15:55
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՀԱՊՀ-ում ստեղծված «Գերազանցության» երկու կենտրոնները` ՀՀ էներգետիկայի ոլորտը որակյալ կադրերով ապահովելու գրավական

2018-02-20 10:46

 «Դե Ֆակտո » N 141 ( 02/2018թ.)  

2017թ. Պոլիտեխնիկական համալսարանի համար հաջող եւ ձեռքբերումներով լի տարի էր, որը նշանավորվեց մի շարք կարեւոր ներդրումներով, խոշոր եւ հեռանկարային ծրագրերի իրականացմամբ:

ՈՍՏԱՆԻԿ ՄԱՐՈՒԽՅԱՆ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր, Միջազգային եւ Հայաստանի ճարտարագիտական ակադեմիաների իսկական անդամ

 

-Պարո՛ն Մարուխյան, 2017թ. բավականին հետաքրքիր և ձեռքբերումներով լի ժամանակահատված էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համար, կխնդրեմ ամփոփ ներկայացնեք` ի՞նչ հեռանկարային և կարևոր ծրագրեր իրականացվեցին բուհում նախորդ տարվա ընթացքում:


-Հետադարձ հայացք գցելով դեպի 2017թ.` կարող եմ վստահաբար ասել, որ այն ՀԱՊՀ համար ամենահաջող տարին էր`վերջին չորս տարիների հետ համեմատած: Սկսեմ նրանից, որ չարդարացան այն հոռետեսական կանխատեսումները, որոնք կապված էին 2017թ. ընդունելության հետ: Ես գոհ եմ ընդունելության արդյունքներից` թե՛ ուսանողական համակազմի թվաքանակի և թե՛ որակի առումով: Մասնավորապես` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակալավրիատ ընդունվեց 860 դիմորդ, գոհացուցիչ է նաև մագիստրոսական և հեռակա ուսուցման ծրագրով ընդունվածների թվաքանակը:
2017թ. նշանավորվեց նաև մի շարք կարևոր ներդրումներով` հիմք դնելով մեր համալսարանում խոշոր և հեռանկարային ծրագրերի իրականացմանը, որոնք երկար տարիներ կապահովեն ազգային բուհի կայուն զարգացումը: Խոսքը, նախ և առաջ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում երկու «Գերազանցության» կենտրոնների ստեղծման մասին է, որոնք զարգացման նոր փուլի սկիզբ դրեցին մեր համալսարանի, հատկապես էներգետիկ ոլորտի մասնագիտությունների համար:
Մասնավորապես` 2017թ. հունիսի 5-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 2-րդ մասնաշենքում տեղի ունեցավ աշխարհահռչակ ֆրանսիական Schneider Electric ընկերության, «Տաշիր» ռուսական ընկերությունների խմբի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներդրմամբ` «Գերազանցության» կենտրոնի բացումը, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր նախագահ Սամվել Կարապետյանը, ԱՊՀ երկրներում Schneider Electric ընկերության նախագահ Յոհան Վանդերպլայետսը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը և այլ պաշտոնատար անձինք:
Հատկանշական է, որ կենտրոնի ձևավորման կազմակերպական գործառույթներն առանձնակի թափ ստացան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում 2017թ. մարտի 8-ին Փարիզում Schneider Electric-ի, «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ միջև ստորագրված հուշագրից հետո, որում մեկ ամբողջ բաժին հատկացված է ՀԱՊՀ-ի հենքի վրա կոմպետենցիաների կենտրոնի ստեղծմանը և երկարաժամկետ փոխշահավետ համագործակցության իրականացմանը:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բազայի վրա ստեղծված նոր կենտրոնը Schneider Electric-ի և ազգային գիտական համայնքի սերտ համագործակցության առաջին փորձերից մեկն է: Տասնյակ ուսանողներ և երիտասարդ գիտնականներ կզարգացնեն իրենց իրազեկության մակարդակը և կծանոթանան էներգետիկայի և ավտոմատացման ոլորտի ժամանակակից տեխնոլոգիաներին: Մասնագետները հնարավորություն կունենան նաև անցկացնել պրակտիկա Schneider Electric-ում, որը էներգետիկայի և արդյունաբերության համար արդյունավետ լուծումների մշակման աշխարհի առաջատար ընկերություն է: Ժամանակակից բարձր տեխնոլոգիական սարքավորումներով հագեցած «Գերազանցության» կենտրոնի բացումը թույլ կտա ոչ միայն պատրաստել ապագա արհեստավարժ մասնագետներ, այլև նոր հնարավորություններ կբացի էներգամատակարարման ոլորտի կայացած մասնագետների համար: Ազգային մասնագիտական բուհի հետ համագործակցությունը ճանապարհ է բացում Հայաստանի շուկայում ընկերության ինովացիոն տեխնոլոգիաների և համաշխարհային փորձի ներդրման համար:
Պայմանագրի համաձայն` կողմերը պլանավորել են մասնակցել Հայաստանի էլեկտրացանցային ենթակառուցվածքների օբյեկտների արդիականացման ծրագրին` աշխարհի լավագույն տեխնոլոգիաների հասանելիության հեռանկարով: Schneider Electric-ը և «Տաշիր» ընկերությունների խումբը ուսումնասիրում են արդյունաբերական համագործակցության հնարավորությունը` ուղղված ճարտարագիտության և ժամանակակից էլեկտրասարքավորումների ու ավտոմատացման համակարգերի արտադրությանը եվրասիական տնտեսական միության մատակարարումների շրջանակներում:
Արդեն այս տարի մենք ստացել ենք սարքավորումների երկրորդ խմբաքանակը, որոնք համապատասխանաբար մոնտաժվելուց հետո կգործարկվեն, և մեր ուսանողները կտեսնեն, կուսումնասիրեն և գործնական աշխատանքներ կիրականացնեն դրանցով: Ի դեպ, այդ սարքավորումները դեռևս մասնակիորեն են տեղադրված ՀԷՑ-ում, այնտեղ մոտակա ժամանակահատվածում ընթանում է տեխնիկական վերազինման գործընթաց, որի ավարտից հետո միայն Schneider Electric-ի որոշակի սարքավորումներ տեղ կգտնեն նաև այնտեղ:
Կարծում եմ` սա գործընկեր կազմակերպության հետ հարաբերությունների փոխշահավետ ամրագրման եզակի և շատ կարևոր հնարավորություն է, երբ գործատուն իր համար մասնագետների պատրաստման գործընթացին ունենում է անմիջական մասնակցություն: Եվ այստեղ, իհարկե, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մասնակցությունը այդ տեսանկյունից շատ կարևոր է:
Պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ «Գերազանցության» կենտրոնը կդառնա նաև ՀԷՑ-ի աշխատակիցների վերապատրաստման կենտրոն, որտեղ վերջիններիս համար կկազմակերպվեն կարճաժամկետ և երկարաժամկետ դասընթացներ:
Հաջորդ «Գերազանցության» կենտրոնի ստեղծումը «Տաշիր» ընկերությունների խմբի մուտքն էր Հայաստան մի քիչ այլ ձևով: Նոյեմբերի 13-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 2-րդ մասնաշենքում «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում ընդգրկված «Կասկադ» բազմապրոֆիլ հոլդինգը շահագործման հանձնեց «Կասկադ հոլդինգ» ինովացիոն կենտրոնը, որի բացմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր նախագահ, ՀԱՊՀ Շրջանավարտների միության նախագահ Սամվել Կարապետյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը և այլ պաշտոնատար անձինք:
«Գերազանցության» կենտրոնում ներդրվել են ժամանակակից հաշվողական, ավտոմատացված համակարգեր, որոնք կրկին առաջին անգամ տեղադրվել են մեր բուհում և տեղ կգտնեն ՀԷՑ ՓԲԸ-ում տեխնիկական վերազինման գործընթացի ավարտին: «Գերազանցության» կենտրոնի գործունեությունը հնարավորություն կտա միջազգային չափանիշներին համապատասխան կրթական բաղադրիչ ապահովել: Այս բարձր տեխնոլոգիական, ժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոնի շնորհիվ` մենք կկարողանանք բարձրորակ մասնագետներ պատրաստել, ուսանողներին հնարավորություն տալ ծանոթանալու էներգետիկայի և ավտոմատացման ոլորտի ժամանակակից տեխնոլոգիաներին և գործնականում կիրառել դրանք: Կենտրոնի ստեղծումը կխթանի նաև Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների, գիտելիքահենք արդյունաբերական արտադրության զարգացմանը:
Ծրագրի շրջանակում «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվում է ամսական 250 հազար դրամի չափով կրթաթոշակների տրամադրում ՀԱՊՀ Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ու մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտների 2016-2017 թվականների ուսումնական տարվա արդյունքներով գերազանց առաջադիմություն ունեցող 55 ուսանողի: Սա աննախադեպ նախաձեռնություն է, որը լուրջ խթան է հանդիսացել մեր ուսանողների շրջանում մրցակցության աճին, կրթական գործընթացին առավել մոտիվացված մասնակցելուն:
Կարևոր է նշել, որ «Տաշիր» ընկերությունների խումբը մի քանի փուլով իրականացնում է Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի մասնաշենքի հիմնարար վերանորոգումը: Առաջին փուլում վերանորոգվել է
2-րդ մասնաշենքի 3-րդ հարկը և տանիքը, որը մեզ համար լուրջ խնդիրներ էր ստեղծում: Նորագույն տեխնոլոգիաներով զինելու գործընթացում մասնաշենքի տանիքին տեղակայվել են 2.5 կՎտ հզորությամբ 10 արևային լուսաէլեկտրական պանելներ, որոնք աշխատում են Schneider Electric-ի պատրաստած ինվերտորներով`
հնարավորություն ընձեռելով կատարելու տարաբնույթ փորձեր:
Երկրորդ փուլում վերանորոգվել է մասնաշենքի 2-րդ հարկն ամբողջովին, որտեղ տեղակայվեց «Կասկադ հոլդինգ» ինովացիոն կենտրոնը: 2-րդ փուլի աշխատանքների ընթացքում մասնաշնեքի 2-րդ, 3-րդ հարկերում տեղակայվել են 13 տեսագրող սարքեր, հակահրդեհային և ձայնային համակարգեր ու հայտարարությունների համար նախատեսված 8 մոնիտորներ:
Ձայնային համակարգի միջոցով դասամիջոցն ազդարարող զանգի փոխարեն հնչում է նախատեսված երաժշտություն, ինչպես նաև հնարավորություն է ստեղծվել հայտարարություններ անելու համար:
Վերանորոգման աշխատանքների 2-րդ փուլի ավարտից անմիջապես հետո կմեկնարկի 3-րդ փուլը: Այն կներառի 2-րդ մասնաշենքի առաջին և չորրորդ հարկերը, ինչպես նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հայտնի մեծ դահլիճը:

-Արդյո՞ք «Գերազանցության» կենտրոնների ստեղծումը ենթադրում է նաև ուսումնական ծրագրերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն:

-Անշուշտ, ուսումնական գործընթացի կազմակերպման տեսակետից մենք պարտավոր ենք վերանայելու մեր դասընթացները. այժմ երկու-երեք ամբիոններ լուրջ աշխատանք են տանում այդ ուղղությամբ, իրականացնում ծրագրային փոփոխություններ: Նոր սարքավորումների առկայությունը պահանջում է լաբորատոր-մեթոդական որոշակի համալիրների փոփոխություն: Ծրագրային փոփոխությունների իրականացման առաջին փուլն ուղղված է մագիստրոսական ծրագրերին, երկրորդը` բակալավրիատին:
Ծրագրային փոփոխություններին զուգահեռ` իրականացվում են նաև դասախոսների վերապատրաստման աշխատանքներ: Ի դեպ, Schneider Electric-ը կազմակերպել էր սեմինարներ` մեր դասախոսների վերապատրաստմանն ուղղված, որի արդյունքում ընտրվեցին չորս լավագույնները, ովքեր հավանաբար մոտակա ժամանակահատվածում կմեկնեն Սանկտ-Պետերբուրգ` Schneider Electric-ի կենտրոնում ևս մեկ թրեյնինգի մասնակցելու համար: Սա այն դեպքն է, երբ ասում ենք` սովորեցնում են սովորեցնողներին:

-Ձեր նախաձեռնությամբ «Տաշիր» խմբի ընկերությունների հիմնադիր նախագահ Սամվել Կարապետյանին շնորհվեց Պատվավոր դոկտորի կոչում: Ինչպե՞ս կբնութագրեք նրան:

-Ես ընդամենը մեկ նախադասությամբ կամփոփեմ նրա համալսարանական մեծածավալ գործունեությունը` Սամվել Կարապետյանն իր Alma Mater-ի նկատմամբ ունի որոշակի պարտավորվածություն, նա դա ձևակերպեց Schneider Electric-ի հետ համատեղ «Գերազանցության» կենտրոնի բացման ժամանակ: Սամվել Կարապետյանն իր խոսքում նշեց. «Եթե ես չլինեի Պոլիտեխնիկի շրջանավարտ, չունենայի ինժեներական մտածողություն, ապա բիզնեսում այսպիսի հաջողությունների չէի հասնի»: Նա գնահատում է այն գիտելիքները, որ ստացել է այստեղ և այսօր պատրաստակամ է իր ներդրումների շնորհիվ բարձրացնել հարազատ բուհի կադրային ռեսուրսի մասնագիտական որակները և էներգետիկայի ոլորտն ապահովել որակյալ մասնագետներով:

-Ինչպիսի՞ ն եք տեսնում ՀՀ էներգետիկայի ոլորտի զարգացման հեռանկարները:

-ՀՀ էներգետիկայի ոլորտի հեռանկարները տեսնում եմ երեք ուղղություններով` առաջինը` պետք է շարունակվի շոգեգազատուրբինային էլեկտրակայանների մուտքը Հայաստան: Մենք ունենք Երևանի ՋԷԿ-ի առաջին էներգաբլոկը, և ես հուսով եմ, որ կունենանք նաև երկրորդը: Հաջորդ ուղղությունը, որ ես տեսնում եմ, Հայկական ատոմային էլեկտրակայանի ժամկետի երկարացումից բացի, նոր էներգաբլոկի կառուցումն է, քանի որ ատոմակայանը էլեկտրաէներգիայի արտադրության ապահովման գործառույթ իրականացնելուց բացի, ՀՀ քաղաքական և տնտեսական անկախության կարևոր գրավականներից մեկն է: Եվ երրորդ ուղղությունը` ՀՀ-ում հիդրո և այլընտրանքային էներգետիկայի բնագավառի զարգացումն է:
Կարևորում եմ նաև արեգակնային կայանների մուտքը Հայաստան, այլընտրանքային էներգիայի արտադրության զարգացումը, որի հնարավորությունները մենք ունենք, քանի որ Հայաստանն արևաշատ երկիր է:

-Պարո՛ն Մարուխյան, ուրիշ ի՞նչ ձեռքբերումներ կնշեք, որոնցով առանձնացավ 2017 թվականը:

-Կարևոր ձեռքբերում եմ համարում այն, որ մենք կարողացանք ավարտել մի կարևորագույն փուլ Համաշխարհային բանկի դրամաշնորհի շրջանակներում, որին ուղղված շուրջ երկու տարի աշխատանքներ էինք իրականացնում: Խոսքը ինովացիոն հարթակի ստեղծման մասին է, որն ուղեկցվեց մոտ 272մլն. դրամ դրամաշնորհային ծրագրով տարածաշրջանում եզակի սարքավորումների ձեռքբերմամբ: Դրանցից է ռենտգենակառուցվածքային դիֆրակտոմետրը, որը մենք գնեցինք Հոլանդիայից: Սարքը հնարավորություն է տալիս ճշգրիտ և լայնամասշտաբ ուսումնասիրել ինչպես Պոլիտեխնոպարկում մշակված, այնպես էլ արտադրությունում կիրառվող տարաբնույթ նյութերի կառուցվածքները:
Այդ նույն ծրագրի շրջանակներում ձեռք բերեցինք նաև մոտ 15մլն. դրամ արժողությամբ արեգակնային իմիտատորը, որի շնորհիվ կարելի է հետազոտել և գտնել արեգակնային պանելների ցանկացած թերություն: Մենք կարողացանք ձեռք բերել նաև լազերային կտրիչ, որը հնարավորություն է տալիս ստեղծել ցանկացած կոնֆիգուրացիայի սարք, իրացնել ուսանողների ստեղծագործական-գիտական միտքը: Հարթակը կարող է մեզ համար ծառայել նաև որպես պատվերների իրականացման և դրա արդյունքում որոշակի ֆինանսական ներհոսքերի ապահովման միջոց:
Կարևոր ձեռքբերում եմ համարում մեր երրորդ ինստիտուտի` Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի ինստիտուտի ստեղծումը: Փաստորեն`մեր համալսարանի կազմում արդեն գործում են երեք ինստիտուտներ` Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի, Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ու Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների, էլեկտրոնիկայի ինստիտուտները: Սա նշանակալի հաջողություն է մեզ համար, քանի որ ինստիտուտային կառույցի ձևավորումը նպաստում է գործատուի հետ կապերի ամրապնդմանը, նոր գործընկերային կապերի ստեղծմանը:
Կարծում եմ` մեր հաջողությունների թվում պետք է առանձնահատուկ նշենք նաև մեր Ավագ դպրոց-վարժարանը, որտեղ սովորում են 10-12-րդ դասարանների աշակերտները: Մենք արդեն մի քանի տարի շարունակ ունենում ենք ընդունելության աննախադեպ մրցակցային ցուցանիշ: Նախորդ տարի 650 դիմորդներից մեր Ավագ դպրոց-վարժարան է ընդունվել նրանց ընդամենը 50 տոկոսը: Մենք ընտրությունը կատարել ենք բավականին խիստ պահանջների հիման վրա` կարևորելով կրթական որակը: Պետք է նշեմ նաև, որ մեր շրջանավարտների 90 տոկոսն իրենց կրթությունը շարունակում են մեր բուհում: Այժմ ծրագրում ենք 7-9-րդ դասարանների կրթությունն ապահովող կրթական ծրագիր ներդնել Է. Թելմանի անվան թիվ 13 դպրոցում:
Ավագ դպրոցի վերջին կարևոր հաջողություններից նշեմ միայն մեկը.մեր աշակերտուհիներից, ով դպրոցն ավարտելուց հետո կրթությունը շարունակեց Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտում, ֆիզիկայի օլիմպիադայի ժամանակ գրավել է առաջին տեղը: Ի դեպ` մենք սերտ համագործակցում ենք Մոսկվայի ինժիներաֆիզիկական ինստիտուտի հետ, որտեղ սովորում են նաև մեր բուհի որոշակի թվով մագիստրոսներ, ինչպես նաև մեր բուհի Միջուկային անվտանգության կենտրոնը հանդիսանում է այդ բուհի հարթակը:
Ձեռքբերումների թվում պետք է նշեմ նաև, որ հաջողությամբ գործում է բուհի քոլեջը, որը գերազանցությամբ ավարտած շրջանավարտներն իրենց կրթությունը շարունակում են Պոլիտեխնիկում` հնարավորություն ստանալով սովորել միանգամից բակալավրիատի 2-րդ կուրսում, այս տարվանից` միայն հեռակա ուսուցման ծրագրով:

Հայաստանյան բուհերի շրջանում Պոլիտեխնիկն առաջինն էր, որ գործատու-բուհ հարաբերություններում ձեռք բերեց բարձր

մակարդակի համագործակցություն, որի լավագույն օրինակը «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ հետ համատեղ

ստեղծված ամբիոնն է` լավագույններից մեկը տարածաշրջանում:


-Ինչպիսի՞ համագործակցություն կա ձևավորված բուհ-գործատու շրջանակներում:

-Պետք է հպարտությամբ նշեմ, որ հայաստանյան բուհերի շրջանում մեր բուհն առաջինն էր, որ գործատու-բուհ հարաբերություններում ձեռք բերեց բարձր մակարդակի համագործակցություն, որի լավագույն օրինակը «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ հետ համատեղ ստեղծված ամբիոնն է ընկերության տարածքում: Այն լավագույններից է տարածաշրջանում, որի կրթական ծրագրերը, ուսումնական պլանները ընդօրինակվում են տարբեր երկրների բուհերի կողմից: Արդեն 12 և ավելի տարիների համագործակցության արդյունքում` մեր լավագույն ուսանողները համալրել են ընկերության աշխատակիցների շարքերը, ինչպես նաև ստանձնել դասախոսական աշխատանքների իրականացման պարտականություններ: Դրանով է պայմանավորված, որ մեր այդ ամբիոնում դասավանդող դասախոսական կազմում ներգրավված են հիմնականում երիտասարդ մասնագետներ:
Վստահ եմ` «Գերազանցության» կենտրոնների ստեղծման ֆոնին նմանատիպ համագործակցային մթնոլորտ կստեղծվի նաև ՀԷՑ ՓԲԸ հետ:
Հաջող համագործակցություն ունենք նաև ընդերքաբանության և մետալուրգիայի ոլորտում: Խոսքը «Վալլեքս Գրուպ» ՓԲԸ մասին է, որի հետ ստորագրել ենք համագործակցության հուշագիր: Անցյալ տարի ամռանը մեր բուհի մի խումբ դասախոսներ և ուսանողներ պրակտիկա անցկացրեցին այդ ընկերությունում: «Վալլեքս Գրուպ» ՓԲԸ ղեկավարության որոշմամբ` մեր պատվիրակության անդամներն այդ ժամանակահատվածում ձևակերպվեցին որպես աշխատող և վճարվեցին ընկերության կողմից: Պրակտիկայի ավարտին մենք ընկերության կողմից առաջարկություն ստացանք որոշ ուսանողների տեղափոխել հեռակա ուսուցման բաժին, որպեսզի վերջիններս շարունակեն աշխատել այնտեղ, ինչը նշանակում է, որ մեր ուսանողները բավականին պատրաստված են: Մենք համագործակցության շրջանակներում կարևոր շեշտադրում կատարեցինք` նշելով, որ ճիշտ է, ոլորտը ընդերքաբանությունն ու մետալուրգիան է, սակայն ընկերությանն անհրաժեշտ են նաև այլ մասնագետներ, և կարելի է կադրային համալրման առումով նաև այլ մասնագիտությունների գծով համագործակցել ընկերության հետ:

-Միջբուհական համագործակցության ինչպիսի՞ ծրագրեր ունեք արտերկրի բուհերի հետ:

-Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն ունի համագործակցության եզակի հնարավորություններ ՌԴ և ԱՊՀ տարածքում գտնվող առաջադեմ համալսարանների հետ և տրամադրելու կրկնակի դիպլոմներ: Մասնավորապես` Պոլիտեխնիկական համալսարանը ներառված է ԱՊՀ ցանցային համալսարանների ցանկում, որոնց թվում են ՌԴ և ԱՊՀ մի շարք բուհեր: Մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի Դաշնության Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի, Բ. Ելցինի անվան ֆեդերալ համալսարանի, Ռուդենի և եվրոպական մի շարք այլ համալսարանների հետ: Վերջինների հետ համատեղ ծրագրերի իրականացման շրջանակներում մեր ուսանողը մեկ տարի սովորում է համապատասխան բուհում, հետ է վերադառնում, պաշտպանում իր մագիստրոսական թեզը և ստանում 2 դիպլոմ:
Պետք է հպարտությամբ նշեմ, որ մենք ավարտում ենք եվրոպական հավատարմագրման գործընթացը և ըստ մեզ հաղորդված տվյալների` փետրվարի վերջին կամ մարտի սկզբին մեր համալսարանը` իր բոլոր մասնագիտությունների գծով, կստանա եվրոպական հավատարմագրում: Դա, իհարկե, նշանակում է ավարտական փաստաթղթերի փոխճանաչելիություն և դրանից բխող այլ առավելություններ:

 

Բուհի 2018թ. ամենակարեւոր ծրագիրը Անօդաչու սարքերի հետազոտման եւ նախագծման լաբորատորիայի ստեղծումն է` ՀՀ նախագահի անմիջական հովանավորությամբ:

 

-Ի՞նչ ծրագրեր են իրականացվելու 2018թ.:

-Այս տարվանից կգործի Միջուկային կրիմինալիստիկայի լաբորատորիան: Մենք կարողացանք Գիտության պետական կոմիտեի հետ հաջող բանակցությունների արդյունքում ստեղծել այդ լաբորատորիան մեզ մոտ: Գոհ եմ, որ նախաձեռնությունը հաջողվեց իրականություն դարձնել, և որը մեծ ձեռքբերում է մեր բուհի համար: Փաստորեն` այսուհետ մեր բուհում կգործեն երկու լաբորատորիաներ` Միջուկային էներգետիկայի լաբորատորիան և Միջուկային կրիմինալիստիկայի լաբորատորիան` ՀՀ-ում տվյալ ոլորտում իրականացվող ցանկացած փորձաքննության պարագայում ստանձնելով փորձագետի կարգավիճակ: Հարկ է նշել, որ վերջին կառույցը Հայկական ատոմային էլեկտրակայանի հետ համատեղ է:
Եվ պետք է նշեմ 2018թ. ամենակարևոր ծրագիրը Պոլիտեխնիկում Անօդաչու սարքերի հետազոտման և նախագծման լաբորատորիա ստեղծելն է, որի իրականացման սկիզբը դրվեց անցյալ տարվա մայիսի 25-ին, երբ մենք հուշագիր ստորագրեցինք «Հայրենիք» ռազմահայրենասիրական հիմնադրամի հետ, որի շրջանակներում ՀՀ նախագահի անմիջական հովանավորությամբ, ով հիմնադրամի նախագահն է, մեզ հատկացվեց 96 մլն. դրամ նվիրաբերություն: 2018թ. մայիսից սկսած` մենք ձեռնարկեցինք բոլոր անհրաժեշտ քայլերը այդ լաբորատորիա-կենտրոնը մեր տարածքում տեղաբաշխելու համար: Լաբորատորիայի համար մենք տարածք հատկացրեցինք բուհի Սպորտային համալիրի հատվածում, մեր կողմից 28 մլն. դրամ ներդրում կատարեցինք և սկսեցինք աշխատանքները: Ձեռք բերեցինք արտասահմանյան մի շարք հայտնի կազմակերպությունների արտադրության սարքավորումներ, այդ թվում` մեծբրիտանական հայտնի Vaikom ընկերության արտադրության սարքավորումներ` այդ նպատակով ծախսելով 64 մլն. դրամ «Հայրենիք» հիմնադրամի կողմից տրամադրված գումարից: Ի դեպ, այդ սարքավորումները հիմնականում գնվում են այնպիսի կազմակերպությունների կողմից, որոնք կատարում են թռչող օբյեկտների հետազոտություններ: Դրանք այժմ Հայաստանում են, որոնք մենք տեղադրել ենք մեր լաբորատորիա-կենտրոնում: Այն հագեցվել է անհրաժեշտ տեխնիկական բոլոր միջոցներով, որին կից կառուցվել և կահավորվել է ուսանողական լսարան, որը ևս պետք է հագեցվի տեխնիկայով: Լաբորատորիան կունենա նաև արհեստանոց, որն իրենից ներկայացնելու է փոքրիկ աշխատատեղ, որտեղ կստեղծվեն անօդաչու սարքերի առաջին նմուշները և, իհարկե, կունենանք համապատասխան հարթակ` հրապարակ, որտեղ կփորձարկվեն ստեղծված սարքերը, կգրանցվեն դրանց թռիչքի հետագծերը, կմշակվեն ծրագրային ապահովման խնդիրները, հնարավորությունները և այլն:
Փետրվարի 6-ին կժամանի Vaikon-ի պատվիրակությունը, որը կմոնտաժի իրենց արտադրության սարքավորումները, իսկ փետրվարի 20-21-ի հատվածում տեղի կունենա Անօդաչու սարքերի հետազոտման և նախագծման լաբորատորիայի բացումը, որը կրթական ծրագիր լինելուց բացի, կարծում եմ, իր որոշակի ներդրումը կունենա երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում:

-Ի՞նչ ձեռքբերումներ ունեք բուհի մասնաճյուղերում:

-Կարևոր ձեռքբերում ունենք Վանաձորի մեր մասնաճյուղում, որի տարածքում սկսել է գործել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ստեղծած «Տեխնոլոգիական կենտրոնը»: Այն զինված է լավագույն սարքավորումներով: Կենտրոնի նախաձեռնությամբ Վանաձորի մեր մասնաճյուղի տարածքը բարեկարգվել է, գեղեցկացել և վերածվել հաճելի զբոսավայրի: Այնտեղ տեղադրվել են թենիսի կորտեր, կառուցվել բասկետբոլի հրապարակներ, փոքրիկ ջրավազան, ամֆիթատրոն, որտեղ կազմակերպվում են համերգներ: Տեխնոլոգիական կենտրոնի գործարկմամբ և վերը նշված աշխատանքների իրականացման շնորհիվ` Վանաձորի մեր մասնաճյուղը դարձել է առավել գրավիչ դիմորդների համար: Վանաձորի Ավագ դպրոց դպրոցականների հոսքը նույնպես մեծացել է:

-Արդյո՞ք մեծ թիվ են կազմում զեղչային համակարգով բուհում սովորող ուսանողները:

-Այո՛, մենք ունենք մինչև 50 տոկոսի հասնող զեղչեր: 2017թ. միայն 867 ուսանողի մենք զեղչ ենք տրամադրել մարտական հերթապահության մասնակցելու համար, իսկ Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներին, որոնք թվով 80-ն են, զեղչից բացի, տրամադրել ենք նաև կրթաթոշակ: Պետք է ցավով նշեմ, որ Ապրիլյան պատերազմի ընթացքում մենք ունեցանք 2 զոհ:

 

Ուրախ եմ, որ Պոլիտեխնիկն իր 85-ամյակը նշում է մուտք գործելով եվրոպական կրթական տարածք՝ ճանաչելի դառնալով միջազգային կրթական համակարգում:


-Պարո՛ն Մարուխյան, այս տարի լրանում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 85-ամյակը: Որպես պոլիտեխնիկական` ինչի՞ համար եք ուրախանում և ինչի՞ համար`տխրում:

-Որպես պոլիտեխնիկական` իմ կյանքն այս պատերի ներքո սկսվել է 1964թ. և շարունակվում է մինչև այսօր: Ընդամենը երկու անգամ եմ մասնակիորեն աշխատել այլ հաստատություններում` մեկը պատգամավորական աշխատանքն էր, մյուսը` ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնը: Բուհում իրականացրած երկարամյա գործունեությունս այսօր ինձ թույլ է տալիս դատել և խոսել Պոլիտեխնիկի մասին` հիմնվելով նաև սեփական փորձի վրա: Պոլիտեխնիկը առանձնահատուկ հաստատություն է, մեր պետության զարգացման կարևոր հիմնաքարերից է: Եթե ուսումնասիրենք Հայաստանի ծաղկման ժամանակահատվածները թե՛ Խորհրդային Միության կազմում և թե՛ անկախ պետականության օրոք, ապա կտեսնենք, որ պետության և Պոլիտեխնիկի վերելքի ժամանակահատվածները համընկնում են, և դա պատահական չէ, քանի որ այս բուհի կադրերն են ներգրավված եղել երկրի ամենատարբեր ոլորտներում և խթանել դրանց զարգացումը: Հետաքրքրական է, որ Պոլիտեխնիկը երկրին տվել է ոչ միայն ինժեներներ, այլ նաև պետական, քաղաքական, ռազմական, ինչպես նաև մշակույթի գործիչների մի ամբողջ փաղանգ:
Ես լիահույս եմ, որ կվերականգնվի և կբազմապատկվի Պոլիտեխնիկի երբեմնի փառքը, ինչպես նաև կշարունակվեն Պոլիտեխնիկի լավագույն ավանդույթները: Ուրախ եմ, որ մեր բուհն իր 85-ամյակը նշում է մուտք գործելով եվրոպական կրթական տարածք՝ ճանաչելի դառնալով միջազգային կրթական համակարգում:
Կարծում եմ` Պոլիտեխնիկը դեռ ասելիք ու անելիք ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախի Հանրապետությունում: Մենք երբեք Հայաստանն առանց Արցախի չենք դիտարկում, և մեր բուհի կրթադաստիարակչական գործընթացի հիմքում ներդրված են ազգային, հայրենասիրական արժեքներ, որոնք նպաստում են, որ մեր ուսանողները դառնան ոչ միայն լավ մասնագետներ, այլև Հայաստանի Հանրապետության արժանի քաղաքացիներ: Պատահական չէ, որ 1988թ. առաջին ջոկատները ձևավորվել են մեր հաստատության ուսանողների ակտիվ մասնակցությամբ:
Տխրում եմ, որ փակման եզրին է բուհի այն ֆակուլտետը, որի հիման վրա ստեղծվել է Պոլիտեխնիկը: Խոսքը Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի մասին է, որի ուսանողների թիվը հավասարվել է դասախոսների թվին` այս տարի բակալավրի ծրագրով ընդունվել են ընդամենը 11 ուսանող: Մենք փորձում ենք քայլեր ձեռնարկել դիմորդների համար այն առավել գրավիչ դարձնելու համար: Այդ ֆակուլտետում դասավանդում են հրաշալի դասախոսներ, ովքեր նաև մեծ համբավ ունեն ՀՀ սահմաններից դուրս: Նրանցից են Սևան Դավթյանը և Անահիտ Տոնոյանը, ովքեր արժանացել են ՀՀ նախագահի մրցանակին: Նրանք մի շարք գիտական նվաճումների հեղինակ են, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել նաև արտերկրում և անգամ կրկնօրինակվել:

Բուհում իմ ամենակարեւոր ներդրումներից եմ համարում Միջուկային անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ստեղծումը:


-Պարո՛ն Մարուխյան, բուհում Ձեր երկարամյա գործունեության ընթացքում Դուք մեծ ներդրում եք ունեցել բուհի զարգացման գործում: Ընդհանուր առմամբ, դրանցից մի քանիսի մասին խոսեցիք, կպատմե՞ք մյուսների մասին:

-Բուհում կարևոր ներդրում եմ համարում նաև իմ նախաձեռնությամբ ստեղծված Միջուկային անվտանգության տարածաշրջանային կենտրոնը: Կենտրոնի ստեղծման համար մեզ գումար տրամադրեց ԱՄՆ պետդեպարտամենտի Էներգետիկայի բաժանմունքը, որը մենք նպատակային ծախսեցինք` կենտրոնը զինելով անհրաժեշտ սարքավորումներով և ապահովելով դրա զարգացումը: Վերջերս կենտրոնում ներդրել ենք երկու հազվագյուտ սարքավորումներ, որոնք տալիս են հնարավորություն գնահատել Հայաստանի ողջ տարածքի ռադիոլոգիական վիճակը: Կողքին ունենալով այնպիսի հարևաններ, ինչպիսին Ադրբեջանը և Թուրքիան են, որոնք առիթը բաց չեն թողնում Հայաստանի ատոմային էլեկտրակայանի վերաբերյալ հերյուրանքներ տարածելու, շատ կարևոր է ունենալ Տարածաշրջանային միջուկային անվտանգության կենտրոն:
Ես հպարտ եմ, որ եղել եմ Պոլիտեխնիկում դեկանի ամենաերիտասարդ տեղակալը, հետո դեկանը: Իմ նախաձեռնությամբ ստեղծվել է էներգետիկայի բնագավառում բնապահպանական մասնագիտությունը` Շրջակա միջավայրի պաշտպանությունը` էներգետիկայի ոլորտում: Իմ ձեռքբերումն է նաև այդ գծով առաջին ամբիոնի ստեղծումը:
Պակաս կարևոր չէ նաև իմ մասնակցությունը Պոլիտեխնիկի կարգավիճակի փոփոխության` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ստեղծման և երկրի բուհերում եռաստիճան կրթական համակարգի ստեղծման և ներդրման գործում:
Ես նաև իմ ներդրումն եմ տեսնում էներգետիկայի ոլորտը կադրային որակյալ ռեսուրսով ապահովելու գործում: Իմ ղեկավարությամբ բուհի 12 ասպիրանտներ պաշտպանել են թեկնածուական թեզեր: Նրանցից չորսը աշխատում են համապատասխան ամբիոնում, 8-ը ղեկավարում են էներգետիկական տարբեր օբյեկտներ, ինչպես նաև դասավանդում են մեր բուհում, իրենց գործնական գիտելիքները փոխանցում մեր ուսանողներին:

Ստացածս կառավարական պարգեւներից ինձ համար ամենաթանկն ու կարեւորը Արցախի «Երախտագիտություն» մեդալն է:


-Դուք բազում պարգևներ եք ստացել, ո՞րն է ամենաթանկը Ձեզ համար:

-Ես նշեցի, որ մեր բուհը մշտապես կապի մեջ է Արցախի հետ, այնտեղ դեռևս 1988թ. պատերազմական ժամանակահատվածում ձևավորվել է Պոլիտեխնիկի մասնաճյուղը և այդ օրվանից սկսած` մենք ապրում ենք այնտեղի հոգսերով և խնդիրներով: Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ էլ մենք մասնակցություն ունեցանք նվիրաբերություններին, 20 մլն. դրամ հատկացրեցինք համապատասխան ֆոնդին, ինչպես նաև հսկայական նյութական օգնություն: Եվ այդ ամենն արվել է մեր դասախոսական, ուսանողական ընտանիքի կողմից: Եվ պետք է նշեմ, որ մեր այդ վերաբերմունքը փոխադարձ է, Արցախի ղեկավարությունը գնահատում է մեր բարեկամական կապը, որի հավաստիքը Արցախի «Երախտագիտություն» մեդալն է, որն ինձ համար ամենաթանկն ու կարևորն է իմ ստացած կառավարական պարգևներից:

 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...