





2018-02-09 14:31
ՄԱՐԱՏ ՊՈՂՈՍՅԱՆ
Արարատի մարզի Հնաբերդ համայնքի ղեկավար
«Դե Ֆակտո » N 140 ( 01/2018թ.)
-Պարո՛ն Պողոսյան, ինչքա՞ն ժամանակ է ղեկավարում եք Հնաբերդ համայնքը:
-Առաջին անգամ Հնաբերդ համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնել եմ 2012 թվին և ղեկավարել եմ համայնքը մինչև հաջորդ ընտրությունները: Այդ ընթացքում բավականին դրական աշխատանքներ կատարվեցին համայնքում` ուղղված համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Կարծում եմ, բնակիչները գնահատեցին իմ աշխատանքը և 2016թ. սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններում
2-րդ անգամ ստացա նրանց վստահության քվեն և կրկին ստանձնեցի համայնքի ղեկավարի պաշտոնը: Այդ վստահությունը կրկնակի պարտավորեցնող է` պետք է ամեն ջանք գործադրեմ առավելագույնն անելու ուղղված համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը` պահպանելով համայնքի առողջ բարոյահոգեբանական մթնոլորտը:
-Այս տարիների ընթացքում ի՞նչ փոփոխություններ են կատարվել համայնքում:
-Նախ կուզեի նշել, որ կարևորագույն կատարված աշխատանքներից եմ համարում համայնքից մինչև Հնաբերդի հնավայրի ճանապարհի ասֆալտապատումը, որը կատարվեց Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի և ՀՀ կառավարության աջակցության շնորհիվ: Ճանապարհը շատ մեծ խնդիր էր համայնքի համար, որի ասֆալտապատումը նպաստեց զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը:
Կատարված աշխատանքներից է նաև համայնքի բոլոր ճանապարհների խճապատումը: Գլխավոր փողոցներում փոխվել են խմելու ջրագծերը: Լուծվել է կենտրոնական ճանապարհների լուսավորության խնդիրը, որի անհրաժեշտությունը կար, քանի որ գյուղը հեռավորության վրա է գտնվում հանրապետական ճանապարհից:
Կառավարության աջակցության շնորհիվ հիմնովին վերակառուցվել է համայնքի մշակույթի տունը, որը կառուցվել էր 50-ական թվերին և գտնվում էր փլուզման եզրին: Հիմնովին վերանորոգել և կահավորվել է համայնքապետարանը:
-Ի՞նչ քայլեր են կատարվում զբոսաշրջության ոլորտը զարգացնելու համար:
-Այս պահի դրությամբ, մարզպետի հանձնարարականով տեղում մշակում ենք տարածքի բարելավման ծրագրեր: Այս տարի մայիսին շուքով նշեցինք «Տոլմայի» փառատոնը: Բացմանը ներկա էր Արարատի մարզպետ Գրիգորյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը, և այլ բարձրաստիճան հյուրեր` մոտ 4000 այցելու: Մարզպետարանի հետ միասին աշխատանքներ են կատարվում հարմարավետ պայմաններ ստեղծելու զբոսաշրջիկների համար, այդպիսով նպաստելով մարզում զբոսաշրջության զարգացմանը և հետագա հոսքի ավելացմանը:
Հնաբերդ համայնքը գրավում է զբոսաշրջիկներին իր պատմամշակութային արժեքներով` Հնաբերդում են գտնվում 5-7-րդ դարերի Թուխ Մանուկ մատուռը, մ.թ.ա. 2-1 հզ. Հնաբերդ բնակատեղին, որտեղ կա 5-6-րդ դարերի կիսավեր եկեղեցի և Դվինի ավերակները:
-Որքա՞ն է համայնքի բնակչությունը և ո՞րն է բնակչության հիմնական զբաղմունքը:
-Համայնքն ունի 800 բնակիչ, նրանց հիմնական զբաղմունքը հողագործությունը և անասնապահությունն է: Կառավարության և մարզպետարանի հետ միասին մշակում ենք ծրագրեր մոտ ապագայում մինչև 100 աշխատատեղերի ստեղծման ուղղության:
Լրագրող՝ Լուիզա Պողոսյան
Վերադառնալ