09:47
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Յուրաքանչյուր բժիշկ պետք է ճիշտ ախտորոշի եվ արհեստավարժորեն բուժի իր հիվանդին

2019-05-10 13:00

 «Դե Ֆակտո» N 02/148 (03/2019թ.) 

 

Մեր երկրում բժշկության մի շարք ճյուղեր, մասնավորապես` քիթ-կոկորդ-ականջաբանությունը, այսօր ամենապահանջված ուղղություններից մեկն է և այս պարագայում խելացի և բանիմաց մասնագետի ընտրությունը, թերևս ամենակարևորն է:
«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցը բժիշկ Աշխեն Բալբաբյանն է, ով 1994 թվականից աշխատում է «էրեբունի» բժշկական կենտրոնում որպես քիթ-կոկորդ-ականջաբան:
Կարևորելով մեր երկրում առողջապահության ոլորտի զարգացումը և մասնագետների բարձր որակավորումը, նա մշտապես մասնակցում է տարբեր միջազգային գիտաժողովների` դրսում ստացած փորձն ու գիտելիքները ներդնելով իր աշխատանքում:

-Բժշկուհի Բալբաբյան, մեր զրույցի սկզբում կցանկանանք պատմեք` ինչպե՞ս եղավ, որ ընտրեցիք բժշշկի բարդ և պատասխանատու մասնագիտությունը:

-Դպրոցում սովորելու տարիներին ցանկանում էի դառնալ ուսուցչուհի, քանի որ շատ էի սիրում առաջին դասարանի ուսուցչուհուս` ընկեր Սմբատյանին, միշտ փորձում էի ընդօրինակել իրեն: Հետո, արդեն մայրս, ով մասնագիտությամբ արյունաբան էր, ինձ ուղղորդեց, որպեսզի ընտրեմ բժշկի մասնագիտությունը: Սկզբնական շրջանում նախընտրում էի թերապևտի մասնագիտությունը, սակայն երբ ականջացավի ժամանակ դիմեցի Արթուր Շուքուրյանին, ով ոլորտի առաջատար մասնագետներից է, և զգալով նրա մասնագիտության կարևորությունը, կողմոնորշվեցի մասնագիտական ընտրությանս մեջ: Այժմ ես շատ ուրախ եմ, որ ընտրել եմ հենց քիթ-կոկորդ-ականջաբանի մասնագիտությունը, այս մասնագիտությունն ինձ համար ամենակատարյալն է, մենք կարողանում ենք սուր ցավային սինդրոմներով հիվանդներին դուրս բերել այդ իրավիճակից և բուժել` վերադարձնելով նրանց լսողության, հոտառության կարևորագույն զգացողությունները: Երբեք չեմ զղջացել, որ ընտրել եմ հենց այս մասնագիտությունը:

-Ո՞րն եք համարում աշխատանքում Ձեր ամենակարևոր ձեռքբերումը:

-Աշխատանքային երեսուն տարիների ընթացքում ձեռքբերումներս շատ են եղել: Սակայն կարծում եմ, որ ինձ համար, և ընդհանրապես յուրաքանչյուր բժշկի համար, ամենամեծ ձեռքբերումն այն է, որ կուտակելով աշխատանքային փորձ, մասնագիտական բարձր գիտելիքներ կարողանում ես` օգտագործելով տեսական և գործնական գիտելիքներդ, ճիշտ ախտորոշել և բուժել հիվանդին:
Ըստ իս, յուրաքանչյուր բժիշկ պետք է ճիշտ ախտորոշի հիվանդին և, ներդնելով այսօրվա պահանջներին համապատասխան հմտություններն ու փորձը, արհեստավարժորեն բուժի իր հիվանդին, որպեսզի հիվանդներն առողջ վերադառնան իրենց բնականոն կյանքին:

-Որո՞նք են այսօր քիթ-կոկորդ-ականջի ամենատարածված հիվանդությունները:

-Գիտեք, հիվանդությունների տարածվածությունը սեզոնային բնույթ է կրում: Ինձ ավելի շատ դիմում են ծանրալսությունների, ականջաբորբի, վերին շնչուղիների բորբոքային հիվանդությունների ժամանակ:

-Այդ հիվանդություններից և դրանց հետևանքներից պաշտպանվելու համար, նախ և առաջ պետք է իմանալ դրանց վտանգների մասին: Ըստ Ձեզ` որքանո՞վ է այսօր հանրությունը տեղեկացված այդ հիվանդությունների ախտանիշների մասին:

-Այսօր ինֆորմացիոն դաշտը մեր հասարակության համար բավականին հասանելի է: Դիմողների մի որոշակի հատված հստակ պատկերացում ունի իր հիվանդության մասին և բավական գրագետ է այդ հարցում, ինչն էապես հեշտացնում է բժշկի աշխատանքը:
Հիվանդները նաև շատ լավ իրազեկված են ոլորտի բժիշկների աշխատանքային գործունեությանը, և դիմում են ոչ թե պատահականության սկզբունքով, այլ կոնկրետ բժշկի:
Ես յուրաքանչյուր հիվանդի մանրակրկիտ ներկայացնում եմ իր հիվանդության բարդությունները և բուժման ընթացքը, քանի որ ցանկացած ոք պետք է գիտակցի իր հիվանդության բարդությունները և տեղեկացված լինի բուժման ընթացքին:

-Բժշկությունը, թերևս այն մասնագիտությունների թվին է պատկանում, որ օր օրի զարգանում է, բուժման ի՞նչ նորարարական մեթոդներ են այսօր կիրառվում:

-Այո՛, ինչպես ցանկացած ոլորտում, բժշկության մեջ նույնպես շատ կարևոր է նորարարական մեթոդների կիրառումը: Մեր բաժանմունքում կիրառվում են բուժման ժամանակակից մեթոդներ` օգտագործելով միջազգային փորձն ու ժամանակակից տեխնոլոգիաները, որն էլ թույլ է տալիս ետ չմնալ միջազգային չափորոշիչներից:
Ասեմ նաև, որ բաժանմունքն արդիականացվել է և զինվել նորագույն սարքավորումներով:

-«Համազգային վստահություն» խորհրդի կողմից ստացել եք «Տարվա լավագույն Քիթ-կոկորդ-ականջաբան» կոչումը, առհասարակ ի՞նչ նշանակություն ունեն պարգևները Ձեզ համար:

-Յուրաքանչյուր պարգև բժշկի կատարած աշխատանքի գնահատականն է, որը շատ պարտավորեցնող է. պարտավորված ես միշտ զարգացնել քո գիտելիքներն ու հմտությունները: Եթե դու գիտակցում ես, որ ունես հիվանդների վստահությունը, ապա կրկնակի պարտավորված ես քայլել ժամանակի գիտական նորարարություններին համընթաց: Իսկ բժիշկի համար ամենօրյա աշխատանքի արդյունքը, բնականաբար, ապաքինված հիվանդն է, որն արդեն մեծ պարգև է նրա համար:

-Ինչպիսի՞ն է Աշխեն Բալբաբյանն աշխատանքից դուրս, ի՞նչ նախասիրություններ ունեք:

-Ազատ ժամանակս սիրում եմ անցկացնել ընտանիքիս անդամների, ընկերներիս հետ, շատ եմ սիրում ընթերցել, սիրում եմ նաև հաճախել մշակութային կենտրոններ, նաև առողջ ապրելակերպի կողմնակից եմ և հաճախում եմ մարզասրահ:

-Յուրաքանչյուր կնոջ համար, թերևս մասնագիտության ընտրությունից զատ, շատ կարևոր է ամուր և ներդաշնակ ընտանիքի ստեղծումը, մի փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Ունեմ երեք զավակ: Տղաս պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է, ունի մեծ հաջողություններ, աղջիկներս ավարտել են Երևանի պետական համալսարանը, իսկ փոքր աղջիկս հեռակա ավարտել է Քեմբրիջի համալսարանը և դասավանդում է Մոսկվայում: Ունեմ հինգ թոռնիկ, որոնք իմ կյանքի ուրախությունն ու իմաստն են:
Ցավոք սրտի, երեխաներս ապրում են արտերկրում, աշխատում եմ պարբերաբար այցելել իրենց:

-Ցանկացած կին երջանիկ է երբ...

-Երբ սիրված է և ունի առողջ և երջանիկ սերունդ:

-Ինչի՞ մասին եք երազում:

-Երազում եմ, որ իմ հայրենի երկիրը բարգավաճի, ուզում եմ մեր ժողովուրդն ապրի խաղաղ երկնքի ներքո և, ամենակարևորը, ցանկանում եմ մարդիկ լինեն իրենք իրենց հետ ներդաշնակ:

-Եվ վերջում, Ձեր բարեմաղթանքը մեր ընթերցողներին:

-Ցանկանում եմ, որ բոլոր մարդիկ լինել առողջ, ապրեն խաղաղ և համերաշխ:

Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...