09:14
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՏԱՐՎԱ ԲԺԻՇԿԸ` 2018-ի ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈԼՈՐՏԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՎ ԵՐԱԶԱՆՔԻ ՄԱՍԻՆ

2019-02-07 12:00

ՏԱՐՎԱ ԲԺԻՇԿԸ` 2018-ի ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈԼՈՐՏԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ
ԵՎ ԵՐԱԶԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Իր մասնագիտությանը հավերժ սիրահարված, իսկական բժշկին հատուկ հոգատարությամբ և ազնիվ մարդուն բնորոշ անկեղծությամբ տարբերվող քիթ-կոկորդ-ականջաբան, պլաստիկ վիրաբույժ, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ԼՕՌ և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Կարեն Մուրադյանը «Դե Ֆակտո» ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա բժիշկ»: Նրա հետ անկեղծ ու հետաքրքիր զրույց ունեցանք, որը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

 

-Պարո՛ն Մուրադյան, զարգացած առողջապահական համակարգը յուրաքանչյուր երկրի համար ռազմավարական նշանակություն ունի, և դրա կայացմանը նպաստող ցանկացած ներդրում` մասնագիտական, ֆինանսական, արժանի է բարձր գնահատականի: Հաշվի առնելով Ձեր հաջողությունները քիթ-կոկորդ-ականջաբանության և պլաստիկ վիրաբուժության ոլորտում, «Դե Ֆակտո» ամսագիրը Ձեզ ճանաչել է «Տարվա բժիշկ»: Դուք նաև Համազգային վստահություն խորհրդի կողմից եք այս տարի ճանաչվել «Տարվա լավագույն քիթ-կոկորդ-ականջաբան»: Ինչո՞վ եք պայմանավորում այդ հաջողությունները, և եթե ամփոփեք տարին, ուրիշ ի՞նչ ձեռքբերումներ կնշեք:

-Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել «Դե Ֆակտո» ամսագրին նման հաճելի և պարտավորեցնող պարգևի համար. կարևոր է, երբ գնահատվում է բժշկի աշխատանքը: Իսկ թե ինչով եմ պայմանավորում նման հաջողությունները, ապա, երևի թե, արդյունավետ աշխատանքով: Ես մեծ նվիրումով եմ աշխատում, ամեն օր ձգտում էլ ավելի կատարելագործել հմտություններս, չեմ դադարում սովորել, հարստացնել գիտելիքներիս պաշարը և կարծում եմ` ստացածս պարգևներն այդ ամենի վկայությունն են:
2018թ.-ը պարգևներից բացի, ինձ համար նշանավորվեց նաև այլ ձեռքբերումներով: Պետք է նշեմ, որ 2017թ.-ի համեմատ` 2018թ.-ին արձանագրվեց իմ աշխատանքի պահանջվածության աճ. ինձ դիմած հիվանդ/այցելուների թիվը կրկնակի անգամ ավելացավ, ինչն աշխատանքիս լավագույն գնահատականն է: Կարծում եմ` յուրաքանչյուր բժշկի համար դրանից ավելի բարձր և արժեքավոր գնահատական չի կարող լինել, քանի որ բժշկի ոգեշնչման աղբյուրը առողջացած ու գոհունակ հիվանդն է:
Կարևորում եմ նաև Մոսկվայի հայտնի կլինիկաներից մեկից ստացածս աշխատանքային համագործակցության հրավերը, որի շրջանակներում արդեն մեկ անգամ մեկնել եմ Մոսկվա, կատարել վիրահատություններ: Համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու` 2019թ. հունվար ամսին երկրորդ այցս կլինի այդ կլինիկա:
2018թ. տեղի ունեցավ Քիթ-կոկորդ-ականջաբանների միջազգային համաժողովը, որին մասնակցեցի Հայաստանի քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիայի նախագահ Արթուր Շուքուրյանի հրավերով: Համաժողովը հետաքրքիր էր, ուսանելի, քանի որ մեկ հարկի տակ համախմբվել էին մեր մասնագիտական ոլորտի լավագույն բժիշկները:

-Դուք մասնակցեցիք ևս մեկ մասնագիտական քննարկման և հետաքրքիր տեսակետներ հայտնեցիք ՀՀ առողջապահական համակարգում առկա խնդիրների վերաբերյալ: Կպատմե՞ք այդ մասին:

-Այո՛, ճիշտ եք, դա խմբագրություններից մեկի կողմից ստեղծված հարթակ էր, որտեղ քննարկում էր կազմակերպված ՀՀ առողջապահության ոլորտի խնդիրների շուրջ: Հրավիրված էին հիմնականում բուժկենտրոնների տնօրեններ, ոլորտի մասնագետներ, որոնց թվում էի նաև ես: Ես բարձրաձայնեցի ոլորտում առկա երկու կարևոր խնդիր. առաջինը` միջին և կրտսեր բուժանձնակազմի անուշադրության կենտրոնում հայտնվելու հարցը, մյուսը` իմ մասնագիտական ոլորտում առկա լճացման վտանգը, որին, մասնավորապես, նպաստում է նեղ մասնագետների կողմից իրենց մասնագիտական ուղղվածությունից դուրս գործունեություն ծավալելու հարցը: Օրինակ` ես քիթ-կոկորդ ականջաբան եմ, և ինձ երբևէ թույլ չեմ տա կատարել վահանաձև գեղձի վիրահատություն, թեև իմ մասնագիտական տարածքում է այն գտնվում` կոկորդի շրջանում: Սակայն այսօր մենք նկատում ենք, որ օրինակ` դիմածնոտային վիրաբույժը զբաղվում է ականջի պլաստիկայով կամ ԼՕՌ մասնագետը` դիմածնոտային վիրաբուժությամբ: Կարծում եմ` ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով` չվտանգելով դիմացինի առողջությունը և իր սխալով ստվեր չգցի իրական մասնագետների աշխատանքի վրա:


Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ԼՕՌ և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքում իրականացվում է

ԼՕՌ հիվանդությունների ամբուլատոր և վիրահատական բուժում, ինչպես նաև պլաստիկ վիրահատությունների ամբողջ ծավալը:


-Դուք Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ԼՕՌ և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավարն եք: Ի՞նչ վիրահատություններ են այնտեղ կատարվում, ի՞նչ գանգատներով են Ձեզ դիմում:

-Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ԼՕՌ և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքում իրականացվում է ԼՕՌ հիվանդությունների թե՛ ամբուլատոր, և թե՛ վիրահատական բուժում, ինչպես նաև բաժանմունքում իրականացվում է պլաստիկ վիրահատությունների ամբողջ ծավալը:
Ինչ վերաբերում է դիմողների խնդիրներին, ապա քանի որ վերջին ժամանակահատվածում ես կենտրոնացել եմ ավելի շատ քթի պլաստիկ վիրահատությունների վրա, ապա ինձ դիմողների մեծամասնությունը այդ խնդրով են գալիս, կատարում եմ սեպտո և ռինոպլաստիկա (սեպտոպլաստիկա` միջնապատի թեքվածության ուղղում, ռինոպլաստիկա քթի արտաքին տեսքի փոփոխություն):

-Արդյո՞ք ռինոպլաստիկ վիրահատությունների բոլոր դեպքերն են արդարացված:

-Դա շատ նուրբ հարց է. եթե մարդը դիմում է բժշկի, ուրեմն` նա ունի խնդիր` հոգեբանական, էսթետիկ, առողջական, և բժշկի առաքելությունն է լսել և օգնել նրան: Ես երբևէ իմ սուբյեկտիվ կարծիքը չեմ պարտադրում որևէ մեկին, սակայն փորձում եմ ընկերաբար և մասնագիտորեն հասկանալ անձի մոտիվը, ձգտում եմ հարցերիս հաջորդականությամբ օգնել, որ նա ինքն իրեն հասկանա. ի՞նչ է իրեն պետք և ինչո՞ւ: Հնարավորություն և ժամանակ եմ տալիս մտածելու և վերջնական որոշում կայացնելու: Շատ հաճախ խնդիրը զուտ հոգեբանական է լինում, քանի որ մարդիկ բարդույթավորվում են իրենց արտաքին տեսքից` իջնում է ինքնագնահատականը, տուժում են միջանձնային փոխհարաբերությունները, չեն կարողանում որևէ հաջողության հասնել, դրա համար շատ կարևոր է խոսել այդ ամենի մասին, գիտակցաբար մոտենալ խնդրին` կայացնելով արդյունավետ որոշում:

 

Յուրաքանչյուր բժիշկ ունի իր ձեռագիրը, որը ճակատագրական նշանակություն ունի նրա համար:

 

-Տեղյակ եմ, որ Ձեզ հաճախ են դիմում նաև արտերկրից ժամանած այցելուները: Հետաքրքիր է, հայե՞րն են առավել պահանջկոտ, թե՞ արտասահմանցիները:

-Պետք է նշեմ, որ պահանջկոտության առումով հայերն առաջին տեղում են` նրանք ավելի տեղեկացված են և ունեն հստակ պահանջներ, իսկ այլ երկրներից ժամանած այցելուներին ավելի հեշտ է գոհացնել, նրանք ավելի շատ են հավատում և վստահում բժշկին:

-Հետաքրքիր է, կբացահայտե՞ք Ձեր գաղտնիքը` ինչպես եք հասնում ցանկալի արդյունքի կամ ինչ է կատարվում վարագույրից այն կողմ:

-Ինձ ճանաչողները կփաստեն, որ գործին նվիրվում եմ անմնացորդ և ներդնում բոլոր ջանքերս, անում հնարավորն ու անհնարինը լավագույն արդյունքի հասնելու համար, որտեղ ըստ իս շատ կարևոր է պահպանել միջանձնային, մարդկային ազնիվ և արդար փոխհարաբերությունները թե այցելուների և թե կոլեգաների ու աշխատակիցների հետ: Հաջողության հասնելու համար գաղտնիք չէ նաև, որ յուրաքանչյուր բժիշկ-վիրաբույժ ունի իր ձեռագիրը, որը ճակատագրական նշանակություն ունի նրա համար, սակայն, ինչպես գիտեք, բժշկությունը ճշգրիտ գիտություն չէ, և անհնար է նաև խուսափել բարդություններից, որոնք պատահում են թե՛ սկսնակ և թե՛ փորձառու բժիշկների աշխատանքում, պարզապես պետք է նման իրավիճակներում ճիշտ կողմնորոշվել և կարողանալ արդյունավետ լուծում գտնել:

-Դուք աշխատում եք նաև «Սլավմեդ» բժշկական կենտրոնում: Ինչպե՞ս եք հասցնում այնտեղ ևս հիվանդներ ընդունել:

-«Սլավմեդ»-ում ևս ակտիվ աշխատում եմ, սակայն համեմատաբար ավելի քիչ ժամանակ եմ անցկացնում այնտեղ: Անհամբերությամբ սպասում եմ «Սլավմեդ»-ի նոր մասնաշենքի բացմանը, մասնավորապես` ԼՕՌ և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի ստեղծմանը: Ես և իմ ընտանիքը պատրաստակամ ենք մեր փորձն ու գիտելիքները ներդնելու բուժկենտրոնի զարգացման և ՀՀ առողջապահական համակարգում իր արժանի տեղը գրավելու համար:
Օգտվելով առիթից` ցանկանում եմ իմ և ընտանիքիս անունից շնորհակալություն հայտնել «Դերժավա» ընկերությանը, մասնավորապես`«Սլավմեդ» ԲԿ տնօրեն Արմինե Հովակիմյանին և հիմնադիր Ստանիսլավ Հովակիմյանին ՀՀ առողջապահական համակարգում նման ներդրում կատարելու և նոր աշխատատեղեր ստեղծելու համար: Վերաբացված կենտրոնն ապահովված կլինի բոլոր պայմաններով բուժման գործընթացը հարմարավետ և արդյունավետ կազմակերպելու համար` նոր վիրահատարաններ, բարեկարգ և գեղեցիկ հիվանդասենյակներ, գերժամանակակից սարքավորումներ:

Բուժման կարևոր բաղադրիչ է հոգատար և սրտացավ վերաբերմունքը հիվանդի հանդեպ:

-Աշխատանքի արդյունավետության մասին խոսելիս Դուք մշտապես կարևորում եք թիմի աշխատանքը: Ինչպիսի՞ն պետք է լինի Ձեր թիմը:

-Շատ եմ կարևորում բժշկին կից աշխատող միջին և կրտսեր բուժանձնակազմերի գործունեությունը: Թիմը մի ընտանիք է, որն ունի ղեկավար, ով սիրում և հարգում է իր ընտանիքի անդամներին, պահանջում պատասխանատվություն և ուշադրություն յուրաքանչյուր հիվանդի հանդեպ: Իմ կարծիքով` բուժման կարևոր բաղադրիչ է հոգատար և սրտացավ վերաբերմունքը հիվանդի հանդեպ: Իմ թիմից պահանջում եմ նաև ճշտապահություն, կարգապահություն և միմյանց հարգելու ունակություն:

-Ձեր գնահատմամբ` մասնագիտական ինչպիսի՞ պոտենցիալ ունի Հայաստանն առողջապահության ոլորտում և այդ առումով արդյո՞ք չի զիջում զարգացած երկրներին:

-Պետք է անկեղծորեն և հպարտությամբ նշեմ, որ Հայաստանում կան իսկապես պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք իրենց կարողություններով չեն զիջում զարգացած կլինիկաներում աշխատող բժիշկներին: Պատահական չէ, որ այսօր ԵՊԲՀ լավագույն շրջանավարտները բարձր են գնահատվում գերմանական, ֆրանսիական առաջատար կլինիկաներում:
Սակայն պետք է ցավով նշեմ, որ Հայաստանում ոչ բոլոր դեպքերում են բժիշկների համար ստեղծված առաջատար կլինիկաներին հատուկ պայմաններ, խոսքը հիվանդանոցային ժամանակակից պայմանների, արդի սարքավորումների և այլնի առկայության մասին է:

-Դուք սոցցանցերում բավականին ակտիվ եք: Որքանո՞վ են դրանք կարևոր բժշկի համար:

-Ընդհանրապես, ես դեմ եմ բժշկի կողմից իր մասնագիտությունը գովազդելուն: Սակայն մեր օրերում սոցցանցերը կյանքի կարևոր բաղադրիչ են դարձել, ինֆորմացիայի հարուստ աղբյուր ու լավ միջոց` պոտենցիալ հաճախորդներ գրավելու:
Ժամանակի պահանջին ընդառաջ գնալով` այսօր ես նույնպես ընդգրկված եմ սոցցանցերում, դրանց միջոցով ներկայացնում եմ կատարածս աշխատանքները, շփվում հիվանդներիս հետ, պատասխանում աշխարհի տարբեր ծագերից ինձ գրողների հարցերին, ինչի արդյունքում ունեմ նախադեպեր, երբ մեկ շաբաթ առցանց շփումից հետո այլ երկրից եկել են Հայաստան` ինձ մոտ վիրահատվելու:

-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

-Առաջիկայում ցանկանում եմ ժամանակ հատկացնել մասնագիտական կատարելագործման որոշակի փուլ անցնելուն, մասնավորապես` վերապատրաստում անցնել էնդոսկոպիկ վիրաբուժության ուղղությամբ: Կարծում եմ` երկու-երեք շաբաթն ինձ բավական կլինի գործնական հմտությունները սերտելու համար, քանի որ տեսական գիտելիքներին տիրապետում եմ:

 

Հայրս ինձ համար հեղինակություն է, և ես մշտապես հետևում եմ նրա խորհուրդներին:



-Որպես վիրաբույժ` ո՞վ է մշտապես կանգնած եղել Ձեր կողքին, ո՞ւմ խորհրդին եք հետևում:

-Հետևել եմ և այսօր էլ հետևում եմ միայն հորս խորհուրդներին: Նա ինձ համար հեղինակություն է:

 

Ունեմ գեղեցիկ ընտանիք, որն իմ կյանքի կարևորագույն արժեքն է:



-Գաղտնիք չէ, որ Դուք բժիշկների ընտանիքից եք, հետաքրքիր է, հնարավորության դեպքում եթե ոչ բժշկի, ապա ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:

-Ես մեր ընտանիքի երրորդ սերնդի բժիշկներից եմ: Ամեն ինչ սկսվել է տատիկիցս, շարունակվել ծնողներիս կողմից, այնուհետև` իմ: Անկեղծ ասած` բժշկությունն իր բոլոր դժվարություններով, բարդություններով ու պատասխանատվության մեծ չափաբաժնով հանդերձ` այնքան իմն է, որ ես ինձ այլ ոլորտում չեմ պատկերացնում:
Հայրս դեմ էր, որ ես բժիշկ դառնայի` հաշվի առնելով այն սթրեսները, որ ամեն հիվանդի հետ ապրում է բժիշկը, սակայն իմ սերը բժշկության հանդեպ հաղթեց, և ես հաճույքով եմ հաղթահարում բոլոր դժվարությունները և մեծ բավականություն ստանում հիվանդին առողջ ու կենսուրախ տեսնելիս: Դա աննկարագրելի զգացողություն է, որ կհաստատեն իմ կոլեգաները:

-Կցանկանա՞ք, որ Ձեր որդին ընտրի բժշկի մասնագիտությունը:

-Ես չեմ փորձի ազդեցություն ունենալ որդուս մասնագիտական կողմնորոշման վրա, սակայն կպահանջեմ, որ ինչ ոլորտ էլ ընտրի, դրանում լինի գոնե լավագույններից մեկը:

-Ամուր ընտանիքը` պետության երաշխավորն է, մի փոքր պատմեք Ձեր ընտանիքի մասին և ընտանեկան ինչպիսի՞ հանգիստ եք նախընտրում:

-Ունեմ գեղեցիկ ընտանիք, սիրելի կին, ով իմ այցելուն է եղել և ում սիրահարվել եմ առաջին հայացքից: Ունենք մեկ որդի` Արթուրը, ևս մեկին, ում Միքայել ենք կոչելու, սպասում ենք: Ընտանիքս իմ կյանքի կարևորագույն արժեքն է:

-Ի՞նչ հոբբի ունեք:

-Կար ժամանակ, երբ բիլիարդ ակումբ ունեի, մեծ սիրով զբաղվում էի դրանով, անգամ մի քանի սիրողական մրցաշարերի եմ մասնակցել: Մինչև այսօր էլ բիլիարդը սիրելի զբաղմունք է ինձ համար և ազատ ժամանակ ունենալու դեպքում սիրով խաղում եմ:

-Եվ վերջում, ինչպիսի՞ Հայաստանի մասին եք երազում` հաշվի առնելով ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունը:

-Ակտիվ հետևել եմ բոլոր գործընթացներին, ցանկացել անկեղծորեն հավատալ, որ ՀՀ-ն կարող է սրընթաց զարգացում ապրել: Չեմ ցանկանում հուսահատվել, սակայն դեռևս չեմ զգում այն փոփոխությունները, որոնց իրականացման ակնկալիքով համակված է ժողովուրդը, և ես` որպես նրա մասնիկ:

 Երազում եմ միասնական, հզոր, Արցախի հետ միավորված, աշխարհում իր խոսքի կշիռն ունեցող Հայաստանի մասին:

 


Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...