2018-04-09 11:31
Գայանե Ալեքսանյան
«Մոնտեսսորի սիթի» զարգացման կենտրոնի հիմնադիր տնօրեն
«Դե Ֆակտո » N 142 ( 03/2018թ.)
«Մոնտեսսորի սիթի» զարգացման միջազգային կենտրոնը Հայաստանում գործում է 2012 թվականից: Այն առաջինն էր, որն իր կենտրոնի ուսուցման հիմքում դրեց իտալացի մանկավարժ,
բժիշկ-հոգեբան Մարիա Մոնտեսսորիի յուրօրինակ եւ տարբերվող մեթոդաբանությունը: Կենտրոնում ստեղծված է յուրօրինակ միջավայր, որը համապատասխանում է երեխայի կրթության եւ զարգացման համար պահանջվող միջազգային չափանիշներին:
«Մոնտեսսորի սիթի» զարգացման կենտրոնի առավելության, մասնագիտական կազմի եւ առաջիկա ծրագրերի մասին զրուցեցինք կենտրոնի հիմնադիր տնօրեն Գայանե Ալեքսանյանի հետ:
-Հարգելի՛ Ալեքսանյան, 2012 թվականից Հայաստանում գործում է «Մոնտեսսորի սիթի» զարգացման կենտրոնը, որն ուղղորդվում է աշխարհում ճանաչում գտած Մոնտեսսորի մեթոդաբանությամբ, հետաքրքիր է` ինչպե՞ս եղավ մտահաղացումն այն Հայաստանում կիրառելու:
-Լինելով մանկավարժ, աշխատելով տարբեր տարիքի երեխանների հետ, հաճախ էի ուսումնասիրում մանկավարժության մեթոդները և առավել շատ ինձ գրավեց հենց Մարիա Մոնտեսսորիի մեթոդաբանությունը, ով լինելով բժիշկ-հոգեբան երկար ժամանակ ուսումնասիրելով երեխաների հոգեբանությունը, ստեղծել է մի համակարգ, որը նպաստում է երեխայի ինքնուրույն զարգացմանը: Սա այն էր, ինչի պակասը ուներ մեր կրթական համակարգը: Հենց այդ առավելություններից ոգեշնչված որոշեցինք Հայաստանում նույնպես բացել Մարիա Մոնտեսսորիի մեթոդաբանությամբ առաջնորդվող կենտրոն:
-Ի՞նչ նախադրյալներ էին հարկավոր Հայաստանում նման կենտրոն բացելու համար և արդյո˚ք կա լիցենզիա ունենալու կարիք:
-Ուզում եմ վստահաբար բարձրաձայնել, որ աշխարհում գործող որևէ «Մոնտեսսորի կենտրոն» չունի լիցենզիայի կարիք, նման բան չկա, ասեմ ավելին, պարտադիր չէ լինել AMI-ի (Մոնտեսսորի միջազգային ասոցիացիա) անդամ: Այն հասարակական կազմակերպություն է, և կենտրոնի ղեկավարն ինքն է ընտրում դառնալ ասոցիացիայի անդամ, թե ոչ: Նշեմ նաև այն, որ ինչպես բոլոր Մոնտեսսորի կենտրոնները, մեր կենտրոնը ևս մասնակցում է AMI գիտաժողովներին:
Հայաստանում Մոնտեսսորիի մեթոդաբանությամբ զարգացման կենտրոն բացելու համար, նախ և առաջ պետք էր ունենալ որակավորում ստացած Մոնտեսսորի մանկավարժներ և, երկրորդ կարևոր հանգամանքը` Մոնտեսսորի պարագաներ: Մեր մանկավարժներն արտերկրում սովորել և ստացել են պահանջվող սերտիֆիկատները, իսկ Մոնտեսսորի պարագաների ամբողջական փաթեթը ձեռք ենք բերել Հոլանդիայից, որոնք իրենց որակով աշխարհում լավագույնն են:
-Ի դեպ, ինչում է կայանում այդ պարագաների առանձնահատկությունը:
-Մոնտեսսորի պարագաների շնորհիվ երեխաների մոտ զարգանում է մանր մոտորիկան, սենսորիկան, մաթեմատիկական, աշխարհագրական, կենսաբանական գիտելիքները և մտածողությունը, կրեատիվ մտածելակերպը, ինքնուրույն որոշում կայացնելու ունակությունը, ազատ ընտրելու իրավունքը:
Մոնտեսսորի պարագաներն ունեն իրենց առանձնահատկությունը: Յուրաքանչյուր պարագա ունի իր սխալների վերահսկումը, այսինքն` երեխան սխալ աշխատելու դեպքում ինքն է տեսնում իր սխալը և աշխատում այնքան, մինչև աշխատանքը կհասցնի ավարտին: Խաղալիքի նմանվող այս պարագաները պարզապես հրաշք են գործում:
-Իսկ դժվա˚ր չէր այս մեթոդի տարածումը:
-2012 թ.-ից հսկայական աշխատանք է կատարվել մեթոդի տարածման նպատակով: Շատ քչերը գիտեին այս մեթոդի մասին, թեպետ այն աշխարհում հայտնի մանկավարժական մեթոդ է: Բազմաթիվ սեմինարներ են անցկացվել ծնողների համար, սեմինարներ մանկավարժական համալսարանի դասախոսների և ուսանողների համար, Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողների համար, վերջերս նաև ամերիկյան համալսարանի համար: Բազմաթիվ դպրոցների սաների ենք հրավիրել մի քանի օր մեզ մոտ անցկացնելու, որպեսզի այդ տարիքի երեխաների ծնողներին ևս ծանոթացնենք մեթոդի առանձնահատկություններին: Այս ամենը վկայում է այն մասին,
որ «Մոնտեսսորի սիթին» եղել է և կմնա առաջին «Մոնտեսսորի» կենտրոնը Հայաստանում:
-«Մոնտեսսորի սիթի» զարգացման կենտրոնում քանի՞ խումբ է գործում:
-Ունենք մանկապարտեզի երկու տարիքային խմբեր և երեք քոլեջի խմբեր, որոնք նախատեսված են 3-6 տարեկան երեխաների համար:
Ինչպես նաև կենտրոնում գործում են անգլերենի, շախմատի, նկարչության, պարի, դաշնամուրի և մանկական ֆիթնեսի խմբակներ:
Դպրոցահասակ երեխաների համար գործում է դասապատրաստման ժամեր և ամառային դպրոց: Կենտրոնն աշխատում է առավոտյան 8:30 մինչ 18:30:
Ընդունելությունը կատարում ենք 1.3 տարեկանից մինչև 6 տարեկան երեխաների համար:
-«Մոնտեսսորի սիթի» կենտրոնում ծրագրել եք նոր` Kidspiration Week նախագծի մեկնարկում, ի՞նչ է այն իրենից ներկայացնում:
-Kidspiration Week նախագիծը նախատեսված է դպրոցահասակ երեխանների համար:
Ծրագրի շրջանակներում առաջարկվում է, որ երեխաներն իրենց դպրոցական արձակուրդներն անցկացնեն մեր կողմից նախապես ընտրված քաղաքում կամ երկրում: Նախագծի ընթացքում կլինեն զվարճալի խաղեր, սպորտային միջոցառումներ, կրեատիվ հանձնարարություններ: Այս ծրագրի առավելությունը կայանում է նրանում, որ երեխային հնարավորություն է տրվում կատարել թիմային աշխատանք, լինել ինքնուրույն և զարգացնել օտար լեզուների իմացությունը՝ պրակտիկ կիրառմամբ: Ծրագրի շրջանակներում երեխաներին այցելում են տարբեր ոլորտներից առաջատար մասնագետներ, ովքեր զրուցում են երեխանների հետ, ծանոթացնում իրենց մասնագիտությանը: Նախագիծը շարունակական բնույթ է կրելու: Ամռանը այն նախատեսված է անցկացնել արտերկրում:
-Եվ վերջում, ի՞նչ կմաղթեք հայ կանանց և աղջիկներին:
-Հայ կանայք շատ իմաստուն են: Ես գնահատում եմ իրենց համբերատարությունն ու նվիրվածությունը: Միայն հայ կինն է ունակ պահել իր ընտանիքը ջերմության, սիրո և ներդաշնակության մթնոլորտում: Ինձ համար դրա վառ օրինակը մայրս է:
Թող հայ կանայք և աղջիկները միշտ ժպտան, սիրված և գնահատված լինեն և թող իրենց յուրաքանչյուր օր մարտի 8 լինի:
Հարցազրույցը`
Սյուզաննա Ղուկասյանի
Վերադառնալ