «ֆեյք» նորությունները, ցավոք, մեր լրատվական օրակարգի մեծ մասն են կազմում: Սա իրական մարտահրավեր է, նկատի ունեմ և՛ «ֆեյք» նորությունները, և՛ ատելության խոսքը: Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ սույն երևույթների դեմ ոչ միայն պետական, այլև գլոբալ պայքար է անհրաժեշտ:
Ինչ վերաբերում է հևափոխությունից ունեցած մարդկանց ակնկալիքներին, պետք է նշեմ, որ ժամանակային առումով դեռևս շուտ է որևէ վերջնական եզրակացություն կատարելու համար:

 

«Կառավարության կողմից տնտեսական հեղափոխության մասին հավակնոտ հայտարարություններից հետո, ցավոք,

ետք է արձանագրեմ, որ գոնե ներդրումների մասով, որը ցանկացած տնտեսական աճի նախապայմանն է, ակնկալիքներն արդարացված չեն:»:

 

-Տնտեսությունը երկրի զարկերակն է, որի աշխատանքը պետք է հավասարակշռված լինի և չդանդաղի: Ինչպե՞ս կգնահատեք տնտեսության ներկայիս վիճակը, զարգացման միտումները:

-Կառավարության կողմից տնտեսական հեղափոխության մասին հավակնոտ հայտարարություններից հետո, ցավոք, պետք է արձանագրեմ, որ գոնե ներդրումների մասով, որը ցանկացած տնտեսական աճի նախապայմանն է, ակնկալիքները արդարացված չեն:
Միգուցե սա ևս հետհեղափոխական սինդրոմ է, այսինքն` խաղի կանոնները հստակեցված չեն: Այնուամենայնիվ, հանուն մեր պետության լավագույն շահի, հուսանք, առաջիկայում տնտեսության մեջ շարժն առավել շոշափելի կլինի:

-ԲՀԿ աշխատանքների շրջանակներում կատարել եք նաև մի շարք մարզային այցելություններ, կպատմե՞ք դրանց նպատակների, իրականացված ծրագրերի մասին:

-Պատգամավորի գործունեության մի մասն է կազմում նաև այցելությունը մարզեր, հեռավոր բնակավայրեր, անմիջական զրույցը համայնքի անդամների հետ: Ինչպես նաև արձանագրել բնակիչներին հուզող խնդիրները, բարձրաձայնել դրանք խորհրդարանական ամբիոնից, փոխանցել իրավասու մարմիններին, և փորձել լուծումներ փնտրել:

-Ձեր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը մեծ տեղ է տալիս երիտասարդ կադրերին, որպես երիտասարդ պատգամավոր` ի՞նչ պատասխանատվություն է դրված Ձեր ուսերին:

-Այո՛, ճիշտ եք, պարոն Ծառուկյանը մշտապես է կարևորել երիտասարդների ներդրումը ապագայի մեջ: Լավագույն վկայությունը օրեր առաջ ԲՀԿ քաղաքական դպրոցի վերաբացումն էր, որի աշխատանքների բնականոն հունին ուժերիս ներածին չափով նպաստելու եմ նաև ես, և, իհարկե, մեր մյուս պատգամավորները ևս: Սա սահուն սերնդափոխության հստակ ճանապարհն է:

 

-Դուք արդեն երկրորդ գումարումն է, ինչ աշխատում եք Աժ-ում որպես պատգամավոր: Եթե փորձեք համեմատել նախորդ և ներկայիս խորհրդարանները, ի՞նչ ընդհանրություններ և տարբերություններ կնշեք:

-Մի քանի անգամ առիթ ունեցել եմ այս մասին խոսելու, նախորդ գումարման ԱԺ-ում աշխատել եմ մոտ տարի ու կես, որից կես տարին համընկավ բուռն քաղաքական իրադարձությունների հետ: Կարծում եմ` տեղին չէ ընդհանրությունների և տարբերությունների մասին խոսելը, ես խորհրդարանական աշխատանքը դիտարկում եմ օրենսդրական ակտերի միջոցով իրավական միջավայրը բարելավելը` որ ոլորտին էլ, որ առնչվի:

 

-Դուք թե՛ նախկինում, թե՛ այսօր բավականին ակտիվ պատգամավոր եք, ունե՞ք Ձեր առջև դրված հստակ խնդիրներ, որոնցով առաջնորդվում եք:

-Կարծում եմ` ժողովրդի մանդատով խորհրդարանում հայտնված ցանկացած անձ պետք է իր ուսերին զգա այդ պատասխանատվությունը և առաջնորդվի հստակ արժեհամակարգով` հստակ խնդիրների լուծման ուղղությամբ:

-Օրենսդիր մարմնի ներկայացուցիչները Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում են նաև միջազգային հարթակներում: Դուք ընդգրկվա՞ծ եք որևէ պատվիրակության կազմում և ի՞նչ ընդհանրություններ եք տեսնում միջազգային և ներպետական գործունեությունների միջև:


-Պատգամավորական գործունեության հենց սկզբից ընդգրկված եմ եղել Միջխորհրդարանական միության աշխատանքներում, որն աշխարհի ամենահին միջազգային կառույցներից է և միավորում է աշխարհի գրեթե բոլոր խորհրդարանները:
Բնականաբար, աշխատանքը միջազգային կառույցում ունի շատ ընդհանրություններ` բանաձևերի, օրինագծերի մշակում, քննարկում և ընդունում, սակայն ունի նաև նշանակալի տարբերություններ: Միջազգային հարթակներում առաջնահերթ գլոբալ աշխարհաքաղաքական շահերն են առաջ մղվում և այս հարթակում, անկախ մեր պատվիրակության անդամների իշխանական կամ ընդդիմադիր հայացքներից, բոլորիս նպատակը մեկն է` Հայաստանի Հանրապետության պետական շահը:

-Խոսեցիք ընդհանրություններից, կցանկանայի մի փոքր մանրամասնեք, ինչպե՞ս է կազմակերպվում Ձեր աշխատանքը միջազգային կառույցում:


-Ինչպես Ազգային ժողովում, այնպես էլ Միջխորհրդարանական Միությունում բոլոր պատվիրակները անդամակցում են մշտական հանձնաժողովների, որոնց միջոցով էլ համակարգվում է բանաձևերի ընդունման ընթացակարգը:
Ես ինքս անդամակցում եմ ՄՄ-ի Ժողովրդավարության և մարդու իրավունքների հանձնաժողովին: Այս առումով իմ գործունեությունը մեր օրենսդիր մարմնում փոխլրացնում է միջազգային այդ հարթակում իմ ներգրավվածությանը, քանի որ երկու հանձնաժողովների հիմնական նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է:


-Ըստ Ձեզ` ի՞նչ դերակատարում ունի կինը քաղաքականության մեջ, և արդյո՞ք պետք է սեռային տարբերություններ դնել այդ դաշտում:
-Հստակ վիճակագրություն է առկա, որ այն պետություններում, որտեղ կանայք մասնակցում են պետական կառավարմանը, տնտեսական ցուցանիշները շատ ավելի բարձր են, էլ չասեմ տվյալ երկրում տոլերանտության բարձր մակարդակի մասին: Առայժմ ՀՀ-ն առաջնորդվում է քաղաքականության մեջ կանանց ներկայությունն ապահովելու համար քվոտավորման մեխանիզմով, բայց վստահ եմ, որ կգա ժամանակ, երբ օրենսդրորեն ամրագրված այս դրույթն այլևս ժամանակավրեպ կլինի:

-Որո՞նք են ամենակայուն արժեքները Ձեր կյանքում:
-Ընտանիք, ընկերներ, հավատք, սեր...


Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...