18:36
12/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հայաստանի մարզերում Աչքի շարժական հիվանդանոցը կատարում է բոլոր վիրահատությունները` մինչեւ հերթագրված վերջին հիվանդը

2018-10-20 13:45

   «Դե Ֆակտո» N 145 (07-08/2018թ.)  

Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ակնաբույժ, վիրահատարանի բաժանմունքի վարիչ, «Հայկական ակնաբուժության նախագիծ» ԲՀ-ի «Լույս հայի աչքերին» ծրագրի Աչքի շարժական հիվանդանոցի (ԱՇՀ) գլխավոր ակնավիրաբույժ, կոորդինատոր Ասատուր Հովսեփյան

-Պարո՛ն Հովսեփյան, ինչպիսի՞ վիրահատություններ եք կատարում Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում:


-Հիմնականում կատարակտայի և ոչ հաճախակի` վիտրեոռենիտալ, այսինքն` աչքի հետին սեգմենտի վիրահատություններ:

-Արդյո՞ք կենտրոնում առկա սարքավորումները չեն զիջում արտասահմանյան երկրների կլինիկաներին:

-Կենտրոնը հագեցված է ժամանակակից սարքավորումներով և ձգտում է համընթաց քայլել արդի զարգացումներին: Պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը հետևողական է այդ հարցում` կլինիկայի բարձր մակարդակը պահպանելու և ապահովելու համար, սրտացավորեն հետևում է ոլորտի առաջընթացին և փորձում է ներդնել վերջին սերնդի լավագույն սարքավորումները: Բուժծառայությունների որակի բարձրացման, որակյալ կադրերի պատրաստման գործում նույնպես կենտրոնը շարժվում է նորագույն մոտեցումների և ծրագրերի ներդրման ճանապարհով, օրինակ` վերջերս մեզ մոտ ներդրվեց Կատարակտայի վիրաբուժության ռեֆրակցիոն մոտեցումը, որը լուծում է աչքի օպտիկական խնդիրները միաժամանակ: Բավականին ժամանակակից մեթոդ է: Այնպես որ, ոչնչով չենք զիջում արտասահմանյան երկրների կլինիկաներին:

-Պարո՛ն Հովսեփյան, դուք հանդիսանում եք տարբեր նորարարությունների հեղինակ` կմանրամասնե՞ք:

-Դրանցից մեկը, օրինակ` արհեստական ոսպնյակի ծիածանաթաղանթային ֆիքսացիայի նոր մեթոդն է, այն թույլ է տալիս բնական ոսպնյակի հենարանի շատ թույլ լինելու կամ իսպառ բացակայելու դեպքում ֆիքսել ոսպնյակը: Մեթոդը կիրառում եմ 2007 թվից, կատարելագործել եմ, և եթե սկզբից կար էի դնում`այժմ վիրահատությունն առանց կարի է:

-Դուք նաև ընդգրկված եք «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամում` ի՞նչ ծրագրեր է իրականացնում այն:

-«Հայկական ակնաբուժության նախագիծ»-ը ստեղծվել է շատ վաղուց` երկրաշարժի և պատերազմի տարիներին: Դա պրոֆեսոր Ալեքսանդր Սերգեյի Մալայանի և ամերիկահայ բարերար պրոֆեսոր Ռոջեր Օհանեսյանի համատեղ գաղափարն էր` օգնել բնակչությանը նյութերով, ոսպնյակներով, սարքավորումներով. օգնում էին ինչով կարող էին: Հետագայում, որպեսզի Երևանից հեռու գտնվող շրջաններին օգնությունը ևս հասանելի լինի, 2002 թվին, վերջապես, Հայաստան բերվեց ծանր տարիներին նախագծված Աչքի շարժական հիվանդանոցը` իր սարքավորումներով: 2003 թվից դրանով սկսեցինք շրջել Հայաստանի մարզերով:
«Հայկական ակնաբուժության նախագիծ»-ն այլ ծրագրեր էլ է իրագործում` բժիշկների վերապատրաստում, սարքավորումների արդիականացում, անհասների ռետինոպաթիայի պրոֆիլակտիկայի և բուժման ծրագիր, ունի եղջերաթաղանթի փոխպատվաստմանը աջակցող ծրագիր և այլն:

-Դուք հանդիսանում եք Աչքի շարժական հիվանդանոցի (ԱՇՀ) ավագ ակնավիրաբույժը` ի՞նչ վիրահատություններ է այն իրականացնում:

-Շրջանների բուժկետերում մեր խմբերը կամ տեղի ակնաբույժները նախօրոք իրականացնում են բնակչության բուժզննում` սքրինինգ եղանակով: Մոտավոր որոշվում է հիվանդների քանակը` 1 օրվա համար կազմվում է մոտ 30 հոգանոց ցուցակ: Ուղեգրվող հիվանդներին տրվում է կտրոն, որի վրա նշվում է այցելության օրը և ժամը: Պլանավորված ժամանակահատվածում շարժական հիվանդանոցով մեկնում ենք մարզ և կատարում գործիքային հետազոտությունները, լազերային միջամտությունները և վիրահատությունները: Վիրահատությունների և լազերային միջամտությունների քանակը գրեթե միշտ նախատեսվածից շատ է լինում, բայց մինչև հերթագրված վերջին հիվանդը բոլոր վիրահատությունները կատարվում են:

-Ի՞նչ խնդիրներով են հաճախակի Ձեզ դիմում մարզերում:

-Հաճախակի հանդիպող հիվանդությունը կատարակտան է, որի զգալի մասը գերհասուն բարձիթողի վիճակում է մեզ հասնում: Վիրահատության ընթացքում դրվում է արհեստական ոսպնյակ: Այսօր կիրառում ենք վիրահատության ֆակոէմուլսիֆիկացիոն (առանց կարի) մեթոդը, որն այնպիսի ժամանակակից և արդյունավետ մեթոդ է, որ վիրահատության հենց հաջորդ օրը հիվանդի մոտ տեսողությունը 80-100%-ով վերականգնվում է:
Հաճախակի են նաև գլաուկոման, կոպերի խնդիրները, մսամոլները:


Լուիզա Պողոսյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...