20:48
10/07/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Նա, ով ընդունակ է հարյուր տոկոս երջանկության, դատապարտված է նաև հարյուր տոկոս տառապանքի»

2018-05-03 16:17

«Դե Ֆակտո » N 143 ( 04/2018թ.)


Այսպես է կարծում ամերիկաբնակ գրող, հրապարակախոս Սոնա Վանը, ում հետ շփումը յուրատեսակ դաս է կնոջ էության, ձգտումների, երջանկության և տառապանքի մասին: Սոնա Վանի խոհերի, ապրումների և տեսակի արտահայտման ֆենոմենը նրանում է, որ նա չի վախենում հոգու մերկությունից, անկեղծ խոստովանությունից և ընդհակառակը՝ ձգտում է լիարժեք ինքնաբացահայտման:

-Սիրելի՛ Սոնա, կարծում եմ՝ կհամաձայնեք, որ կնոջ ու հատկապես հայ կնոջ կերպարը, լիովին բացահայտված չէ, և կնոջը նվիրված յուրաքանչյուր տոն կարծես առիթ է ընդգծելու նրա՝ ապրելու գայթակղություն և գեղեցիկը անվերջ հետապնդելու մղում առաջացնող կերպարը: Կանանց միամսյակն ավարտվեց, սակայն ուզում եմ հարցնել, ի՞նչ է Ձեզ համար տոն ասվածը՝ ձևի, բովանդակության, զգացողության իմաստով, հե՞շտ է արդյոք Ձեզ տոն պարգևելը և ի՞նչ եք սիրում նվեր ստանալ:

-Սիրում եմ, երբ նվերն ինձ զարմացնում է, մի բան է ասում նվիրատուի մասին՝ նրա զոհաբերության, պատրաստակամության ու վերաբերմունքի առումով: Օրինակ՝ երբ ժլատ մարդը հանկարծ դառնում է շռայլ կամ լեզվին լավ չտիրապետող մարդը հանկարծ հանդես է գալիս հատուկ ինձ համար պատրաստած աննախադեպ խոսքով՝ գրավոր կամ բանավոր: Մի խոսքով՝ ինձ նվերը հետաքրքրում է մարդու զոհողության պոտենցիալ չափի, նրա ներքին և արտաքին ճիգի ու ճկվածության առումով: Եղբայրս կասեր՝ քո փնտրածը պաշտամունք է: Թող որ այդպես լինի:
Մյուս կողմից՝ ինձ երջանկացնելը նաև շատ հեշտ է, դրա համար մի բառ է հարկավոր, մի լավ տող, մի ճիշտ հայացք: Մի հմայիչ նյուանսը կարող է շրջադարձային լինել իմ կյանքի և ճակատագրի համար:

-Անվերջ ուշադրության և սիրո մեջ ապրող կնոջ համար, թերևս, ամենասարսափելի երևույթը կյանքում անտարբերությունն է, անապատի զգացողությունն իր շուրջ և իր ներսում: Դուք Ձեր խոսքում միշտ նշում եք, որ սիրո և ուշադրության պակաս երբևէ չեք զգացել կյանքում: Բայց եղե՞լ են պահեր, երբ ձգտել եք լիակատար միայնության, զերծ՝ այդ ամենից:

-Անկասկած: Ես ավելի հաճախ լիակատար մենություն և բացարձակ լռություն եմ փնտրում, քան մեծ ուշադրություն կամ սեր: Սիրո և ուշադրության մեծ քանակը պարտավորեցնող և ազատազրկող ազդեցություն ունի, որը ոչ միայն բացառում է ստեղծագործելու հնարավորությունը, այլ նաև կյանքի շարժումը: Ընդհանրապես, ամենայն կատարելություն վտանգավոր է: Դա Աստծո տարածքն է, որտեղ բացառվում է ձգտումը, էվոլյուցիան: Ես սիրում եմ ընտրողաբար ինձ ընձեռնված մենությունը, որն իր մեջ կրում է սիրված ու սպասված լինելու ենթադրությունը: Իմ կողքի մարդը պիտի տիրապետի նվազագույն ֆիզիկական ներկայությամբ առավելագույն հոգևոր ներկայություն լինելու արվեստին, այլապես ես հիմնովին կտապալվեմ բացահայտ, մեծ ու անանձնական սիրո ծանրությունից:

Ազատությունն ու երջանկությունը քույրեր են, և երջանկության մեջ է գտնվում ազատության ամենաիրական չափը:

-Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրեցիք <> գիրքը, որը կնոջ ընդհատված երջանկության մասին է՝ ի դեմս ցեղասպանության բովով անցած Ձեր հորաքրոջ: Գիրքը, ներկայացրեցիք նաև անազատության մեջ գտնվող կանանց, նրանց հետ կիսեցիք Ձեր խոհերն ու ապրումները, հույս ներշնչեցիք, որ փրկություն միշտ կա: Դրան հետևեց Ձեր անչափ հուզիչ նամակը ՀՀ նախագահին, ում արձագանքը չուշացավ: Ի՞նչ կարևորություն ունեն այս դրվագները Ձեր կյանքում, ի՞նչ զգացիք, երբ իմացաք, որ Ձեր շնորհիվ այդ կանանց մի մասը նախագահական ներման է արժանացել:

-Հորաքրոջս կյանքի պատմությունն իմ ամենամեծ դասերից է եղել: Ես մինչև օրս նրանից սովորում եմ ընդհատված երջանկությունը և ամեն գնով երջանկության իներցիան պահպանելու մղումը, հակառակ բոլոր խոչընդոտների՝ քո մեջ գտնվող մանկանը, անմեղին ու հույս ունեցողին պահպանելը: Սա վերաբերվում է նաև ազատազուրկ կանանց: Ազատությունն ու երջանկությունը քույրեր են: Ավելին: Երջանկության մեջ է գտնվում ազատության ամենաիրական չափը: Առանց երջանկության՝ ազատությունն աբստրակտ է, ազատ անկման անօդ տարածք: Ես նրանց հիշում ու կարոտում եմ: Ուզում եմ, որ նրանց տրվի երջանկության նոր հնարավորություն, ու եթե իմ նամակը ինչ-որ չափով օգնել է նրանցից մեկին անգամ, ես չափազանց ուրախ եմ:

-Դուք այն համարձակ պոետներից եք, ով չի վախենում հոգու մերկությունից և դրանով բացահայտում է կնոջ թաքուն երազանքներն ու մղումները, չբացահայտված ես-երն ու դրանց պայքարը: Որքանո՞վ եք Ձեզ բացահայտված կին համարում և արդյո՞ք հասել եք լիարժեք ինքնաճանաչողության:


-Վախենալ, նշանակում է պատրաստ լինել կեղծիքի, դավադրության, դավաճանության: Համարձակությունը երևակայությունից հետո պոետի ամենակարևոր հատկանիշն է: Եթե պատրաստ չես մինչև վերջ մերկանալ, լինել թափանցիկ և ազնիվ, ապա վայր դիր գրիչդ: Կեղծիք լսելու համար բավական է լսել քաղաքական գործիչների նախընտրական ճառերը: Դրա համար չարժի ծառ սպանել:
Ստեղծագործողի նպատակը ինքնաբացահայտումն է: Գրում եմ, քանի որ ուզում եմ ճանաչել ինքս ինձ. <>: Սա կյանքի հետ զուգահեռ հոսող գետն է, քանի որ ես-ը նույնպես փոփոխվում է, և հնարավոր չէ երկու անգամ մտնել միևնույն եսի մեջ: Գրելը Աստծո կողմից ինձ տրված բացահայտման գործիքն է: Քանի դեռ շարունակում եմ գրել, ուրեմն դեռ լրիվ ինքնաբացահայտված չեմ:

Արցունքը էմոցիայի դատարկվելու պահն է, ինչպես սիրո պիկը՝ անկողնու մեջ, որից հետո տհաճ խաղաղություն է իջնում:

-Մի անգամ ասել եք, որ սիրում եք հետաձգել արցունքները, ինչո՞ւ…

-Ուզում եմ հնարավորինս ձգել ճշմարիտ ապրումը, էմոցիան, զգալ դրա պոտենցիալ չափը, ծավալվելու ձևերը, սահմանները. լինի հրճվանք, սեր, թե տառապանք, ես իմ էմոցիան երբեք չեմ արագացնում: Արցունքը էմոցիայի դատարկվելու պահն է, ինչպես սիրո պիկը՝ անկողնու մեջ, որից հետո տհաճ խաղաղություն է իջնում, ու սկսում ես մտածել առաստաղի գույնի կամ պլատոնական սիրո հմայքի մասին: Իսկ դու չե՞ս սիրում հետաձգել…

-Հավատո՞ւմ եք ճակատագրական կնոջ գաղափարին, Ձեզ համարո՞ւմ եք ճակատագրական կին հայ պոեզիայում:

-Հայ պոեզիայում դեռևս չգիտեմ, թե որքանով եմ ճակատագրական կին, բայց տղամարդու կյանքում՝ այո, ես ինձ համարում եմ այդպիսին: Չափազանց բացահայտ ձևով են փոխվել ինձ հանդիպած ճակատագրերը, որպեսզի չհավատամ դրան: Մարդկանց կյանքում անհետևանք լինելն ավելի դժվար է, քան հակառակը: Կարևորն այն է, թե ինչպիսին են եղել քո գոյության հետևանքները՝ ապրեցնո՞ղ, թե՞ մահացու: Ինձ ծանոթ է թե՛ մեկը, թե՛ մյուսը:

Եթե պատերազմի հակառակը համարվեր ոչ թե խաղաղությունը, այլ երջանկությունը, մարդը շատ վաղուց արդեն վերջ դրած կլիներ պատերազմներին:

-Դուք նշում եք, որ կինը պետք է երբեք չհրաժարվի երջանկության համար պայքարից. որտեղի՞ց և ինչպե՞ս պետք է սկսել այդ պայքարը:

-Պայքարը սկսվում է այն պահից, երբ տվյալ վիճակը կենսական է թվում քո գոյության համար: Ես անձամբ երջանկությունից դուրս դժվարանում եմ գոյատևել, դառնում եմ անհանգիստ, անտանելի: Երջանկությունից դուրս գտնվելու վիճակն իմ հոգու մեջ նույնանում է Աստծուց դուրս գտնվելու, այսինքն՝ աբսուրդ իրավիճակի հետ:
Խնդրում եմ երջանկությունը խաղաղության հետ չնույնացնել: Երջանկությունը ակտիվ հոգեվիճակ է, .… ու սուր: Այն քեզ արթուն է պահում՝ ի տարբերություն խաղաղության: Այն հոգո՛ւ զգացողություն է, ոչ թե մտքի կամ ինտելեկտի: Այն իր լիցքը ստանում է գոյության ավելի կայուն աղբյուրներից. չարից ու բարուց ավելի բարձր գտնվող ակունքներից: Երջանկությունը դժբախտության հակառակը չէ, և ոչ էլ խաղաղությունը՝ պատերազմի: Սրանք չափազանց սխալ զուգահեռներ են, որոնք միշտ շփոթեցրել են մեր ինտուիցիան ու սիրտը: Սրանք հարկավոր է վերանայել: Եթե պատերազմի հակառակը համարվեր ոչ թե խաղաղությունը (որն իր մեջ լճացման, պասիվության ենթադրություն ունի), այլ երջանկությունը, մարդը շատ վաղուց արդեն վերջ դրած կլիներ պատերազմներին: Այդ է պատճառը, որ երջանկություն բառը կրոնը փակի տակ է պահում՝ որպես հետմահու հաճույք, իսկ քաղաքական գործիչները ընդհանրապես չեն սիրում ընդգծել դրա կարևորությունը, որովհետև երջանկության համար պայքարող մայրն իր զավակին չի տա պատերազմի մսաղացին: Պատերազմը կնոջ միակ բնական թշնամին է: Մենք զավակներ ենք արարում, իսկ պատերազմը սպանում է նրանց մարտադաշտում: Նա, ով այո է ասում երջանկությանը, ոչ է ասում պատերազմին:
Զինվորագրվել երջանկությանը չի նշանակում անզգա դառնալ հանդեպ ցավը, ողբերգությունը: Նա, ով ընդունակ է հարյուր տոկոս երջանկության, դատապարտված է նաև հարյուր տոկոս տառապանքի, որովհետև միևնույն զգայարանով է զգալու թե՛ մեկը և թե՛ մյուսը: Այդ զգայարանը սիրտն է ու ինտուիցիան. նույն զգայարանը, որով մարդը զգում է վեհությունը, արվեստի կատարյալ գործը: Այդ զգայարանը սուր վիճակում պահելու համար հարկավոր է պահպանել կապը արվեստի և, հատկապես պոեզիայի հետ, որը էմոցիաները թարմ պահող ամենակատարյալ կառույցն է: Դեռևս Դարվինն է ասել. «Նա, ով հեռու է արվեստից, հեռու է նաև երջանկությունից»:

-Դուք բավականին երիտասարդ տարիքում եք զգացել մայրական բերկրանքը, հետաքրքիր է, ո՞ր տարիքում է սկսել Ձեր մեջ լիարժեք խոսել կանացի ես-ը՝ չարաճճի, բայց հասուն կինը:

-Ես ինձ երբևէ չեմ զգացել որպես հասուն կին: Ավելին ասեմ՝ ես չգիտեմ, թե դա ինչ է նշանակում: Ինչ վերաբերում է մայրանալուն, ցավոք, այդ մասին նախշուն պատմություն պատմել չեմ կարող:
Ես մայրացա ակամա, երբ դեռ ոչ հոգով էի դրան պատրաստ, ոչ՝ մտքով, և առաջնեկ աղջիկս ոչ երազիս արձագանքն էր և ոչ էլ մայրական կանացի բնազդիս, այլ՝ շտապելուս և միամտությանս: Ես նրան գրկեցի որպես հերթական տիկնիկիս և քնեցի նրանից էլ շուտ: Հոգնած էի: Արթնացա նրա հիստերիկ լացի ձայնից, ու չգիտեի՝ ինչ անել: Մինչ օրս մանկան այդպիսի լացից շփոթվում եմ: Երբ նրան կրծքիս մոտեցրին, ձեռքերս ետ տարա. ասես այդ ամենն ինձ հետ կապ չուներ: Հետո ցավից ճչացի ու զգացի բուժքրոջ անզիջում հայացքի սառնությունը: Դժվար էր հավատալ, որ անպաշտպան թվացող ու ամուր փաթաթված այդ մարդակոլոլը այդպիսի «վայրագության» էր ընդունակ: Նայեցի՝ դեմքը կոկոնի էր նման: Առավել համոզվեցի, որ ցավ պատճառողը ինքը չէր կարող լինել: Այդպիսի մի վիճակ: Ասես մեկը թշնամաբար ընդհատել էր մանկությունս՝ խաղի ամենաթեժ պահին, ասես պարան թռնելիս, երբ մարմինս դեռ օդի մեջ է, ամենաանսպասելի և ամենաչնախատեսված ժամանակ: Ուզում եմ ընդգծել «չնախատեսվածը», քանի որ ամենամեծ պարգևն անգամ երջանկություն չի պարգևում, եթե դրա մասին նախապես երկարատև ու բուռն չի երազել հոգիդ: Ցանկություն, որ իրագործվել է երկարատև երազելուց հետո…ահա, թե ինչպես կարելի է ձևակերպել երջանկությունը:

Այդ օրը ես ոչ միայն իրագործեցի ամուսնուս միակ չիրականացած երազը՝ ինձ քողով ու հարսի շորով տեսնելու, այլ նաև իմ:

-«Երբ փոքր էի, արքայադուստր էր կոչում ինձ հայրս, և ես վստահ էի, որ թագուհի եմ դառնալու, երբ մեծանամ» ,- սրանք Ձեր խոսքերն են: Ու Դուք մինչ օրս սիրում եք թագ կրել: Որքանո՞վ է այդ հարցում պատասխանատու Ձեր հոր կերպարը, որի մասին Դուք միշտ հիացմունքով եք խոսում: Տղամարդու Ձեր իդեալը, անկասկած պիտի նման լինի Ձեր հոր կերպարին: Արդյո՞ք Ձեր ամուսնու մեջ գտել եք նրան:

-Նաև նրան: Ամուսինս իր հանդուրժողականությամբ, համբերատարությամբ ու խաղաղ բնավորությամբ նման է հորս: Ինձ միշտ գրավել են կենսափորձով հարուստ, առավել տարեց տղամարդիկ, ովքեր ապացուցելու, իրենց ցուցադրելու խնդիր չունեն և կարող են հարյուր տոկոսով նվիրվել ինչ-որ գաղափարի կամ կնոջ:

-Վերջերս տոնեցիք Ձեր ամուսնու 75-ամյակը և նրան անչափ հուզիչ անակնկալ մատուցեցիք՝ առաջին անգամ Ձեր կյանքում կրելով հարսի զգեստ և խորհրդանշական քող: Ինչպե՞ս կբնութագրեք այդ ակնթարթը Ձեր կյանքում:

-Այդ օրը ես ոչ միայն իրագործեցի ամուսնուս միակ չիրականացած երազը՝ ինձ քողով ու հարսի շորով տեսնելու, այլ նաև իմ: Ինձ մշտապես ուղեկցել է երբևէ հարսանեկան քող ու զգեստ հագած չլինելու փաստը:
Հայրս մահամերձ էր, երբ պատրաստվում էի ամուսնության, և ես արագացրի իմ նշանադրությունը՝ նրան ինչ-որ լավ պահ նվիրելու ցանկությամբ: Ամուսնացա նրա մահվանից երկու ամիս անց: Հետաձգել չէի կարող: Հղի էի: Հարսանիքի ոչ սիրտ կար, ոչ էլ ժամանակն էր դրա: Թեև տեսակովս ավանդապաշտ չեմ, բայց հարսանեկան ծեսը կարծում եմ ավելի խորը իմաստ ունի կնոջ գենետիկ տեսակի համար, քան՝ կարծում ենք: Ես մինչև օրս ինձ երբևէ «լրիվ ամուսնացած» չեմ զգացել: Ամեն անգամ, երբ մասնակցում եմ հարսանեկան ծեսի, աչքերս լցվում են մի փոքր ավելի, քան՝ լոկ պահի թատերականությունը կարող էր ենթադրել:

-Ձեր գրքերը թարգմանվել են տարբեր լեզուներով, իսկ «Լիբրետո անապատի համար» գիրքը՝ անգամ թուրքերեն, և ցավոք, բռնագրավվել թուրքական իշխանությունների կողմից: Ի՞նչ կարևոր հաղորդագրություն կցանկանայիք, որ Ձեր գրքի միջոցով ստանային Թուրքիայում ապրող հայերը, և հատկապես՝ ծպտված հայերը:

-Գիրքը թարգմանել է հրաշալի մեր մտավորական Հակոբ Չաքրյանը՝ այնուհետ այն ներկայացնելով հայտնի հրապարակախոս, գրող, հրատարակիչ, մարդու իրավունքների պաշտպան Ռագիբ Զարաքոլիին, որը այն հրատարակեց իր իսկ նախաբանով թուրքական «Բելգե» հրատարակչությունում: Նպատակ ունեի հանդիպել թուրք մտավորականների, գրողների, ընթերցողի, ինչպես նաև ծպտված և ոչ ծպտված հայերի հետ: Սակայն, ցավոք, տպաքանակը կալանավորված է, և միայն մի փոքր տպաքանակով է հասել ինձ: Կարծում եմ, որ մոտ ապագայում թուրքական կառավարությունը արտաքին ճնշումների ազդեցության տակ կփորձի ժողովրդավարական վարքագիծ որդեգրել, գոնե ցուցադրաբար, ու ես կկարողանամ իրացնել իմ ծրագիրը: Թեպետ՝ կարծես մանկամտորեն սխալվում եմ: Քանի դեռ սուտը, կեղծիքը ու խարդավանքը շարունակում են գերակայել փաշայական գործիչների հիմնական գործելաոճում, այս իրավիճակը փոխվելու շատ փոքր հնարավորություն ունի:

Պահպանելով և երկրպագելով հայոց գիրը՝ ես իմ գենետիկ և ձեռքբերովի արժեքների սահմաններում փորձել եմ պաշտպանել իմ սեփական էությունը, գոյությանս առանցքը՝ լեզուն:

-Սիրելի՛ Սոնա, ԱՄՆ-ում ապրելու տարիներին հայերեն գիրը, գրականությունը եղել է Ձեր փրկությունը, հայ մնալու, հայի տեսակը տարածելու աղբյուրը, և Դուք մեծ ավանդ ունեք հայապահպանության, մասնավորապես՝ հայոց լեզվի պահպանության գործում, ինչի համար արժանացել եք տարբեր մրցանակների: Ըստ Ձեզ՝ ո՞րն է հայոց լեզվի ֆենոմենը, և որպես սփյուռքահայ գրող՝ ինչպե՞ս կգնահատեք ՀՀ սփյուռքի նախարարության աշխատանքը:

-Հայոց լեզվի ֆենոմենը հայ լինելու, էությա՛ն ֆենոմենն է: Իմ կյանքն ու գործունեությունը երբևէ միտված չեն եղել հայոց լեզուն կամ հայի տեսակը փրկելուն: Այդպիսի հավակնությունը ինձ կճզմեր իր ծանրության տակ: Ես պարզապես իմ գենետիկ և ձեռքբերովի արժեքների ու տվյալների սահմաններում փորձել եմ պաշտպանել իմ սեփական էությունը, գոյությանս առանցքը՝ լեզուն: Սա խորքում խիստ էգոիստական ու գոյաբանական խնդիր է, համարյա ինքնապաշտպանության բնազդի արտահայտություն: Եթե այդ ծանրությունն ու հոգսը առկա չլիներ իմ արյան ու դաստիարակության մեջ, ես կարող էի հավասարապես երջանիկ լինել նաև մեկ այլ գոյաձևի մեջ: Այն, ինչ կատարվել է իմ այսպիսին լինելու արդյունքում, որը կոչվում է գրական գործունեություն, մեկ այլ բան է, և ես երջանիկ եմ, որ այն նպաստել է ինձ համար այդքան թանկ ու կենսական բաների՝ լեզվի և հայի էության պաշտպանությանը: Խորապես շնորհակալ եմ ուշադրության, մեծարումի և մրցանակների համար, որոնց արժանացել է իմ գիրը և գործունեությունը:
ՀՀ սփյուռքի նախարարությունը, հանձին Հրանուշ Հակոբյանի, արժանապատիվ ձևով ներկայացրեց ցեղասպանության զոհերին նվիրված «Լիբրետո անապատի համար» գիրքս թե՛ սփյուռքի նախարարության դահլիճում և թե՛ Հայոց ցեղասպանության թանգարանում: Սա ավելին էր, քան որևէ գրող կարող էր ակնկալել: Խորապես շնորհակալ եմ:
ՀՀ մշակույթի նախարարությունը ևս Հասմիկ Պողոսյանի նախաձեռնությամբ գրքիս անգլերեն տարբերակը ներկայացրեց New York Book Expo 2015-ի շրջանակներում: Վերջերս Լոս Անջելեսի հայկական հյուպատոսությունում տեղի ունեցավ իմ անգլերեն գրքի ամերիկյան շնորհանդեսը, որը նույնպես հրաշալի ձևով էր կազմակերպված:

-Դուք մասնակցում էիք 2017թ. ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին, ինչպե՞ս կգնահատեք այն, ինչպես նաև նախարարության 10 տարիների գործունեությունը և դրանում նախարար Հրանուշ Հակոբյանի ներդրումը:


-Ցանկացած համաժողով և ցանկացած նախաձեռնություն համա- նախածանցով, կարևոր է: Եթե խոսքը մի ազգության ու էթնոսի մասին է, որը ճակատագրով ցրված է աշխարհով մեկ ու, ցավոք դեռ շարունակում է ցրվել, նրան համախմբելու ցանկացած փորձ օրհնված է:
Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովն իր տեսակի մեջ կարելի է առաջինը համարել, որովհետև այն մեկ այլ մակարդակի վրա էր բարձրացրել համաժողովի գաղափարը: Ողջունում եմ թե՛ Հրանուշ Հակոբյանին և թե՛ կազմակերպչական ողջ անձնակազմին, սա ճշմարիտ հաղթանակ էր, և եթե կային ինչ-ինչ թերացումներ, ապա դրանք անզեն աչքով տեսանելի չէին (խոսքը բանաստեղծական աչքի մասին է, ոչ թե՝ լրագրողի):
Գնահատելու կամ քննադատելու համար նախ անհրաժեշտ է իմանալ, թե հնարավորությունների, նյութական և այլ ռեսուրսների ինչ քանակություն է տրամադրվել. ինֆորմացիա, որն ինձ հասու չէ: Ես՝ որպես բանաստեղծ, կարող եմ գնահատել միայն էսթետիկ, զգայական և էմոցիոնալ հարթակների վրա, և այդ առումով այն պարզապես հրաշալի էր: Ողջ ընթացքում աչքերս արցունքով էին լցվում պարբերաբար գեղեցկության, կազմակերպվածության, աուրայի ջերմության և անակնկալ հանդիպումների ու զրույցների պատճառով: Սիրտս թռչնի պես դողում էր: Առաջին անգամ էր, որ մեր ցրվածության փաստը ոչ միայն ցավ էր պատճառում, այլ նաև հույս էր արթնացնում: Սա կարելի էր համարել համաժողովի ամենամեծ հաղթանակը: Բրավո՛:
Ինձ միշտ զարմացրել է այն, որ Սփյուռքի նախարարություն ունենալ-չունենալու հարցը դարձել է խնդրի առարկա: Եթե երկրից դուրս ավելի շատ հայ է բնակվում, քան երկրի ներսում, ապա ոչ միայն նախարարության, այլ նաև Սփյուռքի հայկական կայսրություն ունենալու գաղափարը խորթ չի հնչում ինձ համար: Ցավալիորեն այդ կայսրության սահմանները (որը ես օվկիանոսից օվկիանոս Հայաստան եմ անվանում) գնալով մեծանում են, և սա է, որ պիտի դառնա նախարարության գերխնդիրը: Սփյուռքը համակարգելը, նրա ներքին մարդկային ռեսուրսները ճանաչելը շատ կարևոր է, բայց որպեսզի կապը լինի օրգանական, առողջ և հարատև, հարկավոր է, որ Սփյուռքի կառույցները և սփյուռքահայերը ևս ընդգրկվեն Սփյուռքի նախարարության հեռանկարային ծրագրերի մեջ:
Ես հիշում եմ, թե ինչ ոգևորությամբ ու սրդողանքով էր Հրանուշ Հակոբյանը պատրաստվում իր պարտականություններին: Նրա երկարամյա ղեկավարի փորձը, հայրենանվերությունն ու գիտական մտքի առկայությունը շատ անհրաժեշտ են կառույցի աշխատանքի համար, և նա, անկասկած, վստահելի հենասյուն է և մեծ գործ է անում թե՛ գործնական կապերի և թե՛ ակադեմիական առումով: Նրա հեղինակած գրքերը, հատկապես վերջինը՝ «Հայկական սփյուռքը հարափոփոխ աշխարհում», մեծապես կարևոր է ապագա սփյուռքագետների համար: Հրանուշ Հակոբյանը բարձր արժեքների մեջ մեծացած մարդ է, ընդունակ մեծ հավատարմության և մեծ զոհողության, իսկ այս տեսակը ինքնին փնտրվող և վերացող մարդկային տեսակ է:

Իմ մեջ ապրող բազում կանացի ես-երը դեռ բազում խնդիրներ պիտի լուծեն, յուրաքանչյուրը՝ իր թերությունների և առավելությունների, մեղքերի և միամտությունների շրջանակում:

-Առաջիկայում իրականացվելիք ծրագրեր ունե՞ք:
-Շատ: Հենց այս պահին շտապում եմ ավարտել մեր հարցազրույցը, որպեսզի պատրաստեմ ճամպրուկս: Երկու օր անց Վաշինգտոնի հայկական դեսպանատանը մեծ բարերար Ռիտա Բալյանի և մեծարգո արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի համատեղ ջանքերով տեղի կունենա մեծարումի երեկո, որտեղ «երախտավորների» շարքում կլինեմ նաև ես: Այստեղ տեղի կունենա անցյալ տարի Լեհաստանում ստացած Հոմերոսի մեդալի հանձնման արարողությունը, որի համար Վաշինգտոն են ժամանելու մեդալի բրյուսելյան հանձնակազմի պրեզիդենտ, լեհ ճանաչված գրող Դարիուշ Լեբիսդան և նյույորքաբնակ բանաստեղծ, հրատարակիչ, միջազգային պոեզիայի ֆորումի նախագահ Ստանլի Բարկանը:
Հայկական դեսպանատունը հայրենի հողի սիմվոլն է օտար հողի վրա, և պոեզիայի հաղթանակը այստեղ նշելն ինձ համար կրկնակի անգամ ավելի նշանակալի է դարձնում իրադարձությունը: Շնորհակալ եմ:
Սեպտեմբեր ամսին կլինեմ Փարիզում իմ առաջին ֆրանսերեն գրքի շնորհանդեսի կապակցությամբ: Այս տարվա ծրագրի մեջ են մտնում նաև այցելությունները Բուլղարիա, Չինաստան, Աֆրիկա, Վրաստան և Գերմանիա: Այնպես որ, Աստված առաջ:

-Եվ վերջում մեջբերեմ Ձեր խոսքերը. «Ես ժառանգել եմ պապիս ցերեկահավատությունը, հորս իրիկունահավատությունը, հորաքրոջս ժպիտը և մորս ձեռքերը». հետաքրքիր է, ո՞րն է Ձեր ներսում պայքարող ես-երի, կերպարների ուժը և թուլությունը, և ինչպե՞ս է ավարտվում այդ պայքարը կամ ավարտվո՞ւմ է արդյոք:


-Իհարկե, ոչ: Իմ մեջ ապրող բազում կանացի ես-երը դեռ բազում խնդիրներ պիտի լուծեն, յուրաքանչյուրը՝ իր թերությունների և առավելությունների, մեղքերի և միամտությունների շրջանակում: Այդ պայքարը կոչվում է կյանք: Երբ այն ավարտվի, դուք այդ մասին անպայման կտեղեկանաք, թերթերն այդ մասին կգրեն…քաղաքի վրա այդ օրը կիջնի թա˜նձր մառախուղ…


Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...