18:45
12/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Բժիշկը պետք է տեսական եվ գործնական բարձր պատրաստականություն ունենա

2018-10-09 11:51

   «Դե Ֆակտո» N 145 (07-08/2018թ.)

Մասնագիտական բարձր որակներով և հմուտ գիտելիքներով, Զառա Գևորգյանը բազմաթիվ մարդկանց պարգևել է վայելել առողջ ապրելու հաճելի զգացողությունը: Նա բժշկի մասնագիտությունը ոչ թե զուտ աշխատանք է դիտարկում, այլ որպես կոչում: Նրա կարծիքով, ցանկացած բնագավառում յուրաքանչյուրն իր աշխատանքին պետք է մոտենա մեծ պատասխանատվությամբ:


Ավարտելով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Զառա Գևորգյանը 1995 թվականից աշխատում է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում որպես բժիշկ-մանրէաբան, իսկ
2016թ.-ից հանդիսանում է ՀՀ ԱՆ գլխավոր լաբորատոր մասնագետ:


Արտերկրներում մասնակցելով բազմաթիվ միջազգային գիտաժողովների, ստանալով միջազգային փորձ և ծանոթանալով բժշկագիտության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների զարգացումներին նա այն կիրառում է նաև Հայաստանում:


«Դե Ֆակտո» ամսագրի այս համարում զրուցեցինք ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր լաբորատոր մասնագետ, բժշկական գիտությունների թեկնածու, Մխիթար Հերացու անվան մանրէաբանության ամբիոնի դոցենտ, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի լաբորատոր ծառայության ղեկավար Զառա Գևորգյանի հետ:

 

-Տիկի՛ն Գևորգյան, հետաքրքիր է` ի՞նչու ընտրեցիք հենց բժիշկ-մանրէաբանի բարդ և պատասխանատու մասնագիտությունը:


-Ասեմ, որ սերում եմ բժիշկների ընտանիքից, դեռ փոքր տարիքից գիտակցել եմ բժիշկի մասնագիտության կարևորության և մեծ պատասխանատվության մասին, ես գիտեի, որ բժիշկը պետք է ունենա տեսական և գործնական բարձր գիտելիքներ, նվիրված լինի իր աշխատանքին և պատասխանատու դիմացինի նկատմամբ և հենց բժիշկների այդպիսի հոգեբանական մթնոլորտում էլ մեծացել եմ և չեմ պատկերացրել, որ բժիշկի մասնագիտությունից զատ, այլ հետաքրքիր մասնագիտություններ ևս կան (ժպտում է):
Շատ էի ցանկանում դառնալ բուժող բժիշկ, սակայն ընտանեկան դրությունից ելնելով ընտրեցի բժիշկ-մանրէաբանի մասնագիտությունը: Գիտեք, շատ հետաքրքիր մասնագիտություն է, բժշկական մանրէաբանությունը հիվանդությունների հարուցիչների ուսումնասիրությունն է, որից կախված է հիվանդությունների կանխարգելումն ու բուժումը, դու կարողանում ես բացահայտել այն, ինչ մարդկանց համար անտեսանելի է: Երբեք չեմ զղջացել, որ ընտրել եմ հենց այս մասնագիտությունը, քանի որ այն իմն է, ես մեծ սիրով և նվիրումով եմ այն կատարում:

-Ըստ Ձեզ` բժիշկն ի՞նչ սկզբունքներ պետք է որդեգրի աշխատանքում:

-Ինձ համար ամենակարևոր և առաջնային սկզբունքը` հիվանդի նկատմամբ պատասխանատվության և սրտացավության գիտակցումն է: Բժիշկը պետք է մշտապես աչալուրջ լինի` գիտակցելով իր կատարած աշխատանքի պատասխանատվության աստիճանը և «մի վնասիր» սկզբունքով փորձի առաջնորդվել աշխատանքում:

-Բոլոր մասնագիտություններում, հատկապես բժշկության մեջ, մասնագիտական և տեխնիկական նոր գիտելիքների համալրումը շատ կարևոր է, Դուք ինչպե՞ս եք կարծում:

-Իհարկե, ես համամիտ եմ: Բժշկի մասնագիտությունն այնպիսին է, որ մշտապես անհրաժեշտ է մասնագիտական գիտելիքների վերազինում, քանի որ ժամանակի հետ զուգահեռ փոխվում են թե՛ տեխնոլոգիական, թե՛ բուժման մեխանիզմները:
Բժիշկն անընդմեջ պետք է աշխատի իր գիտելիքների զարգացման ուղղությամբ, ծանոթ լինի ժամանակակից աշխարհի բժշկական նորություններին, արդյունավետ բուժծառայություններ մատուցելու մեթոդներին, գործնական և տեսական բարձր պատրաստականություն ունենա:
Ես շատ եմ աշխատում իմ գիտելիքների զարգացման և կատարելագործման ուղղությամբ` մասնակցելով տարբեր միջազգային գիտաժողովների:

-Տիկի՛ն Գևորգյան, Դուք նաև դասավանդում եք Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում, արդյո՞ք դժվար չէ աշխատել երիտասարդների հետ:

-Այսօրվա երիտասարդները բանիմաց, առաջադեմ և շատ նպատակասլաց են: Դասաժամի ընթացքում նրանց հարցերը բժշկությունից անցնում են դեպի քաղաքականություն, արվեստ, որը, իհարկե, ողջունելի է: Սա ապացուցում է, որ այժմյան երիտասարդները բազմակողմանի զարգացած են: Շատ եմ սիրում մեր երիտասարդներին ու հաճույքով աշխատում եմ իրենց հետ. նրանց հետ ես երիտասարդանում եմ:

 

Կնոջ համար երջանկության բանաձեվը ամուր եվ ներդաշնակ ընտանիք ունենալն է:

 

-Ձեր նվիրական աշխատանքի արդյունքում ունեք բազում պարգևներ, օրեր առաջ էլ Համազգային վստահության խորհրդի կողմից արժանացաք տարվա «բժիշկ-մանրէաբանի» մրցանակին, ի՞նչ արժեք ունի Ձեզ համար մրցանակները:

-Շատ հաճելի է, երբ քո կատարած աշխատանքը գնահատվում է: Յուրաքանչյուր պարգև քեզ նորովի ուժ է տալիս` էլ ավելին անելու և անընդմեջ կատարելագործվելու:
Եվ գիտեք, հոգու խորքում բոլորն են ցանկանում, որպեսզի իրենց կատարած աշխատանքը ստանա իր արժանի գնահատականը: Ես ուրախ եմ, որ իմ աշխատանքը գնահատվում է և շնորհակալ եմ բոլորին, ովքեր իմ կողքին են և վստահում են ինձ:

-Կնոջ համար առաջնային դերում իր ստեղծած ամուր և ներդաշնակ ընտանիքն է, մի փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Համամիտ եմ, ունեմ երկու զավակ` տղա և աղջիկ: Նրանց դաստիարակության հարցում բավականին պահանջկոտ եմ, բայց խիստ չեմ, փորձում է նրանց հետ լինել ընկերական, դա փոխանցվել է իմ ծնողներից:

-Ի՞նչ արժեքներ եք փոխանցում Ձեր երեխաներին, որոնք փոխանցվել են Ձեր ծնողներից:

-Ես մեծացել եմ ընտանեկան ջերմ մթնոլորտում, հայրս և մայրս միշտ ինձ համար եղել են օրինակելի ամուսիններ: Նրանք մեզ հետ փոխհարաբերություններում կարևորել են ազնվությունն ու վստահությունը և միշտ մեզ հետ եղել են ընկերական, և հենց այդ սկզբունքով էլ այժմ իմ ընտանիքում կառուցված են իմ և երեխաներիս փոխհարաբերությունները:

-Ի՞նչ նախասիրություններ ունեք:

-Շատ եմ սիրում ճամփորդել, քանի որ ամեն անգամ տարբեր երկրներ այցելելիս ծանոթանում եմ այնտեղի սովորություններին, մշակույթին, որն ինձ համար առանձնակի հաճույք է:
Սիրում եմ նաև ազատ ժամանակս անցկացնել հարազատներիս, ընկերներիս հետ:

-Տիկի՛ն Գևորգյան, կինը երջանիկ է այն ժամանակ...

-Երբ ունի իր ստեղծած ներդաշնակ և գեղեցիկ ընտանիքը: Գիտեք, ես շատ եմ կարևորում, աշխատանքային հաջողությունները, սակայն ինձ համար առաջնային տեղում ամուր ընտանիքն է:
Իմ կարծիքով կինը պետք է ուղղակի բավարարված լինի իր կյանքով, դրա մեջ մտնում է ամեն ինչ:

-Տիկի՛ն Գևորգյան, ինչի՞ մասին եք այժմ երազում:

-Յուրաքանչյուր տարիքում մեր երազանքները տարբեր են:
Այժմ միայն երազում եմ, որ մենք ապրենք խաղաղ երկնքի ներքո, թո՛ղ մեր սահմանները ամուր լինեն, թո՛ղ ոչ մի ծնող չտեսնի զավակի կորուստ: Միայն խաղաղ երկնքի ներքո է հնարավոր ապրել երջանիկ:


Հարցազրույցը`
Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...