19:28
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ես հավատում եմ արեւային Հայաստանի` էներգետիկ անկախ երկիր դառնալու հեռանկարին

2018-04-25 11:23

 

ԱՐԹՈՒՐ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
«Սոլարոն» արևային պանելներ արտադրող ընկերության հիմնադիր

SOLARON` արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Հայաստանում:

«Դե Ֆակտո » N 142 ( 03/2018թ.)  

-Պարո՛ն Ալավերդյան, Դուք այն գործարարներից եք, ում բիզնես նպատակներում կարևոր տեղ է զբաղեցնում սեփական երկրի զարգացումը խթանելու գաղափարը: Հետաքրքիր է, զարգացման ի՞նչ հեռանկար եք տեսնում մեր երկրի համար` ներդրումներ կատարելով վերականգնվող էներգետիկայի ոլորտում:


-Այսօր աշխարհը քայլում է նորարարական տեխնոլոգիաների ստեղծման և ներդրման ճանապարհով, որը պետությունների համար դարձել է տնտեսական զարգացման և անկախություն ձեռք բերելու կարևոր գրավական:
Մենք ունենք հրաշք երկիր Հայաստան, որը հարուստ է բնական պաշարներով, որոնց արդյունավետ և նպատակային օգտագործումը` նորարարական տեխնոլոգիաների ներդրման միջոցով, կարող է նպաստել մեր երկրի տնտեսության զարգացմանը և մեր ժողովրդի կյանքի որակի բարձրացմանը: Այդ պարգևներից մեկը արևային ռեսուրսն է` վերականգնվող էներգետիկայի ամենահզոր աղբյուրներից մեկը, որը կարող է դառնալ ՀՀ էներգետիկ անկախության ձեռքբերման հիմք: Ես այդ հեռանկարը հստակ տեսնում եմ և հավատում, որ մինչև 2030 թ. մենք կհասնենք այդ նպատակին: Այդ տեսլականն ունենալով` հիմնադրել եմ արևային պանելներ արտադրող առաջին կազմակերպությունը Հայաստանում:
Ուզում եմ նշել նաև, որ ողջունում և կարևորում եմ ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ծրագիրը, մեր պետության կողմից վերականգնվող էներգետիկայի զարգացմանն ուղղված քայլերը, որոնք օրենսդրական հիմք են հանդիսանում ոլորտի զարգացման համար:

-Ինչո՞ւ արտադրություն, այլ ոչ պատրաստի արևային պանելների ներկրում:

-Բնականաբար, երբ խոսում ենք նոր արտադրության ստեղծման և զարգացման, նոր արտադրանքի` իր հանդեպ պահանջարկի ձևավորման մասին, որն իր հերթին պահանջում է սպառողից առնվազն 5-7 տարվա ներդրում և ունի 30 տարվա գործառնական ժամկետ, ապա դա նշանակում է, որ արտադրողը պետք է տրամադրի երկար տարիների երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում: Իսկ դրա համար անհրաժեշտ է այդ տարիների ընթացքում աշխատել և զարգանալ, երաշխիք ունենալ սեփական արտադրանքի և մատուցած ծառայությունների բարձր որակի և մրցունակության համար: Իմ կարծիքով` նման երաշխիք կարող է տրամադրել միայն արտադրողը, ով, հաշվարկելով բոլոր ռիսկերը, կատարել է ներդրում, մեր դեպքում` շուրջ 2 մլն. ԱՄՆ դոլար: Այդ փաստն արդեն իսկ երաշխավորում է լուրջ, երկարաժամկետ և հուսալի համագործակցություն: Եվ ես տեսնում եմ, որ այդ մոտեցումն ավելի, քան արդարացված է: Մեր թիմին վստահում են, մեր արտադրանքը նախընտրում են բոլոր նրանք, ովքեր մտադիր են երկար ժամանակ ապրել և աշխատել Հայաստանում:
Խոսելով «Սոլարոնի» մասին` պետք է նշեմ նաև, որ ես տասը և ավելի տարիներ աշխատում եմ էներգաարդյունավետ համակարգերի արտադրության ոլորտում, որին սերտորեն կապվում է նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտը: Շատ լավ տիրապետում եմ ոլորտի երևացող և աներևույթ կողմերին, աշխարհում վերականգնվող էներգետիկայի զարգացման միտումներին: Մենք մեր արտադրության մեջ ներդրել ենք թեստավորման համակարգեր, որոնց միջոցով թեսթավորում ենք բարձրակարգ ընկերություններից ներկրված բջիջները, դրանցից կազմված մոդուլները: Փաստն այն է, որ այն բնութագիրը, որը կարելի է տեսնել մեր արտադրած արևային պանելների վրա, լիովին հաստատվում է, անգամ գերազանցվում է թեստավորում անցկացնելուց հետո, ինչում կարող է համոզվել յուրաքանչյուր գնորդ: Բացի այդ` մենք տարիների ընթացքում ձևավորել ենք բարձրակարգ մասնագետների խումբ, ինչը պակաս կարևոր չէ արտադրության ստեղծման և զարգացման համար:
Եվ քանի որ գործունեության այս գրեթե մեկ տարվա ընթացքում իրականացրել ենք բազում նախագծեր, այժմ ներդնում ենք մոնիթորինգային համակարգ, որը թույլ կտա հետևել մեր տեղադրած արևային կայանների աշխատանքի արդյունավետությանը, կանխատեսել հնարավոր խնդիրների առաջացումը և կանխել դրանք:

-«Սոլարոնը» 2017թ. ապրիլ ամսին արտադրեց առաջին հայկական արևային պանելը, և դրանով սկիզբ դրեց վերականգնվող էներգետիկայի ոլորտում առաջին արտադրության հիմնադրմանը, որը գնալով ընդլայնվում է, հարստացնում տեսականին, իրականացնում հետաքրքիր և աննախադեպ ծրագրեր: Մի փոքր պատմեք այդ մասին:

-Պետք է նշեմ, որ ընկերությունը հիմնադրվել է 2016թ., թեև այդ ուղղությամբ սկսել ենք քայլեր ձեռնարկել դեռևս 2013-14թթ., իսկ առաջին արտադրանքը թողարկվել է 2017թ. ապրիլին: Դա իսկապես հիշարժան պահ է մեր թիմի համար, քանի որ իրականացավ մեր կողմից մշակման տարբեր փուլեր անցած նախագիծը: «Սոլարոնն» արտադրում է բնութագրիչների լայն տարատեսակներով արևային մոդուլներ, որոնք տարբերվում են ինչպես օգտագործվող բջիջների տեսակով, այնպես էլ քանակով, սակայն մեր արտադրանքի հիմքը արդեն ստանդարտ դարձած վահանակն է, որն ունի 60/72 բազմաբյուրեղային բջիջներ: Վահանակը պատված է ստանդարտ ալյումինե շրջանակով: Պետք է շեշտեմ, որ ընկերությունը ներկրում է հայտնի ընկերությունների բարձրորակ` «Ա» գրեյդի ամենաբարձր որակական հատկանիշերով բջիջներ, որոնք ապահովում են միջազգային չափանիշերին համապատասխանող վահանակների արտադրություն: Մենք ոչ միայն արտադրում ենք արևային պանելներ, այլ նաև իրականացնում արևային կայանների նախագծման, տեղադրման, երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման ծառայություններ:
Նորությունների առումով` նշեմ, որ շուտով կսկսենք առավել մեծ քանակով արտադրել «Գլազ թու գլազ» («Ապակի-ապակի») կոչվող վահանակները, որոնց առանձնահատկությունն այն է, որ երկու կողմից պատված են կիսաթափանցիկ ապակիներով, որոնց մեջտեղում տեղադրված են բջիջները: Դրանք ապահովում են լույսի առավել մեծ թափանցելիություն, դիզայներական գեղեցիկ` վիտրաժային, լուծման հնարավորություն: Այն կարող է լայնորեն կիրառվել շինարարական տարբեր նախագծերում` ապահովելով գեղեցիկն ու օգտակարը մեկ տեղում: Նման լուծումներն արևային էներգետիկայի մի մասն են կազմում:
Դրանց արտադրության գաղափարն առաջացավ մեր կողմից ներկայումս Երևանում և, ընդհանրապես, Հայաստանում առաջին անգամ իրականացվող մի նախագծի`«Արևային կանգառ»-ի ստեղծման շրջանակներում: Դա «Սոլարոնի» նվերն է Երևանի 2800-ամյակի առթիվ, որը սիրով ողջունեց Երևանի քաղաքապետարանը: «Արևային կանգառը» կստեղծվի մեր գրասենյակի` Արշակունյաց պող., 25/1 շենքի հարևանությամբ, պատված կլինի «Գլազ թու գլազ» արևային պանելներով, ներսում տեղադրված կլինեն լիցքավորիչներ` նախատեսված տարբեր սարքավորումների համար, որոնք կսնվեն արևային էներգիայից: Կարծում եմ` նախագիծը կհաջողվի և տարածում կգտնի ՀՀ-ում և Արցախում:
Նախատեսում ենք սկսել նաև սև շրջանակով արևային պանելների արտադրություն, ինչը կրկին սպառողների պահանջներին համընթաց գնալու քայլ է մեր կողմից:
Մենք ներդրել ենք նաև «Արևային դեսպան» ծրագիրը, որի նպատակն է ստեղծել գործընկերների մեծ ցանց` բաղկացած սկսնակ (start-up) ընկերություններից, որոնք մասնագիտացված են արևային վահանակների տեղադրման և միացման գործում: Մեր թիմը տրամադրում է մասնագիտական և տեխնիկական աջակցություն, իր հմտությունները փոխանցում նրանց, հանդես գալիս`որպես փորձագետ: Նրանք մեր արևային դեսպաններն են ՀՀ տարբեր մարզերում, ովքեր զբաղվում են «Սոլարոնի» արտադրած արևային վահանակների տեղադրմամբ:

-Հետաքրքիր, ոչ ստանդարտ այլ նախագծեր ևս իրականցրել եք, դրանցից մեկը մեծ հետաքրքրության և քննարկման արժանացավ համացանցում…

-«Սոլարոնն» արևային կայանների տեղադրման նախագծեր է իրականացնում ՀՀ ողջ տարածքում և Արցախում: Դուք երևի թե Տավուշի մարզում գտնվող «Ապագա» հանգստյան գոտում տեղադրված կայանի մասին եք խոսում, որը ստացել է «Ամենահայկական արևային կայան» անվանումը: Հետաքրքիրն այն է, որ Տավուշի մարզը համարվում է արևային էներգիայի ստացման տեսանկյունից ոչ շատ նպաստավոր գոտի, սակայն մենք բացահայտեցինք, որ այն շատ նպաստավոր գոտի է և կարող է ծառայել ՀՀ-ում արևային էներգետիկայի զարգացման նպատակներին:
Ոչ ստանդարտ նախագծերի շարքից կարող եմ նշել Տավուշի մարզի Կարմիր գյուղում մեղվապահների համար տեղադրված օֆգրիդ` անկախ, կայանը, որը նախատեսված է արտադրված մեղվակաթի պահպանման և մեղվապահների կենսական պահանջները բավարարելու էլեկտրաէներգիայի արտադրության համար:
Մյուսը Դիլիջանում տեղադրված Հայաստանում ամենամեծ օֆգրիդ կայանն է` WWF կազմակերպության համար: Ընկերությունը տնակ ունի այդ տարածքում, որը հեռու է էլեկտրաէներգիայի աղբյուրներից, և որպեսզի այնտեղ հնարավոր լիներ ապրել, տեղադրեցինք արևային հզոր կայան:
Հետաքրքիր է նաև Արա լեռան ստորոտին գտնվող պոմպակայանում արևային կայանի տեղադրման նախագիծը, որն ապահովում է պոմպակայանի աշխատանքի համար անհրաժեշտ էլեկտրաէներգիան:

-Հեռանկարային ի՞նչ ծրագրեր և նպատակներ ունեք:

-Մեր նպատակն է ընդլայնել և զարգացնել «Սոլարոնի» արտադրական հզորությունները` դրանք տարածելով ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Արդեն իսկ ստանում ենք բազմաթիվ նամակներ, առաջարկներ տարբեր երկրներից, որոնք վկայում են մեր ընկերության նկատմամբ առկա հետաքրքրվածության աճի մասին: Արդեն որոշակի պայմանավորվածություններ կան Վրաստանում գործունեություն ծավալող մեր գործընկերների հետ: Ընկերությունը մասնակցում է նաև ոլորտին վերաբերող ցուցահանդեսների. առաջիկայում ևս պատրաստվում ենք մասնակցել միջազգային մեծ ցուցահանդեսի Վրաստանում:
Ես հավատում եմ, որ շատ շուտով արևային երկիր Հայաստանը դառնալու է էներգետիկ առումով անկախ և տնտեսապես հզոր պետություն:

 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...