15:50
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Տարվա կին գործարարը՝ գործարար աշխարհում կնոջ հաջողությունների, դժվարությունների և առավելությունների մասին

2020-01-08 12:01

Մաս II 

«Դե Ֆակտո» N 5/151 (11-12/2019թ.) 

Կնոջ ուժն ու հաղթանակը, ձգտումն ու համարձակությունը ապրում են իր ներսում, պարզապես պետք է ճանաչել սեփական էությունն ու ճիշտ կառավարել ի վերուստ շնորհված հատկանիշերը: «Դայմոնդ» ռեստորանային համալիրի հիմնադիր տնօրեն Նարինե Չարչյանին հաջողվել եւ հաջողում է դա: Նա եզակի անկոտրում կամքի տեր, համարձակ ու պատվախնդիր, գեղեցիկ ու հմայիչ կին է, ով կարողանում է նվաճել ցանկացած բարձունք` պահպանելով ազնվությունը, անկեղծությունը, ճշմարտախոսությունն ու արդարամտությունը:
Գործարար աշխարհի ադամանդե տիկինը չի դադարում զարմացնել եւ հիացմունք պատճառել իր գործարար հմտություններով ու անսահման կանացի տեսակով: Դա նրա էությունն է, բնույթը, որակը: Պատահական չէ, որ 2019թ. նա տարբեր կազմակերպությունների կողմից արժանացավ միանգամից մի քանի պարգեւների, այդ թվում` Հայաստանի սահմաններից դուրս:
«Դե Ֆակտո» ամսագրի խմբագրակազմը, բարձր գնահատելով Նարինե Չարչյանի գործունեությունը, հաջողակ գործարարի պայքարող եւ համարձակ տեսակը, ձեռքբերումները, նրան ճանաչել է «Տարվա կին գործարար 2019»:
Իսկ թե որն է Նարինե Չարչյանի` հաջողակ գործարար լինելու գաղտնիքը, ի՞նչ սկզբունքների եւ արժեքների հիման վրա է նա կառուցել գործարարի իր ուղին, այս եւ այլ հարցերի պատասխաններ ստացել ենք նրա հետ հարցազրույցի ընթացքում:

Առաջին մասը կարդացեք այստեղ

-Women’s power հասկացությունն այսօր շատ մեծ տարածում է գտել, նաև նորաձև դարձել. ինչո՞ւմ է թաքնված կնոջ ուժը և ի՞նչ կարծիք ունեք կանանց և տղամարդկանց հավասարության մասին, վտանգ տեսնո՞ւմ եք այդտեղ:

-Կնոջ ուժը նրա իմաստության և հոգու ուժի մեջ է: Իսկ տղամարդու և կնոջ հավասարության մեջ վտանգ տեսնում եմ, ես այն կանանց շարքին եմ պատկանում, որն ընդունում է տղամարդու գերակայությունը: Կարծում եմ, որ կինը և տղամարդը չեն կարող հավասար լինել, չեմ հասկանում` հիմա ինչ է կատարվում մեր արժեքային համակարգում:
Տղամարդը բնության ամենազորեղ ստեղծագործությունն է, իհարկե, բոլոր տղամարդկանց մասին չէ խոսքը, ես խոսում եմ մեծատառով ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ մասին: Կինը պետք է լինի ազատ` լինի գործարար, թե ոչ, բայց երբեք չպետք է չափը անցնի ու իրեն հավասարեցնի իր տղամարդուն: Խոսքս գործարար աշխարհի տղամարդկանց մասին չէ, այլ հենց իր տղամարդու: Օրինակ, ես գործարար հարաբերություններում չեմ առաջնորդվում սեռային տարբերություններով, իսկ ընտանիքում կինն ունի իր պարտականությունները, տղամարդը` իր, տղամարդը պետք է լինի իր դերում, կինը` իր, կինը պետք է իրոք հնազանդ լինի տղամարդուն, այսինքն` հաշվի առնի ամուսնու խոսքը, կարծիքը և իր բոլոր ծրագրերը, անպայման, քննարկի նրա հետ:

-Դուք ուժեղ կին եք, սակայն բոլոր մարդիկ էլ ունենում են թուլության պահեր, ո՞վ է այն մարդը կամ ուժը, ում կարիքն այդ պահերին ենթագիտակցորեն զգում եք և Ձեր ոտքերը տանում են նրա մոտ:

-Նման պահերին իմ ոտքերը տանում են ինձ այնտեղ, որտեղ ես մենակ եմ լինում: Դա կարող է լինել իմ ամառանոցը, գրասենյակը կամ բնության գիրկ` որևէ գողտրիկ վայր, որտեղ կարող եմ մենակ նստել և խորհել:
Ես ոչ ոքի չեմ պատմում իմ խնդրի մասին, դա համարում եմ ավելորդ. նախ դիմացինին պետք է ծանրաբեռնեմ, երկրորդ` ոչ ոք ինձնից լավ չի կարող ինձ խորհուրդ տալ: Այնպես որ, իմ ոտքերը ինձ ոչ մեկի մոտ չեն տանում:
Իհարկե, այդ պահերը չեմ կարող անվանել թուլություն կամ ընկճվածություն, դրանք ինձ համար չեն, քանի որ ես արագ եմ դուրս գալիս նման իրավիճակներից, ուղղակի լինում են ու անցնում:

-Յուրաքանչյուր մարդու կյանքում կան բաներ, որոնք նա ինքն իրեն արգելում է անել, համարում է «տաբու», դրանք կարող են վերաբերել թե՛ աշխատանքին, թե՛ անձնական կյանքին: Կա՞ն «տաբու»-ներ Ձեր կյանքում:

-Ինձ համար «տաբու» է ստախոսությունը. ես ինքս սուտ չեմ խոսում, նախընտրում եմ լռել, չխոսել, բայց ստել` ոչ: Նաև շատ շուտ զգում եմ դիմացինի սուտը:
Կտրականապես մերժում եմ նաև փնթիությունն ամեն ինչում` թե՛ արտաքին տեսքի, թե՛ մտքի, թե՛ ապրելակերպի մեջ:

-Եթե նորից ծնվեիք, ինչպե՞ս կկառուցեիք Ձեր կյանքը:

-Պետք է նշեմ, որ այս հարցը չեմ սիրում, քանի որ դրան մարդիկ երբեք անկեղծ չեն պատասխանում: Անձամբ ես չեմ մտածում այն թեմաների շուրջ, որոնք անիրական են. ես նորից չեմ ծնվելու, ուրեմն` ինչու ներկան, այս պահը թողնեմ և մտածեմ այդ մասին:
Սակայն բոլորս էլ կյանքում որոշակի ճանապարհ ենք անցնում, որն ընթանում է դժվարությունների միջով, և երբ հետադարձ հայացք ենք գցում, մտածում ենք` կարելի էր շրջանցել դրանք: Ու երբ այդ հարցին մեծամասամբ պատասխանում են, թե նույն կերպ կանցնեին իրենց ուղին, ես չեմ հավատում:

-Որպես հայ գործարար և որպես հայ մարդ` ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ ծառայությունը հայրենիքին:

-Հայրենիքին մատուցած իմ ամենամեծ ծառայությունը համարում եմ այն, որ երբ ինձ հետ շփվում են այլազգիները և իմանում, որ ես հայ եմ, իմ ազգի, հայրենիքի մասին ավելի ու ավելի լավ կարծիք են կազմում, ինձ հաջողվում է խոսքով, շփմամբ, պահվածքով, իմ որակով, նաև պատմելով նրանց Հայաստանի մասին և հրավիրելով մեր երկիր` բարձր պահել իմ հայրենիքի պատիվը: Էլ չեմ խոսում այն մասին, որ աշխատատեղեր եմ ստեղծում, ներդրումներ կատարում: Իմ կարծիքով` եթե ամեն հայ իրեն արտերկրում կամ իր գործարար շփումներում միշտ ճիշտ պահի, կոռեկտ, ապա մեր հայրենիքը շատ ավելի ընդգծված բարի համբավ կունենա:
Հայրենիքին մատուցած ծառայություն եմ համարում կիրթ և դաստիարակված երեխաներ մեծացնելը, աշխատավայրում սեր և հարգանք սերմանելը դեպի աշխատանքը և մարդիկ:

-Ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել հայրենի տնտեսությունը, գործարար դաշտը:

-Դա շատ ծավալուն թեմա է, որի շուրջ կարելի է երկար խոսել, քանի որ ես տեսնում եմ, թե ինչպիսին կցանկանայի լիներ հայրենի տնտեսությունը և գիտեմ, թե ինչպես կարելի է հասնել դրան: Եթե փորձեմ կարճ ձևակերպել միտքս, ապա ես կցանկանայի տեսնել տնտեսական շատ մեծ առաջընթաց իմ հայրենիքում, գործարար դաշտում` ավելի մեծ թվով գործարարներ, ներդրողներ` տարբեր երկրներից, նորանոր աշխատատեղերի ստեղծում:
Շատ կցանկանայի նաև, որ մեր երկրում գործարարը հարգանքի և գնահատանքի արժանանար, տնտեսության մեջ ներդրվեր բարեփոխումների այնպիսի փաթեթ, որ գործարարը չվախենար ներդրումներ կատարելուց, որ ինքը, աշխատելով ազնիվ և արդար, ունենար նաև եկամուտ իր բարեկեցության համար:
Իմ սիրելի քաղաքական գործիչ Մարգարետ Թետչերն ասում էր, որ պետությունը չունի գումար, բյուջեն ձևավորվում է ժողովրդի տված հարկերից, հարկվում ենք բոլորս, դա պետք է փոքր տարիքից բոլորս գիտակցենք: Իսկ գործարարի ամենակարևոր հատկությունն այն է, որ նա իմանա իր աշխատածը ճիշտ բաշխել: Գիտակցի, որ իր եկամուտների մի մասը պետությանն է պատկանում` դա իր պարտքն է, մյուս մասն այն մարդկանցն է, ում միջոցով նա զարգացնում է իր բիզնեսը, հաջորդով վճարում է իր ծախսած էլեկտրոէներգիայի, գազի, ջրի և այլնի համար, և նա պետք է կարողանա այնպես բաշխել այդ ամենը, որ եկամտի մի մասն էլ ուղղի իր ընտանիքի բարեկեցությանը և բարեգործությանը:
Ես համոզված եմ, որ Հայաստանը կդառնա տնտեսապես զարգացած, հզոր պետություն, որովհետև հայը խելացի, աշխատասեր, ստեղծագործ ազգ է: Շփվելով այլազգիների հետ և համեմատելով հայերի հետ` ես ավելի ու ավելի եմ համոզվում, որ մենք շատ լայն մտահորիզոն ունենք, զարգացած ենք և ամենակարևորը` աշխատասեր:

-Դուք ունեք ֆեյսբուքյան պաշտոնական էջ, հետևորդներ, երկրպագուներ, որոնց կողմից նաև ստանում եք անանուն նվերներ, նամակներ: Կպատմե՞ք այդ մասին:

-Փաստորեն` դուք լավ տեղեկացված եք: Այո՛, ստանում եմ անանուն նվերներ, երբեմն իմ հետևորդներին հանդիպում եմ նաև դրսում, ովքեր ողջունում են ինձ:
Իսկ անանուն փոքրիկ նվերները, որ պարբերաբար ստանում եմ, հետաքրքիր են, ինձ շոյված եմ զգում դրանցից, վստահ եմ, որ նվիրողներն ավելի շատ են ուրախանում, որ ես ընդունում եմ այդ նվերները: Իսկ ինչ վերաբերում է իմ ֆեյսբուքյան պաշտոնական էջին, ապա պետք է նշեմ, որ այն բավականին հետաքրքիր հարթակ է` ներկայացնելու կատարածդ աշխատանքը և շատ մոտիվացնող է, քանի որ ուրախանում եմ, ոգևորվում, որ այդքան բարի մարդիկ կան, մանավանդ կանայք, ովքեր ինձ ջերմ բարեմաղթանքներ, գովեստի և մեծարանքի խոսքեր են ուղղում: Ես անհատապես բոլորից շնորհակալություն եմ հայտնում ինձ հետևելու, ժամանակ տրամադրելու և իրենց դրական հույզերը չթաքցնելու համար: Սիրում եմ բոլոր հետևորդներիս:

-Մենք պատահաբար բացահայտեցինք, որ Դուք կենդանիներ շատ եք սիրում շներ եք պահում:

-Այո՛, ես երեք շուն ունեմ, միշտ եմ ունեցել, շատ եմ սիրում նրանց:

-Առջևում տարվա ամենասպասված տոներն են` Ամանորն ու Սուրբ Ծնունդը, և Դուք մեծ հոգատարությամբ, բարձր ճաշակով զարդարել եք Ձեր «Դայմոնդ» ռեստորանային համալիրը: Ինչպիսի՞ տոն է Ամանորը Ձեզ համար և ինչպե՞ս եք այն տոնում:


-Ամանորն իմ ամենասիրելի տոներից է, որի առթիվ «Դայմոնդ» ռեստորանային համալիրը զարդարել եմ ամանորյա աքսեսուարներով, տոնական տեսք ու տրամադրություն հաղորդել: Իմ ռեստորանի դռները բաց են բոլոր հյուրերի առաջ, ես և մեր անձնակազմը ամեն ինչ անում ենք, որ տոները գեղեցիկ, հաճելի և ուրախ անցնեն:
Բայց իմ ամենասիրելի տոնը Սուրբ Ծնունդն է, որը ես յուրահատուկ ձևով եմ նշում, ամեն ինչ իմ ձեռքով պատրաստում: Նոր Տարին ոչ միշտ, բայց Սուրբ Ծնունդը ես պարտադիր նշում եմ տանը:
Ամանորի գիշերը ամբողջ ընտանիքով ուրախանում ենք, նվերներ տալիս միմյանց, ես մինչև հիմա իմ երեխաների համար հատուկ ընտրված, գեղեցիկ փաթեթավորված նվերներ եմ դնում տոնածառի տակ, իրենց անակնկալներ եմ անում, իրենք էլ` ինձ:

-Ավելի շատ սիրում եք նվերներ տա՞լ, թե՞ ստանալ: Ո՞րն է Ձեզ համար ամենաթանկ նվերը:

-Նվերներ շատ եմ ստանում, սակայն ավելի շատ սիրում եմ նվիրել: Եվ եթե մեկին ինչ-որ նվեր եմ տալիս, ապա դա անում եմ մեծ սիրով, որպեսզի այն նրան միայն մեծ ուրախություն և հաջողություն պարգևի: Ինքս էլ նախընտրում եմ ստանալ սիրով և սրտանց մատուցված նվերներ, որոնք ինձ համար ամենաթանկն են` անկախ դրանց գումարային արժեքից:

-Հավատո՞ւմ եք ամանորյա հրաշքին:

-Այո՛, հավատում եմ ամանորյա հրաշքին, առանց հավատի, չես կարող ապրել: Պարտադիր չէ լինել երեխա հրաշքներին հավատալու համար:

-Ի՞նչ եք սիրում պատրաստել Ամանորին, ի՞նչ հետաքրքիր ճաշատեսակներ են դրվում Ձեր սեղանին:

-Ամանորին սիրում եմ աղջկաս օգնությամբ անձամբ պատրաստել կարևոր ճաշատեսակները: Մեր սեղանին դրվում են տոնական, ավանդական գրեթե բոլոր ճաշատեսակները` խոզի բուդը, հնդուհավը, որը ես յուրահատուկ ձևով եմ պատրաստում, տերևով դոլման, իշլի քյուֆթան: Պատրաստում եմ նաև սինեմանթի, որը վայելելու համար մեր տանը հյուրընկալվում են եղբայրներս: Իմ սեղանը զարդարում է նաև ամանորյա դոնդողը, որը ամեն տարի պատրաստում եմ: Աղցանների տեսականին մեծ չի լինում, բայց ամեն տարի փորձում եմ նորերը պատրաստել: Շատ համեղ է ստացվում իմ մայրաքաղաքային աղցանը`մոսկովյան ձևով, որը սաղմոնով և կարմիր խավիարով եմ պատրաստում: Մեր տանը ավանդական է դարձել նաև հաջորդ օրվա բորշչը:
Բայց այս ամենի մեջ ինձ ամենաշատը դուր է գալիս սեղանի ձևավորումը: Իմ սեղանի զարդարանքի մաս են կազմում մոմերը և ամանորյա հետաքրքիր աքսեսուարները:
Ամանորին մենք հյուրեր շատ ենք ունենում` ընկերներ, հարազատներ, բարեկամներ, ովքեր ցանկանում են անձամբ գալ և շնորհավորել մեզ, ես էլ մեծ սիրով և ուրախությամբ ընդունում և հյուրասիրում եմ բոլորին:

-Ինչպե՞ս եք ձևավորում տունը Ամանորին:

-Ամանորին ես ու երեխաներս տոնածառը զարդարում ենք` ըստ այդ տարվա մեր նախընտրած գույների: Ես սիրում եմ կարմիրի ու սպիտակի, կապույտի և սպիտակի համադրությունը, արծաթագույնի ու ոսկեգույնի երանգները: Այս տարի մեր տունը կարմիրի ու սպիտակի մեջ է: Ինձ համար ամենակարևորն այն է, որ ամեն ինչ գեղեցիկ լինի, աչքին հաճելի, գունային զգացողությունն ինձ մոտ լավ է զարգացած:

-Նշեցիք, որ Սուրբ Ծննդյան տոնը ավելի շատ եք սիրում, ինչպիսի՞ զարդարանք է ստանում Ձեր տունն ու սեղանը այդ օրը:

-Սուրբ Ծննդին ես առանձնահատուկ գեղեցիկ սեղան եմ պատրաստում, ունեմ Սուրբ Ծննդի հետ կապված անկյուն, որը զարդարված է Քրիստոսի Ծնունդը խորհրդանշող տեսարաններով ու աքսեսուարներով, մոմերով: Այդ օրը մեր տանը յուրահատուկ տոնական մթնոլորտ է տիրում: Սուրբ Ծննդի առթիվ, անպայման, պատրաստում եմ տապակած կանաչիները, չամիչով ու չրերով փլավը, ձուկը: Ինքս եմ պատրաստում նաև տոնական կուլիչը:

-Ի՞նչ կբարեմաղթեք Ամանորի առթիվ, հատկապես ` հայ կանանց:

-Շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթում եմ առողջություն, խաղաղ հոգի, պայծառ միտք: Թող լինի սիրո և բարության, խաղաղության և հանդուրժողականության տարի: Սիրով ու ներողամտությամբ վերաբերվենք միմյանց, լինենք պատվախնդիր և նվաճենք նորանոր բարձունքներ:
Իսկ հայ կանանց մաղթում եմ առողջություն, ինքնաբավություն, սեր և հարատև երջանկություն:

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...