16:34
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Գառնի համայնքը` ՀՀ զբոսաշրջային առաջատար կենտրոն

2019-06-18 12:16

 ԱՀԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆ

ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար

«Դե Ֆակտո» N 02/148 (03/2019թ.)

-Պարո՛ն Սահակյան, 2016 թ. ղեկավարում եք Գառնի համայնքը, ի՞նչ աշխատանքներ եք իրականացրել համայնքում վերջին երեք տարիների ընթացքում:


-Պետք է նշեմ, որ Գառնի համայնքը, լինելով Հայաստանի զբոսաշրջային կենտրոններից մեկը, բավականին խնդրաշատ է: Ընտրվելով համայնքի ղեկավար` ես փորձել եմ սկսել ամենացավոտ խնդիրներին լուծում տալուց, ինչի արդյունքում հասել ենք բավականին լավ արդյունքների. բազում խնդիրներ լուծվել են, որոշները ընթացքի մեջ են, իսկ մի մասն էլ ընդգրկվել են մեր առաջիկա ծրագրերում:
Որպես համայնքի ղեկավար` առաջին ծրագիրը, որն իրականացրել եմ, աղբահանության խնդրի լուծումն է եղել: Համայնքը չուներ աղբահան մեքենա, օգտվում էր հարևան` Գողթն համայնքի մեքենայից, ինչը բազում անհարմարություններ էր ստեղծում: Մենք ձեռք բերեցինք աղբահան մեքենա, որի միջոցով շաբաթական երկու անգամ համայնքում աղբահանություն է կատարվում: Ինչպես նաև ֆիզիկական անձի հետ կնքեցինք պայմանագիր, ձեռք բերեցինք ևս մեկ աղբահան մեքենա, որը շաբաթական մեկ անգամ շրջում է համայնքի բոլոր թաղամասերով և հավաքում բնակիչների աղբը: Այսպիսով` մեզ հաջողվեց լիարժեք լուծել աղբահանության խնդիրը:
Գառնի համայնքի ցավոտ խնդիրներից է խմելու ջրի ցանցի մաշվածությունը: Մենք ունենք 50 կմ խմելու ջրի ցանց, որը շահագործման է հանձնվել 1960-ական թվականներին: Այն մինչև 2016թ. չէր նորոգվել: 2017թ. սկսած` մեզ հաջողվեց փոխել ցանցի մոտ 12 կմ երկարությամբ ջրագիծ, ինչը, բնականաբար, բավարար չէր, խնդիրը լիարժեք լուծելու համար: Այդ պատճառով դիմեցինք ՀՀ կառավարությանը խնդրանքով` օժանդակել մեզ այս հարցում: Եվ ահա ՀՀ կառավարությունը, մարզային իշխանություններն իրենց աջակցությունը ցուցաբերեցին. հրատապ ծրագրերով 100 մլն. դրամ է հատկացվելու խնդրի լուծման համար, ևս 50 մլն դրամ կներդնի Գառնիի համայնքապետարանը, և 150 մլն. դրամ արժեցող այս ծրագրի շրջանակներում կնորացվեն բոլոր ջրագծերը, կտեղադրվեն ջրաչափեր, կունենանք մոտ 45կմ փոփոխված ցանց, միայն հիմնական մագիստրալները չենք կարողանա փոխել, որոնք էլ հնարավորության դեպքում մեր ընթացիկ աշխատանքների շրջանակներում, անպայման կնորացնենք: Այսպիսով` վերոնշյալ ծրագրի շնորհիվ` մեզ կհաջողվի 90-99 տոկոսով լուծել Գառնի համայնքի խմելու ջրի ցանցի խնդիրը, բնակչությունը ապահովված կլինի 24-ժամյա ջրամատակարարմամբ անգամ ամռան ամենաշոգ` հուլիս-օգոստոս ամիսներին:
Աշխատանքները կսկսվեն ապրիլ ամսին:
Պետբյուջեի ֆինանսավորմամբ` բավականին մեծ աշխատանք է կատարվել ոռոգման ջրի ցանցի արդիականացման ուղղությամբ: 2017-2018թթ. ընթացքում վերանորոգվել է համայնքի ոռոգման ներտնտեսային ցանցը և մայր ջրանցքի 6 կմ հատվածը: Խնայված միջոցների հաշվին` շարունակվում են մայր ջրանցքի վերանորոգման աշխատանքները, այս տարի վերանորոգվելու է ևս 1 կմ հատված, ինչի արդյունքում ոռոգման ջրի խնդիրն էլ կհաղթահարենք:
Ինչպես նաև մենք ոռոգման ջրի փակ համակարգ ենք անցկացրել, ինչի շնորհիվ համայնքի հողատարածությունների գրեթե 30 տոկոսը օգտվելու է դրանից, ինչը թույլ է տալիս խուսափել ջրի պաշարների կորստից: Մենք համայնքի այդ հատվածի բոլոր բնակիչներին հնարավորություն ենք ընձեռել միանալ այդ համակարգին և իրենց այգիներում իրականացնել կաթիլային ոռոգում: Մեր նպատակն է խթանել այդ համակարգի ներդրումը Գառնի համայնքում:
2018թ. նաև աշխատանքներ են տարվել փողոցային լուսավորության ապահովման ուղղությամբ. համայնքի միջոցներով անցկացվել է 1,5 կմ լուսավորություն, ևս 2 կմ` «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության հետ համատեղ ծրագրի արդյունքում: Այս տարի նախատեսում ենք ամբողջությամբ լուսավորել Գեղարդի խճուղու Գառնիի վարչական տարածքով անցնող ճանապարհահատվածը: Ճիշտ է, դա միջպետական ճանապարհ է, բայց համայնքն իր վրա է վերցրել այդ խնդրի լուծումը: Աշխատանքների կեսն արդեն արված է, դրանց ավարտը նախատեսում ենք հուլիս-օգոստոս ամիսներին: Ծրագրում ենք համայնքում ևս 3 կմ լուսավորություն անցկացնել:
2018 թվականին բարեկարգել ենք և վերակառուցել համայնքում գտնվող Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հուշահամալիրը, որը շատ անբարեկարգ վիճակում էր:
Համայնքի ցավոտ խնդիրներից է նաև մանկապարտեզի` շենքի փոքր լինելու պատճառով, սահմանափակ թվով երեխաներ ընդունելու փաստը: Այն այսօր կարողանում է ընդունել 150 երեխա, սակայն ամեն տարի 300 երեխա հերթագրվում է: Մենք ծրագրում ենք մանկապարտեզին կից նոր կառույց ավելացնել, այդ հարցում մեզ կրկին կաջակցի ՀՀ կառավարությունը` սուբսիդավորման միջոցով: Ծրագիրն այժմ նախագծման փուլում է, այն իրականանալուց հետո ևս 50-100 երեխա հնարավորություն կունենա հաճախել մանկապարտեզ:
Գառնու համայնքապետարանն անվճար տրանսպորտային միջոցով է ապահովում համայնքի դպրոցականներին, ինչպես նաև հնարավորության դեպքում փորձում դպրոցներին աջակցել նաև այլ հարցերում: Նշեմ, որ ունենք երկու հիմնական և մեկ ավագ դպրոց:

-Որքա՞ն է համայնքի բնակչության թիվը, ո՞րն է նրանց հիմնական զբաղմունքը:

-Գառնի համայնքն ունի 8070 բնակիչ և պետք է նշեմ, որ մեր համայնքը Հանրապետությունում այն քիչ համայնքներից է, որտեղ արձանագրվել է բնական աճ. նախորդ տարի ունեինք 8015 բնակիչ: Բնական աճը ձևավորվել է թե՛ ծնունդների աճի, թե՛ ներգաղթի շնորհիվ: Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործությունն է: Գառնին հայտնի է իր անուշահամ խնձորով, ընկույզով և այլ պտուղներով, որոնցից մեծ հաճույքով օգտվում են մեր համայնք հյուրընկալվող տարեկան 500-600 հազար զբոսաշրջիկները, ինչը գյուղմթերքի սպառման հրաշալի հնարավորություն է մեր բնակչության համար:

-Գո՞հ եք Ձեր համայնքում զբոսաշրջության զարգացման ցուցանիշերից, և որքանո՞վ է զբոսաշրջությունը նպաստել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը:

-Իրականում այդ երկու հարցերը փոխկապակցված են: Մեր համայնքը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով և գեղեցիկ բնությամբ: Մենք ձգտում ենք այնպես անել, որպեսզի Գառնի այցելող զբոսաշրջիկը ցանկանա մի քանի օր անցկացնել այստեղ, վայելել այն բոլոր բարիքները, որ կան մեր համայնքում: Դրա համար, իհարկե, անհրաժեշտ է, որպեսզի ունենանք զարգացած ենթակառուցվածքներ, հյուրատներ, ժամանցի վայրեր, ռեստորաններ, զբոսաշրջային փոքրիկ ուղևորությունների ցանկ դեպի տեսարժան վայրեր, պատմամշակութային գեղեցիկ հուշարձաններ, օրինակ, մեր հարևանությամբ գտնվող «Խոսրովի անտառ» պետական արգելոց:
Պետք է նշեմ, որ վերջին երկու տարվա ընթացքում մեր համայնքում բացվել է տաս հյուրատուն. բնակիչներն իրենց տանը կից ստեղծել են ազգային մոտիվներով գեղեցիկ հյուրատներ, որոնք գրավում են զբոսաշրջիկների ուշադրությունը: Ովքեր հնարավորություն ունեն, հյուրատանը կից նաև ռեստորան են բացում և մատուցում ազգային կերակուրներ:
Զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախապայման է նաև նորոգված ճանապարհների առկայությունը: Այժմ Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից վերակառուցվում է դեպի «Խոսրովի անտառ» պետական արգելոց տանող ճանապարհահատվածը: Եթե ենթակառուցվածքները զարգացնենք, զբոսաշրջիկների թիվն էապես կմեծանա, ինչպես նաև կստեղծվեն աշխատատեղեր:
Հույս ունենք, որ մի քանի տարվա ընթացքում բոլորովին այլ համայնք կունենանք:

-Նախորդ տարի համայնքների միության հայտարարած մրցույթում Գառնին ճանաչվեց «Տարվա լավագույն համայնք 2018»: Ի՞նչ նշանակություն ունեն նման մրցանակները Ձեզ համար:

-Իհարկե, ուրախ եմ, որ մեր կատարած աշխատանքը նման գնահատականի է արժանացել, բայց պետք է նշեմ նաև, որ ինձ համար ամենասպասված գնահատականը համայնքի բնակչի գոհունակությունն է, երբ նա իր խնդրի լուծումը ստացած դուրս է գալիս համայնքապետարանից: Դրանից ավելի բարձր մրցանակ չկա:

-Արդյո՞ք համայնքում իրականացվելու են ներդրումային ծրագրեր:

-Այո, կան նաև ներդրումային ծրագրեր, որոնցից մեկը պետք է իրականացվի արևային էներգետիկայի ստացման ոլորտում: Պետք է կառուցվի արևային կայան, որի համար տրամադրվելու է 7,5 հա տարածք, նախատեսված է 4-ից 5 մլն. դոլարի ներդրում:
Մյուս ներդրումային ծրագիրն իրականացնելու է ծնունդով Գառնիից, այժմ Նիժնի Նովգորոդի հայ համայնքի ղեկավար Աղասի Ալեքյանը, ով տարիներ շարունակ բարեգործական ծրագրեր է իրականացրել համայնքում, որոնցից է Գառնու արվեստի դպրոցի վերանորոգումը: 2019թ. նա ծրագրել է 50 հա հողատարածության վրա հիմնել նուշի այգիներ: Աշխատանքներն արդեն սկսված են: Պետք է նշեմ, որ նա արդեն իսկ ունի հիմնած 40 հա ընկույզի, ինչպես նաև նուշի այգիներ: Ընդհանուր առմամբ կունենանք 130 հա ինտեսիվ այգի, կատարվել է 1 մլն. դոլարի ներդրում:

-Առաջիկայում համայնքապետարանն ի՞նչ ծրագրեր պետք է իրականացնի:

-Ծրագրում ենք բարեկարգել Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը. աշխատանքները կսկսվեն մայիս ամսից:
Մեր առաջնային ծրագրերից է կենտրոնական փողոցների, մայթեզրերի բարեկարգման աշխատանքների իրականացումը, ինչը ֆինանսական մեծ ներդրում է պահանջում, պետք է փորձենք գտնել միջոցներ այդ ծրագիրը կյանքի կոչելու համար:

-Ինչպիսի՞ն է Ձեր շփումը բնակչության հետ:

-Մենք ամեն օր շփման մեջ ենք, 24 ժամ ես հասանելի եմ բոլորի համար: Ողջ օրը չեմ փակվում իմ գրասենյակում, նախընտրում եմ շրջել համայնքում, անձամբ հետևել ընթացիկ աշխատանքներին, շփվել բնակչության հետ, լսել նրանց խնդիրները: Ձգտում եմ իմ աշխատանքով հնարավորինս ծառայել իմ ժողովրդին:

-Աշխատանքային ի՞նչ սկզբունքներ եք որդեգրել:

-Համայնքի ղեկավարի աշխատանքը, ամենակարևորը պահանջում է ազնվություն, աշխատասիրություն և սեր: Ես մեծ սիրով և նվիրվածությամբ եմ աշխատում:

-Ինչպիսի՞ն է համագործակցությունը մարզային իշխանությունների, կառավարության հետ:

-Մեր համագործակցությունը մարզային իշխանությունների և ՀՀ կառավարության հետ բարձր մակարդակի վրա է, դրա վառ ապացույցն այն ծրագրերն են, որ համատեղ իրականացվել և իրականացվում են մեր համայնքում:

-Արդյո՞ք գործում են համայնքի մշակութային, սպորտի օջախները:

-Մենք ունենք երաժշտական դպրոց, արվեստի դպրոց, մշակույթի տուն, որոնք բոլորն էլ գործում են:
Ծրագրում ենք 2020թ. ամբողջությամբ վերանորոգել մշակույթի տունը: Արվեստի դպրոցը լավ վիճակում է, իսկ երաժշտական դպրոցը ներդրումների կարիք ունի, պետք է փորձենք այդ խնդիրն էլ լուծել:
Ունենք շատ լավ պայմաններում գործող ըմբշամարտի դպրոց, որը գտնվում է ՀԱՕԿ-ի ենթակայության տակ: Համայնքի ֆինանսավորմամբ գործում են կարատեի, ֆուտբոլի խմբակներ: Այժմ ծրագրում ենք բարեկարգել ֆուտբոլի դաշտը, ներդրող ենք փնտրում:

-Ինչպիսի՞ համայնքի մասին եք երազում:

-Ուզում եմ ոչ թե երազել, այլ ամեն ինչ անել, որ ունենանք բարեկարգ, մաքուր և գեղեցիկ համայնք` զարգացած ենթակառուցվածքներով և սոցիալապես ապահովված բնակչությամբ:

-Հասցնո՞ւմ եք ժամանակ հատկացնել նաև ընտանիքին և ի՞նչն եք կարևորում երեխաների դաստիարակության մեջ:

-Նշեմ, որ ունեմ գեղեցիկ ընտանիք` սիրելի կին և երկու հրաշք զավակներ` մեկ աղջիկ և մեկ տղա: Ինձ համար նրանց դաստիարակության մեջ ամենակարևորը` ազգային ինքնագիտակցության ձևավորումն է. որպեսզի կարողանան գիտակցել ու հասկանալ պետության արժեքը, պետական շահը, և դառնան ՀՀ լավ քաղաքացիներ: Իմ կարծիքով պետականամետության զգացումը շատ է պակասում մեզանում, ինչը լի է վտանգներով:
Ցավոք, շատ քիչ ժամանակ եմ կարողանում անցկացնել ընտանիքիս հետ, բայց նրանք հասկանում են ինձ և իմ աշխատանքի կարևորությունը, ինչի համար անչափ երջանիկ եմ:

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...