





2018-02-12 11:25
«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Արարատի մարզի Այգեստան համայնքի ղեկավար Սոկրատ Հովսեփյանը:
«Դե Ֆակտո » N 140 ( 01/2018թ.)
-Պարո՛ն Հովսեփյան, երկար տարիներ է ինչ Այգեստան համայնքի ղեկավարի պաշտոնում եք, ինչպի՞սի ձեռքբերումներ եք ունեցել այս տարիների ընթացքում:
-Այս ընթացքում համայնքում կատարվել են բազմապիսի աշխատանքներ: Անցկացվել է 20 կիլոմետր նոր ջրագիծ, որի նմանը ոչ մի համայնքում, անգամ ոչ մի քաղաքում չկա:
Անցյալ տարվա դաժան ձմեռը շատ ծանր հարված հասցրեց համայնքին. շարքից դուրս եկան սպորտդահլիճի և դպրոցի սանհանգույցները, գյուղապետարանի տանիքից 3 սենյակ վնասվեց:
Դրանք բոլորը վերանորոգվեցին, իսկ դպրոցում կառուցվեց նոր սանհանգույց: Համայնքում այսուհետ կանոնավոր իրականացվում է նաև աղբահանությունը:
-Ինչո՞վ են բնակիչները զբաղվում համայնքում, ի՞նչ են մշակում մարդիկ այստեղ:
-Համայնքի տնտեսության մասնագիտացված ճյուղը գյուղատնտեսությունն է: Համայնքում գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 490 հա: Բնակիչները զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ: Զբաղվում են նաև անասնապահությամբ, մեղվաբուծությամբ: Խորհրդային Միության տարիներին գյուղացիները հողից երկու անգամ բերք էին ստանում, իսկ հիմա մեկ անգամ, և շատ հողեր էլ չեն մշակվում, գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալները փոքրացել են: Մեր համայնքում խնդիրը կայանում է նրանում, որ ամառը վերջանալուն պես այլևս աշխատանք չի լինում:
-Ինչպիսի՞ն է մարզպետարան-համայնքապետարան կապը:
-Մարզպետարանի հետ մշտապես աշխատանքային կապի մեջ ենք, որն ուղղորդված է համայնքում բնակչության ընդհանուր կենսամակարդակի բարելավելուն: Մշտական կապի մեջ ենք նաև մարզպետի հետ: Ես միայն կարող եմ ասել, որ Արարատի մարզի բնակիչները պետք է ուրախ լինեն, որ նման մարզպետ ունեն: Մարզպետն էլ, մարզպետի եղբայրն էլ հոյակապ մարդիկ են և միշտ պատրաստակամ են օգնության ձեռք մեկնել մարդկանց:
-Պարո՛ն Հովսեփյան, համայնքի հետ կապված ի՞նչ ծրագրեր, նպատակներ ունեք առաջիկայում:
-Իմ երազանքների գրեթե մեծ մասն իրականացվել է: Հիվանդանոցի մոտ տարածք կա, որը մի ժամանակ աղբանոց է եղել, մեծ ջանքերի շնորհիվ վերացրել ենք այդ աղբանոցը: Այժմ միայն մեկ երազանք ունեմ, որ այդ տարածքը վերածվի հանգստյան գոտու, այնտեղ լինեն ծառուղիներ, վազքուղիներ, փոքրիկ լճակ, որպեսզի մարդիկ գան և որոշ չափով կտրվեն իրենց առօրյա հոգսերից, խնդիրներից: Համայնքում աշխատատեղեր ստեղծելու, ինչպես նաև համայնքապետարանի եկամուտներն ավելացնելու համար մտածում ենք խորհրդային տարիների օրինակով ստեղծել մեքենատրակտորային կայան, որն աշխատելով և՛ գյուղացուն օգուտ կտա, և՛ այդ աշխատանքով կավելանան համայնքապետարանի եկամուտները:
Լրագրող՝ Լուիզա Ավագյան
Վերադառնալ