09:12
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Տարվա կին գործարարը՝ գործարար աշխարհում կնոջ հաջողությունների, դժվարությունների և առավելությունների մասին

2020-01-08 11:52

 «Դե Ֆակտո» N 5/151 (11-12/2019թ.) 

Կնոջ ուժն ու հաղթանակը, ձգտումն ու համարձակությունը ապրում են իր ներսում, պարզապես պետք է ճանաչել սեփական էությունն ու ճիշտ կառավարել ի վերուստ շնորհված հատկանիշերը: «Դայմոնդ» ռեստորանային համալիրի հիմնադիր տնօրեն Նարինե Չարչյանին հաջողվել եւ հաջողում է դա: Նա եզակի անկոտրում կամքի տեր, համարձակ ու պատվախնդիր, գեղեցիկ ու հմայիչ կին է, ով կարողանում է նվաճել ցանկացած բարձունք` պահպանելով ազնվությունը, անկեղծությունը, ճշմարտախոսությունն ու արդարամտությունը: 
Գործարար աշխարհի ադամանդե տիկինը չի դադարում զարմացնել եւ հիացմունք պատճառել իր գործարար հմտություններով ու անսահման կանացի տեսակով: Դա նրա էությունն է, բնույթը, որակը: Պատահական չէ, որ 2019թ. նա տարբեր կազմակերպությունների կողմից արժանացավ միանգամից մի քանի պարգեւների, այդ թվում` Հայաստանի սահմաններից դուրս: 
«Դե Ֆակտո» ամսագրի խմբագրակազմը, բարձր գնահատելով Նարինե Չարչյանի գործունեությունը, հաջողակ գործարարի պայքարող եւ համարձակ տեսակը, ձեռքբերումները, նրան ճանաչել է «Տարվա կին գործարար 2019»: 
Իսկ թե որն է Նարինե Չարչյանի` հաջողակ գործարար լինելու գաղտնիքը, ի՞նչ սկզբունքների եւ արժեքների հիման վրա է նա կառուցել գործարարի իր ուղին, այս եւ այլ հարցերի պատասխաններ ստացել ենք նրա հետ հարցազրույցի ընթացքում:

 


-Տիկի՛ն Չարչյան, հետաքրքիր է, ո՞րն է հաջողակ կին գործարարի Ձեր բանաձեւը:

-Նախ շնորհակալ եմ «Դե Ֆակտո» ամսագրի խմբագրակազմին ինձ «Տարվա կին գործարար 2019» կոչմանն արժանացնելու համար: Շնորհակալ եմ իմ գործունեությանը հետևելու և այն բարձր գնահատելու համար: 
Իսկ հաջողակ կին գործարարի իմ բանաձևը կազմակերպվածությունն է, որն իր մեջ ներառում է գործարարի համար մի շարք կարևոր հատկանիշեր` հետևողականություն, վճռականություն, համարձակություն, ձգտում, պատվախնդրություն: Դա է գործարար աշխարհում հաջողության հասնելու գրավականը և ոչ միայն կնոջ, այլ նաև տղամարդու համար:

-Դուք ճանաչվել եք «Տարվա լավագույն կին գործարար» նաև «Համազգային վստահություն» խորհրդի կողմից, ինչպես նաև Ձեզ մրցանակ է շնորհվել «Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական մրցանակաբաշխության շրջանակներում «Լավագույն գործարար կին» և «Որակի նշան» անվանակարգերում: Ի՞նչ կարևորություն ունեն նման մրցանակները Ձեզ համար:

-Այո՛, 2019թ. բուռն տարի էր մրցանակների առումով, ինչը, իհարկե, շատ-շատ հաճելի էր ինձ համար: Կարծում եմ` գնահատված լինելը միշտ է հաճելի և պարտավորեցնող, թեև պետք է նշեմ, որ դրա պակասը երբեք չեմ զգացել թե՛ աշխատանքում, թե՛ ընկերական միջավայրում, և թե՛ ընտանիքում: Պետք է ավելացնեմ նաև, որ իմ առաջին քննադատը և գնահատական տվողը ես եմ, և բավականին խստապահանջ ու բծախնդիր եմ այդ առումով: 
Բայց երբ քեզ գնահատում են երկրիդ լավագույն կազմակերպությունները, որոնք իրենց մրցանակաբաշխություններում քեզ հատուկ տեղ են տալիս, մրցանակ շնորհում, կրկնակի պարտավորեցնող է, ինչպես, օրինակ, «Հայաստան-Արցախ-Սփյուռք» մրցանակաբաշխությունն էր, որի շրջանակներում արժանացա «Լավագույն կին գործարար» և «Որակի նշան» մրցանակներին: 
Երկրորդը «Համազգային վստահություն» խորհրդի կողմից անցկացված հեղինակավոր մրցանակաբաշխությունն էր, որի ժամանակ արժանացա «Տարվա լավագույն կին գործարար» մրցանակին: Այն ևս ինձ անչափ ուրախացրեց և պարտավորեցրեց: Հաճելի է զգալ, որ գնահատվում է իմ երկարամյա գործունեությունը ՀՀ գործարար դաշտում, լսել այդ գնահատականն արտահայտող անկեղծ ու ջերմ խոսքեր. չէ՞ որ բիզնեսը բիզնես, բայց գործարարը երկրի համար կարևոր դեր ունի` խթանում է տնտեսության զարգացումը, աշխատատեղեր ստեղծում, հարկեր վճարում, մաքրում և գեղեցկացնում իր շրջակա տարածքը և ի վերջո` ներկայացնում երկրի դեմքը, խոսքս հատկապես ռեստորանային բիզնեսով զբաղվող գործարարների մասին է: Գաղտնիք չէ, որ արտերկրից ժամանած զբոսաշրջիկների կողմից երկիրը գնահատվում է ոչ միայն գեղատեսիլ վայրերով, պատմամշակութային կոթողներով, այլ նաև իր խոհանոցով, սպասարկման ոլորտով, կոկիկ ռեստորաններով, և ես կարծում եմ, որ «Դայմոնդ» ռեստորանային համալիրի օրինակով կարողացել եմ բարձր պահել մեր երկրի անունը, պատշաճ ներկայացնել իմ երկրի դեմքը: Պետք է նկատի ունենանք, որ զբոսաշրջիկներն այցելում են տարբեր երկրներ և համեմատության մեջ գնահատում այս կամ այն երկիրը, այդ պատճառով շատ կարևոր է, որ նրանք Հայաստանում ճաշակեն համեղ ուտելիքներ` գեղեցիկ, մաքուր, ճաշակով, եվրոպական ռեստորաններից չտարբերվող ռեստորաններում և բարձր կարծիք կազմեն մեր երկրի մասին: Իսկ երբ մարդը հաճելի պահեր է ապրում` համեղ սնվելով ու վայելելով տիրող գեղեցիկ և հաճելի մթնոլորտը, ինչպես վերջերս տեղեկացա, նրա կյանքը երկարում է: Չէ՞ որ համեղ սնվելը ևս ներառված է կյանքից ստացած մարդու հաճույքների ցանկում, որը բավարարելը երկարացնում է կյանքը: Ի դեպ` վիճակագրական տվյալներ կան, որ ռեստորաններ հաճախակի այցելող մարդիկ` մենակ կամ իրենց ընտանիքների հետ, ստանալով բարձրակարգ սպասարկում, ճաշակելով համեղ սնունդ, գոհանալով այդ ամենից, հաճելի պահեր ապրելով, իրենց գնահատված են զգում, ինչի շնորհիվ ունենում են բարձր տրամադրություն և արդյունքում` երկար կյանք:

«Հաջողության հասնելու համար առաջին հերթին պետք է կիրթ եւ զարգացած լինել,

ունենալ լայն մտահորիզոն, վերլուծելու կարողություն, երկրորդ` ունենալ շփման կուլտուրա`

կիրթ խոսք, վարվելաձեւ եւ խնամված տեսք, երրորդ` պետք է կազմակերպված,

համարձակ եւ պատվախնդիր լինել»:

 

-Դուք օրեր առաջ եք վերադարձել Մոսկվայից, որտեղ արժանացաք միջազգային «Երկրի դեմք» ոսկե մեդալի: Կպատմե՞ք այդ միջոցառման մասին` ի՞նչ չափանիշներով է առաջնորդվել ժյուրին, ի՞նչ տպավորություններով վերադարձաք:

-Բավականին հեղինակավոր միջոցառում էր, որի շրջանակներում 16 հոգուց բաղկացած ժյուրիի կողմից գնահատական տրվեց Հայաստանի և Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացման մեջ ավանդ ունեցող գործարար աշխարհի մարդկանց, որոնց թվում էի նաև ես: Չեմ կարող հստակ ասել, թե ինչպես են ինձ ընտրել, բայց ենթադրում եմ, որ հետևել են իմ գործունեության դինամիկային, գնահատել ձեռքբերումներս, հարցումներ անցկացրել: Ես դրական տպավորություններով եմ վերադարձել Մոսկվայից, շատ լավ կազմակերպված և բավականին լուրջ միջոցառում էր, և ես ինձ շատ շոյված զգացի, որ իրենց ընտրությունը` որպես «Երկրի դեմք» ինձ վրա է կանգ առել, հավատացեք, որ շատ ոգևորող է, երբ քեզ գնահատված ես զգում ոչ միայն քո երկրում, այլ նաև նրա սահմաններից դուրս: 
Կարծում եմ` այս միջոցառումը երկու երկրների եղբայրական հարաբերությունների, որոնք դարերի խորքից են գալիս, վառ արտահայտությունն էր, որը, հուսամ, շարունակություն կունենա, և մեր երկրից շատերը կմասնակցեն այդ միջոցառմանը ու Հայաստան կվերադառնան մրցանակներով:

«Քանի որ պայքար եւ պարտություն բառերը վերջերս շատ են մտել մեր բառապաշար, այսպես ասեմ`

ես երբեք ինձ պարտված չեմ զգացել, եւ չեմ կարող այդ հարցին պատասխանել»:


-Դուք Ձեր մուտքով գործարար աշխարհ, որը 1990-ականներին տղամարդկային էր համարվում, կարծրատիպեր կոտրեցիք, և շատ հայուհիների համար գործարար կնոջ օրինակ դարձաք, ով գերադասում է ոչ թե հարմարվել, այլ առաջ գնալ` չվախենալով չհասկացվելուց կամ քննադատություններից: Եվ Ձեր հարցազրույցներում միշտ նշում եք, որ կինը պետք է համարձակ լինի ու ձգտի ինքնաբավության, գնահատի ինքն իրեն, բայց ինչպե՞ս, որտեղի՞ց պետք է սնվի կնոջ ինքնագնահատականը, համարձակությունը, և որո՞նք են առաջին երեք քայլերը, որ նա պետք է կատարի, կա՞ բանաձև:

-Օ՜, շատ բարդ, բավականին բարդ հարց եք տալիս, ես բանաձև չգիտեմ, չեմ առաջնորդվել ինչ-որ բանաձևով, այդ ամենը բխել է իմ ներսից` իմ էությունից, ստացածս դաստիարակությունից, արժեքներից, ձգտումներից և ամենակարևորը` ինքնուրույնությունից և կազմակերպվածությունից:
Կա մի հետաքրքիր առարկա, որի միջոցով կինը կարող է իրատեսորեն գնահատել ինքն իրեն և ինքնաբավ լինել` կախված չլինելով այլոց կարծիքներից, դա հայելին է: Պետք է առավոտյան հարդարվես, նայես ինքդ քեզ, ժպտաս, ինքնագնահատականդ բարձր պահես` անկախ այն բանից` կլսես հաճոյախոսություններ քո հասցեին, թե ոչ: Կինը երբեք չպետք է կախված լինի ինչ-որ մեկի խոսքից, գնահատականից, կարծիքից: Ճիշտ է, հաճելի է լսել գովեստի խոսքեր: Շատ կանայք են օրը սկսում` հաճոյախոսություններ լսելով, ոգևորվում, դա պայծառացնում է իրենց, բայց դա կարող է անկեղծ չլինել և մի օր այլևս չլինել, հետո՞... մի անեկդոտ կա, որը այս իրավիճակն է բնութագրում. կինը շատ երջանիկ նստած է լինում տանը, ամուսինը որոշում է սուրճ պատրաստել նրա համար և սուրճի հետ բերում է նաև կտրատած լիմոն, կինը ասում է` սիրելի՛ս առավոտյան սուրճի հետ լիմոնը ընդհանրապես չի համադրվում, իսկ ամուսինը պատասխանում է` կե՛ր, որ այդ գոհունակ դեմքդ չտեսնեմ: Այսինքն` այնպես չէ, որ տղամարդիկ միշտ ձգտում են, որ կինը գոհ լինի իրենից, ինքնաբավ լինի: Այդ պատճառով կնոջ ինքնագնահատականը, ինքնաբավությունը պետք է բխի և պայմանավորված լինի միայն ինքն իրենով, չպետք է երբեք կախված լինի որևէ մեկից: 
Ինքնաբավ, բարձր ինքնագնահատական ունեցող կնոջ համար շատ ավելի հեշտ է համարձակ լինելը, քանի որ նայելով հայելու մեջ` նա տեսնում է ոչ միայն իր արտաքինը, այլ նաև ներքինը: Իսկ համարձակությունը պետք է արդարացված լինի խելամտությամբ, կրթվածությամբ, պատասխանատվության զգացողությամբ: Այսինքն` եթե դու գիտես, օրինակ, որ անգրագետ ես, չես կարող համարձակ մուտք գործել մի ոլորտ, որտեղ գրագիտություն է պահանջվում և հայտնվես ծիծաղելի իրավիճակում: Հետևաբար` պետք է նախ կարդացած լինես, աշխատես ինքդ քեզ վրա, հարստացնես գիտելիքներիդ պաշարը, վստահ լինես ու համարձակ գնաս առաջ` չվախենալով խոչընդոտներից: Օրինակ` ես ինձ շատ վատ կզգայի, եթե իմ երեխաները դասերը սովորելիս հարցեր տային, և ես չկարողանայի պատասխանել, զանգեի հարևանին, այսինքն` իմ ներքին պահանջն է եղել լինել գրագետ ծնող իմ երեխաների համար: Դա էլ է իմ ինքնաբավությունը լրացնող մի հանգամանք:
Վերադառնալով համարձակությանը` նշեմ, որ մարդիկ տարբեր են. ես մեծ թվով մարդկանց գիտեմ, որոնք շատ զարգացած են, տարբեր լեզուների են տիրապետում, բայց համարձակություն չունեն քայլեր անելու բիզնեսում: Կարծում եմ` դա մարդու տեսակ է, բնույթ, որակ, ձեռքբերովի չի լինում, չգիտեմ, գուցե գիտակցական մեծ աշխատանք տանելուց հետո հնարավոր լինի որոշակի հաջողության հասնել, բայց ամենակարևորը մարդու խառնվածքն է, գենետիկան: Պետք է ծնվես այդպիսին, չէ՞ որ մարդիկ լինում են սանգվինիկ, ֆլեգմատիկ, խոլերիկ, մելանխոլիկ, ամեն մարդ մի տեսակին է հարում: Օրինակ` մելանխոլիկ մարդուն չես կարող ստիպել համարձակ լինել: Մասնագետներն ասում են` մարդու կյանքում գենետիկան 70 տոկոս է զբաղեցնում, բայց ես կարծում եմ, որ ավելի քիչ տեղ է զբաղեցնում: Իմ մայրն էլ է եղել համարձակ, հայրս էլ արտակարգ մտավոր ընդունակությունների տեր անձնավորություն է եղել, գուցե իմ մտավոր հատկությունները որոշակիորեն պայմանավորված են ժառանգականությամբ, բայց ոչ 100 տոկոսով: Ես գիտեմ շատ խելացի մարդկանց, ում երեխաներն այդքան էլ խելացի չեն: Մարդը, ամեն դեպքում, չպետք է մտածի, որ իր պապիկը ակադեմիկոս է, ուրեմն` ինքն էլ է կրում նրա մտավոր ընդունակությունները: Ոչ, նա պետք է իր վրա աշխատի, և կրթվի փոքրուց: Կրթվելը պետք է մանուկ հասակից կենսակերպ դառնա մարդու համար: 
Ինչ վերաբերում է քայլերին, ապա առաջին հերթին պետք է կիրթ և զարգացած լինել, ունենալ լայն մտահորիզոն, վերլուծելու կարողություն, երկրորդ` ունենալ շփման կուլտուրա` կիրթ խոսք, վարվելաձև և խնամված տեսք, երրորդ` պետք է կազմակերպված, համարձակ և պատվախնդիր լինել:

Դավաճանություն ասվածը` մարդկային փոխհարաբերություններին ուղղված, չե՛մ ընդունում:

Դավաճանել կարելի է միայն հայրենիքը, մնացած բոլոր դեպքերում դավաճանություն բառը անտեղի եմ համարում:

 

-Ո՞րն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ հաղթանակը և հետաքրքիր է, արդյո՞ք պարտություններ եղել են Ձեր կյանքում, ինչպե՞ս եք վերաբերվում դրանց:

-Քանի որ պայքար և պարտություն բառերը վերջերս շատ են մտել մեր բառապաշար, այսպես ասեմ` ես երբեք ինձ պարտված չեմ զգացել, և չեմ կարող այդ հարցին պատասխանել:
Կարծում եմ` պարտությունն այն է, երբ ինչ-որ բան ես անում, որը չի ստացվում, ու դու, ձեռքերդ թափ տալով, նստում ես մի մութ անկյունում: Այսինքն` պարտությունը քո չստացված քայլի նկատմամբ ունեցած քո վերաբերմունքն է, քո հանձնվելն ու չպայքարելը: Օրինակ` եթե ես մի գործ եմ նախաձեռնում և չի ստացվում, նորից եմ փորձում, ամեն ինչ անում եմ, որ ստացվի, պայքարում եմ, որ հասնեմ այն արդյունքին, որին ձգտում եմ: 
Ես երբեք որևէ չստացված նախագծի պատճառով ինձ պարտված չեմ զգացել, ես կարծում եմ` պարտություն կրում են պատերազմում թշնամու դեմ կռվելիս, իսկ կյանքում պետք է նորից ու նորից փորձել, լինել նպատակասլաց, շտկել սեփական թերություններն ու քայլել առաջ:

Իսկ իմ ամենամեծ հաղթանակը համարում եմ այն, որ լինելով գերզբաղված կին` կարողացել եմ ունենալ լավ ընտանիք, կիրթ և դաստիարակված երեխաներ, որոնց համար ես երբեք չեմ ամաչել, միայն հպարտացել եմ նրանցով: Անկեղծորեն` շատ բարդ է զբաղվել գործարարությամբ և հասցնել գերազանց կատարել բոլոր պարտականություններդ` որպես կին և մայր. ապահովել երեխաների առողջ սնունդը, մաքուր, գեղեցիկ հագուկապը, տանել զբոսանքի, ամեն ինչ անել, որ նրանք ինքնաբավ և ինքնուրույն լինեն, ձայն չբարձրացնել և առավել ևս` ձեռք չբարձրացնել նրանց վրա:

-Գործարարության ոլորտում շահը գերակա հասկացություն է, և շատ հաճախ են հանդիպում կեղծ ընկերներ, դավաճանություններ. ինչպե՞ս եք հաղթահարում նման հիասթափությունները, փորձո՞ւմ եք հակահարված տալ, թե՞ դա թողնում եք Աստծուն:

-Նախ ասեմ, թե որն է իմ կյանքի կարգախոսը, որի մասին առաջին անգամ եմ խոսում, հանճարեղ Դեյլ Քարնեգիի խոսքերն են. «Մարդկանցից ավելին մի սպասիր, որ չստանաս, չհիասթափվես»: Այդ պատճառով իմ կյանքում հիասթափություններ չեն եղել, ես ոչ ոքից ոչինչ չեմ սպասում լավ վերաբերմունք, սրտացավ մոտեցում, կարեկցանք, սեր և այլն: Իսկ կեղծ ընկերներ, իհարկե, եղել են, բայց ինձ վրա չեն ազդել, ես նման մարդանց ուղղակի իմ կյանքից հանում և դնում եմ մի կողմ, ոչ հետո հիշում եմ իրենց, ոչ էլ թողնում Աստծուն և մտածում, որ պետք է պատժվեն, բոլորովի՛ն: Ես ուղղակի մոռանում եմ իրենց գոյության մասին և որտեղ էլ տեսնում եմ, ջերմ բարևում եմ, անպայման հետաքրքրվում` ինչպես է և վերջ, էլի մոռանում եմ: Այդ մոտեցումն ինձ շատ է օգնել:
Ընդհանրապես, յուրաքանչյուր մարդու հետ, երբ ես շփվում եմ, շատ լավ եմ վերաբերվում ի սկզբանե, իհարկե, դա չի նշանակում, որ հոգիս եմ նվիրում, սրտումս տեղ եմ տալիս: Ո՛չ, իմ սիրտը փակ է, այնտեղ ով կա, կա: Սրտում պետք է տեղ ունենան միայն ընտրյալ մարդիկ, որոնց չնչին խնդրից անգամ սիրտդ ծակում է: Իսկ դավաճանություն ասվածը` մարդկային փոխհարաբերություններին ուղղված, չե՛մ ընդունում: Դավաճանել կարելի է միայն հայրենիքը, մնացած բոլոր դեպքերում դավաճանություն բառը անտեղի եմ համարում:


-Ի՞նչ կարևոր սկզբունքներ կան, որոնք պետք է պարտադիր պահպանի գործարարը:


-Գործարարն առաջին հերթին պետք է ճշտապահորեն կատարի իր բոլոր պարտականություններն իր աշխատակիցների և երկրի առջև, ժամանակին վճարի աշխատավարձերն ու հարկերը, երբեք սուտ չխոսի, ավելորդ խոստումներ չտա, նրա բերանից դուրս եկած խոսքը պետք է, անպայման գործ դառնա: էլ չեմ խոսում հետևողականության մասին, որը ևս կարևոր սկզբունք է ինձ համար: Պետք է հետևողական լինել ոչ միայն բուն աշխատանքի,այլ նաև կարևոր պաշտոններ զբաղեցնող աշխատակիցների հանդեպ, ովքեր ղեկավարում են աշխատողներիդ, ուշադիր լինես, որ չմեծամտանան, չնեղացնեն մնացած աշխատակիցներին, իսկ երբ նման բան ես նկատում, պետք է սթափեցնես նրանց:

«Դայմոնդ»-ն այնպիսի վայր է, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է իր քիմքին հաճելի ուտելիք գտնել»:

-Կբացահայտե՞ք ռեստորանային բիզնեսի մի քանի գաղտնիք, որոնք կարող են ուղենիշ լինել սկսնակների համար:

-Առաջին և ամենակարևոր նախապայմանը` ռեստորանային բիզնես սկսելու, սննդի առանձնահատկություններից, որակից հասկանալն է ու գործը սիրելը: Եթե ներդրողը չի հասկանում այս ոլորտից, ապա նա, անպայման, պետք է իր կողքին ունենա փորձառու մասնագետ, ով կօգնի նրան, սկսած սննդի ընտրությունից, խոհանոցային կանոնների պահպանումից` սննդի որակ, թարմություն, սպասքի ընտրություն, մաքրություն, հիգիենա, մինչև ռեստորանի սրահի ձևավորում, ճիշտ դասավորվածություն ու այդ ամենի շղթայական ճիշտ աշխատանքի վերահսկողություն: 
Սա բավականին ծանր և պատասխանատու բիզնես է, և ես սկսնակներին խորհուրդ կտամ զբաղվել դրանով, եթե սիրում են խոհանոցը, ինչպես ես եմ սիրում: Իհարկե, ես այլ նախասիրություններ էլ ունեմ, բայց ընտրել եմ ռեստորանային բիզնեսը, և եթե չսիրեի խոհանոցը, ուղղակի չէի կարող 28 տարի աշխատել` ստեղծելով նման բազմապրոֆիլ համալիր, ինչպիսին «Դայմոնդ»-ն է: Մենք 100-ից ավել տաք ուտեստներ ենք մատուցում, և շատ դժվար է այդ քանակի մեջ կայուն բարձր որակ ապահովել, մի քանի տեսակի ուտեստներ չեն, որ տարին մեկ-երկու անգամ դրանք փոխենք կամ ավելացնենք ևս մի քանի տեսակով, ինչն այսօր շատ տարածված պրակտիկա է: «Դայմոնդ»-ն այնպիսի վայր է, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է իր քիմքին հաճելի ուտելիք գտնել:

-Ի՞նչն է խանգարում կնոջը բիզնեսում, որը, օրինակ` չի կարելի ասել տղամարդկանց մասին: Կա՞ն նման առանձնահատկություններ:

-Այո՛, իհարկե, կան տարբերություններ և առանձնահատկություններ կին և տղամարդ գործարարների միջև: Կնոջը կարող է խանգարել իր ոչ կազմակերպված կենցաղը, ամուսնու և երեխաների կարիքները հոգալ չհասցնելը, այդ պարագայում ոչ մի տղամարդ թույլ չի տա, որ նա զբաղվի բիզնեսով: Հատկապես ռեստորանային բիզնեսը շատ բարդ է, քանի որ չես կարող, օրինակ, ինչպես խանութը, երեկոյան դուռը փակել ու գնալ տուն. առավոտվանից մինչև ուշ գիշեր ռեստորանն աշխատում է, պետք է հասցնես հոգալ և՛ քո անձնական, և՛ ընտանիքի կարիքները: Այսինքն` կնոջ դեպքում պետք է գերմարդ լինել ամեն ինչ հասցնելու համար. առավոտից երեկո զբաղվել բիզնեսիդ հարցերով, էներգիա ունենալ երեխաների համար, նրանց հարցերին և ցանկություններին սիրալիր արձագանքել և, իհարկե, ամուսնու համար լինել գեղեցիկ ու հոգատար կին: Բացի այդ, գործարարի օրը շատ լարված է անցնում` դա կլինի կին, թե տղամարդ, և նրանք, տուն գալով, ուզում են հանգստանալ և լիցքաթափվել, ինչը կինը իրեն թույլ տալ չի կարող, իսկ տղամարդը` կարող է: 
Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում տղամարդ գործարարներին, բայց պետք է նշեմ, որ նրանց համար բիզնես վարելը շատ ավելի հեշտ է, եթե նրանք, վերցնելով նաև տան հոգսն իրենց ուսերին, զբաղվեին բիզնեսով, երբեք չէին կարող բիզնեսի աշխարհում ունենալ հաջողություններ: Այնպես որ, կին գործարար լինելը ավելի մեծ «հերոսություն» է, քան տղամարդ գործարար լինելը:


-Ինչպե՞ս եք կարողանում կառավարել այդքան մեծ ռեստորանային համալիրն այնպես, որ թե՛ սնունդը որակով լինի, թե՛ երաժշտությունը, թե՛ սպասարկումը և միաժամանակ զբաղվում գեղեցիկ և նրբաճաշակ դիզայնով, հետաքրքիր և ներդաշնակ մթնոլորտի ստեղծմամբ Ձեր հյուրերի համար:

-Դա իմ կենսակերպն է` առօրյան: Ես հատուկ ոչինչ չեմ անում, և ինձ համար դա դժվար չէ, ուղղակի ես սիրում եմ գեղեցիկ և կոկիկ, ճաշակով ու դասավորված ապրել: Այդ ամենն արտացոլվում է իմ ռեստորանի կառավարման մեջ, իմ սկզբունքների և պահանջների կատարման նկատմամբ հետևողականության մեջ: Այդ ոսկե կանոններն իմ կյանքում չեն փոխվում, այդ մասին գիտեն նաև իմ աշխատակիցները, և մեծ սիրով հետևում են դրանց: 
Գուցե իմ կառուցվածքին նայելով` չհավատաք, բայց սիրում եմ ուշ երեկոյան գեղեցիկ սեղանի շուրջ ընթրել, օգտվել գեղեցիկ սպասքից: Ես չեմ կարող ոտքի վրա արագ ուտել, պետք է ամեն ինչում գեղեցիկի ներկայությունը լինի, ես այդպես ապրում եմ:

-Ձեր խոսքն ու փորձը բավականին ներշնչող են, ազդեցիկ, երբևէ չե՞ք մտածել ստեղծել ինչ-որ հարթակ և դրա միջոցով փոխանցել Ձեր փորձը երիտասարդ կանանց, աղջիկներին` սեմինարներ և այլն:

-Եթե իմանամ, որ նման հասարակական պահանջ կա, ապա սիրով մի շարք այլ գործարար կանանց հետ կարելի է նման հարթակում հանդես գալ սեմինարներով: Իրականում երիտասարդ կանանց, աղջիկներին ասելու շատ բան կա, քանի որ բիզնեսում կնոջ բարդություններն ավելի շատ են, քան տղամարդունը: Օրինակ, կնոջ գեղեցկությունը և՛ օգնում, և՛ խանգարում է նրան: Եթե տղամարդիկ հանդիպում են հացի սեղանի շուրջ, իրար հասկանում, համաձայնության գալիս, իրենց զրույցը տեղափոխում ընկերական շրջանակ, ապա կնոջ համար այդպես չէ, հատկապես` գեղեցիկ կնոջ, նա պետք է շփումներում շատ զգույշ լինի, կարողանա դիմացինին ընկալելի դարձնել իր խոսքը և շեղել նրան այն հանգամանքից, որ ինքը գեղեցիկ կին է, եթե, իհարկե, դրա կարիքը կա: 
Ես դա չեմ ասում, որովհետև ինձ հետ նման դեպքեր եղել են, ոչ, ամենևին, ես գործնական հարաբերությունները վարում եմ այնպես, որ իմ սեռը առաջնային չլինի, ինձ համար մարդը մարդ է` կին, թե տղամարդ:
Իսկ դասընթացների հետ կապված մի բան կավելացնեի, որ կանայք սովորաբար չեն սիրում միմյանցից սովորել կամ սովորում են, անգամ կրկնօրինակում, բայց ոչ բացահայտ, ես նման դեպքեր շատ եմ նկատել, երբ փորձել են ինձ նմանվել, կրկնօրինակել, բայց երբևէ չեն ասել, որ ինձնից ինչ-որ բաներ են սովորել: Այս խնդիրը կա մեզանում: Կարծում եմ` այդ ամենը պետք է դպրոցներում առարկայի տեսքով դասավանդվի` ուղղված աղջիկների ինքնագնահատականի բարձրացմանը, ինքնուրույն մտածելակերպի ձևավորմանը, իրավունքների մասին իրազեկմանը, վարվելակերպի, էթիկայի կանոնների տիրապետմանը և այլն: 
Իմ աշխատակիցները «Դայմոնդ» ընդունվելուց ուղիղ վեց ամիս անց միանգամից փոխվում են, դառնում ավելի նրբաճաշակ, այնպես են փոխվում, որ անճանաչելի են դառնում: Ես միշտ փորձում եմ իմ նրբանկատ խորհուրդներով նրանց առավել կանացի, գեղեցիկ և խնամված դարձնել, և իրենք ընդունում են իմ խոսքը, հետևում իմ շարժուձևին, խոսելաձևին ու սովորում: Իմ ընկերների երիտասարդ աղջիկները նույնպես փորձում են ինչ-որ բաներ քաղել ինձնից: Ես ուրախանում եմ, որ երիտասարդ սերունդը ձգտում ունի ավելի լավը լինելու: 
Ամենավատն այն է, որ այսօր ընդօրինակման լայն դաշտ է ստեղծում ինտերնետը, որտեղ և՛ լավը կա, և ՛վատը, նայած ում ինչն է գրավում: Պետք է հատկապես ուշադիր լինել երեխաների հանդեպ, քանի որ մանկության տարիները ձևավորում են մեր անձի կմախքը, որի հիման վրա կառուցվում է մեր կյանքը, կմախքդ պետք է պինդ լինի, ամուր, իսկ եթե թեքություն ունեցավ, այդպես էլ կընթանա հետագա կյանքդ, որքան էլ վրան միս ավելանա: Շատ կարևոր է ճիշտ դաստիարակել երեխային, ձայն չբարձրացնել երբեք նրա վրա, ես ուղղակի վրդովվում եմ, երբ մեծերը իրենց մեջ եղած լարվածության զոհ են դարձնում փոքրիկներին:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...