08:19
05/20/2019
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Բժիշկի համար ամենակարեւոր առաքելությունը հիվանդի առողջությունը վերականգնելն է

2019-05-07 12:01

«Դե Ֆակտո» N 02/148 (03/2019թ.)

«Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքը ստեղծվել է 1992 թվականին, որն իր գործունեության ընթացքում հասել է նշանակալի հաջողությունների:
Բաժանմունքի ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցվածությունը, ախտորոշման և բուժման նորագույն մեթոդներն ու բժիշկների մասնագիտական բազայի շարունակական ընդլայնումը հնարավորություն է տալիս բուժել նախկինում թերևս անբուժելի համարվող մի շարք հիվանդություններ:
Մեր այսօրվա զրուցակիցը ՀՀ վաստակավոր բժիշկ, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի վարիչ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ԼՕՌ բաժանմունքի ղեկավար, ՀՀ առողջապահության և Երևան քաղաքի քիթ-կոկորդ-ականջաբան, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանն է:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ԼՕՌ բաժանմունքի ստեղծման իսկ օրվանից նա եղել է բաժանմունքի կողքին և իր աշխատանքային տարիների փորձով օգնել է հարյուրավոր մարդկանց և վերականգնել, թերևս իրենց համար ամենակարևորը` առողջությունը:

-Պարո՛ն Շուքուրյան, ինչպե՞ս որոշեցիք ընտրել բժշկի պատասխանատու մասնագիտությունը, ընտանիքում կա՞ն բժիշկներ:

-Ծնվել եմ բժիշկների ընտանիքում, և դեռ փոքր տարիքից, կարելի է ասել, ապրել եմ բժշկական միջավայրում: Հայրս ականավոր բժիշկ Կիմ Շուքուրյանն է, մայրս մասնագիտությամբ միկրոմանկաբույժ է և տեսնելով նրանց մեծ սերն ու նվիրումը իրենց մասնագիտությանը` որոշեցի, որ պետք է ընտրեմ հենց բժշկի մասնագիտությունը:
Իմ մասնագիտական ճանապարհին ծնողներս միշտ կողքիս են եղել, կարող եմ ասել, որ այդ տարիներին իմ ամենամեծ ուսուցիչը եղել է հայրս. նա միշտ ինձ մեծ փորձ ու մասնագիտական գիտելիքներ է փոխանցել և օժանդակել ցանկացած հարցում:
Եթե այսօր հնարավորություն տրվեր կրկին մասնագիտություն ընտրել, ապա, միանշանակ, կընտրեի իմ մասնագիտությունը` քիթ-կոկորդ-ականջաբան:

-Հետաքրքիր է, աշխատանքային ի՞նչ ուղի եք անցել:

-1979թ. ավարտելով Երևանի բժշկական ինստիտուտը մեկնեցի Մոսկվա, որտեղ հինգ տարի շարունակեցի ուսումս. երկու տարի մասնագիտացում` կլինիկական օրդինատուրա, երեք տարի` ասպիրանտուրա: Մոսկվայում ուսումս ինձ բավականին մեծ հնարավորություն տվեց ավելի խորանալու մասնագիտությանս մեջ, տիրապետելու բուժման նորարարական տեխնոլոգիաներին: Այդ հինգը տարին բավականին մեծ նշանակություն ունեցավ մասնագիտական ձեռքբերումներիս համար: Այնուհետև վերադարձա Հայաստան ու այդ տարիներին սկսվեց լսողության վերականգնողական վիրահատությունների ներդրումը Հայաստանում: Այդ վիրահատությունը Հայաստանում ներդրեց հայրս` հայտնի պրոֆեսոր Կիմ Շուքուրյանը, և հպարտությամբ կարող եմ ասել, որ հետագայում այդ ուղղությունն ավելի ու ավելի զարգացավ, և այժմ մենք կատարում ենք ամենաբարդ վիրահատությունները:
Դրանից հետո մասնագիտացումս անցավ տարբեր երկրներում, թերևս ամենաերկարատևը, Գերմանիայի Մյունխեն քաղաքի հայտնի կլինիկաներից մեկում քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում էր, որի արդյունքում ձեռք բերեցի բավականաչափ մասնագիտական փորձ:

Ցանկացած ԼՕՌ հիվանդություն, որի ժամանակ պահանջվում է վիրահատական միջամտություն՝ Հայաստանում կատարվում է:


-«Էրեբունի» Բկ քիթ-կոկորդ ականջաբանության բաժանմունքը հիմնադրվել է 1992 թվականին, այս տարիների ընթացքում ի՞նչ կարևոր ձեռքբերումներ է գրանցել բաժանմունքը:

-Մինչ 1992 թվականը «Էրեբունի» բժշկական կենտրոնում չկար քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունք: Մեր հայրենակից պրոֆեսոր Եղիա Կարապետյանի օգնությամբ 1992թ. բացվեց այս բաժանմունքը:
Կնքվեց եռակողմ պայմանագիր, ստեղծվեց բաժանմունքը, ընտրվեցին մասնագետներ` բաժնի վարիչ, բժիշկներ, քույրեր, որոնք հետագայում ստացան հատուկ մասնագիտացում: Նախաձեռնությունն ամբողջությամբ «Էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Քուշկյանինն էր, ով ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ ստեղծեց ՅՈՒՄԱՖ /UMAF/ կազմակերպությունը` ֆրանսահայ բժիշկների միությունը: Բաժանմունքը հիմնադրման օրվանից աշխատում է բուժման և ախտորոշման ժամանակակից մեթոդներով:
Վերջին տարիներին մեր ծառայության գործունեությունը ծավալվում է լսողությունը վերականգնող վիրահատությունների ուղղությամբ, որոնց իրականացումը ոլորտի մասնագիտական նվաճումներից է:
Պետական ծրագրի շրջանակներում մեր կենտրոնում կատարվում է խխունջային ներպատվաստման վիրահատություն, որը կատարվում է աշխարհի առաջատար կլինիկաներում: Այս վիրահատությունը հնարավորություն է տալիս վերականգնել ծանրալսությունն ու խլությունը:
Նաև մեր բժշկական կենտրոնում կատարվում է նորածինների աուդիոլոգիական սքրինինգ, որի միջոցով կարողանում ենք վաղ շրջանում բացահայտել լսողական խանգարումները: Մեր մասնագիտական և բժշկական սարքավորումների ժամանակակից հնարավորությունների շնորհիվ այսօր կարող ենք նորածնի ծննդյան առաջին իսկ օրերին ստուգել նրա լսողությունը, բացահայտել խնդիրները և ճիշտ ախտորոշում կատարել:
Կարող եմ ասել, որ խխունջային ներպատվաստման վիրահատությունն ու նորածինների աուդիոլոգիական սքրինինգը բավականին հաջողված ծրագրեր են:

-Քիթ-կոկորդ-ականջի ինչպիսի՞ հիվանդությունների դեպքերում են ամենահաճախ կատարվում վիրահատություններ:

-Վիրահատությունները կատարվում են հիմնականում խրոնիկական տարբեր ԼՕՌ օրգանների հիվանդությունների ժամանակ: Այս բնագավառում նույնպես ունենք բազում նվաճումներ:
Օրինակ, եթե նախկինում վերծնոտային ծոցը վիրահատության միջոցով բացվում էր ավելի մեծ ծավալով, որը կատարվում էր շրթունքի տակից կտրվածքով, ոսկրային հատվածները հանելով, ապա այսօր մենք կատարում ենք միայն ներքթային էնդոսկոպիկ մեթոդով: Նույնը վերբերվում է նաև կոկորդի բարորակ ուռուցքներին, որոնք հեռացվում են կոկորդի ներսի հատվածից էնդոլարինգյալ հատուկ միկրոգործիքներով:
Իսկ լսողության վերականգնող վիրահատությունների առումով կարող եմ ասել, որ մենք գտնվում ենք առաջատար կլինիկաների մակարդակին և այն նորարարական մեթոդները, որոնք ընդունված են աշխարհում, մենք կիրառում ենք:

 

Մեր մասնագետներն իրենց տեսական եւ պրակտիկ գիտելիքներով, ոչնչով չեն զիջում արտասահմանյան մասնագետներին:


-Կարո՞ղ ենք ասել, որ ԼՕՌ վիրաբուժությունն այսօր զարգացած է մեր երկրում, և արդյո՞ք բոլոր հիվանդները կարող են բուժվել հենց մեր երկրում:

-Ցանկացած ԼՕՌ հիվանդություն, որի ժամանակ պահանջվում է վիրահատական միջամտություն Հայաստանում կատարվում է: Բաժանմունքում մշտապես փորձում ենք ներդնել բոլոր առաջատար տեխնոլոգիաներն ու վիրահատական ձևերը, սակայն ժամանակ առ ժամանակ առնչվում ենք այս կամ այն սարքավորումներ նորացման հետ:

-Հայկական մի ասացվածք կա` «Մինչ դանակը չի հասնում ոսկորին, բժիշկի չեն դիմում», որքանո՞վ է այսօր այդ ասացվածքն արդիական:

-Ցավալի է, սակայն այդ ասացվածքն այսօր ևս արդիական է: Մեր մասնագիտական տարիների փորձը ցույց է տվել, որ մարդիկ հիմնականում դիմում են հիվանդության վերջին ստադիայի ժամանակ, որը դժվարացնում է բժշկի աշխատանքը և երկարացնում հիվանդության բուժման ընթացքը: Ես խորհուրդ եմ տալիս մեր հայրենակիցներին, նույնիսկ թեթև ախտանիշի դեպքում դիմել բժշկի, որպեսզի խուսափեն հետագա բարդություններից:

-Պարո՛ն Շուքուրյան, ըստ Ձեզ` որքանո՞վ է այսօր հանրությունը տեղեկացված ԼՕՌ հիվանդությունների մասին և ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկվեն, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն:

-Շատ կարևոր հարց բարձրաձայնեցիք: Իմ կարծիքով այսօր հասարակության մեջ պետք է բարձրացնել տեղեկատվության մակարդակը:
Մենք փորձում ենք տարբեր ինֆորմացիոն աղբյուրների միջոցով տեղեկացնել հասարակությանը ԼՕՌ հիվանդությունների ախտանիշերի, նրանց բարդությունների մասին և ծանոթացնել բուժման ընթացքին:
Իմ կարծիքով շատ կարևոր է նաև առաջնային օղակի` պոլիկլինիկայի բժիշկների աշխատանքը, քանի որ առաջնայինը հենց իրենցից են մարդիկ ստանում ինֆորմացիան: Մենք ցանկացած քայլ կատարում ենք, որպեսզի մարդիկ լինեն էլ ավելի տեղեկացված, սակայն իրենք էլ իրենց հերթին պետք է ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ և չպետք է խորհուրդ հարցնեն հարևանից, բարեկամից այլ դիմեն բժշկի:

-Մասնակցել եք բազում վերապատրաստումների, ուսումնասիրել եք արտասահմանյան առողջապահության ոլորտը, Ձեր գնահատմամբ` մասնագիտական ինչպիսի՞ պոտենցիալ ունի Հայաստանն առողջապահության ոլորտում և այդ առումով արդյո՞ք չի զիջում զարգացած երկրներին:

-Առողջապահության ոլորտում կա երկու հանգամանք, որոնց պետք է ուշադիր լինենք, առաջինը` ինչպես դուք նշեցիք, բժշկական հաստատություններում մասնագետների պատրաստակամության մակարդակն է. մեր մասնագետներն իրենց տեսական և պրակտիկ գիտելիքներով ոչնչով չեն զիջում արտասահմանյան մասնագետներին:
Մենք ունենք լավ կրթական համակարգ` Երևանի պետական բժշկական համալսարանը, որը կադրերի պատրաստման գործում առաջատար հաստատություններից է:
Երկրորդ հանգամանքը` բժշկական կենտրոններում արդի տեխնոլոգիաների ներդնումն է:
«Էրեբունի» բժշկական կենտրոնում քիթ-կոկորդ ականջաբանության բաժանմունքում ստեղծված են բոլոր պայմանները, մենք մշտապես ներդնում ենք նորարարական մեթոդներ և փորձում ենք չզիջել միջազգային ժամանակակից կենտրոններին: Կարևոր եմ համարում նաև 2008թ. «Քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիա»-ի ստեղծումը:

-Դուք հարյուրավոր մարդկանց պարգևում եք երջանկություն` վերականգնելով իրենց համար ամենաթանկը` առողջությունը, ի՞նչ եք զգում ամեն անգամ վիրահատարան մտնելիս:

-Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր բժիշկ մինչ վիրահատարան մտնելը, մեծ հուզմունք է ապրում, քանի որ ոչ ոք չգիտի վիրահատության վերջնական արդյունքը: Վիրահատության բարեհաջող ավարտից հետո ես ինձ միշտ երջանիկ եմ զգում, քանի որ կարողացել եմ ևս մեկ հիվանդի վերադարձնել առողջությունը:

-Ո՞րն եք համարում բժշկի ամենակարևոր առաքելությունը:

-Բժշկի համար ամենակարևոր առաքելությունը` հիվանդի առողջության վերականգնումն է:

-Ամուր ընտանիքը` պետության երաշխավորն է, մի փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Սիրով, մեր ընտանիքում բոլորը բժիշկներ են: Կինս ատամնաբույժ է, Երևանի պետական բժշկական համալսարանի օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչն է, աղջիկս ավարտելով Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը մասնագիտացված է որպես քիթ-կոկորդ ականջաբան, ներկայումս վերապատրասվում է Գերմանիայում, տղաս այս տարի ավարտում է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և ցանկանում է շարունակել իմ մասնագիտական ուղղվածությամբ:

-Աշխատանքային ծանրաբեռնված առօրյայից հետո, որտե՞ղ եք սիրում անցկացնել Ձեր ազատ ժամանակը:

-Աշխատանքային ծանրաբեռնված առօրյայից հետո շատ եմ սիրում մոտ մեկ ժամ քայլել Երևանում: Շատ եմ սիրում մեր քաղաքը և ամեն անգամ զբոսնելիս մեծ հաճույք եմ ստանում այն փոփոխություններից, որոնք կատարվել են մեր քաղաքում. քաղաքը շնչում է, կառուցվում են տարբեր ժամանակակից շինություններ, որոնք ինձ ուրախացնում են:
Շատ եմ սիրում նաև ճանապարհորդել, հիմնականում ճանապարհորդում եմ ընտանիքիս անդամների հետ և ամեն անգամ մեզ համար բացահայտում ենք տվյալ երկրի պատմամշակութային արժեքներն ու ծանոթանում հետաքրքիր ավանդույթների հետ:

-Պարո՛ն Շուքուրյան, ինչպիսի՞ Հայաստանի մասին եք երազում:

-Շատ կցանկանամ, որ մենք պահպանենք մեր մշակութային արժեքները, ես ցավում եմ, որ այսօր հին շինությունները քանդվում են, իմ կարծիքով պետք է պահպանել հինը` համադրելով նորի հետ: Նաև երազում եմ, որ ՀՀ մարզերում բժշկական կենտրոնները զարգանան, որ բժիշկները չմտածեն, որ միայն պետք է Երևանի բժշկական կենտրոններում աշխատեն:

-Եվ վերջում` որպես բժիշկ Ձեր բարեմաղթանքը մեր ընթերցողներին:

-Կցանկանայի, որ մարդիկ լինեն առողջ: Կոչ եմ անում, որ բոլորը մտածեն իրենց առողջության մասին, առողջ ապրելակերպով ապրեն, սպորտով զբաղվեն:
Ուզում եմ, որ մարդիկ վստահեն բժիշկներին, վստահ լինեն նրանց մասնագիտական հմտությանը և երբեք չզբաղվեն ինքնաբուժությամբ:
Հիշե՛ք, ոչ մի բժիշկ, երբեք չի ցանկանա վնասել իր հիվանդին:


Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2019-04-16 15:20

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց