03:28
11/13/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Իմ բոլոր պարգեւները համարում եմ ոչ միայն իմ, այլ նաեւ մեր բնակիչների ձեռքբերումը

2018-02-08 11:51

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Խաչփար համայնքի ղեկավար Ղազար Մարտիրոսյանը

«Դե Ֆակտո » N 140 ( 01/2018թ.)  

-Պարո՛ն Մարտիրոսյան, բավականին երկար ժամանակ է ինչ ղեկավարում եք Խաչփար համայնքը` շուրջ 21 տարի, այս տարիների ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ կմատնանշեք:

-Սիրով կներկայացնեմ այն ծրագրերը, որոնք այս տարիների ընթացքում կյանքի են կոչվել: Համայնքը հիմնականում բնակեցված է Ադրբեջանից բռնագաղթված փախստականներով, որն արդեն իսկ խոսում է այն մասին, որ բռնի կերպով տեղահանված ժողովուրդը կունենա բազում խնդիրներ, սակայն ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ չնայած բազում խնդիրների, մեր համայնքի բնակիչները միշտ ամուր կանգնած են եղել իրենց հայրենի հողի վրա և երբեք չեն մտածել իրենց հայրենիքից դուրս ապրելու մասին: Այս տարիների ընթացքում բավականին ծրագրեր են իրականացվել հանուն մեր ժողովրդի բարեկեցության: Այսօր արդեն համայնքում գրեթե լուծված են խմելու և ոռոգման ջրի խնդիրները: Վերջին տարիներին հսկայական աշխատանքներ են կատարվել և կատարվում են, որպեսզի յուրաքանչյուր բնակիչ ժամանակին կարողանա ստանալ ոռոգման ջուր: 2018 թվականին «Ուրբան» կազմակերպության միջոցով այն հատվածներում, որտեղ առկա է ոռոգման ջրի խնդիր` կկարգավորվի: Արդեն մի քանի տարի է, ինչ համայնքը գազաֆիկացված է, որը բնականաբար դյուրացնում է մեր բնակիչների ապրելակերպը: Համայնքում այս ընթացքում բազում շինարարական աշխատանքներ են կատարվել. վերանորոգվել է դպրոցի տանիքը, մանկապարտեզում այս պահին ընթանում են վերանորոգման աշխատանքները, ուրախությամբ նշեմ, որ այդ կառույցները ևս գազաֆիկացված են: Համայնքի ենթակայության տակ գտնվող գրեթե բոլոր ճանապարհները խճապատված են: Տրանսպորտի խնդիրը ևս լուծված է, որն առաջին հերթին կարևոր էր համայնքի ուսանողների համար: Այսօր համայնքն ունի հրաշալի մասնագետներով հագեցած բուժամբուլատորիա: Կարող եմ ասել, որ համայնքում կարևոր խնդիրները գրեթե լուծված են, սակայն մենք պետք է համախմբված աշխատենք, որպեսզի կարողանաք մեր համայնքը օր օրի դարձնել էլ ավելի գեղեցիկ և բարեկարգ:

-Ինչպիսի՞ն է համայնքում բնակիչների սոցիալական վիճակը, կա՞ն աշխատատեղեր:

-Համայնքում բավականին բարենպաստ պայմաններ ենք ստեղծել մեր բնակիչների համար, ինչի արդյունքն այն է, որ այսօր գրեթե արտագաղթ չկա: Այստեղ բնակիչները հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ, որն ի դեպ, բավականին շահավետ է այսօր: Համայնքի տարածքում է գտնվում «ԷՅ ԹԻ ՓԻ» բարեգործական հիմնադրամի մասնաճյուղը, «Տրանսգազ» ՍՊԸ-ի Աբովյանի գծային շահագործման մասնաճյուղը, բնակիչների որոշ մասն էլ աշխատում է այս ընկերություններում:

-Պարո՛ն Մարտիրոսյան, Ձեր աշխատանքային տարիների ընթացքում բավականին պարգևներ եք ստացել, ի՞նչ նշանակություն ունեն դրանք Ձեզ համար:

-Յուրաքանչյուր մարդ, երբ որևէ աշխատանք է կատարում, ցանկանում է, որ այդ աշխատանքը գնահատվի: Իմ աշխատանքային տարիների ընթացքում բավականին պարգևներ եմ ստացել, որոնք ինձ պարտավորեցրել են էլ ավելի ջանասիրաբար և էլ ավելի պատասխանատվությամբ աշխատել: 2010թ.-ին երկրի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ստացել եմ «Անանիա Շիրակացի» հուշամեդալ: Արարատի բոլոր մարզպետների կողմից ստացել եմ պատվոգրեր, իսկ 2014թ-ին արժանացել եմ ոսկե հուշամեդալի: 2016 թվականին բնակիչների շրջանում կատարված հարցումների արդյունքում արժանացել եմ «Տարվա համայնքի ղեկավար» կոչմանը: Այս տարվա դեկտեմբերի 5-ին նշվում էր մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 120- ամյակը, որի ժամանակ ստացել եմ «Մարշալ Բաղրամյան» հուշամեդալը, ես ծնվել եմ Չարդախլու գյուղում, հենց նույն գյուղում է ծնվել նշանավոր զորահրամանատարը: Պատկերացրե՛ք, թե ինչ պարգև է ինձ համար ստանալ մեծն հայրենակցիդ անունը կրող հուշամեդալ, դա ոչ միայն պարտավորեցնում է ծառայել համայնքի բնակիչներին, այլ նաև ամբողջ հայ ժողովրդին: Իմ բոլոր պարգևները համարում եմ ոչ միայն իմ, այլ նաև մեր բնակիչների ձեռքբերումը, քանի որ նրանց նվիրվածության և համախմբվածության շնորհիվ է, որ այսօր ունենք բարեկեցիկ և ապահով համայնք: Ես մի համոզմունք ունեմ` յուրաքանչյուր ղեկավար արժանի է իր ժողովրդին և յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր ղեկավարին:

-Այս տարի մի շարք համայնքներում տեղի է ունեցել համայնքների խոշորացում, ըստ Ձեզ որքանո՞վ է արդյունավետ այս ծրագիրը:

-Իմ կարծիքով խոշորացման նպատակը օպտիմալ կառավարման մոդել ստեղծելն է: Պետք է խոշորացումն այնպես կատարել, որ նշված խոշորացված համայնքները ընդհանուր վարչատարածքային սահմաններ ունենան, որպեսզի կարողանան իրականացնել օպտիմալ կառավարում:

-Համայնքի ղեկավարի աշխատանքը բավականին բարդ և պատասխանատու աշխատանքն է, ի՞նչ սկզբունքներով եք այսքան տարի աշխատել, որ կարողացել եք արժանանալ բնակիչների վստահությանն ու հարգանքին:

-Ռուսական այսպիսի մի ասացված կա. «Կիսովի վիշտը` կես վիշտ է, կիսովի ուրախությունը` կրկնակի ուրախություն»: Լինել ժողովրդի կողքին թե՛ ուրախ, թե՛ տխուր պահերին, հենց այս սկզբունքով էլ առաջնորդվում եմ աշխատանքում:

 

Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...