15:26
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Արարատի բժշկական կենտրոնում աշխատում են միմիայն հոգատար եւ բանիմաց բժիշկներ

2018-01-29 12:18

 
Երևանի բուժկենտրոններին ոչնչով չզիջող Արարատի բժշկական կենտրոնը հիմնադրվել է 1956 թվականին: Կենտրոնը 2010 թվականին համաշխարհային բանկի վարկային ծրագրով վերանորոգվեց, հագեցվեց համապատասխան սարքավորումներով:
Կենտրոնը, բարձրակարգ և բանիմաց մասնագետների շնորհիվ, բնակչությանը մատուցում է բարձրորակ բուժծառայություն և յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ ցուցաբերում հոգատար և անհատական մոտեցում, իսկ բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը, իր անձնվեր աշխատանքի շնորհիվ, կարողացել է հասնել այն արդյունքի, որ այսօր բնակիչների շրջանում բարձրացել է վստահությունը դեպի մարզային բժիշկը:

 

-Պարո՛ն Սարդարյան, 1995 թվականից աշխատում եք այս հիվանդանոցում, մասնագիտությամբ վիրաբույժ եք, ի՞նչն եք կարևորում բժիշկ-հիվանդ փոխհարաբերություններում:

-Հիվանդների հետ շփման առաջնային պայմանը մարդկային արժեքների պահպանումն է: Բժիշկը, բացի մասնագիտական հմուտ կարողություններից պետք է ունենա մարդկային բարձր հատկանիշներ: Միանշանակ մի բան կարող եմ ասել, երբ հիվանդը վստահում և հավատում է բժշկին այդ պարագայում նրան բուժելը շատ ավելի հեշտ է լինում, հակառակ պարագայում նրան բուժելը դառնում է գրեթե անհնարին:
Այսօր մեր բժշկական կենտրոնում ձևավորված է համերաշխ և ջերմ մթնոլորտ, կենտրոնում աշխատում են գործիմաց և հոգատար մասնագետներ, ովքեր ցանկացած պահի պատրաստակամ են օգնել յուրաքանչյուր հիվանդի:


-Ի՞նչ բաժանմունքներ են գործում Արարատ բժշկական կենտրոնում:


-«Արարատի հիվանդանոց բժշկական կենտրոնում» գործում է հինգ բաժանմունք` վիրաբուժության, մանկաբարձագինեկոլոգիական, մանկական, թերապևտիկ, լաբորատոր ախտորոշիչ, որոնք ունեն իրենց ենթաբաժանմունքները: Կենտրոնին կից գործում են նաև մեծերի և մանկական պոլիկլինիկական բաժանմունքները, ատամնաբուժարանը, շտապ բուժօգնության կայանը:
Շտապ օգնության կայանում ունենք 4 մեքենա, երկու մեքենան նոր են, իսկ երկուսը` մոտ 15 տարվա պատմություն ունեն: Մեքենաների հետ շահագործման որևէ խնդիր չկա, սակայն շատ լավ կլիներ, որ հին մեքենաները փոխարինվեին նորերով:

 

-Տարեկան որքա՞ն հիվանդ է սպասարկվում Արարատի հիվանդանոցում և միայն Արարատի տարածաշրջա՞նն է օգտվում բուժկենտրոնի ծառայություններից:

-Մինչ հիվանդանոցի վերանորոգումն ու տեխնիկապես հագեցվածությունը տարեկան սպասարկում էինք 920 հիվանդների, իսկ վերանորոգումից հետո այդ թիվը կրկնապատկվեց` հասնելով մինչև 2000-ի: Մեր սպասարկումից հիմնականում օգտվում են Արարատ քաղաքի, Արարատի տարածաշրջանի գյուղերի բնակիչները, սակայն այսօր ունենք հիվանդներ նաև այլ բնակավայրերից, որը, թերևս խոսում է այն մասին, որ բնակիչները վստահում են մեր բժիշկներին:

 

-Ի՞նչ մասնագիտական կազմ է աշխատում բժշկական կենտրոնում և արդյո՞ք մասնագետների խնդիր ունեք:

-Կենտրոնն ունի բանիմաց և փորձառու բուժանձնակազմ, մեզ մոտ աշխատում են բարձրակարգ մասնագետներ. ասածիս վառ վկայությունն այն է, որ հաճախ ինձ մոտենում են բնակիչներ և շնորհակալություն հայտնում բժիշկների անձնուրաց աշխատանքի համար: Չեմ ցանկանում այլ գնահատականներ հնչեցնել, կարող եք շրջել Արարատ քաղաքում և հարցում անցկացնել, թե ինչ կարծիք ունեն տեղի բնակիչները մեր կենտրոնի աշխատանքի վերաբերյալ:
Մասնագետների խնդիր այժմ չունենք, վերջին տարիներին իմ ամենամեծ ձեռքբերումը` կենտրոնը նոր, երիտասարդ կադրերով համալրումն էր, բանիմաց և խելացի վիրաբույժներ ենք ընդունել, ովքեր իրենց խելացի և գրագետ աշխատանքի շնորհիվ վայելում են բնակիչների վստահությունը:

 

-Պարո՛ն Սարդարյան, տարին մոտենում է ավարտին, 2018 թվականի հետ կապված ի՞նչ նոր ծրագրեր կան:

-Գալիք տարում ցանկություն ունենք կատարելու էնդոսկոպիկ վիրահատություններ: Տարեվերջին մեր մասնագետները կվերապատրաստվեն և արդեն գալիք տարվա սկզբին պատրաստ կլինեն կատարել էնդոսկոպիկ վիրահատություններ: Համոզված եմ, որ այդ ներդրումը բուժկենտրոնի համար արդարացված կլինի, և ազգաբնակչությունը գոհ կլինի այս նոր մատուցվող ծառայությունից ևս:

 

-Ըստ Ձեզ, կարևո՞ր է, որ բժշկական կենտրոնի տնօրենը մասնագիտությամբ բժիշկ լինի:

-Միանշանակ կարևոր է, քանի որ ոչ մի այլ մասնագետ չի կարող կատարել բժշկական կենտրոնի ղեկավարի աշխատանքն այնպես ինչպես մասնագիտությամբ բժիշկը: Ես կատարում եմ մի աշխատանք, որը ուրիշ ոչ ոք անել չի կարող:

 

-Եվ վերջում` Ձեր բարեմաղթանքը:

-Բոլորին ցանկանում եմ քաջ առողջություն, և թող երբեք մեր մասնագիտական միջամտության կարիքը չունենան:

 

Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...