09:09
11/29/2021
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Առաջիկա տարիներին մեծածավալ ներդրումներ` Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ում

2018-02-22 10:41

  «Դե Ֆակտո » N 141 ( 02/2018թ.) 

2015թ. մինչ օրս, էլեկտրաէներգիայի կորուստները բաշխիչ ցանցում նվազել են ավելի քան 4%-ով: Սա կոռուպցիոն ռիսկերի նվազման ցայտուն ցուցանիշներից է:

ԿԱՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Հայաստանի
էլեկտրական ցանցեր»
ՓԲԸ գլխավոր տնօրեն

 

 -Պարո՛ն Հարությունյան, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գործունեությունը ռազմավարական նշանակություն ունի ՀՀ համար, և հատկանշական է, որ «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից` ի դեմս հիմնադիր Սամվել Կարապետյանի, ՀԷՑ բաժնետոմսերի ձեռքբերումից հետո այն թևակոխեց զարգացման նոր փուլ: «Տաշիր» խումբը պարտավորվեց իրականացնել մի շարք ծրագրեր` ընկերության աշխատանքը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելուն ուղղված, ինչպես նաև ՀՀ կառավարության հետ հավասար հիմունքներով «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստակամություն հայտնեց իր անձնական միջոցների հաշվին մինչև 2016թ. օգոստոսի 1-ը փոխհատուցել սակագների տարբերությունն ամսական մինչև 250 կիլովատ էլեկտրաէներգիա սպառողների համար: Ի՞նչ արդյունքների եք հասել վերջին մեկ-երկու տարվա ընթացքում կատարած աշխատանքի արդյունքում:

-«Տաշիր» ընկերությունների խմբի կազմում ընդգրկվելուց հետո Ընկերությունը լիովին նոր մոտեցումների ու ռազմավարական քայլերի կարիք ուներ: Առաջին հերթին վերակառուցեցինք Ընկերության վարկային պորտֆելը: Այսօր վարկերի սպասարկման միջին տոկոսադրույքը 4,6% է:
2015թ. մինչ օրս, էլեկտրաէներգիայի կորուստները բաշխիչ ցանցում նվազել են ավելի քան 4%-ով: Սա կոռուպցիոն ռիսկերի նվազման ցայտուն ցուցանիշներից է: Եթե 2013թ.-ին դրանք կազմում էին 13,3%, ապա 2017թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով արդեն 8,7% են: Այս թվի մեջ իր հսկայական բաժինն ունի զուտ աշխատանքի կազմակերպման արդյունավետությունը, սկսեցինք կիրառել ինչպես պատժիչ միջոցներ, այնպես էլ փոխվեց աշխատանքի խրախուսման մեխանիզմը: Նոր կանոնակարգի համաձայն` մասնաճյուղին հատկացվում է որոշակի բյուջե, և մասնաճյուղն իր հայեցողությամբ որոշում է իրացման կառույցի աշխատակիցների խրախուսման (կամ հակառակը) հարցը:
Ձերբազատվել ենք ժամկետանց բոլոր պարտավորություններից ինչպես էլեկտրաէներգիայի արտադրության, այնպես էլ այլ ծառայությունների մասով:
Մշակել ենք Ընկերության ռազմավարական զարգացման պլան, որտեղ նշված են այն հիմնական ուղղությունները, որոնց վրա աշխատելու ենք առաջիկա տարիների ընթացքում: Դրանով նախատեսվում է կորպորատիվ կառավարման համակարգի բարելավում, տեղեկատվական համակարգի ավտոմատացում, բաժանորդների բավարարվածության մակարդակի բարձրացում, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության իրականացում և այլն:

 

-Ներդրումային ի՞նչ կարևոր ծրագրեր կառանձնացնեք, որոնք պետք է իրականացվեն` էապես նպաստելով ՀԷՑ աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

-Առաջիկա տարիներին լուրջ ներդրումներ կկատարվեն Հայաստանի բաշխիչ ցանցերում էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքի վերակառուցման և էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման համակարգի ներդրման ուղղությամբ: Չնայած առկա ֆինանսատնտեսական էական հաջողություններին` Ընկերության հիմնական միջոցները 85 և ավելի տոկոս մաշվածություն ունեն, որի արդյունքում էլեկտրամատակարարման որակական ցուցանիշները ծայրահեղ շեղված են և արդիականացման կարիք ունեն:
Ծրագրի հիմնական ուղղություններն են`

- Սարքավորումների արդիականացում` մասնավորապես յուղային անջատիչների փոխարինում էլեգազային և վակուումային սարքավորումներով

- Հեռակառավարման համակարգի ներդրում

- 0,4 կՎ լարման ՕԳ-երի փոխարինում` ինքնակիր մեկուսացված հաղորդալարերով

- 10 և 0,4կՎ լարման օդային ցանցերի օպտիմալացում,

- Էլեկտրաէներգիայի ավտոմատ հաշվառման համակարգի ներդրում

- Կառավարման միջազգային (ISO) ստանդարտների ներդրում

- GIS համակարգի ներդրում:


Ծրագրի իրագործումից հետո ցանցերը կհամապատասխանեն միջազգային ստանդարտներին:

-Նախորդ տարի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ստորագրեց մի շարք պայմանագրեր և համաձայնագրեր միջազգային ֆինանսական կառույցների հետ: Որքանո՞վ եք կարևորում դրանց ստորագրումը:

-Ներդրումային ծրագրի ֆինանսավորման համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 2016թ.-ից վարել է բանակցություններ միջազգային առաջատար ներդրումային բանկերի հետ: 2017թ. ընթացքում ստորագրվել են պայմանագրեր Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) հետ` ընդհանուր գնահատմամբ 160 մլն ԱՄՆ դոլարի ներգրավման նպատակով: Ստորագրվել է նաև փոխհամաձայնության հուշագիր Եվրասիական Զարգացման Բանկի հետ` 100 մլն ԱՄՆ դոլարի ներգրավման նպատակով: Նախորդ տարվա նոյեմբերի 13-ին ստորագրեցինք համաձայնագրեր IFC-ի (միջազգային ֆինանսական կորպորացիա) հետ տեխնիկական աջակցության վերաբերյալ: Այս ամենը կապահովի ինչպես «ՀԷՑ» ՓԲԸ ներդրումային ծրագրերի իրագործումը, այնպես էլ կնպաստի երկրի բիզնես մթնոլորտի բարելավմանը:
Միջազգային ֆինանսական կորպորացիան, որը ՀԲ խմբի անդամ է, ծրագրեր է իրականացնում ներդրումային տեխնիկական աջակցության, կորպորատիվ կառավարման մակարդակի բարձրացման կամ բարելավման և ապահովագրության ուղղությամբ:
Բացի այդ, շարունակվում են բանակցություններն այլ ֆինանսական կառույցների հետ` մոտակա տարիների ընթացքում ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով:

 

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էներգետիկայի եւ էներգատեխնիկայի, ինչպես նաեւ մեխանիկամեքենաշինական ինստիտուտի գերազանց առաջադիմություն ցուցաբերող

ուսանողները 2017 թվականի սեպտեմբերից «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից յուրաքանչյուրն արդեն իսկ ստանում է տարեկան 6000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ կրթաթոշակ:


-Պետք է նկատել, որ նախորդ տարի կարևոր իրադարձություն էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում «Գերազանցության» կենտրոնի բացումը, որը կայացավ աշխարհահռչակ ֆրանսիական Schneider Electric ընկերության և ռուսական «Տաշիր» ընկերությունների խմբի համատեղ ջանքերով: Ինչպե՞ս կգնահատեք իրականացված աշխատանքը և ի՞նչ նշանակություն կունենա այն էներգետիկ ոլորտում որակյալ կադրերի պատրաստման գործում:

-2017թ. հունիսի 5-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ «Գերազանցության» կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: Կենտրոնի բացման շրջանակներում տեղի ունեցավ նաև Schneider Electric ընկերության, «Տաշիր» ընկերությունների խմբի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչների միջև քառակողմ համաձայնագրի ստորագրումը: Նոր կենտրոնը, որը կառուցվել է Պոլիտեխնիկական համալսարանի բազայի վրա, Schneider Electric-ի և ազգային գիտական համայնքի սերտ համագործակցության առաջին փորձերից մեկը կդառնա: Տասնյակ ուսանողներ ու երիտասարդ գիտնականներ հնարավորություն կունենան հմտություններ զարգացնելու, ծանոթանալու էներգետիկայի ու ավտոմատացման ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաներին:
Բարձր տեխնոլոգիական ժամանակակից սարքավորումներով հագեցած «Գերազանցության» կենտրոնի բացումը հնարավորություն կտա ոչ միայն ապագա մասնագետներ պատրաստել, այլ նաև նոր հնարավորություններ կստեղծի արդեն կայացած աշխատակիցների համար: Համոզված եմ, որ կենտրոնը կապահովի գիտության և տեխնոլոգիաների մեծ առաջխաղացում, կնպաստի գիտա-տեխնիկական գրագետ հիմքի ստեղծման Հայաստանում արդյունավետ արդյունաբերական արտադրության համար:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էներգետիկայի և էներգատեխնիկայի, ինչպես նաև մեխանիկամեքենաշինական ինստիտուտի գերազանց առաջադիմություն ցուցաբերող ուսանողները 2017 թվականի սեպտեմբերից «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից յուրաքանչյուրն արդեն իսկ ստանում է տարեկան 6000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի կրթաթոշակ:
«Գերազանցության» կենտրոնը Երևանում բացվեց «Տաշիր» ԸԽ կազմում ընդգրկված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և ֆրանսիական կազմակերպության միջև համագործակցության հուշագրի ստորագրումից երեք ամիս անց: Պայմանագրի համաձայն կողմերը ծրագրում են մասնակցել Հայաստանի էլեկտրացանցային ենթակառուցվածքի օբյեկտների արդիականացման ծրագրին` հաշվի առնելով միջազգային լավագույն տեխնոլոգիաները:
«Տաշիր»-ն ու Schneider Electric-ը նաև ուսումնասիրում են արդյունաբերական համագործակցության հնարավորությունը, որը կուղղվի ճարտարագիտության ու ժամանակակից էլեկտրասարքավորումների և ավտոմատացման համակարգերի արտադրությանը եվրասիական տնտեսական միության շրջանակներում:
Էներգետիկ ոլորտում ավտոմատացման ժամանակակից համակարգերի ու խելացի սարքավորումների զարգացումը ամենահեռանկարային ուղղությունն է: Եվրոպական փորձագետները սահմանել են, թե ինչ տեխնոլոգիական փոփոխություններ են սպասվում մեզ ապագայում:

 

2018 թվականի ընթացքում կներդրվի եւս 4 կարեւոր ISO ստանդարտ:


-Ի՞նչ աշխատանքներ են իրականացվել և իրականացվելու էլեկտրաէներգիայի կորուստների կանխմանը և հոսանքազրկումների քանակի ու տևողության կրճատմանն ուղղված: Ի՞նչ կունենանք ներդրումային ծրագրի իրականացումից հետո:

-Ներկայացնեմ ողջ ցանկը` բաշխման գործառույթի հիմնարար բարելավումներ, բաժանորդների սպասարկման որակի բարելավում, հոսանքազրկումների տևողության և հաճախականության կրճատում, լարման շեղման դեպքերի բացառում, վթարների վերացման ժամկետների կրճատում, ընթացիկ ծախսերի կրճատում, շահագործման և պահպանման ծախսերի կրճատում, էլեկտրաէներգիայի կորուստների կրճատում, բաշխիչ ցանցի ընդլայնում, կառավարման համակարգերի բարելավում, հաշվառման համակարգերի արդիականացում, կառավարման միջազգային ստանդարտների ներդրում, բնապահպանական, սոցիալական և անվտանգության պահանջների ապահովում:
Ինչպես նաև` էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցում առնվազն 4,6 տոկոսային կետով, նյութական և նորոգման ընթացիկ ծախսերի նվազեցում շուրջ 50%, հոսանքազրկումների տևողության և հաճախականության նվազեցում, լարման շեղման տևողության և հաճախականության դեպքերի բացառում, վթարների հետևանքով ընդհատված էլեկտրաէներգիայի վերականգնման ժամկետի կրկնակի կրճատում, նոր բաժանորդների միացման ժամկետների էական նվազեցում:

 

-Պարո՛ն Հարությունյան, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ստացել է ISO 9001:2015 սերտիֆիկատ: Արդյո՞ք միջազգային ստանդարտների ներդրմանն ուղղված աշխատանքներ կիրականացվեն նաև այս տարի:

-Մենք ինտենսիվորեն և նպատակաուղղված զբաղվում ենք նաև կառավարման միջազգային ստանդարտների ներդրման աշխատանքներով: 2017 թվականին ներդրվել է ISO 9001 ստանդարտը: Եվս 4 կարևոր ISO ստանդարտ կներդրվի 2018 թվականի ընթացքում:


Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...