15:17
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մանկաբարձության եւ գինեկոլոգիայի մեթոդական ու բարձրակարգ գիտագործնական բուժօգնություն «Բեգլարյան» բժշկական կենտրոնում

2018-05-05 14:55

«Դե Ֆակտո » N 142 ( 03/2018թ.) 

Բժշկությունն անընդմեջ զարգացող և կատարելագործվող ոլորտ է, և յուրաքանչյուր բուժհաստատություն պետք է կարողանա քայլել ժամանակի պահանջներին համընթաց: Այսօր ուսումնասիրելով մանկաբարձագինեկոլոգիական ոլորտում երկար տարիներ որակյալ բժշկական ծառայություն մատուցող «Բեգլարյան» բժշկական կենտրոնի աշխատանքային գործունեությունը` պարզ է դառնում, որ կենտրոնում մատուցվում են միմիայն բարձրորակ բուժծառայություններ: Յուրաքանչյուր հիվանդի, առավել ևս մայրանալ պատրաստվող կնոջ համար շատ կարևոր է վստահությունը դեպի տվյալ բժշկական կենտրոն, որը ձևավորվում է այդ կենտրոնի բարձրակարգ մասնագետների առկայությամբ, բուժտեխնիկայի հագեցվածությամբ և բուժանձնակազմի հոգատար, ճիշտ մոտեցման շնորհիվ:
2014 թվականից ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնը վերանվանվեց` «Բեգլարյան» բժշկական կենտրոն, ի պատիվ մանկաբարձ գինեկոլոգ Գագիկ Բեգլարյանի, ով սերում է հայտնի բժիշկների ընտանիքից, ում հայրիկի անվամբ է այսօր կոչվում Երևանի պետական բժշկական համալսարանի պատանատոմիայի ամբիոնը:
Գագիկ Բեգլարյանն իր աշխատանքային բեղմնավոր ուղին սկսել ՀՀ մարզերից` դեռևս 1970 թվականից: Մանկաբարձության և գինեկոլոգիայի մեջ ունեցած ձեռքբերումների և գիտական աշխատանքների համար պարգևատրվել է բազմաթիվ մրցանակներով. հեղինակ է 267 գիտական աշխատանքների և 4 մենագրության, այդ թվում ռուսերեն և անգլերեն լեզուներով` տպագրված արտասահմանյան հեղինակավոր ամսագրերում:
Նա այս տարիների ընթացքում մկրտել է բազում բժշկագիտության թեկնածուներ և դոկտորներ:
Կենտրոնում գործող առավելությունների, նորագույն սարքավորումների և առաջիկա ծրագրերի մասին զրուցեցինք «Բեգլարյան» բժշկական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչ, գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս, ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի իսկական անդամ, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, էկոլոգիայի և անվտանգության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, Եվրոպական մի շարք ակադեմիաների իսկական անդամ Գագիկ Բեգլարյանի հետ:

-Պարո՛ն Բեգլարյան, «Բեգլարյան» բժշկական կենտրոնը (նախկին թիվ 2 ծննդատուն) Հայաստանի առաջին մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցն է, ի՞նչ զարգացման փուլեր է այն անցել:

-Այո՛, մեր կենտրոնն ամենահին մանկաբարձագինեկոլոգիական կենտրոնն է: Երկու տարուց կլրանա կենտրոնի գործունեության հարյուրամյակը: Հետադարձ հայացք նետելով կենտրոնի այս տարիների աշխատանքային գործունեությանը` ասեմ, որ ունեցել ենք բազում ձեռքբերումներ այս տարիների ընթացքում, ասածիս վառ վկայությունն այն է, որ այսօր «Բեգլարյան» կենտրոնում գործում են մանկաբարձագինեկոլոգիական բոլոր տեսակի բաժանմունքները, որտեղ ուսումնասիրվում են կանանցի հիվանդությունների, հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանի ֆիզիոլոգիական և ախտաբանական պրոցեսները, մշակվում են ծննդօգնության բարդությունների կանխարգելման մեթոդներ: Կենտրոնում աշխատում են բարձր որակավորում ունեցող բժիշկներ. կենտրոնն ունի առաջատար մասնագիտական կազմ և իրականացվում են մանկաբարձագինեկոլոգիական բոլոր տեսակի բարդ վիրահատությունները:

-Ի՞նչ բաժանմունքներ են գործում «Բեգլարյան» բժշկական կենտրոնում:

-Կենտրոն ունի մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքներ: Մանկաբարձական բաժանմունքի մեջ մտնում են բարձր ռիսկի հղիների բաժանմունքը և ծնարանը: Ունենք հետծննդյան, նորածնային, կոնսերվատիվ և օպերատիվ գինեկոլոգիական բաժանմունքներ, ինչպես նաև ԼՕՌ և դիմածնոտային բաժանմունքներ, որտեղ կատարում ենք բարդ պլաստիկ վիրահատություններ` նապաստակի շրթունք, գայլի երախ:

-Ինչո՞ւ պետք է ընտրել հենց «Բեգլարյան» բժշկական կենտրոնը, ո՞րն է կայանում կենտրոնի առավելությունը:

-Մեր կենտրոնի առավելություններից մեկն այն է, որ այստեղ բժշկությունը համատեղված է գիտության և կրթության հետ:
Կենտրոնի հաջողության բանաձևը կայանում է նաև նրանում, որ այստեղ աշխատում են խելացի և բանիմաց բժիշկներ, ովքեր քաջ գիտակցում են աշխատանքի պատասխանատվության չափը և ջանք ու եռանդ չեն խնայում մատուցելու բարձրակարգ բուժօգնություն: Եթե մեզ մոտ կինն այցելում է որևէ խնդրով, ապա պետք է հեռանա առողջացած, եթե գալիս է առանց երեխայի` պետք է հեռանա հղիացած: Հենց այդ սկզբունքով էլ արդեն 98 տարի աշխատում ենք, որպեսզի կանայք լինեն առողջ, ունենան առողջ հղիություն և առողջ բալիկներ:

-Կարելի՞ է ասել, որ այսօր երիտասարդներն ավելի ուշադիր են իրենց սեռական առողջության նկատմամբ:

-Այո՛, իհարկե, եթե համեմատենք տարիներ առաջ և այսօր, ապա նկատելի է, որ այսօր երիտասարդները շատ ավելի իրազեկված են և ուշադիր իրենց առողջության նկատմամբ: Ասեմ, որ երիտասարդ զույգերը, մինչ երեխա ունենալը, հետազոտվում են մեր կենտրոնում, տեղեկանում իրենց առողջական խնդիրի մասին, որից հետո է արդեն կինը նախապատրաստվում հղիության և առողջ բալիկներ ունենալու:

-Այսօր կենտրոնն ապահովվա՞ծ է ժամանակակից սարքավորումներով:

-Այո՛, մեր բուժկենտրոնը ձգտում է քայլել բժշկագիտության ոլորտի արդի զարգացումներին համընթաց` ինչպես որակյալ կադրերի պատրաստման, այնպես էլ նորագույն բուժսարքավորումների ձեռքբերմամբ: Այսօր ունենք անհրաժեշտ բոլոր ժամանակակից բուժսարքավորումները, որոնք թույլ են տալիս մատուցելու բարձրորակ բուժօգնություն:

-Պարո՛ն Բեգլարյան, մեծ է Ձեր ավանդը բժշկության, ինչպես նաև գիտության ասպարեզում, Ձեր կենտրոնում կատարվում են նաև գիտական աշխատանքներ` հաճախ կազմակերպելով հետազոտություններ, մի փոքր կմանրամասնե՞ք:

-Մեր կենտրոնը գիտամեթոդական և կազմակերպչական կենտրոն է, որը կլինիկական օրդինատուրայի շրջանակներում իրականացնում է կադրերի` մանկաբարձ-գինեկոլոգների պատրաստում:
Այստեղ պարբերաբար անցկացվում են գիտաժողովներ, կլոր սեղաններ` մանկաբարձության և գինեկոլոգիայի, կանացի հիվանդությունների բուժման և կանխարգելման վերաբերյալ, որին մասնակցում են հայ հայտնի բժիշկներ աշխարհի տարբեր երկրներից:

-2018 թվականի հետ կապված, ի՞նչ նախանշված ծրագրեր կան:

-Առաջիկայում մեծ ցանկություն ունենք ձեռք բերել լապարոսկոպիկ վիրաբուժության համար բոլոր անհրաժեշտ սարքավորումները, որպեսզի ընդլայնենք վիրահատությունների քանակը, քանի որ լապարոսկոպիկ վիրաբուժությունն ամբողջ աշխարհում համարվում է բժշկագիտության վերջին գլուխգործոցը` վիրահատության մեթոդների, տեխնիկայի և հետվիրահատական բարդությունների նվազագույն քանակի շնորհիվ:
Նաև ցանկություն ունենք բացելու վարիկոզ հիվանդությունների բուժման բաժանմունք:
Մեր բոլոր ծրագրերն ուղղված են լինելու կենտրոնի ներկա պայմանների բարելավմանը, ծառայությունների որակի բարձրացմանը և որակյալ կադրերի պատրաստմանը:

-Պարո՛ն Բեգլարյան, և վերջում, ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:

-Մաղթում եմ, որ յուրաքանչյուրն առաջնորդվի Աստծո պատվիրաններով, որը բոլորին կտա իմաստություն և հոգևոր մաքրություն, իսկ երկրորդ կարևոր ցանկությունս այն է, որ բոլորն ամուր առողջություն ունենան:


Հարցազրույցը`
Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...