15:44
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Պետք է համախմբվենք, որպեսզի միասին շենացնենք մեր համայնքը

2018-01-29 12:45

  «Դե Ֆակտո » N 140 ( 01/2018թ.)  

Արարատ համայնքը նախկինում ունեցել է Դեվալու, Դավալու, Դեվալու անվանումները, Արարատ է վերանվանվել 1947թ-ին: Համայնքը մշտապես աչքի է ընկել իր քաջ և հայրենասեր մարտիկներով, հենց այս համայնքում է ծնվել և իր աշխատանքային գործունեությունը ծավալել հայազգի ականավոր ռազմական-քաղաքական գործիչ, ՀՀ բանակի կազմակերպիչ և հիմնադիր, Արցախի հերոս, Վազգեն Սարգսյանը: Անկոտրում կամքով, արիությամբ և հայրենասիրության ոգով դաստիարակված համայնքի բնակիչները` իրենց համայնքի ղեկավարի` Կարեն Ղազարյանի գլխավորությամբ, այսօր պատրաստակամ են ցանկացած իրավիճակում պաշտպանել իրենց հայրենիքը:
Երիտասարդ, հետևողական, խելացի և իր համայնքի խնդիրներին քաջատեղյակ ղեկավար է Արարատ համայնքի ղեկավար Կարեն Ղազարյանը:

-Պարո՛ն Ղազարյան, 2012 թվականից աշխատում եք որպես Արարատ համայնքի ղեկավար, կխնդրեի ներկայացնել` աշխատանքային ի՞նչ ուղի եք անցել մինչ համայնքի ղեկավար աշխատելը:


-Աշխատանքային գործունեությունս սկսել եմ 2003 թվականից` աշխատելով Արդարադատության նախարարության կալանավայրերի վարչությունում: Այնուհետև աշխատել եմ նաև Վարդաշենի և Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկներում որպես սոցիալ-հոգեբանական իրավական աշխատանքների բաժնի պետ: Ունեմ ավագ լեյտենանտի կոչում: 2007 թվականին իմ դիմումի համաձայն դուրս եմ եկել այդ ոլորտից և արդեն 2009թ. ընդունվել եմ աշխատանքի «Հայջրմուղ կոյուղի ՓԲԸ» Կենտրոն Արարատյան մ/ճ Վեդու տեղամասում որպես շահագործման և աշխատանքների ծառայության պետ, այնուհետև ստանձնել եմ Արարատի ենթատեղամասի պետի պաշտոնը:

-Այս հինգ տարիների ընթացքում ի՞նչ տեսքի է հասցվել համայնքը և որո՞նք են այն կարևոր ձեռքբերումները, որոնց մասին կցանկանայիք խոսել:

-Համայնքն ընդունել եմ մի շարք հիմնախնդիրներով: Համայնքի համար կարևոր խնդիրներ էին խմելու ջուրը, գազաֆիկացումը: Այսօր արդեն փոխվել են խմելու ջրի ջրագծերը, անցկացվել են նոր գազատարներ, կատարվել են բազմաթիվ ճանապարհաշինարարական, կառուցողական աշխատանքներ: Այս պահին պատգամավոր Արայիկ Գրիգորյանի ջանքերով ընթանում են Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքները: Մեր համայնքը նույնպես կօգտվի այդ ջրամբարից, որի արդյունքում ոռոգման ջուր կտրամադրենք մեխանիկական եղանակով` որն էլ թույլ կտա խնայել էլեկտրաէներգիան: Երկրորդ մանկապարտեզի շինարարական աշխատանքները ևս ընթացքի մեջ են և որի ավարտից հետո մանկապարտեզում կգործի յոթ խումբ:
Այս տարի «Գիոպրոմայնինգ գոլդ» ՍՊ ընկերությունը համայնքին նվիրել է ավտոբուս, և 2018 թվականից ուսանողների տեղափոխումը կիրականացնենք սեփական ավտոբուսով:
Այս տարիների ընթացքում մեր ունեցած ձեռքբերումները տեսանելի են, որոնց գնահատականը տալիս են հենց մեր բնակիչները: Ամենակարևորն ինձ համար մեր բնակչի հավատն է վաղվա լուսավոր ապագայի հանդեպ:

-Բազմաթիվ աշխատանքներ են կատարվել Արարատ համայնքում, կցանկանայինք իմանալ դեռ ի՞նչ չլուծված խնդիրներ կան:

-Ունենք դեռ մի շարք խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ բազմաթիվ նոր ծրագրեր են կյանքի կոչվելու: Ապրում ենք ակտիվ մարզական կյանքով, չնայած համայնքում չունենք մարզադպրոց կամ մարզահամալիր, թեև վերջինս չխանգարեց, որ մեր համայնքը ՀՀ նախագահի կողմից արժանանա 2017թ. լավագույն մարզական գյուղական համայնք մրցանակին:
Խնդիր ունենք ջրահեռացման համակարգի հետ կապված, իսկ մաքրման կայանը ամբողջովին թալանվել է 90-ական թվականներին:
Իմ և համայնքապետարանի ջանքերով պետք է կարողանանք բոլոր վերոնշյալ խնդիրները կարգավորել:

-Պարո՛ն Ղազարյան, Ձեր խոսքում նշեցիք, որ Ձեզ մոտ բավականին ակտիվ է մարզական կյանքը, ի՞նչ հաջողություններ ունեք կրթամշակութային ոլորտներում:

-Ուրախությամբ ավելացնել, որ չունենալով համապատասխան պայմաններ մեր սաները թե՛ անհատական թե՛ խմբային մրցումների ժամանակ տարբեր նվաճումներ են ունեցել: 2015-2016թթ «Դավալու-01» ֆուտբոլային թիմը Հայաստանի Ֆուտբոլի մանկապատանեկան Մ-15Բ առաջնությունում առաջին տեղը գրավեց: Յուրաքանչյուր նվաճում մեր համայնքի համար մեծ ձեռքբերում է: Մշակութային կյանքը նույնպես բավականին ակտիվ է մեզ մոտ: Մշակույթի տանը գործում է «Գարուն» պարային ստուդիան, ունենք շնորհալի շատ երեխաներ, ովքեր մասնակցում են համայնքում կազմակերպվող տարբեր միջոցառումների: Համայնքում ամեն տարի անցկացվում է մի շատ հետաքրքիր միջոցառում, որը կոչվում է «Քայլող տիկնիկ»: Մի խոսքով, նշում ենք մեր բոլոր ավանդական տոները` մեծ շուքով:
Իսկ հոկտեմբերի 20-ին կազմակերպել էինք Բերքի տոն և կազմակերպված տոնակատարությանն առանձին տաղավարներով ներկայացել էին համայնքապետարանը, համայնքի եկեղեցին, կրթական և առողջապահական հաստատությունները: Մասնակիցները ցուցադրում էին համայնքում աճեցրած բերքը, դրանից մշակված ու պատրաստված արտադրանքներն ու բարիքները:

-Տարին մոտենում է ավարտին, 2018 թվականի հետ կապված ի՞նչ նախանշված ծրագրեր կան:

-Առաջիկայում ցանկություն ունենք կառուցելու մարզադպրոց, որտեղ մեր սաները կկարողանան իրենց պարապմունքներն անցկացնել:
2018 թվականի ծրագրերի մեջ է մտնում չրանոցի և սպանդանոցի հիմնումը: Ցանկությունը շատ մեծ է, որ հաջորդ տարի ինչքան հնարավոր է նոր աշխատատեղեր ստեղծվեն, որպեսզի բնակչության սոցիալական վիճակը կարգավորվի և մեր խնդիրները հասցվեն նվազագույնի:

-Համայնքի ղեկավարի աշխատանքը բավականին պատասխանատու և դժվար աշխատանք է, ըստ Ձեզ, որն է հաջողության հասնելու ամենադյուրին ճանապարհը:

-Ինձ համար առաջնայինը բնակիչների վստահությունն է: Երբ տեսնում ես որ աշխատանքդ գնահատում են, այդ ժամանակ սկսում ես, էլ ավելի պարտավորված և եռանդով աշխատել: Պետք է համախմբվենք, որպեսզի միասին շենացնենք մեր համայնքը:

-Ամուր ընտանիքը մեր պետության և ազգի հենասյունն է, մի փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Սիրով, ամուսնացած եմ, ունեմ չորս երեխա` երեք աղջիկ, մեկ տղա:

-Պարո՛ն Ղազարյան, և վերջում, ի՞նչ կցանկանաք մաղթել համայնքի բնակիչներին:

-Ոչ միայն մեր բնակիչներին, այլ նաև ամբողջ հայ ազգին ցանկանում եմ առողջություն և թող ազգանվեր ցանկացած ծրագիր պսակվի միմիայն հաջողությամբ:

Հարցազրույցը`
Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...