09:09
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԱՄՈՒՐ ԸՆՏԱՆԻՔ, ԾԱՂԿՈՂ ԿԱՊԱՆ

2019-10-12 13:35

 «Դե Ֆակտո» N 04/150 (07-08/2019թ.)

«Ամուր ընտանիք, ծաղկող Կապան». ահա այս խորագրով օգոստոսի 17-ին Կապանում նշվում էր քաղաքի օրը: 10-րդ դարից սկսած մատենագիրների մոտ Կապանն արդեն հիշատակվում է որպես քաղաք, իսկ 10-րդ դարի վերջում արդեն որպես Սյունիքի թագավորության մայրաքաղաք:
Այսօր քաղաքը վերափոխվել է, կարծես նոր շունչ է ստացել, կատարվել են բազում դրական փոփոխություններ, որոնք այսօր էլ շարունակվում են և դա ի շնորհիվ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի:
Քաղաքում կատարված փոփոխությունների, առաջիկա ծրագրերի և այլնի մասին զրուցեցինք Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ:

-Պարո՛ն Փարսյան, 2018 թվականից ղեկավարում եք համայնքը, այս ընթացքում քաղաքում բազում ծրագրեր են կյանքի կոչվել, քաղաքը կարծես նոր շունչ է ստացել, եթե ամփոփելու լինենք Ձեր գործունեությունը` իբրև քաղաքապետ, ապա ի՞նչ կարևոր վերափոխումների է ենթարկվել քաղաքը:


-Այս ընթացքում կյանքի են կոչվել բազում ծրագրեր` կարգավորվել է աղբահանության խնդիրը, ամբողջովին փոխվել են լուսատուները. այսօր Կապանը մինչև առավոտ ունի լուսավորություն: Այս ընթացքում բարելավվել են միջքաղաքային ճանապարհները: Քաղաքաշինության ոլորտում կատարվել են բազում աշխատանքներ, ինչպես նկատեցիք, ընթանում է մշակույթի պալատի վերանորոգման աշխատանքները, ինչպես նաև ընթացքի մեջ է բակերի բարեկարգման աշխատանքները:
Կոմունալ ծառայության հետ կապված ձեռք ենք բերել մի քանի տեսակի տեխնիկա:
Քաղաքում մեծ թափով կատարվել են կանաչապատման աշխատանքներ, տնկվել է մոտ 1000 հատ ծառ: Հիմնականում կանաչապատման լայն աշխատանքներ պլանավորում ենք իրականացնել 2020 թվականին:
Բոլոր ուսումնական հաստատություններում լուծվել են ջեռուցման խնդիրները, տեղադրվել են ջեռուցման համակարգեր, ինչպես նաև կարգավորվել է սննդի հարցը:
Նաև ցանկանում եմ խոսել այն մասին, որ մեզ մոտ մարդիկ կան, ովքեր կարծիքներ են հայտնում, թե հեղափոխությունը Կապան չի հասել: Ասեմ, որ կապանցին չունի հեղափոխվելու կարիք, քանի որ կապանցին միշտ եղել է իր սկզբունքներով հարուստ և ուրիշի կողմից չթելադրվող մարդ:

 

-Ձեռքբերումներից զատ, ի՞նչ առանցքային խնդիրներ կան այսօր քաղաքում:

-Հիմնական խնդիրները, որոնք կապանցիներն ի սկզբանե բարձրացրել են, դա շենքերի տանիքների և վերելակների խնդիրներն են, որոնք այսօր արդեն վերանորոգվում են, մեծ ծրագրեր են իրականացվում այդ ուղղությամբ: Կապանցիների համար շատ կարևոր խնդիր է նաև բակերի վերանորոգումը, կան շատ բակեր, որոնք անմխիթար վիճակում են, և ինչպես նշեցի, բակերի բարեկարգման աշխատանքները ևս ընթացքի մեջ են:

 

-Իսկ ինչպիսի՞ն է բնակիչների սոցիալական վիճակը և արդյո՞ք աշխատատեղեր կան Կապան քաղաքում:

-Մեզ մոտ գործազրկության մակարդակը 10% է, իսկ սոցիալական վիճակն էլ, եթե համեմատենք այլ բնակավայրերի հետ, դժգոհելու չէ:

 

-Ի՞նչ քայլեր են արվել զբոսաշրջությունը զարգացնելու համար:

-Համայնքը զբոսաշրջության զարգացման համար խթանելու է այն անձանց և կազմակերպությունների գործունեությանը, ովքեր ցանկանում են զարգացնել զբոսաշրջությունը Կապանում: Մենք կառուցելու ենք բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք անհրաժեշտ են զբոսաշրջության զարգացման համար:

-Արդյո՞ք Կապան քաղաքը հետաքրքիր է ներդրողների համար, կա՞ն գործարարներ, ովքեր ցանկանում են Կապանում բիզնես գործունեություն ծավալել և հիմնականում` ո՞ր ուղղությամբ:

-Ցավոք, նոր ներդրումներ չկան, սակայն քաղաքում ակտիվանում է սպասարկման ոլորտը, կառուցվում են ռեստորաններ, հյուրատներ: Ինչպես նաև հեռանկարներ կան կապված նոր բնակարանային շենքերի կառուցման և շահագործման հետ:

 

-Իսկ Կապանում ինչպիսի՞ն է մշակութային կյանքը, ի՞նչն եք կարևորում մշակույթի ոլորտում:

-Քաղաքի օրվա կապակցությամբ ականատես եղաք ժողգործիքների նվագախմբի ելույթին, որը նորաստեղծ նվագախումբ է. համայնքում ունենք նաև նորաստեղծ ռոք խումբ: Այն անձինք, ովքեր հանդես են գալիս նոր ստեղծագործություններով խրախուսում եմ ոչ միայն պատվոգրերով, այլ նաև մեծ գումարներով:
Այսպես` քայլ առ քայլ փորձելու ենք էլ ավելի զարգացնել մշակույթը Կապանում:

-Օրեր առաջ մեծ շուքով նշվեց Կապանի օրը, օրը նշանավորվեց Ձեր նախաձեռնած շքեղ միջոցառումներով, հաճա՞խ եք Ձեր համաքաղաքացիներին պարգևում նման գեղեցիկ ու անմոռանալի միջոցառումներ:

-Մեզ մոտ միջոցառումներ հաճախ են տեղի ունենում, հատկապես օգոստոս ամիսը հագեցած է միջոցառումներով:
Օգոստոսի 10-ին Կապանի Գարեգին Նժդեհի անվան հրապարակում տեղի ունեցավ «Ուսանողական ամառ Կապան-2019» ամենամյա փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը, օգոստոսի 12-ին` նշվեց երիտասարդության միջազգային օրը: Քանի որ օգոստոս ամսին Կապանն ավելի մարդաշատ է լինում, այդ պատճառով հուլիսի 9-ին կայացած Կապանի ավագանու հերթական նիստի ժամանակ որոշվեց, որ Կապանի օրն այսուհետ նշվելու է յուրաքանչյուր օգոստոս ամսվա երրորդ շաբաթ օրը:

 

-Ինչպե՞ս որոշվեց միջոցառման «Ամուր ընտանիք` ծաղկող Կապան» խորագիրը:

-2019 թվականը հռչակված է որպես ընտանիքի տարի, և քանի որ մեզ համար շատ կարևոր է ավանդական հայկական ընտանիքի արժեհամակարգը, ես գտնում եմ, որ կարևոր է մեր հասարակությանը քարոզել ընտանիքի կարևորության մասին, որպեսզի բոլորը հասկանան, որ հասարակության հիմքում դրված է հենց ընտանիք հասկացությունը և պետք է ամուր ու կայուն պահել ընտանիքը:
Ես ինքս էլ ի պաշտոնե հանդիսանալով խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ` առնչվում եմ ընտանեկան խնդիրների հետ ու տեսնում եմ թե ինչքան շատ են ամուսնալուծությունները, որը շատ ցավալի է: Կոչ եմ անում բոլորին ամուր պահել իրենց ընտանիքները

 

-Ըստ Ձեզ` ի՞նչն է պակասում քաղաքին, ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել քաղաքը մի քանի տարի անց:

-Կապանը կցանկանայի տեսնել ամբողջովին վերանորոգված, գեղեցիկ, բարձր մշակույթային արժեքներով հարուստ և գրավիչ քաղաք:
Կապանցիներին մաղթում եմ ամենալավն ու բարին ինչ կա աշխարհում:

 

-Աշխատանքային ի՞նչ սկզբունքներ եք որդեգրել:

-Իմ սկզբունքն է` Աշխատել Կապանի և կապանցիների համար:

 

-Պարո՛ն Փարսյան, բավականին ծանրաբեռնված գրաֆիկով եք աշխատում, հասցնո՞ւմ եք ժամանակ հատկացնել նաև ընտանիքին:

-Ցավոք սրտի, այդ խնդիրը կա, պատկերացրեք շատ քիչ ժամանակ եմ կարողանում հատկացնել ընտանիքիս:
Քանի որ Կապանը խոշորացված համայնք է և բացի Կապան քաղաքից ընդգրկում է նաև 37 գյուղ, ես աշխատանքային գրաֆիկս կարգավորել եմ այնպես, որ մինչև ուրբաթ լինում եմ Կապանում, շաբաթ և կիրակի օրերին` գյուղերում: Այնպես է ստացվում, որ ընտանիքիս շատ քիչ ժամանակ եմ կարողանում հատկացնել, որն ամեն դեպքում ես համարում եմ սխալ, և պատրաստվում եմ շտկել սխալս:


Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...