14:28
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մեծ նվիրումով եւ բարեխղճորեն աշխատում եմ, որպեսզի մեր համայնքի բնակիչներն ապրեն բարեկեցիկ պայմաններում

2018-02-09 15:01

 «Դե Ֆակտո » N 140 ( 01/2018թ.) 

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Ղուկասավան համայնքի ղեկավար Արա Վարդանյանը

-Պարո՛ն Վարդանյան, 2005 թվականից Ղուկասավան համայնքի ղեկավարն եք, այս տարիների ընթացքում ի՞նչ առանցքային խնդիրներ եք հասցրել կարգավորել:


-Ասեմ, որ համայնքն ընդունել եմ բազում խնդիրներով, իսկ այս տարիների ընթացքում, որքան հնարավոր է, այդ խնդիրները հասցվել են նվազագույնի: Բազմաթիվ են կատարված աշխատանքները, թերևս կթվարկեմ դրանցից առավել կարևորները:
2005 թվականի աշնանն ամբողջությամբ ցանկապատվել է գերեզմանոցի տարածքը, քանի որ այն գտնվում էր հենց ճանապարհի եզրին: Ճանապարհաշինարարական բազում աշխատանքներ են կատարվել, 2010 թվականին Ասիական զարգացման բանկի միջոցներով համայնքի կենտրոնական փողոցները, մոտ 4կմ, ասֆալտապատվել է: Համայնքում ունեինք խմելու և ոռոգման ջրի խնդիր, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ համարյա 80 տոկոս խմելու ջրի խողովակները փոխարինվեցին պլաստիկ խողովակներով: Ոռոգման խնդրի կարգավորման ուղղությամբ կատարվեց լայնածավալ աշխատանքներ, 15 տոկոս համայնքապետարանի, 85 տոկոս համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ երեք կիլոմետր հողային հուները փոխվեցին կիսախողովակներով: 2014թ. համայնքապետարանի միջոցներով վերանորոգվել է Սաթենի մանկապարտեզի խոհանոցը, կատարվել են առաջին հարկի մետաղապլաստե պատուհանների և դռների տեղադրման աշխատանքներ, մանկապարտեզի խոհանոցը համալրվել է նոր կահույքով, սպասքով, փոխվել և վերանորոգվել են սանհանգույցները, մանկապարտեզը ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ, իսկ ահա 2016թ.-ի նոյեմբերից պետական բյուջեի միջոցներով վերանորոգվել են խմբասենյակների, ննջասենյակների, միջանցքի, դահլիճի հատակները, լվացքատունը վերանորոգվել է հիմնովին: Ինչպես նաև ավարտին են հասցվել տանիքի վերանորոգման աշխատանքները: Արցախյան ազատամարտի ընթացքում մեր համայնքից հինգ քաջորդի է զոհվել, որոնց հիշատակին 2010 թվականին համայնքում կանգնեցրինք խաչքար-հուշաքար, իսկ ապա 2015-ին հուշահամալիրի աջ կողմում կանգնեցվել է Հայոց մեծ եղեռնի զոհերի 100-ամյակին նվիրված հուշարձան: Այս տարի ՀՀ պետական բյուջեի միջոցներով կատարվել է Ղուկասավան համայնքի դպրոցի բակի բարեկարգման, խաղահրապարակի կառուցման և ցանկապատման աշխատանքներ: Եթե ամփոփենք իմ աշխատանքային տարիները, ապա միանշանակ կարող եմ ասել, որ այս ընթացքում ունեցել ենք բազում ձեռքբերումներ, ուղղակի այդքանը թվարկել հնարավոր չէ:

 

-Ինչպիսի՞ն է բնակիչների սոցիալական վիճակը:

-Բնակիչների սոցիալական վիճակը չեմ կարող ասել, որ շատ վատ է կամ` հակառակը: Բնակիչների մեծամասնությունը զբաղվում է հողի մշակմամբ: Համայնքում ունենք կահույքի արտադրամաս, ջերմոցային տնտեսություններ, որտեղ աշխատում են համայնքի բնակիչների որոշ մասը:

 

-Կատարված բազմապիսի աշխատանքների հետ մեկտեղ, դեռ ի՞նչ չլուծված խնդիրներ կան համայնքում:

-Գրեթե բոլոր առանցքային խնդիրները այսօր կարգավորված են, միայն մնում է պահպանել այն` ինչ տարիների ընթացքում կարողացել ենք ձեռք բերել:

 

-Տարին մոտենում է ավարտին, 2018 թվականի հետ կապված ի՞նչ նախանշված ծրագրեր կան:

-Առաջիկայում ունենք խոշոր ներդրումային ծրագիր, որը պետք է իրականացնենք Ճապոնական կառավարության հետ համատեղ: 2018 թվականին նախատեսված է համայնքում բացելու տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) մասնագիտացված դպրոց, որի արդյունքում ոչ միայն մեր համայնքի, այլ նաև ամբողջ տարածաշրջանի երեխաները կկարողանան կրթվել`դառնալով բանիմաց ծրագրավորողներ, քանի որ խելացի և բանիմաց սերունդը մեր հայրենիքի լուսավոր ապագայի երաշխավորն է:

 

-Պարո՛ն Վարդանյան, տաս տարուց ավելի է ղեկավարում եք համայնքը, ի՞նչ սկզբունքներ եք Ձեզ համար որդեգրել աշխատանքում:

-Կարծում եմ, որ պետք է բարեխղճորեն մոտենաս աշխատանքիդ և անիմաստ պաշտոն չզբաղեցնես: Մեծ նվիրումով և բարեխղճորեն աշխատում եմ, որպեսզի մեր համայնքի բնակիչներն ապրեն բարեկեցիկ պայմաններում:

 

-Եվ վերջում, Ձեր բարեմաղթանքը:

-Նախ և առաջ, բոլորին ցանկանում եմ առողջություն: Թող գալիք տարին լինի ձեռքբերումներով լի տարի, թող ցանկացած ընտանիքում միմիայն իշխի սերն ու երջանկությունը:

Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...