02:26
11/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մեր ժողովուրդը Վեդիի ջրամբարի կառուցման հույսով է ապրում

2018-02-08 11:39

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Արարատի մարզի 

Գոռավան համայնքի ղեկավար Արսեն Բազիկյանը:

«Դե Ֆակտո » N 140 ( 01/2018թ.)  

-Պարո՛ն Բազիկյան, որքա՞ն ժամանակ է ղեկավարում եք Գոռավան համայնքը, ինչպես տեսանք, համայնքում բավական փոփոխություններ են տեղի ունեցել, մի փոքր պատմեք` Ձեր ղեկավարման ընթացքում ի՞նչ աշխատանքներ են կատարվել:

-Արդեն 15 տարի է, ինչ Գոռավան համայնքի ղեկավարն եմ: Իմ ղեկավարման տարիների ընթացքում կատարել ենք համայնքի բարելավմանն ուղղված բազմաթիվ աշխատանքներ. առաջին նախաձեռնությունս եղել է մանկապարտեզի շենքի կառուցումը, քանի որ մինչ այդ համայնքը չուներ մանկապարտեզ: Աշխատանքներն ամբողջությամբ կատարվել են համայնքապետարանի ֆինանսական միջոցներով: Մեր համայնքը մարզի հազվագյուտ գյուղերից է, որ ամբողջությամբ լուսավորված է, չկա մեկ փողոց, որտեղ լուսավորություն չլինի: 2017 թվականին դպրոցին կից կառուցել ենք նախակրթարան, այս պահին կառուցվում է նաև սպորտհրապարակ: Արդեն երկար տարիներ` հագեցած անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, բուժկետ ունենք: Մեր մյուս կարևոր աշխատանքներից է եղել 4,5 կիլոմետր երկարությամբ ոռոգման ջրագծի անցկացումը, ինչպես նաև համայնքի բոլոր` նոր և հին թաղամասերում անցկացրել ենք խմելու ջրի ջրագիծ: Համայնքի միջոցներով վերանորոգել ենք նաև մշակույթի տունը և գյուղապետարանի շենքը: Դպրոցն ապահովվել է 300 աշակերտի համար նախատեսված սեղան-աթոռներով, համայնքում տեղադրվել է նաև զոհված հերոսների հիշատակին նվիրված հուշարձան: Այսօրվա դրությամբ համայնքի առաջնային և օրակարգային հարցերից մեկը ճանապարհների ասֆալտապատումն է, որի լուծման համար համայնքապետարանի միջոցները չեն բավարարում, սպասում ենք պետական հովանավորության:

-Գիտենք, որ համայնքում աշխատատեղերի խնդիր կա, ինչպիսի՞ն են արտագաղթի ցուցանիշները և ինչո՞վ է զբաղվում գյուղացին:

-Այսօր ոչ միայն մեր, այլ` գրեթե բոլոր համայնքներում աշխատատեղերի խնդիր կա, որը, բնականաբար, բացասական ազդեցություն է ունենում գյուղացու սոցիալական վիճակի վրա: Համայնքն ունի 3000 բնակիչ, որոնց մեծ մասը հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ: Չնայած այդ ամենին, արտագաղթի ցուցանիշը բավական ցածր է, գյուղում շատ քիչ դատարկ տներ ունենք: Բնակիչներից շատերը մեկնում են արտագնա աշխատանքի, և գումար վաստակելով` վերադառնում են իրենց օջախներ:

-Տարիներ շարունակ Ձեր համայնքում եղել է ջրի խնդիր, գյուղատնտեսական առումով 2017 թվականը որքանո՞վ էր անբարենպաստ համայնքի համար և հնարավո՞ր է Վեդիի ջրամբարի կառուցումը լուծի ոռոգման ջրի խնդիրը:

- Գյուղատնտեսական առումով շատ վատ, երաշտ տարի ենք ունեցել: Բոլորիս հայտնի է` տարին շատ չորային էր և մենք միշտ ոռոգման ջրի խնդիր ենք ունեցել: Հունիս ամսին Վեդի գետը ցամաքում է և մեր համայնքում արդեն առաջանում է ոռոգման ջրի խնդիր, իսկ ջրի բացակայության պատճառով արդեն շատ այգիներ չորացել են: Մեզ մոտ հիմնականում մշակում են խաղողի և ծիրանի տնկիներ: Իսկ ինչ վերաբերվում է խմելու ջրին` այնպես չի, որ այդ հարցում էլ խնդիրներ չկան: Հավատացեք, մեր ժողովուրդը Վեդիի ջրամբարի կառուցման հույսով է ապրում, այն մեզ համար մեծ հարց կլուծի: Կարծում եմ` ջրամբարի կառուցումը գոտեպնդելու է գյուղացուն:

-Համայնքում Ձեզ հարգում և սիրում են, ինչպե՞ս եք արժանացել գյուղացիների վստահությանը, ինչպիսի՞ն է գյուղացի-համայնքապետ փոխհարաբերությունները:

-Ես այս գյուղում եմ ծնվել և մեծացել, և յուրաքանչյուր բնակչի հետ իմ հարաբերությունները ջերմ և անմիջական են, հարգալից, որը, կարծում եմ, փոխադարձ է: Մեզ համար գոյություն չունի ոչ աշխատանքային օր, գյուղացին ցանկացած պահի կարող է զանգել, կամ մոտենալ համայնքապետարան և կիսվել իր խնդիրներով: Ինձ համար ամենակարևորը համայնքի ժողովրդի սոցիալական վիճակի բարելավումն է: Ինչպես վերջին երկու տարիներին, կուզենայի, որ մյուս տարիներին ևս գյուղացիներն առանց խնդիրների կարողանան մթերել իրենց բերքը, լավ կլինի, որ խաղողը մի քիչ թանկ գնով մթերելու հնարավորություն լինի:

 

Լրագրող Դշխուհի Իսոյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...