18:20
12/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Պաշտոնական պատնեշը հիվանդի եւ բժշկի միջեւ պետք է վերացվի

2018-10-17 11:38

  «Դե Ֆակտո» N 145 (07-08/2018թ.) 

Մեր զրուցակիցը ծնվել է բժիշկների ընտանիքում, ընտանիքի երրորդ սերնդի քիթ-կոկորդ-ականջաբանն է: Բժշկի մասնագիտությունն ընտրել է ինքնուրույն` առանց որևէ մեկի հորդորի: Բժիշկ դառնալու որոշումը, ինչպես Կարեն Մուրադյանն է նշում, իր ներքին մղումն է եղել: Ընդունվել և ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը, տարբեր տարիներին աշխատել և աշխատում է առաջատար բժշկական հաստատություններում, ներկայում Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ԼՕՌ և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավարն է: Բոլորովին վերջերս Համազգային վստահության խորհրդի կողմից, սոցհարցումների և փորձագիտական եզրակացությունների արդյունքում, ճանաչվել է տարվա լավագույն քիթ-կոկորդ-ականջաբանը: Իրեն տրված մրցանակը Կարեն Մուրադյանը համարում է պարտավորեցնող, նաև հաճելի` այն առումով, որ գնահատվում է բժշկի աշխատանքը:
«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է 2018 թվականի «Տարվա լավագույն բժիշկ, քիթ-կոկորդ-ականջաբան»` վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ԼՕՌ և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Կարեն Մուրադյանը:

-Պարո՛ն Մուրադյան, ինչպիսի՞ զգացողություն է ունենում վիրաբույժը` վիրահատություն կատարելիս:


-Ինչպես գիտեք, նորավարտ բժիշկը միանգամից ինքնուրույն չի կարող վիրահատություն կատարել, ամեն ինչ սկսվում է երկրորդ և առաջին ասիստենտի կարգավիճակ ունենալուց հետո միայն, երբ ձեռք ես բերում որոշակի փորձ և հմտություններ: Առաջին վիրահատությանը, որին մասնակցել եմ որպես ասիստենտ, հիշում եմ, բավականին լարված էի, բայց, երբ արդեն ունես կուտակած փորձ, հմտություններ և գիտելիքներ, հետզհետե այդ լարվածությունն անցնում է: Վիրահատություն պահին վիրաբույժի համար ամենակարևորը հիվանդն է, նրա բոլոր ջանքերն ու գիտելիքները պետք է ուղղված լինեն ի շահ հիվանդի և նա մտածում է միայն ինչպես օգտագործի կուտակած փորձը և գիտելիքները հիվանդին օգնելու համար:
Երբեք չեմ մոռանա իմ առաջին ինքնուրույն կատարած վիրահատությունը` Երևանի օրթոպեդիայի և տրավմատոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում վիրահատել եմ ընկերոջս: Դժվար և շատ պատասխանատու վիրահատություն էր, նախ` ընկերս էր, երկրորդը` ինքնավստահությունս էր մի քիչ պակասում և երրորդը` ասես քննության նման մի բան լիներ, ու ես պետք է ինքնադրսևորվեի: Հավատացե՛ք, բժիշկը, մասնավորապես վիրաբույժը, միշտ կատարելագործվելու տեղ ունի:

-Ո՞րն եք համարում բժշկի ամենակարևոր առաքելությունը:

-Կարևորագույն առաքելությունը, իհարկե, մարդուն առողջացնելն է, բժիշկը պետք է իր ամբողջ հմտությունները, գիտելիքները, կարողությունները ներդնի, որպեսզի բուժի հիվանդին: Շատ եմ կարևորում նաև բժշկի ուշադրությունն ու հոգատարությունը հիվանդի նկատմամբ: Բուժանձնակազմին միշտ հորդորում եմ, նաև պահանջում, որ օրվա ընթացքում մի քանի անգամ մտնեն հիվանդի պալատ, տեղեկանան նրա վիճակից, դրանով հիվանդը կզգա իրեն ուշադրության կենտրոնում և հոգեբանորեն ավելի պատրաստ կլինի բուժմանը: Այն պաշտոնական պատնեշը, որը կա հիվանդի և բժշկի միջև պետք է վերացնել:

-Պարո՛ն Մուրադյան, եղե՞լ են ոչ հաջող վիրահատության դեպքեր և ինչպիսի՞ խնդիրներով են Ձեզ հաճախակի դիմում հիվանդները:

-Առողջապահության համակարգում աշխատելն ինքնին դժվար է, քանի որ յուրաքանչյուր թերացում կարող է ծանր հետևանքներ ունենալ: Ես միշտ իմ հիվանդներին ասում եմ` այն բժիշկը, ով ձեզ 100 տոկոս լավագույն արդյունքի երաշխիք կտա` խուսափեք այդ բժիշկից: Չկա այնպիսի բժիշկ, որը չունենա ոչ հաջող վիրահատություն: Փառք Աստծո, իմ աշխատանքում դեռ անդառնալի հետևանքներ չեմ ունեցել:
Մեզ հաճախակի են դիմում քթի միջնապատի խնդիրներով հիվանդներ: Քթի միջնապատի խնդիրը հանդիպում է մեր ազգի 80-90 տոկոսի մոտ, որը հիմնականում հասուն և վաղ մանկական տարիքում ունեցած տրավմայի հետևանք է: Քթի միջնապատի դեֆորմացիաներով հիվանդները գանգատվում են քթային անբավարար շնչառությունից, ինչը հանգեցնում է ուղեղի խրոնիկական թթվածնային քաղցի և տուժում են, կարելի է ասել, բոլոր օրգան-համակարգերը` առաջացնելով գլխացավ, հոգնածություն, չհագեցած քնի զգացողություն, հոդացավեր, սրտխփոց, արյան ճնշման տատանումներ: Կյանքի սպառնալիք, որպես այդպիսին, այն չի դիտարկվում, ուղղակի տուժում է մարդու կյանքի որակը:
Մեծ է նաև պլաստիկ վիրահատության դիմողների քանակը: Պլաստիկ վիրահատության ժամանակ կարևոր է հիվանդին տեղեկացնել, որ արդյունքում իրենք չեն նմանվելու այն մարդուն, ով ունի բացառապես այլ անատոմիական առանձնահատկություններ. ստանալու ենք այն արտաքին տեսքը, որի հիմքում ընկած է իրենց իսկ բնականը:

-Պարո՛ն Մուրադյան, իսկ որո՞նք են երեխաների շրջանում հաճախ հանդիպող հիվանդությունները:

-Երեխաների մոտ հաճախ հանդիպող հիվանդություններից է ադենոիդային վեգետացիաների առկայությունը քթըմպանում, որը նույնպես առաջացնում է քթային դժվարացած շնչառություն, ինչն էլ ուղեկցվում է քթից թարախային արտադրությամբ: Այս հիվանդության բուժումը կատարվում է վիրահատական միջամտությամբ` մոտավորապես 10-15 րոպե տևողությամբ:
Մանկական տարածված հիվանդություններից է նաև խրոնիկական տոնզիլիտները, երեխաները հիվանդանում են անգինայով, որն ուղեկցվում է բարձր ջերմությամբ, տեղային ցավերով և իմունիտետի անկումով: Նշիկները լուրջ ֆունկցիա են կատարում մարդու օրգանիզմում և դրանց հեռացնելու կամ չհեռացնելու խնդիրը կարող է որոշել միայն բժիշկը, չի կարելի միայն ծնողի ցանկությամբ վիրահատել այն: Ցանկանում եմ նաև նշել, որ այն կարծիքը թե տղա երեխաների մոտ չպետք հեռացնել նշիկները, քանի որ այն առաջացնում է իմպոտենցիա` ասեմ, որ դա սխալ կարծիք է, չկա՛ նման բան:

-Իսկ քիթ-կոկորդ-ականջի ինչպիսի՞ հիվանդությունների դեպքերում են ամենահաճախ կատարվում վիրահատություններ:

-Քիթ-կոկորդ-ականջի հետ կապված ամենահաճախակի հանդիպող հիվանդությունը` քթի միջնապատի դեֆորմացիան է, որը շտկվում է միայն վիրահատությամբ: Կարող եմ վստահաբար ասել, որ մենք մասնագիտական որակով աշխարհի ոչ մի երկրի չենք զիջում: Մեզ մոտ աշխատում են հանրապետության բարձր որակավորում ունեցող, փորձառու, այսօրվա պահանջներին համապատասխան հմտություններ ունեցող մասնագետներ, իսկ առկա արդի բժշկական սարքավորումներն ու պատշաճ պայմաններն օգնում են նրանց առավել ճշգրիտ և արդյունավետ աշխատել: Ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի հիվանդներն արագ վերադառնան իրենց բնականոն կյանքին, ուստի օրըստօրե աճում է այցելուների թիվը:

-Բժշկական տուրիզմի մասին է հաճախ խոսվում. մենք ունե՞նք բժշկական տուրիզմը զարգացնելու ներուժը:

-Հայաստանում առողջապահական տուրիզմը կամաց-կամաց զարգանում է, կարծում եմ` դա մեր բարձրակարգ բժիշկների կատարած որակյալ աշխատանքի արդյունքն է: Եթե մարդիկ մի ժամանակ մտածում էին գնան Ֆրանսիա կամ Գերմանիա բուժվելու, այսօր շատ հիվանդներ արտերկրից են գալիս մեզ մոտ բուժվելու, վիրահատվելու. և ոչ միայն հայեր, այլև` օտարերկրացիներ:

-Պարո՛ն Մուրադյան, տեղյակ ենք, որ բացի բանակում ծառայելը, նաև մասնակցել եք ապրիլյան պատերազմին, կպատմե՞ք այդ մասին:

-Երբեք չեմ խուսափել ծառայությունից, իսկ ապրիլյան պատերազմին կամավոր եմ մեկնել առաջնագիծ` արդեն զենքով: Մեկ ամիս մնացել եմ Ջեբրայիլի շրջանում: Աստված մի արասցե, եթե նորից թշնամին ոտնձգություն կատարի սահմանին, պետք է գնանք ու նորից կանգնենք մեր տղաների կողքին:

-Հայրենիքը ինչպիսի՞ արժեք է Ձեզ համար:

-Մեկ բառով կարող եմ ասել` բացարձակ արժեք է: Երբեք չեմ մտածել հայրենիքս լքելու մասին: Իմ ցանկությունն է, որպեսզի իմ երեխաները դաստիարակվեն ավանդական հայկական ընտանիքում, մեծանան հայկական միջավայրում, հայեցի կրթվեն ու դաստիարակվեն:

-Իսկ ինչպիսի՞ ապագա եք պատկերացնում Ձեր երեխաների համար:

-Մի բան կասեմ, որ ինչպիսի բնագավառում էլ որ աշխատեն, թող լինեն լավագույնը: Մասնագիտության ընտրության հարցում երբեք չեմ ուղղորդի երեխաներիս, դա իրենց ներքին մղումն է:


-Ինչի՞ մասին եք երազում:


-Եթե մարդը չունի երազանք և նպատակ, ուրեմն այդ մարդու կյանքն անիմաստ է: Իհարկե, ունեմ նպատակներ, երազանքներ, բայց երազանքներիս մասին երբեք չեմ բարձրաձայնում: Տիեզերքի ձգողականության և մարդու երազանքի միջև կապ կա, այն ինչ երազում ես, անպայման կատարվում է:


Հերմինե Զեյնալյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...