15:32
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Իմ կատարած աշխատանքի լավագույն գնահատականը` այցելուներիս գոհունակությունն է

2019-02-15 11:36

   «Դե Ֆակտո» N 147 (01/2019թ.) 

Աչքերը, լինելով մարդու հոգու հայելին, աշխարհն ընկալում են յուրովի` իր իսկ գույներով, ավաղ այն կախված է ոչ միայն մարդու անհատականությունից, այլ նաև առողջական վիճակից:
Մեր այսօրվա զրուցակիցը բժիշկ-ակնաբույժի մասնագիտությունը ժառանգել է ծնողներից. մայրը բժիշկ է, հայրը հայտնի ակնաբույժ, իսկ պապը` Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Սերգեյ Մալայանն է:
Նրա աշխատանքի կարևոր սկզբունքն է` արդարացնել իրեն տրված ազգանունը:

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի էքսիմեր-լազերային վիրաբուժության և ախտորոշման բաժանմունքի վարիչ, բժիշկ-ակնաբույժ, բ.գ.թ. Ելենա Մալայանը:

Երազում եմ, որ աղջիկս երջանիկ լինի իր ստեղծած գեղեցիկ ընտանիքում:

-Տիկի՛ն Մալայան, Դուք սերում եք բժիշկների ընտանիքից, Ձեր պապն ակնաբուժության ոլորտի ականավոր գործիչ, Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Սերգեյ Մալայանն է, հայրը` հայտնի ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը. արդյո՞ք իրենց խորհրդով եք ընտրել ակնաբույժի մասնագիտությունը:

-Մասնագիտության ընտրության հարցում երբեք չեմ տարակուսել, դեռ վաղ դպրոցական տարիքից հաստատակամ որոշել էի բժիշկ դառնալ: Սերս դեպի բժշկի մասնագիտությունը, կարծում եմ փոխանցվել է ինձ գենետիկորեն:
Մասնագիտության ընտրության հարցում ծնողներս երբևէ չեն ուղղորդել ինձ, դա կատարվել է միայն իմ ցանկությամբ:

-Այս տարի լրացել է Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի 40-ամյակը, ի՞նչ ձեռքբերումներ կառանձնացնեք կենտրոնի համար:

-Այդ տարիների ընթացքում հիվանդանոցը բազմաթիվ ձեռքբերումներ է ունեցել:
Այս տարի ևս` արդիականացվել և ձեռք են բերվել 3-4 նորագույն բուժսարքավորումներ:
Էքսիմեր-լազերային վիրաբուժության և ախտորոշման բաժանմունքը համալրվեց վերջին սերնդի էքսիմեր-լազերային սարքով, որը բավականին ընդլայնեց մեր գործունեության հնարավորությունները:

-Ի՞նչ ծառայություններ են գործում էքսիմեր-լազերային վիրաբուժության և ախտորոշման բաժանմունքում:

-էքսիմեր-լազերային բաժանմունքում իրականացվում են կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի շտկում` վիրահատական միջամտությամբ:
Բոլոր վիրահատությունները կոչվում են Էքսիմեր-լազերային, դա նշանակում է, որ ճառագայթի օգնությամբ փոխվում է եղջերաթաղանթի բեկող ուժը:
Հաստատակամ կարող եմ ասել, որ չկա էքսիմեր-լազերային վիրահատության տեսակ, որ մեր կենտրոնում չկատարվի:
Էքսիմեր-լազերային վիրաբուժության և ախտորոշման բաժանմունքում կատարվում են նաև եղջերաթաղանթի կոլագենային (cross linking) վիրահատություններ, որոնք ցուցված են կերատոկոնուսի, կերատոգլոբուսի և եզրային թափանցիկ դեգեներացիայի դեպքում: Այն հնարավորություն է տալիս բարձրացնել եղջերաթաղանթի մեխանիկական ամրությունը: Cross linking միջամտությունն անցավ է, արվում է ամբուլատոր պայմաններում և տևում է 40-60 րոպե: Ակնաբուժության մեջ մեծ քայլ է կերատոկոնուսի ոչ վիրահատական բուժումը, որը կանխում է հիվանդության զարգացումը և չեզոքացնում փոխպատվաստման անհրաժեշտությունը: Ունենք նոր ախտորոշիչ սարք, որը թույլ է տալիս հայտնաբերել հիվանդությունը զարգացման վաղ փուլում, երբ հիվանդը նույնիսկ գանգատներ չունի:
Արդեն շուրջ 5 տարի մեր կենտրոնում կատարվում է նաև կեռարինգ վիրահատությունը, որը հանդիսանում է կեռատոկոնուսի բուժման ևս մի տեսակ:

-2011 թվականին Դուք առաջին անգամ Հայաստանում կիրառեցիք էքսիմեր-լազերի (LASIK) միջոցով կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի շտկում: Ինչո՞վ պետք է առաջնորդվի հիվանդը լազերային վիրահատություն ընտրելիս:

-Հայաստանում 2011թ. հուլիսից, առաջին անգամ մեր բաժանմունքում է կատարվել LASIK վիրահատություն, որը հնարավորություն է տվել շտկել մինչև 14.0 (ներառյալ) դիոպտրայի կարճատեսություն, 6.0 դիոպտրիայի աստիգմատիզմ և մինչև 7.5 հեռատեսություն:
Հիվանդի ցանկությունից հետո կատարվում են հետազոտություններ, որից հետո որոշվում է, թե որ վիրահատության տեսակն է նրան համապատասխանում:

-Ակնաբուժության բնագավառում լազերային տեխնոլոգիաների ներդրման համար արժանացել եք պատվոգրի, առհասարակ ի՞նչ նշանակություն ունեն պարգևները Ձեզ համար:

-Յուրաքանչյուր պարգև ինձ համար շատ կարևոր է և թանկ, նաև պարտավորեցնող, որպեսզի էլ ավելի մեծ եռանդով աշխատեմ: Ցանկացած բժիշկ իրեն գնահատված և բավարարված է զգում երբ արժևորվում է իր կատարած աշխատանքը, սակայն իմ կատարած աշխատանքի լավագույն գնահատականը այցելուներիս գոհունակությունն է:

-Իսկ հաճա՞խ եք մեկնում վերապատրաստումների:

-Ես շատ հաճախ եմ մասնակցում վերապատրաստումների: Բժիշկի համար յուրաքանչյուր վերապատրաստում` լինի դրսում, թե այստեղ, շատ կարևոր է, այն տալիս է մեծ փորձ, հմտություններ, որոնք ներդրվում են բժիշկի աշխատանքային գործունեության մեջ:

-Բժշկությունն օր օրի զարգանում է, ի հայտ են գալիս նորարարական բազում մեթոդներ, եթե համեմատենք միջազգային չափորոշիչների հետ, ապա այսօր ի՞նչ մակարդակի վրա է գտնվում ակնաբուժության ոլորտը Հայաստանում:

-Կարող եմ միայն խոսել մեր հիվանդանոցի մասին` ասեմ, որ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին, չկա ակնաբուժության հետ կապված այնպիսի վիրահատություն, որ մեր կենտրոնում չկատարվի: Ասածիս վկայությունն այն է, որ տարեց տարի մեր կենտրոնում ավելանում են արտերկրից ժամանած հիվանդների թիվը:

-Եթե ամփոփենք 2018 թվականը, ինչպիսի՞ն էր տարին Ձեզ համար և ի՞նչ ծրագրեր ունեք 2019-ին:

-Մասնագիտական առումով կարող եմ ասել, որ բավականին հաջող տարի էր, արտառոց և բացասական խնդիրներ չենք ունեցել: 2018թ. նշվեց Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի 40 ամյակը, որը մեր ընտանիքի համար շատ կարևոր իրադարձությունն էր: Ինձ համար այդ օրը կրկնակի նշանավորվեց, քանի որ աղջիկս, ով նույնպես ընտրել է ակնաբույժի մասնագիտությունը, այդ օրը, որպես ապագա ակնաբույժ, մասնակցեց այդ միջոցառմանը:
Կցանկանամ, որ 2019 թվականը Հայաստանի համար, գիտական առումով դառնա նշանակալի տարի, քանի որ եթե գիտությունը չզարգանա, բժշկությունը նույնպես չի զարգանա, առհասարակ գիտությունն ու բժշկությունը փոխկապակցված են:
Նաև ցանկանում եմ նշել, որ 2019 թվականի հուլիս ամսին տեղի կունենա շատ կարևոր համագումար, միջազգային հայ բժիշկները կմասնակցեն այդ համագումարին, որը շատ կարևոր ձեռքբերում կլինի:

-Դուք Ձեր մասնագիտությունը ժառանգել եք Ձեր հայրիկից, ի՞նչ խորհուրդներ է նա Ձեզ տվել:

-Իմ վիրաբուժական առաջին քայլերը եղել է հայրիկիս հետ: Բժշկական գիտելիքներից զատ, հայրիկս ինձ սովորեցրել է, թերևս ամենակարևորը` թե ինչպիսին պետք է լինի բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունները.
Գիտեք` բժշկական էթիկան շատ կարևոր է, կարող ես լինել լավագույն վիրաբույժը, սակայն, եթե հիվանդ-բժիշկ փոխհարաբերությունները կառուցված չեն ամուր հիմքերի վրա, ապա շատ դժվարությունների առջև կարող ես կանգնել:

-Ինչպիսի՞ն է Ելենա Մալայանը աշխատանքից դուրս, ի՞նչ նախասիրություններ ունեք:

-Սիրում եմ ազատ ժամանակս անցկացնել ընտանիքիս անդամների, ընկերներիս հետ: Նախասիրություններս շատ են, սակայն կառանձնացնեմ ճանապարհորդությունը, քանի որ ծանոթանալ տարբեր երկրների մշակույթին, ապրելակերպին ինձ համար այլ հաճույք է:
Առհասարակ սիրում եմ կյանքն իր ողջ ներկապնակով:

-Տիկի՛ն Մալայան, ինչպե՞ս եք կարողանում մասնագիտությունն ու ընտանիքը համատեղել, արդյո՞ք հասցնում եք:

-Գիտեք, երբ ինչ-որ աշխատանք կատարում ես սիրով, ժամանակը միշտ բավականացնում է, իհարկե լինում են դեպքեր, երբ չես կարողանում ժամանակդ բաշխել այնպես, որ ոչ աշխատանքդ, ոչ ընտանիքդ չտուժի, սակայն ամեն ինչ հաղթահարվում է: Ինձ համար շատ կարևոր է, որ աշխատանքային խնդիրները երբեք չմտնեն իմ ընտանիք և հակառակը:

-Ինչի՞ մասին եք երազում այսօր:

-Որպես ծնող` երազում եմ, որ աղջիկս երջանիկ լինի իր ստեղծած գեղեցիկ ընտանիքում և որպես հայ մարդ` ցանկանում եմ, որ մենք ապրենք խաղաղ ու ապահով երկրում:

-Տիկի՛ն Մալայան, ըստ Ձեզ, ի՞նչ է պետք կնոջը երջանիկ լինելու համար:

-Երջանիկ լինելու համար, անկախ սեռից, ինձ թվում է հարկավոր է հոգու հանգստություն, եթե մարդու հոգին հանգիստ է և ներդաշնակ, ապա նա երջանիկ է:

-Տիկի՛ն Մալայան, և վերջում` ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:

-Նախ և առաջ, որպես բժիշկ ցանկանում եմ առողջություն, այնուհետև վերջին ամիսներին երկրում տեղի ունեցող իրադարձությունները թո՛ղ լինեն արդարացված և մեր երիտասարդներն ապրեն բարեկեցիկ և ապահով Հայաստանում:
Եվ թո՛ղ մեր կյանքում ավելի շատ առիթներ լինեն Աստծուն շնորհակալություն հայտնելու, քան ինչ-որ բան խնդրելու:


Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...