10:43
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ռեսուրսների տիրապետելը դեռևս հաջողության գրավական չէ, պետք է կարողանալ դրանք ճիշտ կառավարել

2019-05-02 11:52

 «Դե Ֆակտո» N 02/148 (03/2019թ.) 

«Մենեջմենթ Միքս» կազմակերպության հիմնադիր և ղեկավար, Առևտրի Միջազգային Պալատի հայկական ազգային կոմիտեի գործադիր տնօրեն, Մերձավոր Արևելքի Որակի Ասոցիացիայի հիմնադիր խորհրդի անդամ Ռաֆֆի Սէմէրճեանը մեծ փորձառություն ունի մենեջմենթի, ռազմավարության, ՄՌ կառավարման, հասարակայնության հետ կապերի (PR), միջազգային ստանդարտների ներդրման ոլորտում, և ամենակարևորը, շուրջ 20 տարի է` իր մտավոր և նյութական կապիտալի զգալի մասը ներդնում է Հայաստանում և Արցախի Հանրապետությունում` նպաստելով ՀՀ և ԱՀ տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը: Ղեկավարում է ընկերություն, որը գործունեություն է ծավալում 27 երկրներում:

-Պարո՛ն Սէմէրճեան, կխնդրեմ մի փոքր պատմեք Ձեր անցած ուղու, Հայաստանում իրականացրած ծրագրերի մասին:

-Ծնվել եմ Լիբանանում, մի այնպիսի հայկական ընտանիքում, որտեղ գերիշխում են ազգային արժեքները` հայ մնալ ցանկացած պարագայում և արարել հանուն հայրենիքի բարօրության: Մենք տարբեր երկրներում ենք ապրել` Լիբանան, Ֆրանսիա, Կանադա, սակայն ամենուր վարել ենք հայակենտրոն կյանք, մեզ համար ստեղծել ենք մի փոքրիկ Հայաստան: Գուցե դա է պատճառը, որ ինձ համար Հայաստանը չի սահմանափակվում Հայաստանի Հանրապետությունով, այն աշխարհագրորեն շատ ավելի լայն իմաստ ունի:
Դեռ մանկուց ես ձգտել եմ ունենալ կրթական բարձր մակարդակ, կատարելագործել գիտելիքներս: Նախնական կրթությունս ստացել եմ Լիբանանում գործող Մխիթարյան վարժարանում, այնուհետև շարունակել Saint Joseph համալսարանում, դոկտորական առաջին քայլերս կատարել եմ Ֆրանսիայի Պանթեոն-Սորբոնի համալսարանում (Universite de Paris I, Pantheon La Sorbonne): Դրանից հետո սկսել եմ դասախոսական գործունեություն ծավալել Saint Joseph համալսարանում, այնուհետև Փարիզ 1-Սորբոն, Սորբոնի և Փարիզ 9-Դոֆին (Universite de Paris 9 Dauphine) համալսարաններում:
1990թ. որոշեցի արձակուրդս օգտագործելով` այցելել Հայաստան: Դա բավականին երկարատև` երեքուկես ամսվա այցելություն էր, որի ընթացքում ես հասցրեցի շրջել Հայաստանի և Արցախի ողջ տարածքով ոչ իբրև զբոսաշրջիկ, այլ որպես սրտացավ հայ, ով ցանկանում էր տեսնել և զգալ հայրենիքի ու հարազատ ժողովրդի խնդիրները ու հասկանալ, թե ինչով կարող է օգտակար լինել նրանց: Իմ մեջ նորովի վառվեց և արթնացավ հայրենիքի նկատմամբ սերն ու կարոտը, ինչպես նաև ներքին խոստումս` իմ գիտելիքներն ու փորձը ներդնել Հայաստանում:
Հաջորդ այցս 1991թ. ամռանն էր` կրկին երկար ժամանակահատվածով: Ես բախտ ունեցա սեպտեմբերի 21-ին ներկա գտնվելու ՀՀ Ազգային ժողովում` որպես հյուր: Դա իմ կյանքի ամենակարևոր օրերից մեկն է: Իսկ 1992թ. Հայաստանում ֆրանսիական G2IA կազմակերպության հետ համատեղ` հիմնեցինք մենեջմենթի ուղղվածությամբ Centre de Management d’Armenie դպրոցը: Դա պատահական չէր, ես զգացի, որ Հայաստանում կարիք կա մենեջերների, քանի որ Սովետական Հայաստանում շուկայական հարաբերությունների վրա հիմնված մենեջմենթը` որպես գիտություն, լիարժեք չէր զարգացել:
1998թ-ից սկսեցի դասախոսել Հայաստանի Ամերիկյան համալսարանում` բուհի ղեկավարի հրավերով: Այդ ժամանակ ես արդեն դասավանդում էի Սորբոնի, Փարիզ 9-Դոֆին և Սենթ Ժոզեֆ համալսարաններում (Universite Saint Joseph): Իսկ ահա 1999թ. Հայաստանում հիմնեցի «Մենեջմենթ Միքս» ընկերությունը, որը 1997թ-ից արդեն իսկ գործունեություն էր ծավալում Լիբանանում, Արաբական Էմիրություններում, Ալժիրում կառավարման միջազգային ստանդարտների, կառավարման համակարգերի ներդրման և Հայաստան ներդրումներ ներգրավելու ուղղություններով: Այն արդեն 20 տարի գործում է Հայաստանում, որի շրջանակներում մենք համագործակցել ենք ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերի հետ: Մեր գործընկերներն են եղել` «Գրանդ Հոլդինգ» ՍՊԸ-ն, «ՎիվաՍել-ՄՏՍ» ՓԲԸ-ն, «ԱԳԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ը, «Ամերիաբանկ»-ը, «Աստղիկ» ԲԿ-ն, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն, «Արմենիա Վայն» ՍՊԸ-ն, «Նոյան» հյութեր արտադրող ընկերությունը և այլ 100-ից ավել ընկերություններ:

-Առաջիկայում ի՞նչ ներդրումային ծրագրեր պետք է իրականացվեն Հայաստանում:

-2018թ. Հայաստանում իր գործունեությունն է սկսել արտաքին գովազդներով զբաղվող «Պիկասսո» ընկերությունը, որը սովորականից տարբերվող առաջարկով է մուտք գործում գովազդային շուկա և պատրաստվում է հանդես գալ նորարարական առաջարկություններով:
Ներդրում է կատարել նաև մեր ընտանիքը. հիմնել է չժանգոտվող պողպատից սարքավորումների արտադրություն, որը կծածկի Հայաստանի և ԱՊՀ շուկաները:
Մենք ևս ունենք գովազդային ընկերություն հիմնելու ծրագիր, որի գործունեությունը, սակայն, կծավալվի հիմնականում արտաքին շուկայում` մասնագիտանալով թվային գովազդի մեջ:

-Ձեր նախաձեռնությամբ իրականացվում են նաև կրթական հետաքրքիր ծրագրեր: Կմանրամասնե՞ք:

-2017թ. մենք հուշագիր ստորագրեցինք Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ, ըստ որի` համալսարանի Հանրային առողջապահության ֆակուլտետի ուսումնական գործընթացում ներդրվեց «Բուժհաստատությունների կառավարում» ծրագիրը, որի ավարտին շնորհվում է «Բիզնես վարչարարության մագիստրոս» (MBA) որակավորումը: Ծրագրի նպատակն է պատրաստել առողջապահության ոլորտի կառավարիչներ, որն էլ իր հերթին, որակապես նոր մակարդակի կհասցնի բուժհաստատությունների կառավարումը:
Այս տարի մենք նպատակ ունենք ընդլայնել այդ ծրագիրը, որին ուղղված` եռակողմ հուշագիր ենք կնքել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Հայ-Ռուսական համալսարանի հետ: 2019-2020 ուստարում կստեղծվի մասնագիտական երկու ուղղվածություն` տեղեկատվական, ինովացիոն տեխնոլոգիաներ և ֆինանսական և բանկային համակարգ, կրթական ծրագրերը, որոնց ավարտին նույնպես շրջանավարտներին կշնորհվի «Բիզնես վարչարարության մագիստրոս» (MBA) որակավորումը: Հուսով եմ` 2019թ. աշնանը կունենանք նոր ծրագրի իրականացման մեկնարկը:


Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...