16:14
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Տարվա Կին» կոչումը կկրեմ որպես սիրելի թագ»

2019-07-06 12:13

  «Դե Ֆակտո» N 03/149 (05-06/2019թ.)

«Դե Ֆակտո» ամսագիրը մշտապես հետևել է Սոնա Վանի ստեղծագործական ընթացքին` որպես յոթ բանաստեղծական գրքերի հեղինակ և «Նարցիս» մշակութային պարբերականի համահիմնադիր-խմբագիր, ով արժանացել է հայրենական բարձրագույն պարգևների և մեդալների: Նրա գրքերը թարգմանվել են քսան լեզուներով և արժանացել ոչ միայն հայ, այլ նաև բազմաթիվ օտարերկրյա հեղինակությունների ուշադրությանը, գրաքննությանն ու բարձր պարգևներին: Անցյալ տարի «Լիբրետո անապատի համար» գրքի լեհերեն թարգմանությունն արժանացել է երկու համաեվրոպական մրցանակների` «Յանիցիուսի» անվան մրցանակին և «Հոմեր» մեդալին` միաժամանակ ներկայացվելով Նոբելյան մրցանակի թեկնածության: Չինական գրական ակադեմիան նույնպես Սոնա Վանի գիրքը ներկայացրել է պոեզիայի բարձրագույն մրցանակի թեկնածության: Սա ոչ միայն Սոնա Վանի, այլ նաև ազգային հաղթանակ է, հայ գրքի ու հայերենի հաղթանակը: Մտածող ու ստեղծագործ հայ կնոջ նրա տեսակի հանդեպ իր հիացումը հայտնելու համար «Դե Ֆակտո» ամսագիրը որոշել է անակնկալ մատուցել Սոնա Վանին` նրան ճանաչելով «ՏԱՐՎԱ ԿԻՆ»:

 

-Սիրելի՛ Սոնա, ի՞նչ արժեք ունեն մրցանակները ստեղծագործող կնոջ համար և ընթերցողների թիվը որքանո՞վ է կարևոր բանաստեղծի համար: Ո՞րն է Ձեր ոգևորության աղբյուրը: Գրականագետ Դավիթ Գասպարյանը Ձեր բանաստեղծական աշխարհը ներկայացնող «Հրե վարդ» մենագրության մեջ Ձեզ համեմատում է Սապֆոյի հետ և նշում, որ Դուք արարում եք կանացի պոեզիա: Արվեստը սեռ ունի՞: Դուք ինչպե՞ս եք ընկալում այդ ձևակերպումը:

-Շնորհակալ եմ: «Դե Ֆակտո»-ն միշտ է ուշադիր եղել իմ գրական ճանապարհի ու իմ բառի հանդեպ, բայց սա իրոք անսպասելի էր: Կինը և բանաստեղծը հավասարապես հակված են իրենց գոյության արժեքը մեկ ուրիշի աչքերի մեջ գտնելուն: Յուրաքանչյուր գնահատանք` լինի ջերմ խրախուսական հայացք, մեդալ, թե պատվոգիր, օգնում է վերալիցքավորվել և հավատալ, որ կյանքդ վատնված չի եղել: «Տարվա կին» կոչումը կկրեմ որպես սիրելի թագ, հատկապես, որ այն ինձ տրվում է լեզուն, միտքը և տպագրական գործը միաբանող մի այնպիսի պարբերականի կողմից, ինչպիսին «Դե Ֆակտո»-ն է:
Ինչ վերաբերում է Դավիթ Գասպարյանի ձևակերպմանը կամ արվեստին սեռ վերագրելուն, ես այն ընկալում եմ ըմբռնումով և որպես բացահայտ ճշմարտություն, որը կարելի էր նաև չնշել: Ինչպես, օրինակ, թաց ջուր ասելը: Եթե գրողը ունի սեռ, ապա նրա տողը ևս այդ սեռի կրողն է, հատկապես բանաստեղծի դեպքում, ով մշտապես խոսում է իր ես-ի անունից: Սեռը ես-ի ամենահատկանշական մասն է, ենթագիտակցության ամենակայուն բաղադրիչը: Սեռը և ես-ը համընկնում են` ինչպես կողպեքն ու բանալին ու եթե չհամընկնեն, բառը կսկսի չխկչխկալ` չի կարողանա դուռ բանալ: Արվեստն ու սեռականությունը (sex-ը) սնվում են ստեղծագործական էներգիայի միևնույն մարտկոցից: Բանաստեղծը սեռը օգտագործում է որպես լեզու, որպես գործիք, գոյությունը շոշափելու համար, որպես կեցվածք, որով պահպանվում է հավերժականի ու մահկանացուի հարաբերությունը: Ոչ մի բանաստեղծություն չի գրվում տվյալ թեման արծարծելու համար, ինչպես որ կյանքը չի ապրվում զուտ կենսագրական տեքստի համար: Կյանքի ընթացքում ժամանակը բանաստեղծին դիմում է տարբեր լեզուներով` անմեղության ժամանակ մի՛ լեզվով, սիրահարված ժամանակ` մեկ այլ, ցինիզմի ու մեղքի պահին` մեկ ուրիշ:
Ինձ ոգևորում է ոչ թե այս կամ այն թեման, այլ վերոհիշյալ որևէ փուլում ժամանակի մոնոտոնի ազդեցությունը իմ զգայարաների վրա և, հատկապես իմ դիկցիայի: Ես գրում եմ այն մասին, ինչ այդ պահին առավել լսելի է դարձնում այդ մոնոտոն տիկ-տակը: Գրելու ժամանակ ես երբեք չեմ մտածում գնահատականի կամ ինչ-որ մեկին հաճոյանալու մասին: Ինձ համար գրելը չափազանց եսակենտրոն, ինքս ինձ բավարարելու, ինքս ինձ հաճույք պատճառելու, ինչ-որ բանից ազատվելու համարյա բիոլոգիական ակտ է: Գրողի ներքաշած նյութի կոնկրետ բաղադրության և նրա ես-ի եզակիության միջև կատարվող ալքիմիայի արդյունքում է, որ նյութափոխանակության արգասիքը արժեքավոր է դառնում մեկ ուրիշի համար: Ինչ վերաբերում է ընթերցողի որոշակի քանակին, ես չունեմ որոշակի maximum-ի երազ, բայց ունեմ որոշակի «minimum»-ի ցանկություն: Ես պետք է ունենամ գոնե տասներկու նվիրյալ ընթերցող: Պատմությունը ցույց է տվել, որ ճիշտ տոնայնության դեպքում այդքանը բավարար է, որպեսզի խոսքը հազարամյակների ճանապարհ ունենա: Լիցքավորի՛ր տողդ ճշմարիտ ժամանակով և այն կշարունակի շնչել: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում:

-Սիրելի՛ Սոնա, Դուք արդեն յոթ գրքի հեղինակ եք և տասնյակից ավելի թարգմանական ժողովածուների, որոնց կապակցությամբ ճանապարհորդել եք ամենատարբեր երկրներ` Չինաստան, Քենիա, Հարավային Աֆրիկա, Հնդկաստան, Լեհաստան, Արաբական Էմիրաթներ, Գերմանիա և այլուր, որտեղ ընթերցողին եք ներկայացրել «Լիբրետո անապատի համար» ժողովածուն` նվիրված Հայոց Մեծ ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակին: Առաջիկայում կլինեք Կոլումբիայում և ամերիկյան Yale համալսարանում: Ինչո՞վ եք բացահայտում գրքի այս աստիճան ընդունելությունը և ի՞նչ են տալիս բանաստեղծին այսպիսի հանդիպումները:

-Բանաստեղծը տպավորությունների «փոշեծծիչ» է և այդ առումով այս շրջագայությունները կարևոր են: Ինձ համար դրանք կարևորվում են նաև որպես լեզվական նոր միջավայրեր, որոնց ֆոնի վրա ոսկեղենիկը մեկ այլ փայլ ու նշանակություն է ձեռք բերում: Չնայած գրքի թեմատիկ առումով մարդկային հնչեղությանը, այնուամենայնիվ, դրա հաջողության համար անհամեստորեն պետք է առանձնացնեմ գործածված պոետական լեզվի էներգետիկ պոտենցիալը, որով այն կարողացել է անդրադարձնել ընթերցողի մեջ գտնվող լույսը, վախը, հույսը, մտահոգությունը: Ի վերջո, բանաստեղծությունը լավագույն դեպքում իսկ սրան է ձգտում: Ես ուրախ եմ, որ հենց այս գիրքը թարգմանվեց այսքան ինտենսիվորեն և ոչ միայն այն պատճառով, որ գիրքը նվիրված է Ցեղասպանության 1.5 միլիոն զոհերին, այլ նախ և առաջ այն, որ աշխարհում շարունակվող ցեղասպանությունների ու ոխերիմ աստվածների մեր օրերում այս թեման պարտավոր է դառնալ յուրաքանչյուր մտածող մարդու սևեռումն ու գերխնդիրը: Հնդկաստանում ես մասնակցեցի «Հոլոքոստի, ցեղասպանության և գրականության դերը» թեմատիկ բանավեճի, որի արդյունքում պատերազմների և ցեղասպանությունների վերջի հետ կապված իմ երազը հետաձգվեց ևս 5000 տարի: Բանն այն է, որ Հոլոքոստի իմ ընդդիմախոսը մտավորականների դահլիճի առջև բարձրախոսից օգտվելու իր իրավունքը օգտագործեց «Հոլոքոստը եզակի է իր տեսակի մեջ, և այն չի կարելի համեմատել ուրիշ որևէ ողբերգության հետ, ներառյալ Հայոց ցեղասպանությունը, որի ժամանակ ի տարբերություն Հոլոքոստի` չի օգտագործվել մահվան գործարանի մեթոդը, որն անթույլատրելի և հակամարդկային է ավելի, քան մինչ այդ և այդուհետ օգտագործված որևէ այլ մեթոդ», այսինքն` «մերն ուրիշ է» ասելու համար: Ամենայն խոնարհումով հանդեպ Հոլոքոստի զոհերը և այն մեծ գրականությունը, որը ծնեց նրանց սերունդը` ես կարծում եմ, որ ցեղասպանության զոհերի ուրվականներն այլ բան կցանկանային լսել: Օրինակ` այն, թե ինչպես է գործում մարդու մեջ ապրող վայրենին ու հնարավո՞ր է արդյոք գրականության միջոցով փոխել նրա ուղեղում դրված ծրագիրը այնպես, որ չարի իմպուլսը տեղում չեզոքացվի և չկարողանա գտնել իրացման ձև: Սերը ընդհամենը երկու հազար տարեկան է, իսկ ատելությունը շատ ավելի հին: Վայրենությունը բնազդային արարք է, իսկ սերը պետք է դաստիարակել: Ինչպե՞ս անել, որ չգործի ջունգլիների բնազդը, այլ բանականությունը և խիղճը: Ինչպե՞ս ծրագրավորել ուղեղը, որպեսզի ցանկացած վայրագություն, միտք կամ տեսարան, մարդու մոտ զզվանքի ու փսխելու ռեֆլեքս առաջացնի: Ինչպե՞ս դաստիարակել հասարակությանը, որպեսզի մեկ ուրիշի հրամանը կատարելուց առաջ հաշվի նստի իր սեփական խղճի ու բարոյականության հետ` անգամ եթե դրա համար պետք է վճարի սեփական կյանքով: Չէ՞ որ մտահղացումը մեկ շիզոֆրենիկի ուղեղում է ծնվում միայն, իսկ իրագործողները հազարավոր ուրիշներն են: Ինչպե՞ս անել, որ հասարակությունը չվերածվի ամբոխի, որը սովորաբար կանիբալիստական միտումներ ունի: Ինչպե՞ս նստենք ու ճանաչենք, թե ինչ է մարդ արարածը ընդհանրապես, և ինչպիսին կուզեինք, որ նա լիներ: Ի՞նչն է պատճառը, որ նա դեռ այդպիսին չէ: Տեխնոլոգիաների այս արագացումների մեջ ինչո՞ւ է մարդու հոգևոր էվոլյուցիան այսքան դանդաղ: Ինչո՞ւ ենք մենք այսքան քիչ տարբերվում նախամարդուց: Եվ վերջապես` ինչո՞ւ մարդն այսօր ավելի երջանիկ չէ և այլ հարցեր, որոնցից միայն մի քանիսը ես կարողացա շեշտել, որովհետև իմ ընդդիմախոսը որոշեց ընդհատել բանավեճը:

-Թուրքական Demokrataber.net-ից տեղեկացանք, որ թուրքական ոստիկանությունը հարձակվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած գործիչ Ռագըպ Զարաքոլուի «Բելգե» հրատարակչության վրա` բռնագրավելով երկու հազար գիրք, որոնց թվում նաև «Լիբրետո անապատի համար» գրքի թուրքերեն օրինակները: Ինչպե՞ս ընդունեցիք այս լուրը և ի՞նչ ծրագրեր ունեք այս կապակցությամբ:

-Լուրն ինձ չզարմացրեց, որովհետև սա տիպիկ թուրքական ձեռագիր է` սկսած Եղեռնի օրերից, մինչև հիմա: Հիշենք, որ ցեղասպանությունը սկսվեց գրողներից: Զարմանալին այն է, որ վայրենի մտադրություն ունեցողը կարող է միաժամանակ կրել նաև գրականության կարևորության գիտակցության այդպիսի չափ, հասկանալ, որ գլխատելով գրողին` գլխատում ես ազգը: Այս առումով ես պարզապես հիացած եմ նրանցով: Բարեբախտաբար, երեսուն գիրք փրկվել էին երջանկահիշատակ Սարգիս Հացպանյանի միջոցով և այսօր ինձ մոտ են: Դրանցից մեկը ես փոխանցել էի հայ գենի իսկական կրող Կարո Փալյանին և սպասում էի, որպեսզի կազմակերպվի հավաք առաջադեմ թուրք մտավորականության և գրողների հետ: Ցավոք, այս նախաձեռնությունը գրքի առգրավման պատճառով դեռևս օդի մեջ է: Ճշմարտությունը քողարկելը և սուտը օրենքի վերածելը ընդունված ձև է այսօր և այդ է պատճառը, որ ես նոր աշխարհը պատկերացնում եմ ոչ թե օրենքի կամ վախի վրա հիմնված ինստիտուցիա, այլ ինքնաշարժ համակարգ, որ կարգավորվում է մարդու բնատուր արդարամտությամբ ու նրա խոսքի արժանապատվությամբ: Այսօր աշխարհի բոլոր պատերազմների ու չարիքների հիմքում ընկած է ճշմարտանման կեղծիքը, հմտորեն ձևակերպված սուտը, ոչ թե խղճով ու բանականությամբ, այլ սեփական հիվանդագին սևեռումներով շարժվող վայրենու ձեռքով գրված օրենքը:

-«Պոեզիան` նոր մարդու կրոն». սա Ձեր միտքն է: Ի՞նչ գաղափար է պարունակում այն: Կրոնը շատերի համար զգայուն ու անքննելի թեմա է: Պակաս վիճահարույց չէ՞ր լինի այլ կերպ ձևակերպել այս միտքը:

-Իհարկե՛, կարելի կլիներ և մինչ օրս պոեզիան ձևակերպվել է հազար ու մի տարբեր ձևերով` արտահայտելով տվյալ գրողի հայացքն ու ստեղծագործական հավատամքը, բառի հետ շփվելու նրան տրված պոետական հայտնության մեխանիզմը, որից հետո վիճարկելի կամ ոչ վիճարկելի դառնալն այլևս խնդիր չէ: Ինչ խոսք, որ այս դեպքում գրողը ավելի պատասխանատու ձևով է պարտավոր հիմնավորել իր ձևակերպումը, քան երբ խոսքը մնում է պոետական ֆորմայի և գործիքների սահմանում: Ուրախ եմ ասել, որ ինձ հաջողվել է հիմնավորել իմ միտքը Չինաստանում, Աֆրիկայում, Հնդկաստանում, մինչև իսկ Արաբական Էմիրաթներում: Պատճառը գուցե նաև այն էր, որ իմ հանդիսատեսը հիմնականում բարձր ինտելեկտի տեր հասարակություն է` դուրս կրոնական դոգմայի քարանձավային ընկալումներից, մինչև անգամ, եթե նրանք այս կամ այն կրոնի կրողներ են: Ամեն ինչ ավելի հեշտ է, երբ զրուցակիցդ բացի Ավետարանից կարդացել է նաև այլ գրականություն կամ ուսումնասիրել նաև այլ կրոններ: Ցանկացած ֆանատիզմի հիմքում տգիտության ու ինֆորմացիայի պակասի էլեմենտ կա և ցանկացած կրոն իր բնույթով ֆանատիկ է: Այսօր աշխարհում ընթացող արյունահեղություններից շատերի հիմքում ընկած է կրոնական անհանդուրժողականությունը, այն անհեթեթ միտքը, որ քո Աստված ավելի լավն է, քան մյուսինը: Ցանկացած մտածող ու մտահոգ մարդու գործ այսօր պիտի լինի այդ մարդկանց մոլորությունից հանելը, մոլորակը կոլեկտիվ շիզոֆրենիայից փրկելը: Հիմնվելով այն ճշմարտության վրա, որ բոլոր կրոնները հիմնված են բառի վրա (Աստծո, մարգարեների կամ սրբերի), բանաստեղծը` որպես բառի աստվածատուր կրող, իրավունք ունի խոսել Աստծո անունից ավելի, քան ցանկացած մեկ ուրիշը, եթե անգամ հենվելու լինենք ավետարանական առաջին տողի վրա`«Առաջինը բանն էր և բանը բառն էր և բառն էր Աստված» ձևակերպումը, որը նույնացնում է բառն ու Աստծուն, հետևաբար նաև բառն ու բանաստեղծին, որովհետև արարման իր կիզակետում բանաստեղծը վերածվում է բառի և ճիշտ այնպես, ինչպես Քրիստոսն էր ասում`«Ես եմ ճանապարհը», բանաստեղծը կարող է ասել` «Ես եմ բառը» ու չունենալ մեծամտության կամ կեղծելու զգացողություն: Ես փորձում եմ բառը ներկայացնել որպես ճանապարհ, որպես քավարանի տարածք, որտեղ հանդիպում են դժոխքն ու դրախտը: Եթե կրոնի նպատակը մարդուն մենության զգացումից ու մահվան վախից փրկելն է, ապա այսօրվա ինֆորմացված մարդուն այլևս հնարավոր չէ փրկել կույր հավատավորի համար կիրառելի միջոցներով: Ես չեմ բացառում Աստծո գոյությունը, և իմ պոեզիան անիմանալի այս գոյության հետ շփման եզրեր գտնելու միամիտ փորձ է: Իմ հավատը սնվում է Աստծո մասին իմ չիմացությամբ, այլ ոչ դոգմայով: Բոլոր կրոնները համաձայն են, որ Աստծո էությունը անիմանալի ու անտեսանելի է, բայց ծիծաղելիորեն վիճում են Նրա կերպարի մանրամասների շուրջ, ենթադրում, որ գիտեն նրա մտադրությունը: Աշխարհի մեծագույն հանճարներն ու գիտնականները հեռացել են Աստծո առեղծվածը չհասկացած, բայց որոշ կիսագրագետներ հավակնում են կարդալ Աստծո միտքը և այն պարտադրել մյուսներին` որպես բացարձակ ճշմարտություն: Պոեզիայի նպատակը Աստծո ֆենոմենն առեղծվածի շրջանակում պահելն է, ոչ թե դրա բացահայտումը: Ամեն մարգարե իր խորքում նախ պոետ է, որովհետև այլապես չէր կարողանա ձևակերպել իր տեսած հայտնությունը: Պոետն է արձագանքում իր ժամանակի ձայներին ու քամիներին: Ամայությունը բառերով լցնելու հավակնությունը ևս պոետի մենաշնորհն է: Բառի դրախտը պոետի շուրթերի վրա է, որտեղ շահի բացակայության պատճառով այն հայտնվում է բարձրագույն ոլորտներում` ընդունակ հրաշքներ գործելու: Ինչպես աղոթքը, նույնպես և բանաստեղծությունը, կարևորվում է ոչ թե իր բովանդակությամբ, այլ իր թողած ազդեցությամբ և մարդու մեջ հոգեկան տրանսֆորմացիա առաջացնելու իր պոտենցիալով: Պոեզիան ծնվել է մարդու երազի հետ, երբ նա դեռ չէր ճանաչում բնությունը, Աստծուն և ամեն ինչի համար դեմքը երկինք էր ուղղում: Բանաստեղծությունը ամենամիստիկ երևույթն է, որովհետև տողի արմատը սովորաբար մեկ այլ վայրում է. հոգու, ինտուիցիայի ու երազի կարճատև հանդիպման համար նախատեսված մեկ այլ ժամանակի մեջ: Մարդը ծնվում է հոգևորի պոտենցիալով, բայց որպեսզի դառնա հոգևոր մարդ, նա պարտավոր է կրթել իր սիրտը, միտքը, հոգին, բնազդները և անգամ իր երևակայությունը: Հոգու վեհությունը չի ժառանգվում և ոչ էլ այն կարելի է ստանալ վեհի ու գեղեցիկի հետ մեխանիկական շփման ճանապարհով: Տաճարի պատի մեջ ապրող մողեսը առավել հոգևոր չէ, քան անապատում ապրողը: Հոգու և հույզի թաքուն հասունացման արդյունք է տողը: Պոեզիան ոչ թե ճշմարտության, այլ բացարձակի՛ փնտրտուք է, ձոն ոչ թե հավերժականին, այլ անցողիկին: Միայն պոետը կարող է բաղաձայնների ու ձայնավորների ճիշտ զուգորդման միջոցով ստանալ տող, որը նախ կդղրդացնի մարդու ներաշխարհը, ապա` կփրկի այն (Տես` Նարեկացի): Բառի մեջ են հանդիպում Աստծո մեջ ապրող մարդն ու մարդու մեջ ապրող Աստված: Կրոնների տեսականին հազարամյակների ընթացքում չկարողացավ ապահովել հոգու հիմնական ցանկությունը` երջանկությունը: Փոխարենը այն տեղափոխեց հետմահու տարածք, մեղքը դարձնելով բնածին, ժառանգված ու, հետևաբար անխուսափելի` հավերժացնելով ոչ թե հոգին, այլ եկեղեցին: Կրոնը մարդու հոգևոր էվոլյուցիայի առաջին էտապն է, որից հետո հոգին պիտի շարունակի իր ճանապարհը: Եվ այդ ճանապարհը բառն է: Յուրաքանչյուր հոգի արժանի է փրկության: Նրանց համար, ովքեր դեռևս ի զորու են կույր հավատամքի, կրոնը թող շարունակի իր գործը: Բոլոր մյուսների համար այդ ճանապարհը բառն է` ՊՈԵԶԻԱՆ:

-Իրականությունը շատ թերի է, իսկ գրականությունն այդ իրականության անդրադարձն է: Ինչպիսի՞ կեցվածք պիտի որդեգրի գրողը, որ այն չդիտվի որպես անիրատես, կեղծ: Ինչպիսի՞ գրականություն է պահանջում մեր ժամանակը: Կա՞ մի բան, որի մասին չէիք գրի:

-Ամեն գրականություն գրողի ու իր ժամանակի հարաբերության արդյունքն է, և մեր ժամանակն այդ առումով բացառություն չէ: Ամեն ժամանակ առաջ է քաշում իր խնդիրները, հոգեբանական իր տիպաժները, որոնց հոգում ծնված հարցերին է, որ պիտի կարողանա պատասխանել այդ օրերի գրականությունը:
Մտքի գերաճից ու կասկածից խարխափող, անիրական վախի սարդոստայնում կորչող մարդու կողմից առաջադրված հարցերն են այսօր առաջնայինը, այն կինտոյի հարցերը, «որ ժպտում է մի այնպիսի հայացքով, կարծես ասի աշխարհը գիժ է» (Աղասի Այվազյան): Հարկավոր է վերարժևորել վախերի տեսականին` ապոկոլիպտիկ վախ, տեռորիզմ, ծնողասպանություն, մարմինն ուտող վիրուսներ, կամ սենսացիաներ, որոնց շնորհիվ վախի պարագաներ արտադրողները` մամուլը և ապահովագրական ընկերությունները մեծ փողեր են աշխատում: Կոնսյումերիզմը, որ գլոբալիզացիայի շարժիչն է, հաճախ համակում է նաև գրողին և նա փորձում է ոչ թե կարեկցանքի ու հույսի գրականություն արարել, այլ ընդհակառակը, որոշում է առավել ևս սրել այս անիրական կամ ուռճացված վախերը` մատուցելով ոչ թե վախը տարրալուծող, այլ ընդհակառակը` այն կեղևապատող, առավել շոշափելի ու իրական դարձնող գրականություն, որովհետև այն առավել արագ է ծախվում և շահաբեր է: Գրողը, եթե ընտրում է վաճառականությունը, ապա նա պարտավոր է միայն հույսի վաճառական լինել, հակառակ դեպքում` հասարակությունը կոլեկտիվ փսիխոզի զոհ կարող է դառնալ, որովհետև արհեստավարժ գրողն ի զորու է մարդկանց կոլեկտիվ գիտակցության և հոգու վրա մշտական ազդեցություն գործել: Այս առումով տաղանդավոր գրողը շատ ավելի վտանգավոր է, քան անտաղանդը: Իրականությունը պատճենահանելը դեռ գեղարվեստական գրականություն չէ: Բացի այդ որտե՞ղ է խիղճը: Մի՞թե ամեն ճշմարտություն կարելի է բարձրաձայնել և այն էլ առանց կարեկցանքի կամ մտահոգության նշույլի: Իսկ որտե՞ղ է այդ տխեղծ իրականությունից մեռնելու չափ խոցված գրողը: Ի՞նչ է անում նա, որպեսզի շրջի այդ իրականությունը, որպեսզի տառապանքի ցիկլը փոխարինի երջանկության ցիկլով: Մի՞թե գրականության նպատակը այդ հիվանդագին վիճակի ֆոտոգրաֆիկ կրկնօրինակումն է: Բարձր գրականությունը, իրականությունը ձևափոխելու, այն բարոյականացելու խնդիր ունի նաև: Իր տեսիլքի, երևակայության և իմացության հետ մեկտեղ`այն պիտի կրի մարգարեական ֆունկցիա, հավակնի ընթերցողին նոր սիրտ պատվաստել: «Ես նկարում եմ այնպես, ինչպես մտածում եմ, ոչ թե այնպես, ինչպես տեսնում եմ».- գրում է Պիկասոն: Սա ինքնին գրողի մտածողություն է: Եվ միայն այս հավատամքով ու սեփական տեսլականին վստահելու միջոցով է հնարավոր դառնում այն նույնությամբ տեղափոխել մեկ ուրիշի մեջ, ինչպես վայրենության գաղափարը «Գերնիկայում»: Երկու մարդու միջև և մարդն իր հետ հարաբերության ու ներքին կոնֆլիկտի լուծմանն է ծառայում ցանկացած գրականություն: Այն աբստրակտ չէ, ինչպես այն ջուրը, որի մեջ ապրում է ձուկը: Մարդը սոցիալական էակ է, որի գոյության մթնոլորտը բառն է: Ահա թե որքան կարևոր է գրողի դերը, որպես այդ օդի արտադրող: Հենց այդ գիտակցությամբ էլ ասեմ, որ չէի գրի մի բան, որը մարդուց կխլեր հույսը, կվնասեր նրան:

  -Ձեր բանաստեղծություններում պատերազմը հայտարարում եք որպես կնոջ անհատական թշնամի: Պոեզիան ինչպե՞ս կարող է փոխել իրականությունը: Ֆեմինիստական շարժումը որքանո՞վ իրագործեց կնոջ հավասարության երազը: Ի՞նչ է ցանկանում կինը: Գեղեցկությունը իրո՞ք կարող է փրկել աշխարհը, թե՞ սա ևս արդեն հնացած միտք է: 

-Այդ միտքն ինձ համար սենտիմենտալ արժեք ունի նաև: Մի օր հայելու առջև պատրաստվում էի դուրս գալ: Մի խոսքով` սիրունանում էի: Վաղամեռիկ հանճարեղ ընկերս, «Նարցիսի» համահիմնադիր, բանաստեղծ Վահան Վարդանյանը նստած ինչ-որ բաներ էր գրում ու սպասում, որ վերջացնեմ: Երբ պատրաստ էի, նայեց ինձ ու վերամբարձ բանաստեղծական տոնով ասաց` «Դե՛, դուրս եկ ու փրկի՛ր աշխարհը քո զվարթ ու շռայլ գեղեցկությամբ»: 

Ամեն գեղեցկություն աչքը փրկելու շնորհ ունի, բայց որպեսզի այն աշխա՛րհ փրկի, հարկավոր է, որ մարդը դառնա գեղեցիկի մոլին, պարտավորվի՛ դրան, ինչպես պարտավորվում է «ճշմարտությանը» կամ «անկախությանը»: Մենք պատասխանատու ենք ոչ միայն ճշմարտության առջև, այլ նաև գեղեցկության և սրանք նորից Վահանի տողերն են: Գեղեցիկն անհամատեղելի է պատերազմի, արյան, վայրենության, տգիտության, քաոսի հետ, հետևաբար և փրկված աշխարհի մոդելը այս մտածողության շրջանակում շատ հեշտությամբ կարող է տեղավորվել: Արվեստները ծառայում են հենց այդ գեղեցիկին: Բանաստեղծական չափը քաոսը հաղթահարելու գործիք է, երաժշտությունը` այդ քաոսը ձայնային վերահսկելի ֆորմայի մեջ տեղափոխելու փորձ: Որպեսզի գեղեցկությունը կարողանա վերափոխել աշխարհը, անհրաժեշտ է, որ մարդու մոտ պահպանվի և աճեցվի գեղեցիկի ու վեհի հանդեպ նրա բնածին հակվածությունը, որի պատճառով մենք հաճախ արտասվում ենք օտար զույգի հարսանեկան ծեսը դիտելիս: 

Այսօր ամեն ինչ արվում է, որպեսզի մարդու մեջ շփոթեցվի գեղեցիկի ընկալման մեխանիզմը: Սա արվում է նաև շահի տարածք մտած բառի միջոցով: Այնպիսի ասոցիացիաներ, ինչպիսիք են` «վարդերի պատերազմ», «ընկերական ռումբեր», «սուրբ պատերազմ» և այլն, որտեղ համատեղվում են տխեղծությունն ու գեղեցկությունը` չարը դարձնելով ընդունելի կամ առօրեական: Կես ճշմարտությունները կամ ճշմարտանման ստերը ավելի վտանգավոր են, քան անմիջապես ճանաչելի սուտը, և սա շահարկվում է թե՛ քաղաքական գործիչների, թե՛ կրոնավորների, և թե՛ արտադրողների գովազդի նպատակով: Շատ կարևոր է, որ տաղանդը, բարոյականությունը և խիղճը գործեն միասին և գիրք վաճառելը գրողի համար երբեք ավելի կարևոր չդառնա, քան հոգիներ փրկելը: Ցավոք սրտի, սպառողների և վաճառականների վերածված այս աշխարհն այսօր չի քաջալերում նշված սուրբ երրորդությունը, թեկուզ աշխարհի մարդկանց մեծ մասը հավակնում է հավատացյալ կոչվել: Այսօր աշխարհում արժեզրկման գործընթաց է տեղի ունենում: Փլուզվում են ոչ միայն կայսրությունները, այլ նաև գաղափարախոսությունները, ինստիտուցիաներն ու փիլիսոփայությունները: Ֆիզիկայի կարևորագույն ձեռքբերումներն ու տեսությունները դրված են հարցականի տակ: Այս ամենը, որքան «վերջի», նույնքան էլ «սկզբի» հույս են ծնում` մարդուն դնելով ամենայն համոզմունք վերարժևորելու կարևոր խնդրի առջև: Պատմությունը պատմություն չի կարող լինել, եթե այն չի վերագրված: Նույնը վերաբերում է նաև մնացած ամեն ինչին` ընդհուպ մինչև մարդկային հոգուն, արժեքներին, Աստծուն: Ո՞վ ենք մենք: Ո՞ւր է տանելու մտքի, հոգու, խղճի ու բարոյականության միջև գոյացած այս ճեղքը և արդյո՞ք մենք որպես մարդ արարած ցանկանում էինք հայտնվել այս վայրում: Մարդու այս տեսակը որքանո՞վ է համատեղելի մոլորակի գոյության հետ: Դեռևս որքա՞ն ժամանակ և այլն: Սրանք պիտի դառնան յուրաքանչյուր մտածող մարդու մտահոգությունները: Այդ ժամանակ գեղեցկությունը շանս կունենա փրկել աշխարհը: 

Կինը աշխարհի աուրան փոփոխելու առումով մեծ աշխատանք ունի անելու, որովհետև յուրաքանչյուր կին իր զավակին ուզում է փոխանցել ավելի կատարյալ աշխարհ, քան ինքն է ունեցել: Կնոջ ցանկությունները քիչ են, բայց կենսական և գոյաբանորեն արդարացված. լինել սիրված ու երջանիկ և որ ամենաառաջնայինն է` մեռնել իր զավակից առաջ: Ու հենց սա է, որ պատերազմը դարձնում է կնոջ անհատական թշնամին: Կնոջ ամենավեհ երազը իր զավակին խաղաղ ու ապահով աշխարհ ժառանգելն է, որի անհնարինության գիտակցությունը (շահագրգիռ կողմերին հաջողվել է համոզել կնոջը, որ պատերազմը երկրի շարժման մարդու գոյաբանական տեսակի միջև կայացող բնական ռեակցիան է, որը հնարավոր չէ կանխել) դառնում է ներքին բարկության խրոնիկական վիճակ: Հետծննդաբերական օրերի ընթացքում, երբ կինը ժամանակ է գտնում կատարել հնարավոր երջանիկ ու ցավոտ օրերի հաշվարկը, այդ բարկությունը վերածվում է դեպրեսիայի, որը վերոհիշյալ շահագրգիռ կողմը նախընտրում է կոչել հետծննդաբերական դեպրեսիա` այն կապելով բացառապես հորմոնային վիճակի հետ: Մինչդեռ անարդար աշխարհում հայտնված նորելուկի աչքերին ամոթով ու ափսոսանքով նայող մայրն է սա: Եվ պատահական չէ, որ կինը հաճախ է օգտագործում «ես չկարողացա դառնալ այն մայրը, որ կուզեի լինել» արտահայտությունը` որպես իր ձախողության խոստովանություն: Սա մայր լինելու հիմնական «ախտանիշն է» և նրա ներքին բարկության հիմնական պատճառը: Իր զավակին այս անարդար աշխարհում վտանգից պաշտպանելու համար կինը պարտավորվում է առյուծի կեցվածք որդեգրել, այսինքն` հրաժարվել իր եսից, կենսագրությունից, անձնական վիրավորանքից, որպեսզի կարողանա հնարավորինս լցվել իր ձագին պաշտպանելու համար անհրաժեշտ կենդանական բնազդով: Սա է մոր ներքին, չգիտակցված, հիմնական կեցվածքը այն աշխարհում, որը շարունակում է իր ծնած զավակների սպանդը: Այն գիտակցությունը, որ կինն ինքն է սնում պատերազմի մսաղացը, ոչ միայն խորացնում է նրա ներքին բարկությունը, այլ նաև իրականությունը վերածում է աբսուրդի թատրոնի` մեծացնելով ճեղքը զավակին ամեն գնով փրկելու բնազդային խոստումի և այն իրականացնելու հնարավորության միջև: Ես խորապես հավատում եմ, որ աշխարհի անկատարության համար հավասարապես պատասխանատու է կինը, որովհետև շարունակում է տուրք տալ նորօրյա իշխաններին, որոնք ինչպես Զևսի որդի Արեսը, հրճվում են արյունից ու մահերից: Պետք է հիշել, որ մահկանացու հերոսը այս նույն առասպելի մեջ հաղթում է աստվածներին, և իմ երազը աշխարհի բոլոր կանանց միաժամանակյա ըմբոստացումն է ընդդեմ պատերազմի. որևէ՛ պատերազմի, որևէ՛ սպանության կամ բռնության: Դրա համար շատ բան պետք չէ. նախ հարկավոր է հավատալ, որ դա հնարավոր է, ապա` որ անհրաժեշտ է և այն կդառնա անխուսափելի: Մոլորակի վրա բոլոր բարկացած կանանց միասնական էներգիան ճիշտ ուղղորդվելու դեպքում կարող է ոչ միայն տապալել պատերազմներ ծնող ներկա կառույցը, այլ տիեզերքը վերածել դրախտի: Ֆեմինիզմը, ցավոք, չկարողացավ ճիշտ ուղղորդել այդ էներգիան` այն վատնելով փոքր հաղթանակների վրա, սխալմամբ շեշտը դնելով ոչ թե կնոջ և տղամարդու գոյաբանական տարբերությունները հանուն ընդհանուր երազի միմյանց ծառայեցնելը, այլ կին-տղամարդ հավասարություն ստանալու համար: Ընդունելով, որ կնոջ կարգավիճակը` որպես զավակ արարող, ինքնին բարձրագույն վիճակն է, ցանկացած փոփոխություն կարող է միայն անշահավետ լինել նրա համար: Եվ այդպես էլ կա... Այսօր կինն ավելի երջանիկ չէ, քան նախկինում, իսկ նրա ու տղամարդու միջև արհեստականորեն բացված ճեղքը ծնել է տղամարդանման կանանց և կնանման տղամարդկանց սեռաշփոթ մի հասարակարգ, որը ձեռնտու չէ ոչ մեկին, և ոչ էլ մյուսին: Կինը` հավերժական գայթակղողն այս պատմության մեջ և տղամարդը` հավերժական գայթակղվողը, ով պատրաստ է ամեն ինչ անել հանուն իր սիրո առարկայի մոդելը այլևս չի գործում և շատ ափսոս: Այսպես էր նախատեսված Արարչի կողմից, որպեսզի շարունակվի ձգողականությունը սեռերի միջև, զվարթությունը, սերը և զավակածնությունը: Աստծո սխալներն ուղղել ցանկանալու պես անհեթեթ է թվում այս ամենը: Բացի այդ, կնոջը փոքր խնդիրների մեջ պահելն անվերջ հետաձգում է նրա արթնացումը ամենամեծ խնդրի վրա, որն է` սեփական զավակի ձեռքով թաղվելու, պատերազմին վերջ դնելու, մարդկային պարզ երջանկության իրավունքը: Ժամանակակից աշխարհի ամենամեծ ամոթը պատերազմն է: 

 

 

 

Այս ամենով հանդերձ

ես սիրում եմ լինել կին

պտղաբեր հող

ընդերքս ցիկլիկ ու զգալ

ձվի մեծանալը օրըստօրե

դանդաղ - բայց անթերի 

ինչպես լուսին 

 

հ.գ.սիրում եմ լինել կին սովորական

կեղծել անունները օրագրիս մեջ

ու գումարել երբեմն 

փակ աչքերով 

լուսավոր տխրությունս 

ու 

երջանկությունս 

կարճատև ու ցավոտ

ինչպես դաշտան:

 

 

 

Օգտագործելով առ

Վերադառնալ









Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...