21:28
12/30/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ո՞րն է գեղեցկության գինը

2013-01-18 11:12

«Մադամ Դե Ֆակտո» N1

Հարցազրույց պլաստիկ վիրաբույժ Կարեն Դանիելյանի հետ

-Ի՞նչ պլաստիկ վիրահատություններ են կատարում Հայաստանում: 

- Բնականաբար քթի, որը ամենահաճախ կատարվող վիրահատությունն է (չորս հաճախորդներից գրեթե յուրաքանչյուր երրորդը քթի համար է դիմում վիրաբույժին), որովայնի առաջնային պատի պլաստիկա, կրծքի վիրահատություն, լիպոսակցիա, դեմքի` մաշկի ձգում, ականջների (լոշտակության) շտկում: Բացի վերը թվածից գործում են նաև ոչ վիրահատական մեթոդներ` սրսկումներ: Սա բավականին արդյունավետ մեթոդ է, կիրառվում է դեմքի վրա, կանխում է կնճիռների գոյացումը և հարթում մաշկը:

-Պարո՛ն Դանիելյան, ինչ՞ով կբացատրեք այն, որ շատ վիրահատված քթեր այնուամենայնիվ զգացնել են տալիս, որ պլաստիկ միջամտության արդյունք են:

- Դա հիմնականում մասնագետի թերությունն է: Քիթը վիրահատելիս վիրաբույժը ունենում է երկու նպատակ` քիթը պետք է լինի բնական, չերևա, որ վիրահատված է, և այն պետք է համաչափ լինի դիմագծերի հետ: Սակայն հաճախ վիրաբույժը փորձում է փոքրացնել քիթը ավելի, քան պետք է, կամ որոշակի ձևաչափերի մեջ է սխալ թույլ տալիս: Դեմքն ունի իր ձևաչափերը, որը դեռ հաշվարկել է Լեոնարդո դա Վինչին և լավ արդյունք ստանալու համար դրանք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել:

-Իսկ մաշկը նշանակություն ունի:

-Շատ մեծ նշանակություն ունի: Հայերի մաշկը հաստ է և ճարպոտ, իսկ դա կոնկրետ քթի վիրահատության դեպքում խանգարող հանգամանք է:  Վիրահատությունը կատարվում է հետևյալ կերպ. անզգայացումից հետո արվում է կտրվածք, բարձրացնում ենք մաշկը, տակից հեռացնում ենք  ոսկրի ավելորդ հատվածը, կռճիկները և մաշկը նորից իջեցնում ենք: Մաշկը ավելցուկը չենք հեռացնում, այն ընթացքում պարզապես կրճատվում է, և քիթն ընդունում է իր նոր ձևը: Իսկ ճարպոտ և հաստ մաշկը բավականին դժվար է կրճատվում, իսկ դա նշանակում է, որ քթի մեջքի գիծը կարող է ստացվել ոչ թե հարթ, այլ խորդուբորդ: Այս ամենի մասին իհարկե բժիշկը նախապես տեղեկացնում է հիվանդին և առհասարակ բոլոր հնարավոր բարդությունների, վտանգների, և հնարավոր հակառակ արդյունքների մասին նա պարտավոր է զգուշացնել հիվանդին, որից հետո վերջինս  ինքն է տնօրինում իր կամքը:

-Ի՞նչ հետվիրահատական բարդություններ կարող են առաջանալ:

-Կարող են առաջանալ շնչառական բարդություններ, որոնք  էլ իրենց հերթին կարող են առաջ բերել մի շարք այլ խնդիրներ: Դրա համար բժիշկը վիրահատության ընթացքում շատ ուշադիր պետք է լինի և գործի շատ զգուշորեն, որպեսզի չխախտի քթի անատոմիան:

-Շատերն այն համոզմունքին են, որ կրծքերի մեծացումից, այսինքն իմպլանտների տեղադրումից հետո ալևս հնարավոր չի լինում երեխային կրծքով կերակրել, կինը ստիպված է լինում պարբերաբար դեղեր ընդունել և բացի դրանից սիլիկոնները մեծացնում են ուռուցքի հավանականությունը. որքանո՞վ է սա ճիշտ:  

-Կրծքի մեծացման ընթացքում կաթնածորանները չեն վնասվում, սիլիկոնը տեղադրվում է  մկանի տակ: Չծննդաբերած կանայք կարող են նման վիրահատություն տանել և դրանից հետո երեխա ունենալ ու առանց որևիցե խնդրի կերակրել երեխային: Ինչ վերաբերվում է ուռուցքի հավանականության բարձրացմանը, ես կարող եմ վստահեցնել, որ այդպիսի բան չկա: Աշխարհում դեռ շատ վաղուց  հազարավոր կանանց վրա անց են կացրել բոլոր հնարավոր հետազոտությունները և ապացուցել, որ իմպլանտները ոչ մի բացասական ազդեցություն չեն հասցնում օրգանիզմին և ոչ մի տոկոսով  չեն բարձրացնում ուռուցքի հավանականությունը: Անգամ, եթե սիլիկոնի արտահոսք է տեղի ունենում, այդ դեպքում էլ օրգանիզմին ոչ մի վտանգ չի սպառնում: Ուղղակի կուրցքը կարող է մի քիչ դեֆորմացվել, սակայն նոր թողարկվող սիլիկոնները թույլ են տալիս խուսափել նաև դրանից: Վերջիններս այսպես ասած ՙհիշողությունե ունեն, ինչը նշանակում է, որ սիլիկոնի վնասվելուց հետո ներսի զանգվածը չի տարածվում և մնում է իր դիրքում: Իմպլանտը կարող է առաջացնել այլ խնդիր: Վերջիններս, այնուամենայնիվ լինելով օրգանիզմում օտար մարմիններ, կարող են իրենց շուրջ ստեղծել ֆիբրոզ կապսուլա, որի հետևանքով վիրահատությունից երկու-երեք տարի անց հնարավոր է կրճատվեն և շրջագծային դիֆորմացիաներ առաջացնեն, ինչը կպահանջի երկրորդ վիրահատություն: Այս հնարավոր բարդությունը կախված է օրգանիզմի յուրահատկությունից: Ինչ վերաբերում է  դեղեր խմելուն, ասեմ, որ նման բան չկա, սիլիկոնների տեղադրումը չի պահանջում նաև հատուկ խնամք, ուղղակի պետք է վիրահատությունից հետո պարբերաբար բժշկին այցելել:

-Իսկ, ո՞ր դեպքում են կաթնագեղձերը վնասվում:

-Վնասվում են այն ժամանակ, երբ կատարում ես կրցքագեղձի փոքրացնում կամ ձգում: Այդ վիրահատության ընթացքում հատում ես ծորանները, որից էլ նրանք վնասվում են: Երիտասարդ կանանց և աղջիկների  մոտ լինում է հիպերտրոֆիա (կրցքագեղձի մեծացում): Կուրծքը այնքան մեծ ու ծանր է լինում, որ նրանք ցավեր են ունենում մեջքի շրջանում, թևերի հատվածում, ծանրությունից կրծքկալը ուսերի շրջանում փոսեր է առաջացնում, կրծքագեղձերի տակ քրտնում է, առաջացնելով վերքեր, ինչը վտանգավոր է: Եթե աղջիկները շատ են տառապում, ավելի ճիշտ է նրանց վիրահատելը, հակառակ դեպքում կարող են բարդություններ առաջանալ:

-Պարո՛ն Դանիելյան, ո՞ր դեպքերում են դիմում լիպոսակցիայի միջամտությանը: Պատահում է, երբ բավականին երիտասարդ աղջիկները մի քիչ գիրանալու դեպքում ցանկանում են լիպոսակցիա անել, տվյալ դեպքում վիրաբույժը պե՞տք է կատարի նրանց ցանկությունը:

-Այս մեթոդը նիհարեցնելու համար չէ, այլ որոշ տեղերում (որովայնի ստորին հատված, գոտկատեղ, կզակ, ազդրեր և այլ տեղեր) լոկալ ճարպերի կուտակումները հեռացնելու համար. օրինակ, եթե ընդհանուր դեմքը գեր է, լիպոսակցիայի միջոցով չես կարող այն նիհարեցնել, բայց, եթե կզակի հատվածում ճարպեր են կուտակվել, այդ դեպքում լիպոսակցիայի կիրառումը տեղին կլինի: Որպեսզի  սպորտի միջոցով ազատվես տվյալ հատվածներում կուտակված ճարպից, պետք է բավականին տանջալից, երկարատև վարժություններ կատարել, որից հետո, եթե դրանք նույնիսկ օգնեն, միևնույն է, ամբողջությամբ ճարպային կուտակումից չեն ազատի: Լիպոսակցիան  ավելորդ ճարպերից ազատվելու արագ, արդյունավետ և անվտանգ մեթոդ է: Վերջինիս միջոցով հեռացված ճարպը սովորաբար չի վերականգնվում: Իսկ, երբ երիտասարդ աղջիկները կամ կանայք դիմում են լիպոսակցիայի օգնությանը անգամ մի քիչ գիրանալու դեպքում, բժիշկը պետք է հիվանդին ցույց տա ոչ թե վիրահատարանի, այլ մարզասրահի դուռը: 

-Վերջերս հեռուստատեսությամբ ցույց էին տալիս մի կնոջ, որի վերքերը լիպոսակցիայից հետո բավական երկար ժամանակ չէին լավանում: Ինչի՞ հետ է դա կապված:

- Ընդհանրապես շատ գեր մարդկանց մոտ վերքերը լավանում են ավելի ուշ, քանի որ ճարպի հաստ շերտը խանգարում է մաշկի նորմալ արյան մատակարարմանը:: Այդ ամենի մասին բնականաբար նախքան վիրահատությունը հիվանդը տեղեկանում է:

-Հայաստանում սեռափոխություն չե՞ն անում:

-Ո՛չ, քանի որ նման վիրահատություններ կատարելու օրենք չի սահմանված, հետևաբար նաև չի թույլատրվում դրանք անցկացնել: Սակայն տեխնիկապես նման վիրահատություն կատարել Հայաստանում հնարավոր է, համենայն դեպս մեր վիրաբույժների գիտելիքները և փորձը դա թույլ են տալիս:

-Ձեր ամենահիշվող վիրահատությունը:

-Անցյալ տարի մի կնոջ որովայնի դիմացի պատից հեռացրեցինք 27 կգ ճարպ և մաշկ: Նրա մոտ հիմնականում հետծննդաբերական խնդիր էր: Մի քանի երեխա էր ունեցել և  նստակյաց կյանք էր վարում: Որովայնը, հետզհետե մեծանալով, պարկի նման կախվել էր: Այդ կինը տառապում էր, չէր կարողանում որևց է գործ անել, անգամ լողանալ չէր կարող: Պատկերացնո±ւմ եք, ինչ է նշանակում քսանյոթ կիլոգրամ ծանրություն քեզ վրա կրել: Վիրահատությունից հետո թիթեռնիկի պես թռավ հիվանդանոցից: 

-Հղիությունից առաջ և հետո որքա՞ն ժամանակ չի կարելի վիրահատվել:  

-Հղիությունից հետո պետք է անցնի մի քանի ամիս, որպեսզի կնոջ օրգանիզմը հանգստանա և վերականգնվի, որից հետո նոր կարելի կլինի վիրահատել: Իսկ հղիությունից առաջ խորհուրդ է տրվում սպասվող հղիությունից գոնե վեց ամիս առաջ չվիրահատվել:  

-Պարո՛ն Դանիելյան, շատերն այն կարծիքին են, որ վիրաբույժի մասնագիտությունը կնոջն այնքան էլ չի համապատասխանում, և որ կինը այնքան էլ լավ վիրաբույժ չի կարող լինել, իսկ ինչպիսի՞ն է ձեր կարծիքն այս հարցում:

-Ես տեսել եմ շատ լավ կին վիրաբույժներ, Ամերիկայում, Հունաստանում, որոնք աշխատում են շատ բարձր մակարդակով և շատ գեղեցիկ: Հայաստանում ևս կան լավ կին վիրաբույժներ: Պլաստիկ վիրահատության շրջանակներում գործող կին վիրաբույժների դեռ չեմ ճանաչում, բայց շատ կանանց գիտեմ, ովքեր պարապում են, կարդում են և այդ ոլորտում մասնագիտանում են, և ես վստահ եմ, որ նրանք կդառնան փայլուն մասնագետներ:  

 

 Ուզում եմ տեղեկացնել, որ մենք, ինչպես նախորդ հինգ տարիների ընթացքում, այս տարի ևս կազմակերպում ենք մրցույթ` ՙամենահայկական քիթ՚ խորագրով: Մրցույթին մասնակցելու ընդունելությունը տեղի կունենա մայիսի մեկից մինչև ամսվա վերջ, իսկ վիրահատությունները` սեպտեմբերի մեկից մինչև օգոստոսի վերջ: Մրցույթին ներկա է լինելու ժյուրիի կազմ ` բաղկացած բժիշկներից, արվեստագետներից: Սահմանված են երեք տեղեր, որոնցից առաջին տեղ զբաղեցնող անձը, որը կունենա համապատասխանաբար ամենահայկական քիթ, կստանա անվճար վիրահատվելու հնարավորություն, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած անձինք կստանան 75-50 տոկոս զեղչեր, իսկ մնացած բոլոր մասնակիցները` 50-ական տոկոս զեղչ: Այս մրցույթի ընթացքում սովորաբար վիրահատվում է 500-1000 մարդ:  

Հարցազրույցը՝ Լիլիթ Սաֆարյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...