15:47
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Միայն համախմբվածության եւ նվիրվածության շնորհիվ կարող ենք հասնել բազում հաջողությունների

2018-02-08 11:45

«Դե Ֆակտո » N 140 ( 01/2018թ.) 

 

ՄԻՀՐԱՆ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

Տափերական  համայնքը գտնվում է Արարատի մարզում: Առաջին բնակելի տները կառուցվել են դեռ 1929 թվականին: Առաջին բնակիչները եղել են Վանից տեղափոխված փախստականներ, այնուհետև` Հայրենական մեծ պատերազմից հետո, համայնքը բնակեցվել է Պարսկաստանից և Սիրիայից ներգաղթյալ հայերով: Համայնքը նախկինում ունեցել է կանվան սովխոզ անվանումը, Տափերական է վերանվանվել 1991 թվականին: Անվանումն առաջացել է պատմական մայրաքաղաք Արտաշատի (մ.թ.ա. 2-րդ դար) Արաքս գետի վրայի Տափորական կամրջի անունից: Տափերականն այլ համայնքներից տարբերվում է իր կենցաղավարությամբ, համայնքն իր ապրելակերպով նման է քաղաքային ապրելակերպին: Այստեղի բնակիչները մշտապես աչքի են ընկել իրենց խելացիությամբ, սովորելու հանդեպ անհագ ցանկությամբ. դրա վկայությունն այն է, որ հենց այս համայնքում 1943 թվականին, Հայրենական մեծ պատերազմի դժվար տարիներին, հիմնադրվում է գյուղատնտեսական տեխնիկում, որն այն ժամանակ համարվում էր բարձրագույն ուսումնական հաստատություն:
Համայնքը կրթամշակութային, սպորտային ոլորտներում անմաս չի մնացել բազում նվաճումներից: Դեռ 1960-ական թվականներին համայնքի ֆուտբոլային թիմն արժանացել է ԽՍՀՄ-ի «Ոսկե հասկ»-գավաթի 1-ին հորիզոնականին: Այսօր էլ դեռ պահպանվել են մշակութային, սպորտային կյանքում առաջատար լինելու ձգտումը: Համայնքում գործում է կիթառի, վոկալի, պարի, ժողովրդական գործիքների դասարաններ, որտեղ հաճախում են ավելի քան 120 երեխաներ: Իսկ սպորտային կյանքում հաջողությունները միշտ ուղեկցում են սաներին` դեռ տարիների առաջ Վլադիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի պատանիների չեմպիոն: Համայնքում գործում է ծանրամարտի դպրոց, որտեղ պարապում են ապագա չեմպիոններ:


Մեր զրույցի ընթացքում Տափերական համայնքի ղեկավար Միհրան Մանասերյանը նշեց, որ այսօր դեռ շատ ու շատ ավանդույթներ պահպանվել են, դառնալով համայնքի բնակիչների կենսակերպ. «Մեր համայնքի բնակիչների կենցաղավարությունը տարբերվում է: Մեր համայնքի սաները մշտապես աչքի են ընկել կրթամշակութային, սպորտային կյանքում բազում նվաճումներով: Գիտե՞ք, զարմանալի խելացի և պատրաստակամ երիտասարդներ են մեզ մոտ ապրում, ովքեր այժմյան երկիրը փրկող և երկրի հեռանկար ստեղծողներն են: Նրանց մոտ անհագ կրթվելու սովորույթը ժառանգվել է իրենց նախնիներից»:


Միհրան Մանասերյանը համայնքի ղեկավար է նշանակվել 2002 թվականից, այսօր հետադարձ հայացք նետելով հաստատակամ ասում է, որ այս ընթացքում բավականին առանցքային խնդիրներ են լուծվել. «Համայնքի համար կարևոր նշանակության խնդիրներն արդեն իսկ լուծված են: Այս ընթացքում կարգավորվել է խմելու ջրի խնդիրը, պատգամավոր Արայիկ Գրիգորյանի ջանքերով մեկ փողոց ևս արդեն գազաֆիկացվել է: Այս տարիներին կարգավորվել է մեզ համար կարևոր նշանակություն ունեցող կոյուղու խնդիրը: Այսօր գրեթե բոլոր փողոցներն ունեն կոյուղի: Իմ աշխատանքային տարիների ընթացքում ստեղծվել են գրեթե բոլոր պայմանները բնակչի բարեկեցության համար»:
Իսկ աշխատանքային տարիների ամենամեծ ձեռքբերումը պարոն Մանասերյանը համարեց համայնքապետարանի և բնակիչների հետ ունեցած ջերմ և բարյացակամ հարաբերությունները. «Պետք է կարողանաս մարդկային փոխհարաբերությունները պահել խաղաղության մթնոլորտում, միայն համախմբվածության և նվիրվածության շնորհիվ կարող ենք հասնել բազում հաջողությունների»:


Խոսելով առաջիկա ծրագրերից պարոն Մանասերյանը նշեց, որ առաջնայինը մանկապարտեզի շենքի շինարարական աշխատանքների ավարտն է. «Համայնքում գործող մանկապարտեզն աշխատել է ամբողջ տարին, սակայն վերջերս մանկապարտեզի փայտաշեն հատվածում հրդեհ էր բռնկվել, որի արդյունքում այսօր մանկապարտեզը չի գործում: Ողջ ներուժը օգտագործեցինք և այժմ ընթացքի մեջ է շինարարական աշխատանքները և մինչ հունվարի 15-ը մանկապարտեզը նորից նույն ռիթմով կսկսի աշխատել: Ապագայում ցանկություն ունենք համայնքի խմելու մայր ջրագծի հիմնանորոգման աշխատանքներ կատարել, ինչպես նաև այնպես ենք անելու, որ մշակույթի տունը գործի ամբողջ տարին, մշակույթի տան մի հատվածը պետք է վերանորոգենք. պատուհանները փոխենք և անցկացնենք ջեռուցման համակարգ»:
Իսկ մեր զրույցի վերջում, պարոն Մանասերյանն ավելացրեց, որ ցանկանում է, որ ամբողջ հայությունը միասնական լինի և ներողամիտ միմյանց հանդեպ: «Ցանկանում եմ, որ բոլոր հայերը` այստեղ ապրող, թե հեռավոր երկրներում, հավատան, որ վաղվա օրը շատ ավելի լավ է լինելու»:

Նյութը պատրաստեց`
Սյուզաննա Ղուկասյանը



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...