09:15
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Իր կոչմանը հավատարիմ վիրաբույժը

2019-10-17 11:24

  «Դե Ֆակտո» N 04/150 (07-08/2019թ.)

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի վիրաբուժության ամբիոնի վարիչ,

Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժության կլինիկայի ղեկավար բ. գ. դ., պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանը

Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի խելացի երիտասարդները չգնան արտերկիր, այլ իրենց մասնագիտական բարձր գիտելիքները ներդնեն իրենց հայրենիքում:

Թող Հայաստանը
դառնա մեր` բոլորիս
երազած երկիրը:

-Պարո՛ն Միրիջանյան, «Դե Ֆակտո» ամսագիրը հաշվի առնելով Ձեր անցած ուղին, մասնագիտական բարձր գիտելիքները, Ձեզ ճանաչել է «Տարվա լավագույն բժիշկ 2019», ինչի առթիվ շնորհավորում ենք Ձեզ: Եթե հետադարձ հայացք նետեք Ձեր անցած ուղուն, ապա ի՞նչպիսի ճանապարհ եք անցել և ի՞նչ ձեռքբերումներ եք ունեցել:

-Ծնվել եմ 1956 թվականի օգոստոսի 17-ին Երևան քաղաքում` բանվորի ընտանիքում: Հայրս վարորդ էր, մայրս` բանվորուհի, երկուսն էլ աշխատում էին քիմիական արտադրությունում: Մանկությունս անցել է շատ ուրախ և մինչև այժմ երազանքով եմ հիշում մանկությանս տարիները:
Ունեմ մեկ եղբայր և մեկ քույր, բոլորս էլ ավարտել ենք Երևանի Թելմանի անվան N13 միջն. դպրոցը: Դպրոցում սովորել եմ շատ լավ, եղել եմ քիմիայի և ֆիզիկայի օլիմպիադաների հաղթող, Բաքու քաղաքում մասնակցել եմ համամիութենական օլիմպիադային` արժանացել մրցանակի:
Ինձ համար մանկության երազանք էր բժիշկ դառնալը: Երբ պապիկս ծանր հիվանդ էր և վիրահատությունից հետո մահացավ, իմ ամբողջ նպատակն էր դառնալ բժիշկ և հենց ուռոլոգ, քանի որ պապիկս մահացել էր ուռոլոգիական հիվանդությունից:
1973 թվականին ընդունվել եմ Երևանի Պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: Արդեն իսկ երկրորդ կուրսից, Հանրապետական հիվանդանոցի ուռոլոգիական բաժնում, որի ղեկավարն էր լավագույն ուռոլոգ Ավետ Միդոյանը, հենց իր մոտ, անցկացրել եմ իմ պրակտիկան, իսկ արդեն երրորդ կուրսից ուռոլոգիայի գիտական խմբակի նախագահն եմ եղել: Դեռ այն ժամանակ ունեի բազում գիտական աշխատանքներ և ցանկանում էի արդեն դրանք հրատարակել, սակայն Ավետ Միդոյանն ինձ չընդառաջեց այդ հարցում` ասաց, որ ես ընտրեմ ընդհանուր վիրաբուժությունը: Այսօր ես անչափ շնորհակալ եմ իրենից, որ ընտրեցի ընդհանուր վիրաբուժությունը:
Կլինիկական օրդինատուրա անցել եմ «Մալաթիա» հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում, այն ժամանակ բաժանմունքի վարիչը Ռաֆայել Մելիքյանն էր, իսկ կլինիկայի ղեկավարը լավագույն վիրաբույժներից Հարություն Մինասյանը: Նրանք եղել են իմ առաջին ուսուցիչները, և ես ինձ հաջողակ մարդ կարող եմ համարել, որ մասնագիտական գիտելիքներ և փորձ ձեռք եմ բերել նրանց նման խելացի և բանիմաց մասնագետների ղեկավարությմաբ:
Առաջին վիրահատությունս կատարել եմ 1979 թվականի հոկտեմբերի 25-ին, «Մալաթիա» հիվանդանոցում. Հարություն Իվանովիչի օգնությամբ վիրահատել եմ իր ընկերոջ կնոջ կույր աղու որդանման ելունը` «ապենդեկտոմիա»:
Կլինիկական օրդինատուրան ավարտելուց հետո, ուղեգրեցին Քաջարանի հիվանդանոց: Երբ գնացի Քաջարան, կարելի է ասել, արդեն պատրաստի վիրաբույժ էի, քանի որ օրդինատուրան ավարտելուց հետո, այդ երկու տարում կատարել էի շուրջ 2700 վիրահատություն: Իմ ուսուցչիներն իրենց փորձն ու գիտելիքները ներդրել էին, որպեսզի ես արդեն բանիմաց մասնագետ դարձած գնայի շրջան և աշխատեի ինքնուրույն:
Քաջարանում, արդեն իսկ երկրորդ օրը շատ ծանր հիվանդ բերեցին և ես ինքնուրույն, հաջող ելքով կատարեցի վիրահատությունը:
Կարող եմ հաստատակամ ասել, որ այդ տարիներն իմ բժշկական պրակտիկայի լավագույն տարիներն էին, դա երանության տարիներ էին, այդ տարիները միայն կարոտով եմ հիշում և եթե այժմ առաջարկեին նույն պայմաններով աշխատել Քաջարանում, ապա առանց երկմտելու նորից կգնայի Քաջարան:
Դրանից հետո ասպիրանտուրան շարունակեցի Մոսկվայում, շուրջ երեք տարի, այդ ընթացքում աշխատել եմ ոլորտի լավագույն մասնագետների հետ:
Վերադառնալով Հայաստան` 1990 թվականից աշխատում եմ անվանի վիրաբույժ, իմ ուսուցիչ պրոֆեսոր Հ.Վ Սարուխանյանի ղեկավարությամբ վիրաբուժության թիվ 1 ամբիոնում, սկզբում որպես ասիստենտ, դոցենտ, պրոֆեսոր, առ այսօր` ամբիոնի վարիչ:
1997 թվականից «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիրի վիրաբուժական կլինիկայի ղեկավարն եմ:
Կյանքիս այս նվաճումներին, մասնագիտական բարձր կարողություններին հասել եմ իմ բանիմաց ուսուցիչների, հատկապես Հ.Վ Սարուխանյանի և իմ ընտանիքնի շնորհիվ, ինչի համար անչափ շնորհակալ եմ բոլորից:

 

-Դուք «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիրի վիրաբուժական կլինիկայի ղեկավարն եք, որպես կլինիկայի ղեկավար` կխնդրեի ներկայացնեք, ի՞նչ ծառայություններ են գործում բաժանմունքում:

-Արդեն 22 տարի է այս կլինիկայի ղեկավարն եմ: Մեր կլինիկայում գործում են բոլոր այն ծառայությունները, որոնք կապված են վիրաբուժության հետ: Կատարում ենք բոլոր տեսակի վիրահատություններ. ամենապարզից մինչև ամենաբարդ վիրահատությունները մեզ մոտ կատարվում են:
Գոհ եմ մեր բուժաշխատակազմից, որոնք բանիմաց և պրոֆեսիոնալ մասնագետներ են, ում կարող եմ հանգիստ վստահել ցանկացած տեսակի վիրահատություն: Ցանկանում եմ նշել նաև, որ մեզ մոտ մահացության մակարդակը շատ ցածր է:
Բացի բուժական աշխատանքից մեր բաժանմունքում իրականացվում է նաև գիտական աշխատանքներ: Այստեղ ուսուցանում են բժշկական համալսարանի բարձր կուրսի ուսանողները:

 

-Արդյո՞ք կլինիկան ունի արդի սարքավորումների խնդիր:

-Բաժանմունքում սարքավորումների հագեցվածությունը կարող եմ գնահատել բավարար, սակայն, ոլորտում տեղի ունեցող գիտության և տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում, այնուամենայնիվ, միշտ էլ կարիք է լինում վերազինել բաժանմունքն արդի սարքավորումներով:

 

-Դուք նաև Երևանի պետական բժշկական համալսարանի վիրաբուժության ամբիոնի վարիչն եք, բազում սերունդներ եք կրթել, մի փոքր էլ խոսենք ամբիոնի գործունեության մասին:

-Տաս տարի եղել եմ բուժական ֆակուլտետի դեկանը և տաս տարի է Երևանի պետական բժշկական համալսարանի վիրաբուժության ամբիոնի վարիչն եմ: Ամբիոնը զբաղվում է գիտական գործունեությամբ:
Բժիշկը պետք է մշտապես կատարելագործի իր գիտելիքները, մշտապես տեղյակ լինի ոլորտում կատարվող նորարարական մեթոդներին և իր կուտակած մասնագիտական փորձն օգտագործի հանուն հիվանդի ապաքինման: Շատ բանիմաց երիտասարդներ ունենք, ովքեր կարող են իրենց մասնագիտական հմուտ գիտելիքներով շատ հաջողությունների հասնել:

 

-Պարո՛ն Միրիջանյան, ամբողջ աշխարհում բժշկությունը օր օրի զարգանում է, ըստ Ձեզ՝ Հայաստանում բժշկությունն ի՞նչ մակարդակի վրա է գտնվում:

-Այո՛, բժշկությունն այն ոլորտն է, որն օր օրի զարգանում է և ի հայտ են գալիս նորարարական բազում մեթոդներ, սակայն, ցավոք սրտի, մեզ մոտ` Հայաստանում, այդ նորարարական մեթոդներն այդքան էլ արագ չեն զարգանում և մենք միշտ հետ ենք մնում միջազգային ստանդարտներից:
Շփվելով Գերմանիայի բժիշկների հետ` ծանոթանալով նրանց ժամանակակից բուժսարքավորումներին, հասկացա, թե Հայաստանն ինչքան հետ է առաջավոր երկրների բժշկությունից:
Ես 1987 թվականից դաս եմ տալիս բժշկական համալսարանում և մենք` դասախոսներս, ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր ուսանողներին տանք բարձր մասնագիտական կրթություն և կարող եմ ասել, որ այսօր ունենք բավականին խելացի և իրենց ոլորտում պրոֆեսիոնալ երիտասարդ մասնագետներ:
Ամենևին էլ մեր երիտասարդությունից չէ, որ առողջապահության համակարգն այսօր գտնվում է այս վիճակում, պատճառը հստակ չեմ կարող ասել. կարող է լինել մեր երկրում տիրող տնտեսական վիճակից: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի խելացի երիտասարդները չգնան արտերկիր, այլ իրենց մասնագիտական բարձր գիտելիքները ներդնեն իրենց հայրենիքում:
Պետք է զարկ տալ ուսանողական գիտական ընկերություններին, բժիշկը պետք է ձևավորվի ուսանողական տարիներից: Խորհրդային Միության տարիներին հենց այդտեղից էր սկսվում երիտասարդ մասնագետների հաջողությունները: Պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի զարկ տանք երկրում առողջապահության զարգացմանը, չի կարելի թողնել, որ մեր բժշկությունն անկում ապրի:

 

-Իսկ առողջապահության բնագավառում վերջին շրջանում կատարվող փոփոխություններն ու նորամուծությունները, ըստ Ձեզ, արդյո՞ք չեն անդրադառնում առողջապահության բնագավառի զարգացման վրա:

-Ինձ թվում է վատ չի աշխատում առողջապահության նախարարությունը, ցանկանում են դրական աշխատանքներ կատարել:

Վերջին ծրագրերից մեկը` սանավիացիան, հիվանդին շտապ ուղղաթիռով տեղափոխելը, վատ գաղափար չէ, սակայն մենք պետք է հաշվի առնենք մեր աշխարհագրական դիրքը և կլիման, քանի որ այդ ուղղաթիռը եղանակային վատ պայմանների դեպքում չի կարող թռչել, օրինակ` դեպի Մեղրի, Գորիս, Կապան, Սիսիան: Պետք է այլ մեխանիզմներ նույնպես մշակվի և ստեղծվի այնպիսի համակարգ, որն ապահովի անխափան աշխատանքը հիվանդների բուժման գործում:

 

-Եթե համեմատենք Խորհրդային Միության տարիները և այսօր, ապա ինչպիսի՞ հնարավորություններ ունեին երիտասարդ մասնագետներն այն ժամանակ և այսօր:

-Խորհրդային Միության տարիներին երիտասարդներին յուրաքանչյուր հարցով ընդառաջում էին, այն ժամանակ ընտանիք պահելու խնդիր չկար: Ես լինելով կլինօրդինատոր ստանում էի հարյուր ռուբլի աշխատավարձ և պլյուս մեկ երեխայի համար տասներկու ռուբլի, և՛ սովորում էինք, և՛ պետության կողմից գումար էինք ստանում: Ամեն պայման ստեղծված էր մեզ համար, երիտասարդներս էլ մեր հերթին մեծ եռանդով էինք աշխատում, պատահում էր, որ ամբողջ գիշեր հերթապահում էինք հիվանդանոցում և հերթապահությունից հետո էլ տուն չէինք գնում և մեր ուսուցիչների հետ մասնակցում էինք վիրահատությունների:
Այսօր էլ ունենք շատ խելացի և բանիմաց երիտասարդ մասնագետներ ու նրանց համար էլ պետք է ստեղծվեն լավ պայմաններ` ինչպես Խորհրդային Միության տարիներին էր:

 

-Իսկ մարզերում այսօր բժշկությունն ի՞նչ վիճակում է գտնվում:

-Իհարկե մարզերում կան շատ բանիմաց բժիշկներ, սակայն տեխնիկական հագեցվածությունը, սանիտարական պայմանները, շենքային պայմանները շատ անմխիթար վիճակում են և այսօր ՀՀ մարզերում բժշկությունը գտնվում է շատ վատ վիճակում: Եթե տարիներ առաջ մենք ՀՀ մարզերից հիվանդներ չէինք ունենում, ապա այսօր նույնիսկ թեթև խնդրի դեպքում հիվանդը ցանկանում է այցելել Երևան:
Ես գտնում եմ, որ մարզային բժշկության մեջ պետք է կատարել ներդրումներ: Պետք է ստեղծվի այնպիսի պայմաններ, որ մարզային հիվանդանոցները ոչնչով չտարբերվեն Երևանի հիվանդանոցներից, իսկ մարզերում աշխատող բժիշկները պետք է ստանան ավելի բարձր աշխատավարձ: Պետք է ամեն քայլ ձեռնարկել, որպեսզի մարզային բժշկությունը լինի բարձր մակարդակի վրա:
Ցանկալի է, որ առողջապահության համակարգում ներդրվի առողջապահության ապահովագրական համակարգը, ինչը կապահովի բնակչության բուժման հետ կապված խնդիրները:
Մարդիկ, որոնք բուժման կարիք ունեն, չպետք է մտածեն գումարի մասին, այլ մտածեն իրենց բուժման մասին:

 

-Ինչպիսի՞ մակարդակի վրա է գտնվում բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունները, շատ դեպքերում ասում են, որ նվազել է բժիշկի հանդեպ վստահությունը, արդյո՞ք դա այդպես է:

-Այո, անչափ շատ է նվազել վստահությունը բժիշկի հանդեպ: Միայն այն, որ փողոցի տարբեր անկյուններում մարդիկ բժշկության մասին խոսելիս տարբեր քննադատություններ են հնչեցնում, դա արդեն իսկ խոսում է վստահության անկման մասին:
Տարիներ առաջ վերաբերմունքն այլ էր, մարդիկ մեծ վստահություն և հարգանք ունեին բժիշկների նկատմամբ, իսկ այսօր վերաբերմունքն այլ է:

 

-Ձեր նվիրական աշխատանքը տարիների ընթացքում գնահատվել են բազմաթիվ պարգևներով, ի՞նչ նշանակություն ունեն դրանք Ձեզ համար:

-Յուրաքանչյուր բնագավառում գնահատված լինելը և՛ հաճելի է, և՛ պարտավորեցնող:
Իմ կատարած աշխատանքի համար ստացել եմ բազում պարգևներ: Ինձ համար` որպես բժիշկ, մեծագույն պարգևը` ապաքինված հիվանդի գոհունակությունն է, և հստակ կարող եմ ասել, որ պարգևներից լավագույնը` դա հիվանդի շնորհակալությունն է, երբ նրանց տեսնում ես առողջ և երջանիկ:
Շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր գնահատում եմ իմ կատարած համեստ աշխատանքը, այն ինձ ուժ է տալիս էլ ավելի մեծ եռանդով աշխատելու: Ամենամեծ կոչումս վաստակավոր բժիշկի կոչումն է:

 

-Պարո՛ն Միրիջանյան, ըստ Ձեզ` ո՞րն է բժշկի առաքելությունը:

-Բժշկի առաքելությունը պետք է լինի` բուժել և փրկել մարդկանց կյանքերը, առաջին բուժօգնությունը ցույց տալ բոլոր հիվանդներին, հենց դրա համար է նա ստանում բժիշկի կոչումը, իսկ մնացածը, ինչպես Սեմաշկոն էր ասել` բժշկին ժողովուրդը կպարգևատրի:

 

-Ամուր ընտանիք կազմելը յուրաքանչյուր մարդու համար ամենակարևորն է, մի փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Ունեմ գեղեցիկ և ներդաշնակ ընտանիք, երկու տղա, մեծ տղաս` Գագիկը մասնագիտությամբ բժիշկ է, աշխատում է Բժշկական համալսարանում որպես ռեկտորի խորհրդական, փոքր տղաս նույնպես ընտրել է բժշկի մասնագիտությունը, նա բժիշկ ռադիոլոգ է: Հարսներիցս մեկը իրավաբան է, մյուսը ստոմատոլոգ:
Ունեմ չորս հրաշք թոռնիկներ, ում երջանկությամբ ես կրկնակի երջանիկ եմ:

 

-Պարո՛ն Միրիջանյան, աշխատանքից դուրս ի՞նչ նախասիրություններ ունեք:

-Սիրում եմ իմ ազատ ժամանակն անցկացնել իմ ընտանիքի անդամների, իմ հրաշք չորս թոռնիկների հետ միասին: Ինձ հետ բնակվում են փոքր տղայիս երեխանները, ամռանը սիրում ենք գնալ լողավազան, քաղաքից դուրս:
Մյուս նախասիրությունս շներն են, ունեմ թվով 20 շուն: Մենք` մի խումբ շնասերներ, մի քանի տարի առաջ հիմնադրեցինք «Հայկական լեռնաշխարհի գելխեղդների շնասերների ակումբ» ՀԿ-ն, որոշեցինք պաշտպանել ու խթանել մեր գելխեղդ շների բազմացմանը` պահպանելով նրանց տեսակը: Օգտագործելով նրանց սպեցիֆիկ հատկությունները, կարելի է նրանց օգտագործել բազմապրոֆիլ ոլորտներում, սկսած անասնապահության բնագավառից, գայլերի դեմ պայքարից, հետախուզությունից, վերջացրած սահմանների պահպանությունից:

 

-Կյանքում ի՞նչն է Ձեզ ուժ տալիս:

-Ընտանիքս, թոռնիկներս` նրանք են ինձ ուժ տալիս կյանքում առաջ գնալու: Ամեն ինչ անում եմ, որպեսզի նրանք բարեկեցիկ ապագա ունենան: Ամբողջ ներուժս օգտագործում եմ, որպեսզի բարեկեցիկ ապագա ստեղծեմ իմ ընտանիքի համար:

 

-Ինչպիսի՞ Հայաստանում կցանկանաք մեծանան Ձեր թոռնիկները:

-Բարեկեցիկ ու ծաղկուն Հայաստանում, ցանկանում եմ, որ Հայաստանում խաղաղություն տիրի և երբեք մեր ազգը պատերազմ չտեսնի:
Թող Հայաստանը դառնա մեր` բոլորիս երազած երկիրը:


Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...