09:45
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Նոր խոսք, նոր մոտեցում IQ ուսումնական կենտրոնում

2019-05-30 17:50

  «Դե Ֆակտո» N 02/148 (03/2019թ.)

IQ կենտրոնը երեխաների ինտելեկտի բարելավման և ուղեղի նոր ֆունկցիաների բացահայտման կենտրոն է, այստեղ ուսուցման համար ստեղծված են բոլոր հնարավորությունները և ներդրված են դասավանդման արդի մեթոդները:
Կենտրոնում դասավանդում են լավագույն մասնագետները` ինչպես Հայաստանից,
այնպես էլ արտերկրից:

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է IQ կենտրոնի
հիմնադիր տնօրեն Յուլյա Գասպարյանը:

-Տիկի՛ն Գասպարյան, ե՞րբ և ինչպե՞ս ստեղծվեց IQ կենտրոնը:


-IQ կենտրոնի ստեղծումը շատ հետաքրքիր էր: Բավականին երկար ժամանակ ուսումնասիրելով միջազգային դպրոցների փորձը ցանկություն առաջացավ մեզ մոտ նույնպես բացել նման դպրոց: Ծնվեց գաղափարը, որից հետո` ընդամենը տասը օր անց, այն իրականություն դարձավ: Ես իմ ողջ կյանքի ընթացքում առաջնորդվել եմ` «Չկա՛ չեմ կարող, կա չե՛մ ցանկանում» կարգախոսով: Եթե ինչ-որ մի բան շատ ես ցանկանում, ապա այն, անպայման կարող ես իրականություն դարձնել: Կար գաղափարը, կար նպատակ և այն իրագործեցինք:


-Ի՞նչ առարկաներ են դասավանդվում IQ կենտրոնում:


-Լինելով 4 երեխաների մայր, ցանկանում էի ստեղծել այնպիսի կենտրոն, որտեղ երեխաները կգտնեին իրենց հետաքրքրող ամեն ինչ, և առաջին հերթին կսիրեին սովորել, քանի որ եթե կա սեր դեպի ուսումը, դեպի նոր գիտելիք ստանալը, ապա դա արդեն հաջողություն է: Մեր կենտրոնը մասնագիտացված է մենթալ թվաբանության մեջ. մենթալ թվաբանությունը գիտություն է, որը նպաստում է երեխայի երկու կիսագնդերի հավասարաչափ զարգացմանը, այսինքն` այն ինտելեկտուալ կարողությունների զարգացումն է: Մենթալ թվաբանության տեսանելի արդյունքն այն է, որ երեխան կարողանում է արագ հաշվել. գումարել, հանել, բազմապատկել, բաժանել, արմատով գործողություն կատարել առանց հաշվիչի` մտքում, իսկ ամենակարևորն այն է, որ զարգանում են երեխայի երկու կիսագնդերը և որին զուգահեռ երեխայի մոտ զարգանում է տեսողական, լսողական հիշողությունը, կենտրոնացումը, ալտերնատիվ մտածելակերպը:
IQ կենտրոնն ինտելեկտի բարելավման և ուղեղի ֆունկցիաների բացահայտման բազմաթիվ տարբերակներ է առաջարկում: Մասնավորապես` ավազանկարչություն, շախմատ, օտար լեզուներ, արագ ընթերցանություն (հայերեն, ռուսերեն), որը Հայաստանում բացառիկ է:
Ունենք դասապատրաստման ժամեր, որը նույնպես իրականացնում ենք այլընտրանքային մեթոդով: Նաև ասեմ, որ շատ մի հետաքրքիր առարկա ենք անցնում, այն կոչվում է վայելչագրություն. երեխաները սովորում են գեղեցիկ գրելու արվեստը:
Կենտրոնում գործում է նաև մանկակրթարան և նախակրթարան:
Այս պահին ունենք ընդունելություն սկսած 2,5 տարեկանից:

-IQ կենտրոնը մարզերում նույնպես ունի իր մասնաճյուղերը, հետաքրքիր է` ինչպե՞ս որոշվեց մարզերում նույնպես բացել IQ կենտրոններ:

-Մեր գերնպատակն էր, որ մեր մեթոդաբանությունը հասանելի լիներ նաև մարզերի բնակիչներին, ուստի այն իրականացնելու համար շատ արագ ստեղծվեց ծրագիր, և կազմվեց IQ քարտեզ, որից հետո ՀՀ մարզերում բացվեցին IQ կենտրոններ: Սկզբում մի փոքր մտավախություն ունեինք, քանի որ չգիտեինք ինչպիսին կլինի արձագանքը, սակայն առաջին կենտրոնի բացվելուց հետո հասկացանք, որ այն շատ սպասված էր և դրական արձագանք ունեցավ: Այսօր ՀՀ գրեթե բոլոր մարզերում ունենք IQ կենտրոններ:

 

-Իսկ ինչպե՞ս է կատարվում մասնագետների ընտրությունը, արտերկրից հրավիրված մասնագետներ ունե՞ք:

-Մասնագետների ընտրության հարցը, երևի թե ամենակարևորն է, և կարծում եմ` մեր հաջողության գրավականը` մեր բարձրակարգ մասնագետներով համալրված լավ թիմն է: Ես հակված եմ այն կարծիքին, որ հաջողություն կարող ես ունենալ միայն լավ թիմային աշխատանքի շնորհիվ:
Ունենք նաև դրսից մասնագետներ: Պարբերաբար իրականացնում ենք մասնագետների վերապատրաստում:
Մայիսի 2-ին իր թիմով Հայաստան կժամանի մենթալ թվաբանության լեգենդ Դեյվիդ Լյաոն, ով Հայաստանում մայիսի 2-ին, 3-ին և 4-ին կանցկացնի սեմինարներ կապված մասնագետների վերապատրաստման հետ: Սա մասնագետների համար բացառիկ հնարավորություն է Հայաստանում վերապատրաստվելու հենց իր` Լյաոյի կողմից, ստանալու մասնագիտական բարձրակարգ խորհուրդներ և, իհարկե, բացառիկ հնարավորություն ստանալու մենթալ թվաբանությանը վերաբերող դասընթացներ:
Սեմինարին կմասնակցեն մեր կենտրոնի բոլոր մասնագետները, ինչպես նաև շուրջ 30 մասնագետ կժամանի Ռուսաստանի Դաշնությունից: Մեր կենտրոնի մասնագետները վերապատրաստվելուց հետո կստանան միջազգային մասնագետի սերտիֆիկատ:

-Արդյո՞ք կենտրոնի գները հասանելի են սոցիալական միջին խավի մարդկանց:

-Այո, ՀՀ մարզերում գները հասանելի են գրեթե բոլոր խավերի համար: Մեզ համար դա սկզբունքային է, որպեսզի ցանկացողները կարողանան այցելել մեր կենտրոն:

-Մենք տեղյակ ենք, որ Ձեր սաները մշտապես մասնակցում են տարբեր միջազգային օլիմպիադաների, միջազգային մարաթոնների` մի փոքր կմանրամասնե՞ք:

-Սոչիում մարտի 23-ին մասնակցեցինք AMG (international mental games) մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադային, որտեղ թիմային հաղթանակ տարանք` զբաղեցնելով առաջին հորիզոնականը:
Լինելով MINDSKILLS GLOBAL-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում մենք նաև միացել ենք մենթալ թվաբանության օլիմպիադայի միջազգային մարաթոնին, որը կկայանա 12 քաղաքներում: Մենք նույնպես միացել ենք այդ մարաթոնին և ապրիլի 28-ին Երևանում կկայանա համահայկական մենթալ թվաբանության օլիմպիադա, որին մասնակցելու է շուրջ 500 աշակերտ:

-Ո՞րը կարող եք համարել Ձեր հաջողության գրավականը:

-Աշխատասիրություն, թիմային աշխատանք և իհարկե, երբեք ոչ մեկին չնմանվելու ձգտում:

-Ամուր ընտանիքն ազգի հենասյունն է, մի փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Կնոջ համար կյանքի կարևորագույն առաքելությունը` մայր դառնալն է: Ունեմ չորս երեխա և կյանքիս տասներեք տարին ամբողջությամբ նվիրել եմ իրենց. կնոջ այդ առաքելությունը ինձ մոտ ստացվել է:


-Կինը երջանիկ է...


-Երբ սիրված է և ունի ներդաշնակ ընտանիք:
Նաև երջանկություն է, երբ կինն ունի հետաքրքիր աշխատանք և այն կատարում է մեծ սիրով:


Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...