02:12
11/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Յուրաքանչյուր բնագավառում պետք է աշխատել ազնիվ եւ նվիրված

2018-01-29 12:49

 

Համայնքների զարգացման ու առաջընթացի համար ամենակարևոր գործոններից մեկը հմուտ, խելացի և գործին նվիրված ղեկավարն է, ով իր խելամիտ աշխատանքի շնորհիվ կկարողանա համայնքի խնդիրները հասցնել նվազագույնի և օր օրի համայնքը դարձնել էլ ավելի բարեկարգ. հենց այսպիսի ղեկավար է Բուրաստան համայնքի ղեկավար Աշոտ Թարվերդյանը, ով այս տարիների ընթացքում կատարել է մի շարք բարենպաստ աշխատանքներ` ի շահ իր համայնքի և բնակիչների բարօրության:
Համայնքի բնակիչների հետ զրուցելիս, գրեթե բոլորը պարոն Թարվերդյանին նկարագրում էին իր աշխատանքին նվիրված և պատասխանատու անձնավորություն և նշում, որ նրա ընտրվելուց ի վեր համայնքում ամրապնդվել է համայնքապետարանի և բնակիչների հետ փոխադարձ կապը:

-Պարո՛ն Թարվերդյան, 2012 թվականից ղեկավարում եք Բուրաստան համայնքը, հետաքրքիր է, աշխատանքային ի՞նչ գործունեություն եք ծավալել մինչ համայնքի ղեկավարի պաշտոն ստանձնելը:


-Սիրով, ներկայացնեմ:
1979 թվականին ավարտել եմ Երևանի միլիցիայի դպրոցը և աշխատանքային գործունեությունս սկսել եմ ՆԳՆ համակարգում` սկզբում որպես տեղամասային տեսուչ այնուհետև քրեական հետախուզության տեսուչ: Աշխատել եմ Արտաշատի ՆԳ բաժնի քրեական բաժանմունքի պետի տեղակալ, Արարատի մարզի ՆԳ վարչության քրեական հետախուզության բաժնի պետ:
2000-2008 թվականներին եղել եմ ՀՀ ոստիկանության զորքերի վարչության հետախուզության բաժնի պետ, այնուհետև` զորամասի հրամանատար:
Արցախյան պատերազմի ժամանակ մասնակցել եմ Լաչինի միջանցքի պաշտպանությանը, եղել Նախիջևանի սահմանամերձ շրջաններում:Ահա այսպիսի աշխատանքային դժվարին և պատասխանատու, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր ուղի եմ անցել:

-Եթե փորձեք ամփոփել այս հինգ տարիների կատարված աշխատանքները, ապա որո՞նք կառանձնացնեք:

-Այս տարիների ընթացքում համայնքում շատ ձեռքբերումներ ենք ունեցել: Համայնքի համար կարևոր նշանակություն ունեցող շատ խնդիրներ մանրամասն ուսումնասիրվել են ավագանու նիստերի ընթացքում, ներառվել են համայնքի զարգացման ծրագրերում և ըստ առաջնահերթությունների և հնարավորությունների իրականացվել:
Այդ ամենը հնարավոր է եղել իրականացնել համախմբված աշխատանքի և պետության աջակցությամբ:
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Մ2 Երևան-Արտաշատ Ճանապարհահատվածի կմ 24+ 147,75 կմ հատվածում Բուրաստան համայնքի վարչական տարածքում վերգետնյա տրանսպորտային ուղեանցի կառուցման շինարարական աշխատանքները սկսվել են 2015թ. գարնանը և ավարտվել են այս տարի: Այդ աշխատանքներն ուղեկցվել են շատ դժվար և երկարատև պրոցեսներով` փաստաթղթավորումից մինչ բուն շինարարություն:
Բուրաստան համայնքը շինարարության գործընթացին աջակցելու նպատակով կատարել է հողամասերի փոխանակում և նվիրաբերում: Այդ աշխատանքների իրականացմանը մեծապես նպաստել է նաև ՀՀ Արարատի մարզպետարանը ի դեմս մարզպետ Արամայիս Գրիգորյանի:
Ուղեանցի կառուցումը կենսական նշանակություն ունի համայնքի բնակչության անվտանգ տեղաշարժի համար, ինչը և հնարավոր եղավ իրականացնել:
Կարևորում եմ նաև դեպի համայնքի գերեզմանոց տանող ճանապարհի ասֆալտապատումն ու գերեզմանոցներում գերեզմանաքարի տեղադրման և հարթակի կառուցման աշխատանքները, ինչն իրականացվել է այս տարվա ընթացքում:
Ավարտվել է Բուրաստան համայնքի ուղեկալ տանող դաշտամիջյան ճանապարհի կառուցումը` արդյունքում համայնքի բնակչության համար հնարավորություն ստեղծվեց համայնքի այդ հատվածում գտնվող հողատարածքների վրա գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս չունենալ գյուղատնտեսական տեխնիկայի տեղափոխման հետ կապված խնդիրներ:
Համայնքի կենտրոնական մասի բարեկարգման և կանաչապատման աշխատանքները մշտական և շարունակական բնույթ են կրել այս տարիներին` երկու այգիների կառուցումը` որոնցից մեկը մշակույթի տան հարակից հրապարակում կառուցված «ԼՈՒՅՍԻ ՀՈՎԻՏ» անունը կրող մանկական խաղահրապարակն է` համայնքի բնակիչների սիրելի վայրն է դարձել, որով նաև հպարտանում են այլ համայնքների բնակիչների մոտ` գնահատելով կատարված աշխատանքը:
Այժմ ավարտին է մոտենում համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագծի ձեռքբերման աշխատանքները:

-Այսօր դեռ ի՞նչ չլուծված խնդիրներ կան Բուրաստան համայնքում:

-Եթե համեմատենք տարիներ առաջ և այսօր, ապա հստակ կարող եմ ասել, որ շատ խնդիրներ իրենց լուծումները ստացել են: Այսօր համայնքի համար շատ կարևոր խնդիր է մանկապարտեզի կառուցումը, քանի որ համայնքը չունի մանկապարտեզ: Ոռոգման ցանցի հետ կապված խնդիրներ ևս ունենք: Ունենք նաև խնդիր գերեզմանոցի և բնակավայրի միջև սանիտարապաշտպանիչ գոտի ստեղծելու, ինչպես նաև գերեզմանատան բարեկարգման և ցանկապատի հարցն է կարևոր: Համայնքի առջև ծառացած խնդիրներից են մնում մշակույթի տան մարզասրահի, դահլիճի հիմնանորոգումները, համայնքի Սուրբ Հակոբ եկեղեցու հիմնանորոգումը և տարածքի բարեկարգումը:
Համապատասխան պետական կամ այլ աղբյուրներից ֆինանսական միջոցների ձեռքբերման դեպքում` ավելի իրական կլինի նշված հիմնախնդիրների լուծումը:

-Ինչպիսի՞ն է բնակիչների սոցիալական վիճակը, կա՞ն աշխատատեղեր:

-Բուրաստան համայնքում բնակիչների սոցիալական վիճակը կարող եմ համարել միջինից բարձր: Համայնքի բնակիչների հիմնական զբաղմունքը հողագործությունն է, բնակիչներից շատերն իրենց աշխատանքային գործունեությունը ծավալում են հենց համայնքում` աշխատելով մեզ մոտ գործող փոքր և միջին ձեռնարկություններում, իսկ շատերն էլ դուրս են գալիս համայնքի տարածքից և այլ ոլորտներում գտնում իրենց եկամտի աղբյուրը:
Իսկ համայնքի սոցիալապես ավելի խոցելի խավը մեր մշտական ուշադրության կենտրոնում է դրանք` բուժման կարիք ունեցող, հայկական բանակում զինվոր ունեցող, բազմազավակ, ծնողազուրկ և հաշմանդամ ունեցող սոցիալապես անապահով ընտանիքներն են:

-Համայնքում բավականին ակտիվ է կրթամշակութային կյանքը, ի՞նչ հաջողություններ կմատնանշեք այս ոլորտում:

-Այո, համաձայն եմ Ձեզ հետ, մեր համայնքում բավականին ակտիվ է կրթամշակութային կյանքը, ունենք հրաշալի սերունդ, ովքեր վաղվա լուսավոր ապագա ստեղծողներն են: Համայնքում գործում է 5 խմբակ` երգի, պարի, շախմատի նկարչության և բռնցքամարտի: Այդ խմբակներ հաճախող երեխաների թիվը հասնում 150-ի, որոնք պարբերաբար մասնակցելով մարզային և հանրապետական մրցումների ունեցել են շատ հաջողություններ: Երեխաների դեպի խմբակներ հոսքը տարեց տարի ավելանում է, ինչին նպաստում է համայնքում արդեն 4 տարի ամառվա երեք ամիսներին կազմակերպվող «Բուրաստան» բակային ճամբարի գործունեությունը, որն ավելի մտերմացնում և ոգևորում է երեխաներին, բացի իր բուն նպատակը` ինչը երեխաների առօրյան հագեցած և բովանդակալից դարձնելն է, պարբերաբար կազմակերպվող ճանաչողական և թեմատիկ միջոցառումների շնորհիվ, նաև նրանց մեջ խմբակներ հաճախելու ցանկություն է արթնացնում:
Այս տարի հոկտեմբերի 21-ին «Բուրաստան» պարի համույթը 8-13 տարիքային խմբում մասնակցեց 8-րդ համահայկական օլիմպիադային և զբաղեցրեց առաջին պատվավոր հորիզոնականը: Նկարչության խմբակը թեպետ նոր է բացվել, սակայն արդեն հասցրել ենք կազմակերպել երեխաների աշխատանքների ցուցադրություն` նրանց ավելի ոգևորելու համար: Շախմատի խմբակում էլ ունենք բազում հաջողություններ, մեր սաները մշտապես մասնակցում են տարբեր մրցումների: ՀՀ Արարատի մարզի շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ անցկացրել ենք «Բուրաստանի համայնքապետի գավաթ - 2017թ.» արագ շախմատի մրցաշարը, որն ընդգրկեց Արտաշատ քաղաքի և հարակից համայնքների թվով 40 երեխաների:

-Ինչպիսի՞ն է մարզպետարան-համայնքապետարան կապը:

-Մարզպետարանի հետ աշխատանքային շփումը կարող եմ համարել կառուցողական:
Աշխատանքային ցանկացած առաջարկություն հնարավորության սահմաններում միշտ բավարարվում է:

-Պարո՛ն Թարվերդյան, ի՞նչ սկզբունքներ եք Ձեզ համար որդեգրել աշխատանքում, որոնց անդավաճան եք մնում:

-Յուրաքանչյուր բնագավառում պետք է աշխատել ազնիվ և նվիրված, եթե մարդը ընտրվել կամ նշանակվել է որևէ պաշտոնի, պետք է նվիրված և խելամիտ աշխատի և սիրի իր աշխատանքը` սա է իմ աշխատանքային սկզբունքը: Պարտաճանաչ, սկզբունքային և պատասխանատու աշխատանքի շնորհիվ հնարավոր է շատ հաջողությունների հասնել: Բուրաստանն իմ ծննդավայրն է, և ես ամեն ջանք գործադրում եմ օգտակար լինել համայնքում առկա խնդիրների լուծմանը` այսպիսի սկզբունքների շնորհիվ:

-Բավականին պարգևներ ունեք, դուք պարգևատրվել եք ՀՀ «Մարտական ծառայությունների համար», գերատեսչական «Վազգեն Սարգսյան», «Զորավար Անդրանիկ» մեդալներով, ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել եք «Երախտագիտության» մեդալով, ի՞նչ նշանակություն ունեն պարգևները Ձեզ համար:

-Բուրաստան համայնքի ղեկավարի պաշտոնում իմ գործունեությունը, ավելի վաղ այլ պատասխանատու պետական պաշտոններում, արժանացել է գնահատանքի, ես միշտ բարձր եմ գնահատել ցանկացած ստացածս պարգևը: Պատասխանատվությամբ և նվիրումով կատարված աշխատանքը միշտ բարձր է գնահատվում, իսկ երբ զգում ես, որ քո կատարած աշխատանքը գնահատվում է` պատասխանատվությունն ավելի է մեծանում:

 

Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...