12:12
11/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ջրամատակարարման արդյունավետ կազմակերպումը մեր ընկերության առաքելությունն է

2019-06-12 11:00

«Դե Ֆակտո» N 02/148 (03/2019թ.)

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Եփրեմյանը:

-Պարո՛ն Եփրեմյան, ե՞րբ և ինչպե՞ս ստեղծվեց «Ջրառ» ընկերությունը:

-«Ջրառ» ՓԲ ընկերությունը կազմավորվել է համաձայն ՀՀ կառավարության 03.11.2016թ N 1207-Ա որոշմամբ, և իր գործունեությունը սկսել է 2017թ մարտի 20-ից` որով «Ախուրյան-Արաքս-ջրառ» և «Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲ ընկերությունները միավորվել են մեկ ընդհանուր ընկերության: 

-Ներկայացրեք խնդրեմ «Ջրառ» ՓԲԸ-ի գործունեությունը` ներկայումս ո՞ր տարածաշրջաններն են սպասարկվում Ձեր ընկերության կողմից:

-Ընկերության գործունեության հիմնական նպատակը համարվում է ջրային օբյեկտներից ջրառի իրականացումը և պայմանագրային հիմունքներով ջրօգտագործողներին ոռոգման ջրի մատակարարումը:
Ներկայումս ընկերությունը սպասարկում է 11 ՋՕ ընկերությունների` Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի մարզերում և Երևան քաղաքում. մոտ
76.0 հազ հա հողատարածք:

-Եթե ամփոփենք 2018 թվականը, ապա ի՞նչ ձեռքբերումներ կմատնանշեք, ինչպիսի՞ն էր նախորդ տարին:

-2018թ.-ին նախատեսված 1130.0մլն.խ.մ ջրառի դիմաց իրականացվել է 1222.0մլն.խմ, որից`
1113.0մլն.խ.մ ինքնահոս, 109.0մլն.խ.մ` մեխանիկական եղանակով:
2017թ համեմատ, 2018թ.-ին ավել ջրառ է իրականացվել 57 մլն.խմ-ի չափով: Սևանա լճից ոռոգման նպատակով, Սևան-Հրազդան էներգետիկ համակարգով իրականացվող ջրբացթողումների ապօրինի ջրօգտագործումը վերացնելու և 2018թ.-ի ոռոգման շրջանում համակարգի հսկողության տակ ընկած հողատարածքների ոռոգման ջրամատակարարումը կանոնակարգելու նպատակով, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի 2017թ-ի դեկտեմբերի 20-ի N 205-Ա հրամանով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության արդյունքում դերիվացիոն ջրանցքի տարբեր ուղղաթեքերում չհաշվառված ջրառի կետերի մի մասը ապամոնտաժվել է, մի մասն էլ բերվել է օրինական դաշտ և այդ գործընթացը շարունակական է:
«Ջրառ» ՓԲ ընկերության հետևողական աշխատանքների շնորհիվ, ինչպես նաև ՋՕԸ-երի խոշորացման, առևտրի կետերի կրճատման հետևանքով, նույնիսկ ջրառի ծավալների ավելացման դեպքում, համակարգի ջրային կորուստները 29.6%-ից հասցվել է 23.8%-ի, այսինքն` նվազել է 5.8%-ով:

-Արդեն սկսվե՞լ են գարնանային նախապատրաստական աշխատանքները:

-Ս/թ մարտի 4-ից արդեն սկսվել է մայր ջրանցքների մաքրման և ընթացիկ վերանորոգման գարնան նախապատրաստական աշխատանքները:

-Ինչպե՞ս եք կարողանում արդյունավետ կերպով կազմակերպել ջրամատակարարումը, ինչպե՞ս են կարգավորվում հարաբերությունները ՋՕԸ-երի հետ:

-Ջրամատակարարման արդյունավետ կազմակերպումը մեր ընկերության առաքելությունն է, այն իրականացվում է ողջ աշխատակազմի հետևողական, քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Իրականացվում է շուրջօրյա ջրի կառավարում: Ընկերության շահագործվող համակարգերը` ջրանցքներ, ջրամբարներ, պոմպակայաններ իրենց ճնշումային խողովակաշարերով կառուցված են դեռևս Խորհրդային Միության տարիներին և երկարատև շահագործման ընթացքում խիստ կարիք է առաջացել իրականացնելու լայնամասշտաբ հիմնանորոգման աշխատանքներ, որը հնարավորություն կտա էլ ավելի նվազեցնելու համակարգում ջրի կորուստները: Միաժամանակ հարկ է նշել, որ շահագործման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել թարմացնելու ընկերության ջրային տնտեսության օբյեկտների շահագործման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցները:
Ինչ վերաբերում է ՋՕԸ-երի հետ հարաբերությունների կարգավորմանը` նշեմ, որ «Ջրառ» ՓԲԸ-ն առաջնորդվում է ՀՀ կառավարության 26.12.2002 թ N 2121-Ն որոշման պահանջով, մասնավորապես, ոռոգման շրջանի սկզբին նախօրոք ՋՕ ընկերությունների հետ կնքում է տվյալ տարվա համար ջրապահանջի պլան–ժամանակացույցեր, և ելնելով ընկերության ջրաղբյուրներում հնարավոր ձևավորվող ջրի ծավալներից կազմում է ամփոփ ջրային հաշվեկշիռ, որում արտացոլվում է, թե որ ջրաղբյուրից ինչ քանակի ջուր հնարավոր կլինի օգտագործել:
Հիմնական ջրաղբյուրներն են` Սևանա լիճ, գ.Հրազդան, գ.Արաքս, գ.Քասախ, Մխչյանի, Ռանչպարի և Ակնալճի պոմպակայանները և ոռոգման նպատակով օգտագործվող թվով 11 ջրամբարներ:

-Անդրադառնանք նաև Սևանա լճից բաց թողնվող ջրի խնդրին, եթե Սևանա լճից այլևս ջուր բաց չթողնվի, ապա այդ դեպքում արդյո՞ք ոռոգման ջուրը կբավականացնի:

-Համաձայն Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման միջոցառումների համալիր ծրագրի մասին օրենքի, սահմանված է Սևանա լճից ոռոգման նպատակով բաց թողնել 170.0 մլն.խմ ջուր: Ելնելով եղանակային և բնակլիմայական պայմաններից, ջրամբարներում ոչ բավարար ջրաքանակից, եղել են տարիներ, որ նշված օրենքում կատարվել են փոփոխություններ`
2008թ 315.0 մլն.խմ
2012թ 320.0 մլն.խմ
2014թ 270.0 մլն.խմ
2017թ 270.0 մլն.խմ
2018թ 210.0 մլն.խմ
Հաշվի առնելով վերջին տարիների տենդենցը` նկատի ունենալով, որ տարեց-տարի ավելանում է ոռոգման ջրի պահանջը, կապված ինչպես ջերմային ֆոնի բարձրացման, հողի ստրուկտուրայի փոփոխման, միանշանակ կարող եմ ասել, որ առանց Սևանա լճից ջրի բացթողումների հնարավոր չէ ջրօգտագործողներին ապահովել պահանջվող ոռոգման ջրով:
Այսպես. Սևան-Հրազդան իռիգացիոն համակարգի տարեկան միջին ջրապահանջը կազմում է մոտ
500.0-530.0 մլն.խմ, եթե ընդունենք, որ Ազատի ջրամբարից կարող ենք ապահովել մոտ 80.0 մլն.խմ, Ապարանի ջրամբարից միջինը 50.0 մլն.խմ, Հրազդան գետից մոտ 200.0 մլն.խմ, մեխանիկական եղանակով մոտ 50.0 մլն.խմ, ապա ակնհայտ է, որ մնացած ջուրը պետք է ապահովել Սևանա լճից:

-Դուք` որպես ոլորտի մասնագետ, ինչպե՞ս կգնահատեք ոռոգման համակարգի, մասնավորապես` ներտնտեսային ցանցերի վիճակը, և որքա՞ն է ջրի կորուստների քանակը:

-Ներտնտեսային ցանցերի շահագործման պարտավորությունները իրականացվում են ՋՕ ընկերությունների կողմից, հիմնականում ջուրը տեղափոխվում է հողային հունով և ըստ տվյալների ներտնտեսային ցանցում ջրի կորուստը տատանվում է 35-55%-ի սահմաններում: Ըստ իս, այն ենթակա է վերանայման:

-Կաթիլային եղանակով ոռոգման եղանակն այսօր որքանո՞վ է կիրառվում ՀՀ-ում:

-Կաթիլային եղանակով ոռոգումը, որպես նոր տեխնոլոգիա նպաստում է ջրախնայողությանը և բերքատվության բարձրացմանը:

-Ի՞նչ ծրագրեր կան ապագայում, նոր ջրամբարների կառուցում սպասվու՞մ է:
- Ներկայումս ընթացքի մեջ է Վեդիի ջրամբարի շինարարական աշխատանքները (29.4մլն.խմ ծավալով): Նախագծային փուլում է գտնվում Կապսի ջրամբարը: Առաջիկա տարիներին նախատեսվում է տարբեր համայնքներում կառուցել մանր ու միջին ջրամբարներ, որի արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել Սևանա լճից ջրի լրացուցիչ բացթողումները:

 

Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...