17:51
12/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հայաստանում բժշկական տուրիզմը զարգացում է ապրում

2018-10-13 12:54

 «Դե Ֆակտո» N 145 ( 07-08/2018թ.)

Հարցազրույց Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, Մարդու վերարտադրողականության կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Էդուարդ Համբարձումյանի հետ:

-Պարո՛ն Համբարձումյան, տարիներ շարունակ «Համազգային վստահության» խորհրդի կողմից մրցանակի եք արժանանում, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք Ձեզ` մաղթում նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ: Մի փոքր խոսենք Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի մասին, ինչպես եղավ հիմնադրելու մտահղացումը և ի՞նչ ճանապարհ է այն անցել:

-Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել շնորհավորանքի և հարցազրույցի համար: Ինչպես գիտեք երկար տարիներ Ֆրանսիայում և Միացյալ Նահանգներում Վերարտադրողական բժշկության ոլորտում աշխատելուց հետո, վերադարձա Հայաստան: Տեսնելով վերարտադրողականության բժշկության մակարդակի տարբերությունները Հայաստանում և արտասահմանում` ինձ մոտ առաջին հերթին ծնվեց այն միտքը, որ շատ արագ պետք է համախմբել այնպիսի ուժեր, ովքեր պատրաստ կլինեն Հայաստանում վերարտադրողական բժշկության զարգացման ուղղությամբ շտապ քայլեր կատարել: Այսպես 2005 թվականին ստեղծվեց մեր ասոցիացիան:
Ասոցիացիայի հիմնադրման գործում իրենց մեծ ներդրումն են ունեցել` բժշկական գիտությունների դոկտոր, ֆրանսիացի պրոֆեսոր Ռենե Ֆրիդմանը, ով աշխարհում առաջին անգամ իրականացրեց արհեստական բեղմնավորում, մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ, «Երեխաները փորձանոթից» արտամարմնային բեղմնավորման կլինիկայի տնօրեն Էմմա Վարդանյանը (Ռուսաստան), մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ, Լոս-Անջելեսի «CHA» հանրահայտ հիվանդանոցի տնօրեն Վիգեն Սեպիլյանը, Հայաստանից` պրոֆեսեր Կարինե Թոխունցը: Նրանց հետ համատեղ աշխատանքից հետո կազմեցինք, այսպես կոչված, «Յոթ քայլ» ծրագիրը, որը ժամանակի ընթացքում պետք է իրականացնեինք:


Փորձեմ համառոտ ներկայացնել «Յոթ քայլ» ծրագիրը` կետերով:


1. Իրազեկել բնակչությանը` հնարավոր բոլոր միջոցներով: Բազմապիսի ելույթներ, զեկուցումներ, հոդվածներ ենք ունեցել այս տարիների ընթացքում, ինչպես տրադիցիոն ԶԼՄ-ների շրջանակներում, այնպես և ինտերնետային կայքերի միջոցով:

2. Մասնագետներ պատրաստել: Թեմատիկ սեմինարներ և կոնֆերանսներ, հրավիրած հյուրեր և խոշոր մասնագետներ, վեբինարներ և ուղիղ եթերներ, արտագնա ելույթներ արտերկրներում: Դրանց թիվն անցնում է 100-ը:

3. Աջակցել նոր վերարտադրողական կենտրոնների բացմանը: Ինչպես գիտեք այսօր Հայաստանում արդեն կան մեծ կենտրոններ, 6-րդն էլ վերջերս բացվեց: Այդ կենտրոններից 3-ի ստեղծմանը մեր ասոցիացիան անմիջական կապ է ունեցել:

4. Ստեղծել հիմնադրամներ` անպտղությամբ տառապող անապահով ընտանիքներին օգնելու նպատակով: Բավականին աշխատանքներ կատարվեցին, որն ավարտվեց «Արագիլ» հիմնադրամի ստեղծմամբ: «Արագիլ» հիմնադրամը Հայաստանում եղած հումանիտար օգնության ամենահաջողված ծրագրերից է, սակայն ցավոք, այսօր մենք ունենք խնդիր այս ծրագիրը շարունակելու: Ես հույս ունեմ, որ այս խնդրի լուծման համար շուտով ինչպես պետության, այնպես էլ «Հայ մանուկ» բարեգործական ասոցիացիայի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ` Աննա Հակոբյանի կողմից ստեղծված «Իմ քայլը» հիմնադրամի օժանդակությամբ կստանանք աջակցություն: Հարյուրավոր զույգեր սպասում են իրենց հերթին և մենք իրավունք չունենք նրանց հույսերը չարդարացնելու:

5. Պետության կողմից ֆինանսական աջակցություն ստանալ` անպտղությամբ տառապող ընտանիքներին օգնություն ցուցաբերելու նպատակով:Ցավոք սրտի պետության աջակցության հարցը շատ հարթ չգնաց` որոշակի ոչ պատշաճ և ոչ ռացիոնալ մոտեցումների պատճառով, սակայն հուսով եմ` այս ծրագիրը կվերանայվի, որովհետև վերջին շրջանում վերարտադրողական բժշկության կարևորությունը սկսվել է դիտարկվել պետական ռազմավարական այլ խնդիրների հետ մեկտեղ, քանի որ այն լուծում է ոչ միայն առանձին ընտանիքների, այլև նաև բնակչության ու հասարակության խնդիրները: 

6. Քայլեր` մարզերում օժանդակ տեխնոլոգիաներով վերարտադրողական կետեր բացելու, վերարտադրողական բժշկության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, որը մի քանի տարի առաջ սկսել էինք մեր ուժերով: Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի մեր կազմակերպիչների հետ համատեղ ուժերով Ղարաբաղում սերմնավորման կենտրոն բացեցինք, բայց պետք է մտածել նաև արտամարմնային բեղմնավորման կենտրոններ բացելու մասին: Մեր ասոցիացիայի ուժերով Շիրակի մարզում բացեցինք կաբինետ, այժմ աշխատում ենք նմանատիպ կաբինետ բացել Արմավիրի մարզում: Դեռևս ութ մարզում կարիք կա նմանատիպ կաբինետների ստեղծման, այս հարցում ինչպես սփյուռքահայերը պետք է օգնության ձեռք մեկնեն, այնպես էլ մեր նախարարությունը, մեր ասոցիացիայի ուժերը մի փոքր սահմանափակ են, ամեն ինչ չենք կարողանում մեր ուժերով անել:

7. Մատչելի և հասանելի վերարտադրողական բժշկական կենտրոն ստեղծել Հայաստանի մասշտաբով: Չնայած նրան, որ մեր ծառայությունը մի քանի անգամ ավելի մատչելի է, քան այլ երկրներում, բայց պետք է ռեսուրսներ և պետական լծակներ օգտագործել, որպեսզի ժողովրդի համար և՛ դեղորայքը, և՛ հետազոտությունները ավելի մատչելի լինեն: Սա մոտեցումների մի կոմպլեքս է, որը կփորձենք լուծել:

-Ինչպես գիտենք «Մարդու պտղաբերության կենտրոն»-ը տարիներ շարունակ առաջատարն է Հայաստանում, ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվել, կարո՞ղ եք ասել` քանի՞ կյանք եք պարգևել:

-Մեզ մոտ հաջողություններ կան, որի համար շատ ուրախ ենք: Հայաստանում օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների օգնությամբ ամենից շատ երեխաներ ծնվել են հենց մեր կենտրոնում, չկա մեկ օր, որ մեր կենտրոնի շնորհիվ չծնվի մեկ բալիկ: Այսինքն`մենք գտնվում ենք առաջատար բժշկական կենտրոնների շարքում, որը մեզ և՛ հպարտացնում է, և՛ պարտավորեցնում: Մեր կենտրոնում կատարվում են այն բոլոր հնարավոր ժամանակակից բժշկական օգնությունները, որոնք պահանջվում են վերարտադրողական բժշկության կենտրոնից` ստուգումներ, հորմոնալ, ինֆեկցիոն և գենետիկ հետազոտություններ, ներարգանդային սերմնավորումներ, հորմոնալ խթանումներ, ձվարանների բուժում, արտամարմնային բեղմնավորում, սաղմիկի նախաիմպլանտացիոն գենետիկ հետազոտում (ի դեպ միակը Հայաստանում և տարածաշրջանում), որը կատարվում է բարձրագույն տեխնոլոգիաներով, սակայն այստեղ կարևորը ոչ միայն տեխնոլոգիաներն են, այլև հատուկ մասնագիտական մոտեցումները: Իսկ ինչ վերաբերում է` քանի երեխա է ծնվել, իրականում ես այդ թիվը այս պահին չեմ կարող ճիշտ նշել` այն անցնում է հազարները:

-Կար՞ող ենք արդյոք փաստել, որ վերարտադրողական բժշկությունն այսօր Հայաստանում առաջատար ճյուղերից մեկն է:

-Հայաստանում օժանդակ տեխնոլոգիաներով անպտղության բուժման հաջողությունները մոտ 40 տոկոս են կազմում: Մեր հաջողություններով մենք երրորդ տեղն ենք զբաղեցնում Եվրոպայում, իսկ դա նշանակում է, որ Հայաստանում այս բժշկությունը ոչ միայն կայացած է, այլև աշխարհում առաջատար դիրքեր է զբաղեցնում:
Այդ իսկ պատճառով այժմ արտասահմանից շատերն են գալիս մեզ մոտ և հղիացած գնում, վերջին հաշվով բժշկական տուրիզմն էլ է զարգացնում Հայաստանը:


Դշխուհի Իսոյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...