09:43
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ես հպարտ եմ, որ հայ եմ եւ մեր հայ պատմությունը ինձ հետ տանում եմ ամենուր

2019-10-09 11:37

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակցին է Կալիֆոռնիայի Գլենդել համայնքի քաղաքապետ Արա Նաջարյանը:

«Դե Ֆակտո» N 04/150 (07-08/2019թ.)  

-Պարո՛ն Նաջարյան, նախ շնորհավորում ենք Ձեզ Գլենդելի քաղաքապետ ընտրվելու առթիվ: Արդեն չորրորդ անգամ է, որ զբաղեցնում եք այս պաշտոնը, ո՞րն էր այս անգամ Ձեր թեկնածությունն առաջադրելու նպատակը. ի՞նչ աշխատանքներ, ծրագրեր պետք է իրականացնեք:


-Սա չորրորդ անգամ է, որ ընտրվում եմ Գլենդելի քաղաքապետ և պատմության մեջ չի եղել մի քաղաքապետ, ով չորս անգամից ավել ընտրվի: Շնորհակալ եմ բոլոր ընտրողներից` քաղաքապետ աշխատելու հնարավորություն ընձեռելու համար:
Գլենդելում քաղաքապետի ընտրության համակարգը մի փոքր այլ է, քաղաքապետը ընտրվում է մեկ տարի ժամկետով և եթե ցանկանում ես դառնալ քաղաքապետ, պետք է լինես Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ, այնուհետև 5 հոգուց բաղկացած խորհուրդը որոշում է, ով պետք է այս տարի լինի քաղաքապետ: Քաղաքապետ դառնալու համար պետք է լինես կրթված և ունենաս բավականին մեծ փորձառություն:
Ես հույս ունեմ, որ իմ գործընկերների և քաղաքային խորհրդի աշխատակիցների հետ սերտ համագործակցության արդյունքում կկարողանանք պահպանել Գլենդելը, որպես յուրահատուկ վայր:

-Հայերը Գլենդելի բնակչության քանի՞ տոկոսն են կազմում:

-Մեր քաղաքը ունի 220 հազար բնակչություն, որոնցից հարյուր հազարը հայեր են, մոտավորապես Գլենդելի 40%-ը հայեր են: Կարող եմ ասել, մեր քաղաքը փոքրիկ սփյուռքն է, քանի որ այստեղ տեղափոխվել են հայեր տարբեր համայնքներից
-Առաջին անգամ Գլենդելի քաղաքապետ եք ընտրվել 2005թ., ինչպիսի՞ն էր Գլենդելը այն ժամանակ և ինչպիսի՞ն է այսօր:
-Գլենդելում այս 14 տարիների ընթացքում բազում փոփոխություններ են կատարվել:
Այս տարիների ընթացքում բնակչության թվաքանակը ավելացել է, եթե 2005 թվականին բնակչության թիվը կազմում էր 109 հազար, ապա այն այսօր արդեն 220 հազար է:
Այս ընթացքում մենք ստեղծեցինք շատ մեծ առևտրի կենտրոն` «Ամերիկանա», այնտեղ ներառված են մի շարք համաշխարհային բրենդներ, սրճարաններ: Մենք ստեղծեցինք այն, որպեսզի մարդիկ երեկոները կտրվեն համակարգչից, հեռուստացույցից և իրենց ընտանիքներով կարողանան իրենց ժամանցը կազմակերպել այդ կենտրոնում:
2008 թվականին սկսեցինք նոր բնակարանների կառուցումը և մինչ այժմ մոտ 5000 բնակարան ենք կառուցել, որոնք շուկայականից մի փոքր թանկ են: Այս տարիների ընթացքում մի շարք բիզնեսներ տեղափոխեցին հենց Գլենդել:
Այս ընթացքում Գլենդելի հայ համայնքը մեծացավ և հարստացավ: Այս 14 տարիների ընթացքում մենք սկսել ենք կառուցել մատչելի բնակարաններ, այդ բնակարանները պետք է շուկայական գնից մոտ 15 տոկոսի չափով մատչելի լինեն, այս ձևով կցանկանանք թեթևացնել այն սոցիալական ծանր վիճակը, որոնք մարդիկ ունեն: Նաև այն մարդիկ ովքեր ունեն ֆիզիկական դժվարություններ, նրանց օգնում ենք գումարով:

-Ի՞նչ խնդիրներ ունի Գլենդելի հայ համայնքը. ի՞նչ հարցերով են Ձեզ հաճախ դիմում:

-Առաջին խնդիրն այն է, որ հայերի համար բնակարանների վարձավճարները շատ բարձր են և չեն կարողանում հասցնել, մանավանդ մեծահասակաները, ովքեր չեն աշխատում և ստանում են միայն նպաստ: Երկրորդ խնդիրն այն է, որ մեր հայ վարորդները բավականին արագ են վարում մեքենաները, որի հետևանքով բավականին շատ պատահարներ են տեղի ունենում, ինչը մեծ խնդիր է մեզ համար:

-Ի՞նչ նմանություններ և տարբերություններ կան Երևանի և Գլենդելի միջև:

-Առաջին անգամ 1985 թվականին եմ եկել Երևան:
Հայաստանը շատ ապահով քաղաք է, ես տեսնում եմ թե ինչպես են մարդիկ ամեն երեկո ընտանիքներով մինչ ուշ երեկո զբոսնում քաղաքում. խանութները, սրճարանները բաց են, ես ցանկանում եմ հենց այդպիսի միջավայր տեսնել Գլենդելում և, այդ իսկ նպատակով Գլենդելում բացեցինք «Ամերիկանա» առևտրի կենտրոնը:
Քիչ-քիչ կհասնենք այդ վիճակին դեռ բազում աշխատանքներ պետք է կատարվեն:

-Ե՞րբ եք վերջին անգամ եղել Հայաստանում, ինչպե՞ս կգնահատեք վերջին մեկ տարվա զարգացումները, ի՞նչ փոփոխություններ եք տեսնում հեղափոխությունից հետո:

-Վերջին անգամ Հայաստան այցելել եմ 2017 թվականի սեպտեմբեր ամսին:
Հեղափոխության օրերին Գլենդելում մեկ շաբաթ ցույցեր տեղի ունեցավ և իմ գործընկեր Զարեհ Սինանյանը շատ ակտիվ էր այդ ժամանակ: Այժմ ես տեսնում եմ, որ ժողովուրդն ավելի ուրախ է և հավատ ունի իր կառավարության նկատմամբ: Երբ ես իմ ծանոթներին հարցնում եմ, արդյո՞ք իրենց կյանքը փոխվել է հեղափոխությունից հետո, շատերը ասում են, որ այո փոխվել է:
Այժմ մարդիկ ավելի մեծ հույս ունեն իրենց ապագայի նկատմամբ:
Հեղափոխության ժամանակ շատ ու շատ կոռուպցիոն դեպքեր բացահայտվեց, մարդիկ միշտ գիտեին, որ երկրում կոռուպցիա կա, բայց որ կոռուպցիան հասնում էր այս ծավալների, ոչ ոք չէր պատկերացնում:
Հույս ունեմ, որ մոտ ապագայում նաև տնտեսական զարգացում կլինի և մարդիկ կարող են լավ աշխատանք գտնել բարձրացնելով իրենց եկամուտը:
Ես այս վերջի 4-5 օրը տեսնում եմ, թե ինչքան շատ զբոսաշրջիկներ ունենք աշխարհի տարբեր երկրներից ժամանած, ուրախանում եմ, քանի որ տուրիզմը զարգանում է, որն էլ իր հերթին շատ մեծ օգուտ է Հայաստանի տնտեսությանը, և հուսով եմ, որ մոտ ապագայում մարդկանց կյանքի որակը կբարձրանա:

-Ձեր կապը հայրենիքի հետ բավականին սերտ է, հաճախ եք այցելում Հայաստան: Հետաքրքիր է, ինչպիսի՞ մանկություն եք ունեցել, ի՞նչ դաստիարակություն եք ստացել Ձեր ծնողներից, ի՞նչ արժեքներ են փոխանցել Ձեզ:

-Ծնվել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մեր նահանգում ընդամենը 200 հայ ընտանիք կար:
Ծնողներս ինձ միշտ ասում էին, որ քո արժեքը դրամով չի որոշվում, քո արժեքն այն է, թե ինչքան կկարողանաս օգնել մարդկանց, այդ իսկ պատճառով 30 տարի առաջ սկսեցի աշխատել այս ոլորտում: Ծնողներս ինձ միշտ ասում էին, որ շատ կարևոր է, որ ես կարողանամ օգնել Հայաստանին, հայրս` Վարդգես Նաջարյանը մասնագիտությամբ բժիշկ է, նա մայրիկիս հետ բավականին շատ բարեգործություններ են կատարել Հայաստանում:
Արցախյան ազատամարտի ժամանակ հայրս գնաց Լեռնային Ղարաբաղի սահմաններ և փրկեց հարյուրավոր զինվորների կյանքեր, որի համար նա այժմ շատ հպարտ է:
Երևանում ծնողներս զինվորական հիվանդանոց վերանորոգեցին և մինչև այժմ աշխատում են: Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ օգնություն տրամադրեցին զինվորների ընտանիքներին: Նոր Խարբերդ համայնքը չուներ զբոսայգի, երկու տարի առաջ հայրիկիս և մայրիկիս ջանքերով այդ զբոսայգին կառուցվեց:

-Ի՞նչ է հայ լինելը Ձեզ համար:

-Ես Ամերիկայում ծնված հայ եմ, և հայ լինելը շատ կարևոր արժեք է ինձ համար, մենք` հայերս, ունենք պատմություն, դարեր շարունակ հազարավոր չարչարանքների, հալածանքների միջով անցել ենք և կարողացել ենք պահել մեր կրոնը, մեր լեզուն, մեր պատմությունն ու արժեքները: Ես հպարտ եմ, որ հայ եմ և մեր հայ պատմությունn ինձ հետ տանում եմ ամենուր:

-Ձեր կինը մեքսիկուհի է, սակայն, ինչպես Դուք եք նշել Ձեր հարցազրույցներից մեկում, նա անչափ սիրում է Հայաստանը և հայերին: Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին. ի՞նչ լեզվով եք խոսում, ի՞նչ արժեքներով եք ապրում, ի՞նչ ավանդույթներ ունեք:

-Այո, կինս շատ է սիրում Հայաստանը, սովորում է հայերեն, սակայն նա տանը խոսում է իսպաներեն:
Ունեմ երկու որդի, մեծ տղաս` Ալեքսանդրը, մասնագիտությամբ իրավաբան է, փոքր տղաս` Քրիստոֆերը 21 տարեկան է և սովորում է ֆինանսական ոլորտում, մայրս 84 տարեկան է և դեռ շարունակում է իր գործը, հայրս` դոկտոր Վարդգեսը 90 տարեկան է և միշտ մտածում է, ինչպես օգնել Հայաստանին: Իր սիրտն այստեղ է, իր սիրտը Ղարաբաղցիների հետ է, նա հպարտ է, որ կարողացել է հայ հողը պաշտպանել:

-Ինչպիսի՞ Հայաստանի մասին եք երազում:

-Կցանկանամ, որ Հայաստանում սոցիալական հավասարություն լինի, որ բոլոր մարդիկ ստանան այնքան գումար, որ կարողանան ապրել լավ կյանքով: Շատ կցանկանամ, որ այն սփյուռքահայերը, ովքեր կարող են վերադառնալ Հայաստան, վերադառնան և մեր ազգաբնակչությունն ավելանա `դառնալով 6 միլիոն:
Կցանկանամ, որ մեր հայերը շատ զավակներ ունենան և Հայաստանում պայմաններն այնքան լավ լինեն, որ մարդիկ ցանկանան ապրել և աշխատել միայն Հայաստանում:

Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...