14:59
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Բուժծառայությունների նոր որակ եւ ժամանակակից պայմանների լիարժեք առկայություն` Արտաշատի բժշկական կենտրոնում

2018-01-29 12:15

ՍՈԿՐԱՏ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ


«Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ ղեկավար


-Պարո՛ն Հախվերդյան, Դուք կարճ ժամանակ է, ինչ ղեկավարում եք «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ, սակայն երկար տարիներ է` աշխատում եք այստեղ: Այժմ բժշկական կենտրոնը հիմնանորոգվում է, կխնդրեմ ներկայացնեք` ի՞նչ աշխատանքներ են իրականացվում, արդյո՞ք կենտրոնն ամբողջությամբ է հիմնանորոգվելու:


-Ես` որպես Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրեն, պաշտոնավարում եմ 2017թ. մարտ ամսից, սակայն իրականում կենտրոնում աշխատում եմ 1984 թ.` անմիջապես ինստիտուտը ավարտելուց հետո, 1991թ. սկսած` ղեկավարել եմ վերակենդանացման և ինտենսիվ բուժման բաժանմունքը, մասնագիտությամբ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ եմ:
«Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն` ի ուրախություն մեր տարածաշրջանի ազգաբնակչության և մեզ, ներկայումս հիմնանորոգման փուլում է: Այն ամբողջությամբ հիմնանորոգվելու է, կահավորվելու և վերազինվելու է նոր բուժսարքավորումներով: Աշխատանքներն իրականացվում են Համաշխարհային բանկի «Ոչ վարակիչ հիվանդությունների վերահսկում և կանխարգելում» վարկային ծրագրի շրջանակներում և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Հիմնանորոգումը ընթանում է ՀՀ առողջապահության նախարարության, Արարատի մարզպետարանի համապատասխան վարչությունների և անձամբ մարզպետ Արամայիս Գրիգորյանի մշտական ուշադրության և վերահսկողության ներքո: Հիմնանորոգումը, բնականաբար, ստեղծում է լուսավոր սպասումներ, բայց ներկայումս դրա հետ կապված առկա են նաև լուրջ դժվարություններ, քանի որ առայժմ ստիպված ենք բնակչությանը սպասարկել վարչական մասնաշենքի հարմարեցված պայմաններում, այդուհանդերձ, մեր անձնակազմը անգամ այդ պայմաններում ջանում է լիարժեք կատարել իր պարտականությունները:

-Ե՞րբ է նախատեսվում ավարտել հիմնանորոգման աշխատանքները:

-«Արտաշատի բժշկական կենտրոն»-ի հիվանդանոցային մասնաշենքի հիմնանորոգումը նախատեսված է ամբողջությամբ ավարտել 2018թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:

-Շինարարական աշխատանքներն այսօր ո՞ր փուլում են, արդյո՞ք կհաջողվի նախատեսված ժամկետներում ավարտել դրանք:

-Այսօր բավականին աշխատանք է իրականացվել, և շինարարները նույնիսկ սահմանված ժամանակացույցից առաջ են անցել, աշխատանքները կատարում են բարեխիղճ ու որակյալ: Հուսով եմ` շինարարական աշխատանքները կընթանան առանց խնդիրների և հիմնանորոգված բժշկական կենտրոնը շահագործման կհանձնվի նախատեսվածից ավելի շուտ:

-Ինչպիսի՞ն կլինի «Արտաշատի բժշկական կենտրոնը» հիմնանորոգումից հետո, և արդյո՞ք կադրային փոփոխություններ ևս նախատեսվում են:

-Հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո Արտաշատի բժշկական կենտրոնը կվերսկսի իր աշխատանքը բոլորովին նոր, ժամանակակից պայմաններում, կներդրվեն նոր որակի բուժծառայություններ, որոնք կմատուցվեն վերապատրաստված մասնագետների կողմից` նորագույն սարքավորումներով:
Ինչ վերաբերում է կադրերին, ապա մեր կենտրոնն ունի բարձրորակ կադրեր, որոնց մի մասն այժմ վերապատրաստումներ է անցնում` նոր որակի և նոր տեխնոլոգիաներով մատուցվելիք բուժծառայությունների ներդրման հետ կապված, օրինակ, լապարոսկոպիկ վիրահատությունների իրականացման: Մենք ներգրավելու ենք նաև նոր` երիտասարդ, կադրերի, որոնք անցել են համապատասխան վերապատրաստումներ, ժամանակակից բժշկության հետևորդներ են, լավ մասնագետներ:
Պետք է նշեմ նաև, որ նպատակ ունենալով մեր բժշկական կենտրոնում ապահովել մատուցվող բուժծառայությունների որակի հետագա աճ, բուժծառայողների ծանրաբեռնվածության կանոնակարգում, կենտրոնի ֆինանսների ճիշտ կառավարում` իրականացնում ենք բարեփոխումներ, որոնց ընթացքում, ցավոք, չենք կարող խուսափել կրճատումներից, որոնք առավել, քան հիմնավորված են, քանի որ մինչև իմ պաշտոնավարումը, անձնակազմի քանակը արհեստականորեն ուռճացված էր:

-Ի՞նչ բաժանմունքներ են գործելու վերաբացված «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ -ում:

-Իմ կատարած նպատակային քայլերից մեկն էլ վերաբերում է որոշ բաժանմունքների միավորմանը, ինչը բխում է դրանց աշխատանքն առավել օպերատիվ և որակյալ կազմակերպելու անհրաժեշտությունից: Այսպես` կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ բուժման բաժանմունքը միավորվել է ընդունարանի և շտապ օգնության կայանի հետ: Սա կարևոր նախաձեռնություն է յուրաքանչյուր կանչին առավել օպերատիվ արձագանքելու և հետագա աշխատանքների շարունակականությունն ապահովելու համար: Կգործեն նաև վիրաբուժական, մանկաբարձա-գինեկոլոգիական, թերապևտիկ, մանկական, ինֆեկցիոն բաժանմունքները: Կենտրոնը կունենա 135 մահճակալ:
Նոր հնարավորությունների ներդրման արդյունքում մեր տարածաշրջանի բնակչությունը կկարողանա ստանալ լիարժեք բուժօգնություն, իսկ մենք անընդհատ կաշխատենք ինքնակատարելագործվել և քայլել զարգացման ճանապարհով:

-Ի՞նչ խնդիրներ ունի Արտաշատի բժշկական կենտրոնը:

-Վերը նշված աշխատանքներին զուգահեռ` ունենք նաև խնդիրներ, օրինակ` շտապ օգնության կայանի մեքենաների թարմացման, նոր սարքավորումների և ծառայությունների ներդրման ու ընդլայնման հետ կապված: Իհարկե, որոշակի խնդիրներ էլ ծագում են աշխատանքի ընթացքում: Նշեմ, որ բոլոր հարցերում մենք մշտապես ստանում ենք մարզպետարանի և անձամբ մարզպետ Արամայիս Գրիգորյանի աջակցությունը:

-Որպես բժշկական կենտրոնի ղեկավար` մասնագիտական ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում:

-Կարծում եմ` բժշկությունը ամենահումանիստական մասնագիտություններից մեկն է, և բժիշկը պետք է առաջին հերթին ունենա մարդկային բարձր հատկանիշներ, նրա միակ մտահոգությունը պետք է լինի հիվանդի բարօրությունն ապահովելը:

 

Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...