





2018-01-27 13:02
Կատարված բարենպաստ աշխատանքների և ապագա ծրագրերի մասին զրուցեցինք Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանի հետ:
«Դե Ֆակտո » N 140 ( 01/2018թ.)
-Պարո՛ն Հայկյան, 2013 թվականից Արարատի քաղաքապետն եք, ի՞նչ դրական փոփոխություններ կնշեք Արարատ քաղաքում:
-Աշխատանքի ընդունվելու առաջին իսկ օրվանից նկատեցի, որ քաղաքում բազում ծառացած խնդիրներ կան, որոնց լուծման ուղիներն անիրական էին թվում: Սակայն այսօր, տարիներ անց, երբ հետադարձ հայացք եմ նետում քաղաքի անցած ճանապարհին, կարող եմ արձանագրել, որ շատ առանցքային խնդիրներ իրենց լուծումն են ստացել: Փոխվել է քաղաքի դիմագիծը, քաղաքն այսօր դարձել է էլ ավելի գեղեցիկ և էլ ավելի բարեկարգ: Ի շնորհիվ մեր մարզպետ Արամայիս Գրիգորյանի լուծվել է քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք խնդիրներ, որոնցից մեկը Զոդի բանավանի շենքերի նկուղների ջրածածկման խնդիրն էր, որի շինարարական աշխատանքների համար մոտ հարյուր միլիոն դրամի չափով գումար է ներդրվել: Այսօր արդեն քաղաքն ամբողջությամբ լուսավորված է, գազաֆիկացված և կան համապատասխան բոլոր պայմանները բնակիչների բարեկեցիկ կենցաղի համար:
Փորձում ենք օր օրի քաղաքը դարձնել էլ ավելի գեղեցիկ և բարեկարգ:
-Կատարված աշխատանքների հետ մեկտեղ, կխնդրեի ներկայացնեիք քաղաքում առկա խնդիրները:
-Արարատ քաղաքում կատարված բազմապիսի աշխատանքների կողքին դեռևս կան որոշ անավարտ խնդիրներ: Մեր քաղաքի համար այսօր կարևոր խնդիր է կիսակառույց շենքերը, որոնց շինարարական աշխատանքները դադարեցված են ֆինանսական խնդիրների պատճառով, ապագայում մեր բոլոր ներուժը օգտագործելու ենք այդ շենքերը շահագործման հանձնելու համար:
-Ո՞րն է բնակիչների հիմնական զբաղմունքը, կա՞ն աշխատատեղերի խնդիր:
-Բնակիչներն աշխատատեղերի խնդիր գրեթե չունեն: Քաղաքում ունենք ցեմենտի և ոսկու կորզման գործարաններ, որոնք հիմնական աշխատատեղեր են ապահովում բնակիչների համար: Հարակից համայնքներում կան ջերմոցային տնտեսություններ, բնակչության որոշ մասն էլ աշխատում է այդ ջերմոցներում:
Յուրաքանչյուր քաղաքացի, իր հնարավորության սահմաններում, փորձում է իր համար ստեղծել աշխատատեղ:
-Ի՞նչ նվաճումներ ունեք կրթամշակութային ոլորտում:
-Մեր քաղաքում բավականին ակտիվ է մշակութային կյանքը: Մեծ շուքով նշում ենք բոլոր պետական տոները, նշեմ նաև, որ մեզ մոտ ձևավորված գեղեցիկ ավանդույթ կա, որը կոչվում է «Ուրախ ուրբաթներ», որի ժամանակ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ և քաղաքում տիրում է տոնական բարձր տրամադրություն: Մեր երիտասարդությունը շատ ակտիվ և նախաձեռնող է, նրանք ակտիվորեն կազմակերպում և իրենց մասնակցությունն են ունենում գրեթե բոլոր կրթամշակութային միջոցառումներին:
-Պարո՛ն Հայկյան, ի՞նչ սկզբունքներ եք որդեգրել աշխատանքում:
-«Իմ քաղաքն իմ տունն է».սա իմ նախընտրական ծրագրի կարգախոսն է եղել և հենց այդ սկզբունքով էլ այս չորս տարիների ընթացքում առաջնորդվել եմ աշխատանքում: Հարազատ քաղաքին պետք է նայել այնպես` ինչպես քո տանը:
-Եվ վերջում, ի՞նչ կմաղթեք Ձեր հարազատ քաղաքի բնակիչներին:
-Իմ քաղաքի բնակիչներին մաղթում եմ առողջություն և միևնույն ժամանակ համբերություն, քանի որ դեռ բազում անելիքներ կան, որոնք ուղղված են լինելու միմիայն բնակիչների բարեկեցությանը:
Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի
Վերադառնալ