02:13
11/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Վեդու բժշկական կենտրոնը վերածնունդ է ապրում

2018-01-29 12:26

ՄԵԼՔՈՆ ՏԱԼՈՅԱՆ

«Վեդու բժշկական կենտրոն»
ՓԲԸ տնօրեն, բժիշկ-վիրաբույժ

«Դե Ֆակտո » N 140 ( 01/2018թ.) 

-Պարո՛ն Տալոյան, այժմ «Վեդու բժշկական կենտրոն»-ում իրականացվում են վերանորոգման լայնածավալ աշխատանքներ, որոնց կարիքը երկար տարիներ ուներ կենտրոնը: Կներկայացնե՞ք` ինչպես հաջողվեց, վերջապես լուծել այդ խնդիրը, և ե՞րբ է նախատեսվում աշխատանքների ավարտը:


-Պետք է նախ նշեմ, որ ինքս անչափ ուրախ եմ, որ վերջապես հնարավոր դարձավ իրականացնել այս նախագիծը, որի կյանքի կոչելը իմ` տնօրենի պաշտոնը զբաղեցնելու նպատակներից մեկն է եղել: Իմ երազանքն է տեսնել մեր կենտրոնը գեղեցիկ, բարեկարգ ու նորագույն բուժսարքավորումներով և մասնագետներով զինված: Եթե ինձ հաջողվի այդ ամենն իրականություն դարձնել, ես կհամարեմ, որ որպես տնօրեն` կատարել եմ մի շատ կարևոր առաքելություն:
Իհարկե, այսօր միայնակ ոչինչ անել հնարավոր չէ. կենտրոնի վերանորոգման աշխատանքներն իրականություն են դարձել` շնորհիվ ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի և մեր տարածաշրջանի ՀՀ ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի, ովքեր իսկապես նվիրյալներ են և ծառայում են իրենց կոչմանը:
Պետք է նկատել, որ վերջին անգամ «Վեդու բժշկական կենտրոնը» վերանորոգվել է 1981թ.: Այսօր իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ, որոնք նախատեսվում է ավարտել տարեվերջին:
Կազմել ենք նաև ջեռուցման և գազաֆիկացման համակարգերի ներդրման նախագիծ, որը ևս հույս ունենք իրականացնել ՀՀ կառավարության օգնությամբ: Օգտվելով առիթից` իմ և կոլեկտիվիս անունից շնորհակալություն եմ հայտնում ՀՀ կառավարությանը մեր վաղեմի երազանքն իրականացնելու համար:

-Արդյո՞ք կենտրոնի մասնագիտական կազմը և բուժսարքավորումները ևս պետք է թարմացվեն:

-Եթե խոսում ենք ժամանակակից բուժկենտրոն ստեղծելու մասին, ապա, անշուշտ, կադրային խնդիրը ևս ներառված է դրանում, քանի որ բժշկական կենտրոնը, նախ և առաջ պետք է ունենա բարձրակարգ մասնագետներ և մատուցի բժշկական որակյալ ծառայություններ: Մենք մեր ծառայությունների որակը պետք է այնպիսին դարձնենք, որպեսզի մեր մարզի բնակչությունն առողջական որևէ խնդրի դեպքում կարիք չունենա այցելելու մայրաքաղաքի բուժհաստատություններ, այլ դիմի մեր ծառայություններին:
Մենք ձեռքբերումներ ունենք նաև կադրային առումով. գրեթե բոլոր բաժանմունքներում փորձառու բժիշկների կողքին աշխատում են նաև նոր, երիտասարդ կադրեր, ովքեր վերապատրաստումներ են անցել տարբեր երկրներում:
Բուժսպասարկման որակը բարձրացնելու համար փորձում ենք ձեռք բերել նորագույն սարքավորումներ: Կարևորում ենք փոխադարձ շփումը և փորձի փոխանակումն արտերկրի և տեղի առաջատար մասնագետների հետ:

-Ի՞նչ բաժանմունքներ ունի կենտրոնը և քանի՞ մահճակալ է ներառված դրանցում:

-«Վեդու բժշկական կենտրոնում» գործում են հետևյալ բաժանմունքները` վիրաբուժական, թերապևտիկ, մանկական, ինֆեկցիոն, դիագնոստիկա, շտապ օգնության կայան:
Կենտրոնն ունի 40 մահճակալ: Կարծում եմ` վերանորոգման և վերազինման աշխատանքներից հետո կարիք կունենանք մահճակալների թիվն ավելացնելու, քանի որ հիվանդների քանակը ավելի կմեծանա:

-Եվ վերջում` ի՞նչ կարևոր սկզբունք է որդեգրել կենտրոնը:

-Մեր սկզբունքն է օգնել հիվանդին` անկախ նրա սոցիալական կարգավիճակից ու պաշտոնից: Աշխատում ենք, որ բուժաշխատող-հիվանդ փոխհարաբերությունները հիմնված լինեն փոխադարձ վստահության և հարգանքի վրա:

 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...