15:01
04/20/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ` ՈՐՊԵՍ ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐՆԵՐ

2013-01-16 10:38

«Դե Ֆակտո» N43 (2009թ.)

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյան

-Պարո´ն Գրիգորյան, 2009թ. բավական հարուստ էր սպորտային հաղթանակներով: Ինչպե՞ս կգնահատեք կատարված աշխատանքն ու ձեռքբերումները:

-2009թ. Լոնդոն-2012 օլիմպիական ցիկլի առաջին տարին էր: Քաջ գիտակցելով, որ 2009թ. հագեցած է լինելու  կարևոր և պատասխանատու մրցաշարերով` մենք 2008թ. վերջին ամիսներին արդեն սկսեցինք նախապատրաստական աշխատանքները: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հանդիպումներ ունեցավ բոլոր ֆեդերացիաների հետ, քննարկեցին առկա խնդիրները, աշխատանքային պլանները, որոնց համաձայն`  2009թ. հունվար ամսից սկսվեց բուն աշխատանքը: Աշխատանքային տարվա սկիզբն ազդարարվեց ուսումնամարզական հավաքներով, միջազգային մրցաշարերով, Եվրոպայի պաշտոնական առաջնություններով: Մենք Երևանում անցկացրինք բռնցքամարտի աշխարհի առաջնություն,   ձյուդոյի Եվրոպայի առաջնություն, համահայկական խաղեր և ունեցանք հոյակապ հաջողություններ: Միջազգային բոլոր ատյաններում այդ առաջնությունները համարվեցին լավագույնը: Մեր երկիրը ներկայացավ որպես միջազգային լավ մրցաշարեր  կազմակերպող երկիր:

2009թ. կատարված աշխատանքը ես շատ բարձր եմ գնահատում և գոհ եմ ստացված արդյունքներից:

-Ինչո՞վ էին պայմանավորված 2009թ. մեր հաջողությունները:

-Կարծում եմ` մեր հաջողության գրավականը թիմային աշխատանքն է: Թիմային աշխատանքն ընդգրկում է սպորտի ասպարեզի երեք կարևոր օղակների համատեղ գործունեությունը` սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, ազգային օլիմպիական կոմիտե, ֆեդերացիաներ: Այս երեք կարևոր օղակները 2009թ. կարողացան համատեղ առաջ քայլել, որի արդյունքում մենք ունեցանք համապատասխան հաջողություններ:

Շատ կարևոր հանգամանք և մեծ ձեռքբերում եմ համարում այն, որ մենք վերջապես ունեցանք բժշկական կենտրոն, որն անմիջապես սկսեց աշխատել ազգային հավաքականների հետ: Այս հանգամանքը հատկապես ընդգծում եմ, քանի որ մեծ սպորտը պահանջում է նաև սպորտային ճիշտ բժշկություն, որի կարիքն, անշուշտ, մենք ունեինք: Վերոնշյալ ձեռքբերումների և համատեղ բարեխիղճ աշխատանքի շնորհիվ` 2009թ. հաջող էր և մրցանակներով լի: Մենք պաշտոնական  մրցաշարերից ունեցանք 135 մեդալ` 32 ոսկե, 47 արծաթե, 56 բրոնզե: Նշեմ, որ 2008թ. մենք ունեցել ենք 108 մեդալ:

-Պարո´ն Գրիգորյան, մեր հանրապետությունում սպորտը` որպես առողջ ապրելակերպ, կարողացա՞վ մտնել հասարակական գիտակցության մեջ:  Կա՞ արձանագրված որոշակի զարգացում:

-Զարգացում, իհարկե, կա: 2009թ. մենք հաջողություններ ունեցանք նաև մասսայական սպորտում: Պետք է նշեմ հատկապես երկու շատ կարևոր միջոցառում` ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող ՙԼավագույն մարզական ընտանիք՚ միջոցառումը և մարզերի մարզական փառատոնները:

ՙԼավագույն մարզական ընտանիք՚ միջոցառումն ամեն տարի անցկացվում է Ծաղկաձորում: Միջոցառումը սկսվեց 54 ընտանիքի մասնակցությամբ,  որը հետագայում դարձավ 171 ընտանիք, իսկ 2010թ., ՀՀ նախագահի հանձնարարականի համաձայն, կանոնադրության մեջ փոքրիկ փոփոխություն կարվի, և 171-ը ևս երկու անգամ  կավելանա:

Մարզական փառատոններին 2008թ. մասնակցել է 3.000 մարդ, իսկ 2009թ.` 10.000 մարդ:

Որպեսզի սպորտով զբաղվելը դառնա մշակույթ, և մենք կարևորենք այն մեր առօրյայում, անհրաժեշտ է նաև սպորտի ճիշտ քարոզչություն: Այնուամենայնիվ, այսօր արդեն տեսանելի առաջընթաց կա. սպորտը մտել է մեր ապրելակերպի մեջ:   

-2009թ. ամենամեծ հաջողությունը ո՞րն եք համարում:

-Եթե անցյալ տարիներին մեր հավաքականներն ուղղակի  քայլում էին Եվրոպայի հարթակներում, և նրանցից մեկ-երկուսը կարողանում էին աշխարհի առաջնություններում ունենալ ինչ-որ մրցանակներ, ապա այս տարի մենք բոլոր հենակետային մարզաձևերից` ծանրամարտ, ըմբշամարտ, բռնցքամարտ, ձյուդո, ունեցանք աշխարհի մրցանակակիրներ և փայլեցինք աշխարհի առաջնություններում: Վերջին շեշտը դրեց Նազիկ Ավդալյանը: Շնորհավորում եմ Նազիկ Ավդալյանին գեղեցիկ մասնակցության համար:

Իհարկե, այս հաջողությունները չէին լինի առանց մարզիչների, ֆեդերացիաների, ինչպես նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և նրա նախագահ Գագիկ Ծառուկյանի կատարած աշխատանքների: Գագիկ Ծառուկյանի` սպորտին աջակցությունը վերջին չորս-հինգ տարիների ընթացքում նոր ալիք, նոր շունչ հաղորդեց մեր սպորտի զարգացմանը, մեր մարզիկների` լավագույն պատրաստվածություն ունենալու ձգտմանը:

Պետք է նշեմ, որ շատ կարևոր է նաև ՀՀ նախագահի, վարչապետի աջակցությունը, առանց որոնց մենք չէինք կարող ունենալ մեծ ձեռքբերումներ այս ասպարեզում:

-Պարո´ն Գրիգորյան, տպավորություն կա, որ մեր սպորտային բոլոր հաջողությունների գրավականը Գագիկ Ծառուկյանն է, և եթե նա հանկարծ մի օր որոշի չզբաղվել ներկայիս գործունեությամբ, մեր հաջողությունները կդադարեն:

-Սպորտը նոր չի ստեղծվել, սպորտը միշտ եղել է, և մենք շատ հաջողություններ ենք ունեցել այս ասպարեզում: Գագիկ Ծառուկյանն իր անձով, գործունեությամբ կարողացավ ոտքի հանել մեր բոլոր ուժերն ու կենտրոնացնել կոնկրետ նպատակի վրա: Այսօր արդեն ստեղծվել է մի առողջ շղթա, որը գործում է, և այն պետք է պարզապես պահել: Մենք ունենք լավ մասնագետներ, որոնք հավաքվել են սպորտի շուրջ և իրենց ճիշտ որոշումներով նպաստում են սպորտի զարգացմանը: Շատ կարևոր է այն հանգամանքը, որ որոշումներն ընդունվում են ոչ թե մեկ անձի կողմից, այլ բոլորն են մասնակցում դրանց կայացմանը:

-Մեր մարզիկները վարձատրվո՞ւմ են այնքան, որ կենտրոնանան միայն սպորտային կարիերա ստեղծելու վրա:

-Այո´, 2009թ. սկսած` նրանք ստանում են ՀՀ նախագահի անվանական թոշակ` 60-70 հազարից մինչև 500 հազար դրամ` ըստ արդյունքների: Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը, ազգային ֆեդերացիաները նույնպես թոշակներ են սահմանել մարզիկների համար: Այսինքն` նրանց սոցիալ-տնտեսական կայուն վիճակն ապահովված է:

-Նախարարությունն ի՞նչ ծրագրեր է իրականացնելու 2010թ.:

-Նախարարությունը նոր ծրագիր է մշակել, որը կառավարության որոշմամբ` 2010թ. կսկսենք իրականացնել: Այն է` հանրապետության  մանկապատանեկան մարզադպրոցների մանկավարժների շրջանում անցկացնել վերապատրաստման դասընթացներ: 1990թ. ի վեր հանրապետությունում մարզիչ-մանկավարժների վերապատրաստում չի եղել: Այս ծրագիրը շարունակական բնույթ է կրելու, որը կխթանի ապագայում լավ արդյուքների ստացումը:

-Օրենսդրական ի՞նչ փոփոխություններ եղան, և դրանք որքանո՞վ կնպաստեն սպորտի զարգացմանը:

-Օրենսդրական դաշտում տեղի ունեցած փոփոխությունները, անշուշտ, կնպաստեն սպորտի զարգացմանը: Օրենքի մեջ ավելացվեցին որոշակի դրույթներ, որոնցով արձանագրվեցին մեր ոլորտին առնչվող նախարարություների կոնկրետ պարտականությունները: Խոսքս առողջապահության, կրթության և գիտության նախարարությունների մասին է: Շատ եմ կարևորում առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատանքի կազմակերպումը: Յուրաքանչյուր ծնող ցանկանում է, որ իր երեխան սպորտով զբաղվի, բայց շատ անգամ ծնողները տեղյակ չեն լինում իրենց երեխայի առողջական վիճակից և իրենց երեխայի համար ընտրում են ոչ համապատասխան մարզաձև, որն էլ հետագայում կարող է հանգեցնել երեխայի առողջական վիճակի վատթարացմանը: Ճիշտ բուժսպասարկման կազմակերպման պարագայում երեխան կզբաղվի այն մարզաձևով, որը նրան չի վնասի և կնպաստի այդ մարզաձևում նրա հաջողություններին:

-Միջազգային հարաբերություններում ի՞նչ հաջողություններ ունեցանք:

-Միջազգային հարաբերություններում նույնպես ունեցանք հաջողություններ: 2009թ. մենք Եվրամիության հետ կնքեցինք սպորտի համաձայնագիր, դարձանք ինչպես Եվրախորհրդի սպորտային համաձայնագրի, այնպես էլ միջազգային հակադոպինգի կոնվենցիայի անդամ: Սա շատ կարևոր քայլ էր, թեև մենք նման պայքար Հայաստանում ծավալում էինք, ունենք հակադոպինգային կենտրոն:

-Հանրակրթական դպրոցներում սպորտի զարգացման ուղղությամբ որոշակի քայլեր արվո՞ւմ են:  

-Հանրակրթական և բուհական հաստատություններում այսօր ֆիզիկական կուլտուրայի դասընթացները ոչ բավարար կերպով են կազմակերպվում և չեն համապատասխանում ՙՖիզիկական կուլտուրայի և սպորտի՚ օրենքում նշված դրույթներին:

Դեկտեմբերի 1-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի` իմ հրամանով Երևան քաղաքի ուսումնական հաստատություններում դիտազննում անցկացնելու նպատակով ստեղծվեց 16 աշխատանքային խումբ: Դեկտեմբեր ամսվա վերջում արդեն կամփոփվեն նրանց ուսումնասիրությունների արդյուքները, և պարզ կլինի, թե ինչպես և որակական ինչ սահմաններում են անցկացվում ֆիզիկական կուլտուրայի դասընթացները նախադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական կրթության հաստատություններում` քոլեջներում, ուսումնարաններում և բուհերում:  Արձանագրված արդյունքների հիման վրա արդեն կսկենք քայլեր ձեռնարկել` համագործակցելով կրթության նախարարի հետ:

-2010թ. ինչպիսի՞ն է խոստանում լինել:

-Եթե 2009թ. մեզ համար որոնողական տարի համարվեց դեպի Լոնդոն- 2012 օլիմպիական խաղեր, ապա 2010թ. պետք է մի քիչ ավելի կոնկրետ տարի լինի: Այն նոր անունները, նոր մարզիկները, որոնց տաղանդը 2009թ. հայտնաբերեցինք, 2010թ. նրանց հետ միասին որոշակի ծրագրերով պետք է քայլենք առաջ: Այսինքն` պետք է աշխատենք մարզիկին ճիշտ նախապատրաստել և ուղղորդել դեպի պաշտոնական մրցաշարեր: 

-Շատ հաճախ սպորտը դիտվում է որպես քաղաքականություն: Դա օգնո՞ւմ, թե՞ խանգարում է սպորտին:

-Կարծում եմ, որ դա օգնում է սպորտին: Սպորտի միջոցով երկիրը ներկայանում է ամբողջ աշխարհին և ցույց է տալիս իր ուժն ու հնարավորությունները: Նախագահները մասնակցում են օլիմպիական խաղերին և ոգեշնչում իրենց մարզիկներին: Գեղեցիկ ու հետաքրքիր արարողություն է դառնում սպորտով զբաղվելը, սպորտի զարգացմանը հետևելն ու աջակցելը, իսկ յուրաքանչյուր երկրի ժողովրդի համար ստեղծվում են դիտարժան ու հուզումնալից պահեր, որոնց ընթացքում ողջ ժողովուրդի սիրտը միասնական բաբախում է իր մարզիկների համար:

-Սպորտի ասպարեզի մարդիկ հավատո՞ւմ են Աստծուն:

-Այո´,  մրցումների ժամանակ կարելի է նկատել, թե ինչպես են մեր մարզիկները ռինգ դուրս գալիս աղոթում և խաչակնքում: Աշխատասիրությանն ու տաղանդին զուգահեռ` մարզիկը պետք է մի քիչ էլ հաջողակ լինի:

-Դուք մարզվո՞ւմ եք:

-Այո´, ես շաբաթական մեկ-երկու անգամ զբաղվում եմ սպորտով:

-Դուք սուսերամարտիկ եք: Ինչպիսի՞ սպորտաձև է սուսերամարտը: Սուսերամարտի զարգացումը Հայաստանում ո՞ր փուլում է:

-Ես նաև սուսերամարտի ֆեդերացիայի նախագահն եմ: Թեև մեր հանրապետությունում ուժային  մարզաձևերի նկատմամբ հետաքրքրությունն ավելի մեծ է, այնուամենայնիվ, սուսերամարտի խմբակներ կան ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Մենք աշխատում ենք ընդլայնել այս մարզաձևի տարածումն ու խմբակներ բացել բոլոր մարզերում: Այսօր մենք ունենք սուսերամարտիկներ, ովքեր մասնակցում են բոլոր պաշտոնական մրցաշարերին: 2009թ. աշխարհի գավաթի առաջին բրոնզե մեդալը  մեր սուսերամարտիկը բերեց: Մենք շատ չեմպիոններ ենք ունեցել այս մարզաձևից, բայց մեր երկրի համար ծանր տարիներին այս մարզաձևը հետընթաց ապրեց, որը հաղթահարելու քայլեր արդեն արվում են:

-Պարո´ն Գրիգորյան, սպորտի նախարարի պաշտոնը ի՞նչ է պատրավորեցնում:  

-Սպորտը մեծ, ծանր և շատ պատասխանատու ոլորտ է, որով  տվյալ երկիրը ներկայանում է աշխարհին. բարձրացվում է երկրի դրոշը, հնչում է հիմնը: Բնականաբար, այս պաշտոնն ինձ պարտավորեցնում է աշխատել հնարավորինս արդյունավետ և կազմակերպել ոլորտի կարևոր օղակների համատեղ արդյունավետ աշխատանքը:

-Ո՞ր որակներն եք մարդու մեջ կարևորում:

-Աշխատասիրությունն ու արդարությունը, որովհետև ոչ մի բան երբեք մարդուն հենց այնպես չի տրվում: Ամեն ինչ տրվում է աշխատասիրության շնորհիվ:

-Ինչպե՞ս եք նախընտրում հանգստանալ:

-Սիրում եմ ակտիվ հանգիստ: Նախընտրում եմ ազատ ժամանակս անցկացնել ընտանիքիս, հատկապես` որդուս հետ: Սիրում եմ լողալ, ձիարշավարան հաճախել, ընտանիքիս հետ գնալ քաղաքից դուրս: Ձմռանը դահուկասպորտով եմ զբաղվում:  

-Ձեր երեխաները սպորտով զբաղվո՞ւմ են:

-10 տարեկան որդիս թեքվանդո մարզաձևով է զբաղվում, համահայաստանյան առաջնությունում երկու անգամ չեմպիոն է ճանաչվել: Երկու աղջիկ ունեմ, նրանք սովորում են համալսարանում:

-Աշխատանքում և ընտանիքում Դուք շա՞տ տարբեր եք:

-Ես նույնն եմ և´ աշխատանքում, և´ ընտանիքում` հետևողական, պահանջկոտ, միևնույն ժամանակ` բարի:

-Ձեր ամանորյա բարեմաղթանքը:

-Շնորհավորում եմ բոլորին Ամանորի առթիվ: Ցանկանում եմ, որ 2010թ. բոլորի նպատակների իրականացման տարի լինի: Հաջողություն եմ ցանկանում մեր հայ ժողովրդին, իսկ մեր մարզիկներին` բարձր արդյունքներ, ոսկե մեդալներ:

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի

  



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...