15:46
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Պետք է այս ռոբոտացման դարաշրջանում գնահատել եվ արժեվորել մարդկային հոգու բարձր եվ վեհ արժեքները

2018-10-04 14:23

 «Դե Ֆակտո» N 145 (07-08/2018թ.)

Քոլեջի վերջին տարիների ձեռքբերումների, գալիք ուսումնական տարվա նորությունների

և այլ հարցերի շուրջ զրուցեցինք Երևանի տեխնոլոգիական քոլեջի տնօրեն Շողիկ Ալեքսանյանի հետ:

-Տիկի՛ն Ալեքսանյան, մասնագիտությամբ լինելով բժիշկ, ինչպե՞ս որոշեցիք աշխատանքային գործունեությունը շարունակել մանկավարժական բնագավառում:


-1989 թվականին ավարտել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը` մասնագիտությամբ հոգեբույժ եմ: Ավարտելուց հետո երեք տարի աշխատել եմ Արարատ քաղաքի համար 2 պոլիկլինիկայում որպես հոգեբույժ, որից հետո Արարատ գյուղի ամբուլատորիայում աշխատել եմ որպես թերապևտ:
Այդ տարիներին բժշկի աշխատանքի հետ զուգահեռ, զբաղվել եմ նաև մանկավարժական գործունեությամբ` Արարատ քաղաքի քոլեջում դասավանդել եմ բժշկագիտություն: Աշխատանքիս հետ զուգահեռ ավարտել եմ Երևանի մանկավարժական համալսարանը:
2016 թվականից աշխատում եմ Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջում որպես տնօրեն:

-Տիկի՛ն Ալեքսանյան, տեխնոլոգիական քոլեջն այսօր ուրույն դեր ունի միջին մասնագիտական կրթության ոլորտում, քոլեջը հաստատուն կերպով իր քայլերն է կատարում կրթական համակարգում, եթե հետադարձ հայացք նետենք դեպի 2016 թվականն ու այսօր` ի՞նչ առանցքային բարեփոխումներ են եղել:

-Իմ տնօրեն նշանակվելուց ի վեր, պետության կողմից քոլեջը որևէ աջակցություն չի ստացել, այս երկու տարվա ընթացքում բոլոր աշխատանքները բացառապես կատարվել են քոլեջի միջոցների հաշվին: Ի պատիվ նախկին տնօրենի, քոլեջը գտնվում էր բարվոք վիճակում, սակայն 2016 թվականի ձմեռը շատ խիստ էր և առատ տեղումների հետևանքով քոլեջի տանիքի 30-40 տոկոսը վնասվեց: Տանիքի վերանորոգումը, որն, ի դեպ, բավական մեծ ծախս էր, կատարվեց առանց որևէ աջակցության:
Քոլեջի համար ամենամեծ ձեռքբերումը, կարող եմ համարել խոհարարական բաժնի բացումը, որն ապահովված է բոլոր համապատասխան պայմաններով:
Անցյալ տարի կատարվեց այդ բաժնի ուսանողների առաջին ընդունելությունը և ես շատ գոհ եմ ուսանողների ներկայացրած արդյունքներից: Մեր ուսանողներն այս տարի մասնակցեցին տոլմայի փառատոնին` ներկայացնելով իրենց պատրաստած գեղեցիկ և համեղ տոլմայի տեսականին` զբաղեցրին պատվավոր երկրորդ հորիզոնականը:
Նաև շատ կարևոր ձեռքբերում էր ուսանողների համար քոլեջում ատամնատեխնիկական կաբինետի բացումը, որը նախկինում գտնվում էր քոլեջի տարածքից դուրս: Այժմ ուսուցումն ավելի արդյունավետ է ուսանողների համար, քանի որ ատամնաբուժական և ատամնատեխնիկական սենյակներն իրար կողքի են:
Շատ կարևոր է նաև ուսանողների պրակտիկ գիտելիքների ստացումը: Ամեն ինչ անում ենք, որպեսզի երեխաները տարբեր հաստատություններում ստանան պրակտիկ գիտելիքներ, քանի որ ինչպես գիտեք, ավելի լավ է մարդը մեկ անգամ տեսնի, քան հինգ անգամ լսի:

-Հիմնական կրթություն ստացած աշակերտների համար ի՞նչ տարբերակներ է առաջարկում այսօր կրթօջախը` ի՞նչ բաժիններ են գործում Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջում:

-ԵՊՏՔ-ը ուսուցանում է ժամանակի պահանջներին համապատասխան մասնագիտություններ:
Մեր կրթօջախն առաջարկում է հետևյալ բաժինները.
Միջին մասնագիտական կրթությամբ`
դեղագործություն, ատամնատեխնիկական գործ, կոսմետիկա և դիմահարդարման արվեստ, հաշվապահական հաշվառում, սպասարկման կազմակերպում, կենսաքիմիական արտադրություն, արտադրանքի ստանդարտացում և համապատասխանության հավաստում, շրջակա միջավայրի պահպանում և բնական պաշարների արդյունավետ օգտագործում, հաշվողական տեխնիկայի-ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում (տեխնիկ-ծրագրավորող):
Նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթությամբ առաջարկում է`
ոսկերչություն, եռակցման աշխատանքների տեխնոլոգիա, լաբորատոր հետազոտություններ և չափումներ արտադրությունում, խոհարարական գործ:
Քոլեջն իրականացնում է նաև կարճաժամկետ ծրագրեր հետևյալ մասնագիտությունների գծով` վարսավիրական արվեստ, լաբորատոր չափումներ և հետազոտություններ արտադրությունում, եռակցման տեխնոլոգիա, խոհարարական գործ և կարի արտադրություն:

-Տիկի՛ն Ալեքսանյան, համագործակցության ի՞նչ ուղիներ ունի քոլեջը:

-Մեր կրթօջախը համագործակցում է Հայաստանի ազգային ագրարային, տնտեսագիտական, մանկավարժական, եվրոպական համալսարանների հետ:
Այս տարի համագործակցության ծրագիր ունենք Երևանի պետական համալսարանի մենեջմենթի ֆակուլտետի հետ:
Պետք է տարեց տարի համագործակցության շղթան մեծացնենք, որպեսզի մեր շրջանավարտներն իրենց ուսումը կարողանան շարունակել իրենց նախընտրած բարձրագույն ուսումնական հաստատությունում: Բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններում վարձավճարները բավականին թանկ են, որի պատճառով մեր գերազանցիկ ուսանողները չեն կարողանում դիմել բարձրագույն ուսումնական հաստատություն, իսկ ահա նախկինում այսպիսի կարգ կար, որ կարմիր դիպլոմ ունեցող շրջանավարտները` համապատասխան մասնագիտություններով, կարողանում էին բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվել առկա հիմունքներով, առանց որևէ քննության նստելով երկրորդ կուրս: Այժմ առանց քննության կարմիր դիպլոմ ունեցող շրջանավարտները բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվում են հեռակա ուսուցմամբ, որը բացառապես վճարովի է, և քանի որ մեզ մոտ սովորում են հիմնականում անապահով ընտանիքի երեխաններ, ուստի նրանց համար հասանելի չի լինում այդ ուսումը:

-Տիկի՛ն Ալեքսանյան, դուք մշտապես շփվում եք երիտասարդների հետ, հետաքրքիր է` ի՞նչ արժեքներ եք սերմանում երիտասարդ սերնդի մեջ:

-Նախ և առաջ, մարդը պետք է ունենա բարձր բարոյական արժեքներ: Ցանկացած մասնագիտության մեջ և ցանկացած բնագավառում, ինձ համար կարևոր է մարդու բարոյական բարձր արժեքները (ազնվություն, նվիրվածություն, հանդուրժողականություն): Մարդը կարող է լինել լավ մասնագետ, բայց եթե նա բարոյական արժեքներով օժտված մարդ չէ, ապա նա չի կարող իր կարողությունները օգտագործել ի շահ ժողովրդի:

-Ըստ Ձեզ, ո՞րն է կնոջ գլխավոր առաքելությունը կյանքում:

-Յուրաքանչյուր հայ կնոջ առաքելությունն է լինել լավ մայր, լավ կին և առհասարակ, նվիրված անձնավորություն իր հարազատների և ընկերների համար:

-Ամուր ընտանիքն ազգի հիմնասյունն է, մի փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Ամուսնացած եմ, ունեմ երեք զավակ` աղջիկ, տղա և աղջկաս ամուսինը: Փորձել եմ իմ երեխաների մեջ սերմանել միայն բարձր արժեքներ, դաստիարակել այնպես, որ հայրենիքի, շրջապատի, ընտանիքի համար արժանի զավակներ լինեն:
Գիտեք, իմ երեխաները անչափ բարի և ազնիվ են, չգիտեմ այս ժամանակներում դա նրանց կօգնի` թե ավելի կվնասի, բայց ամեն դեպքում, մենք իրենց այդպես ենք դաստիարակել: Ես մեծացել եմ սովետական ընտանիքում, ծնողներս միշտ մեզ ասել են, որ նյութականն անցողիկ է, այն չպետք է արժևորել: Այժմ ես եմ միշտ իմ երեխաներին ասում` գումարը չպետք է լինի նպատակ, այլ պետք է լինի միջոց, հակառակ դեպքում այն միայն չարիք է ծնում: Պետք է այս ռոբոտացման դարաշրջանում գնահատել և արժևորել մարդկային հոգու բարձր և վեհ արժեքները:

 

-Տիկի՛ն Ալեքսանյան, ի՞նչ է պետք կնոջը կատարյալ երջանկության համար, Դուք Ձեզ համարո՞ւմ եք երջանիկ կին:

-Իմ կարծիքով, ցանկացած կնոջ համար երջանկության բանաձևը սիրող և նվիրված ամուսին ունենալն է , արժանի զավակներ դաստիարակելը, սիրած մասնագիտությամբ զբաղվելը, և իհարկե, սրտացավ ընկերներ և հարազատներ ունենալը:
Ես ինձ երջանիկ կին կարող եմ համարել, բայց լիարժեք երջանկության համար ինձ հարկավոր է, որ իմ ընտանիքից զատ, ինձ շրջապատող մարդիկ նույնպես երջանիկ լինեն:

-Եվ վերջում, ինչի՞ մասին եք երազում:

-Որպես կին` այլ երազանք ունեմ, որպես մայր` երազում եմ, որ երեխաներս առողջ լինեն, երջանիկ իրենց իսկ ստեղծած ընտանիքում, իսկ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի` ունեմ երկու երազանք, առաջինը` որ մեր երկիրը այլևս երբեք թե՛ ներքին, թե՛ արտաքին պատերազմ չտեսնի, իսկ երկրորդ երազանքս այն է, որ ուսուցիչը մեր երկրում նորից կարողանա կանգնել այն բարձր պատվանդանին, որի վրա միշտ եղել է:
Չէ որ ուսուցիչն է մարդկային բարոյական բարձր արժեքներ կերտողն ու ապագա բանիմաց մասնագետներ դաստիարակողը:
Ի վերջո, բոլոր մասնագետները դուրս են գալիս դպրոցից:

 


Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...