04:29
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Պետք է հավատարիմ մնալ հայրենի հողին ու ժողովրդին եւ, ի վերջո, ամեն պարագայում մարդ մնալ

2018-01-15 17:23

 «Դե Ֆակտո » N 139 ( 12/2017թ.)

Մարշալ Բաղրամյանը հերոսական ուղի է անցել, որն ուսուցողական եւ դաստիարակչական նշանակություն ունի, եւ մենք պարտավոր ենք հիշել ու մեծարել նրան:

ԱՆԴՐԱՆԻԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
ՌԴ Ռոստովի մարզի Բելակալիտվիայի
շրջանի հայ համայնքի ղեկավար

 

-Պարո՛ն Գաբրիելյան, լրացավ զորահրամանատար, ռազմական գործիչ, Խորհրդային Միության մարշալ և կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի 120-ամյակը, ինչի առիթով Դուք այսօր Հայաստանում եք և մարշալին նվիրված միջոցառման կազմակերպիչներից մեկն եք: Ըստ Ձեզ` ի՞նչ կարևոր ավանդ է թողել նա մեզ` բոլորիս:


-Մարշալ Բաղրամյանը հերոսական ուղի է անցել, որը ուսուցողական և դաստիարակչական նշանակություն ունի, և մենք պարտավոր ենք հիշել ու մեծարել նրան: Իսկ ինչ վերաբերում է նրա թողած ավանդին, ապա պետք է նշեմ, որ մեր բոլոր մարշալները, մասնավորապես` Հովհաննես Բաղրամյանը, ամենակարևոր ավանդը, որ մեզ թողել է, ամեն պարագայում մարդ լինելն է, հայրենի հողին և ժողովրդին հավատարիմ մնալը:

-Մարշալներ Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը ծնունդով Չարդախլու գյուղից են, Դուք ևս ծնվել և մեծացել եք այդ գյուղում: Ձեր կարծիքով` ո՞րն է Չարդախլուի ֆենոմենը, որ նման հերոսներ է ծնել

-Մի առիթով մարշալ Համազասպ Բաբաջանյանին հարցնում են` որն է չարդախլուեցու ֆենոմենը, որ նման փոքր գյուղը այդպիսի հերոսներ է ծնել, ի պատասխան` մեծ ռազմագետն ասում է` մեր ծնողները մեծ և նվիրական սեր են սերմանել մեր մեջ դեպի հայրենիքը, ընտանիքը, ազգային արժեքները: Մենք հպարտանում ենք մեր արմատներով, և մեր խոնարհումն ու սերն առ հայրենիք փոխանցվում է սերնդեսերունդ:
Այդ արժեքներով է մեծանում չարդախլուեցու ընտանիքի յուրաքանչյուր զավակ: Մենք մեր թե՛ ուրախ, թե՛ տխուր առիթներին սեղանի շուրջ հավաքվելիս մշտապես հիշում ենք մեր մարշալներին, հերոսներին, հայրենական, արցախյան պատերազմի զոհերին, Սպիտակի երկրաշարժի զոհերին: Դա ևս դաստիարակչական նշանակություն ունի մեր երեխաների համար:
Մենք Նոյեմբերյանում մեր երկու մարշալների` Համազասպ Բաբաջանյանի և Հովհաննես Բաղրամյանի պատվին արձան ենք տեղադրել, որին ամեն Հայաստան գալուց անպայման այցելում ենք:

-Պարո՛ն Գաբրիելյան, Դուք Ձեր գործունեությամբ ևս բարձր եք պահում չարդախլուեցիների պատիվը: Մի փոքր պատմեք Ձեր կյանքի և գործունեության մասին:

-Ես ծնվել եմ 1960 թ. Չարդախլու հայաբնակ գյուղում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ ԼՂՀ մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: Ավարտելուց հետո գործուղվել եմ հայրենի գյուղ և աշխատել տեղի դպրոցում` որպես պատմության և հասարակագիտության ուսուցիչ: Ընդամենը 1 տարի հետո անցել եմ աշխատանքի Մարշալ Բաղրամյանի անվան տուն-թանգարանում` որպես գիտական աշխատող: 1983-1988 թվականներին աշխատել եմ որպես թանգարանի տնօրեն: Այդ ընթացքում մշտապես կապ եմ պաշտպանել համակուրսեցիներիս հետ: Նրանք ևս ազգային գաղափարներով տարված, հայրենասեր մարդիկ են, ովքեր մտահոգվում էին մատաղ սերնդի դաստիարակության բացերով, մասնավորապես` ռազմահայրենասիրական դաստիարակության և հայ ժողովրդի պատմության դասավանդման խնդիրներով: Եվ մեր այդ մտահոգությունը վերաճեց ծրագրի, որը մենք ներքին կարգով իրականացնում էինք:

-Ի՞նչ ծրագրի մասին է խոսքը:

-Մենք ԼՂՀ տարբեր շրջանների աշակերտության համար էքսկուրսիաներ էինք կազմակերպում` ուղղված նրանց ռազմահայրենասիրական դաստիարակությանը, ներկայացնում էինք մեր մեծերին, մարշալներին, ընդհանրապես, հայ զորավարներին:
Մենք Մարշալ Բաղրամյանի անվան թանգարանում ունեինք 3 սրահ` Մարտական փառքի սրահ, Աշխատանքային փառքի սրահ, Մարշալների սրահ: Սակայն հայտնի դեպքերից հետո մեր գյուղը տեղահանվեց, բնակչության մեծ մասը բնակություն հաստատեց Նոյեմբերյանի շրջանի Զորական գյուղում, մի մասը` Կարմիրի շրջանի գյուղերում, մյուս մասն էլ` Մասիսի և Վարդենիսի շրջանների գյուղերում:

Ծրագրում ենք Բելայա 
Կալիտվա քաղաքում բացել հայկական կիրակնօրյա դպրոց, որի գործունեությունն ուղղված է

լինելու հայապահպանությանը, հայոց լեզվի, ազգային ինքնության եւ պատմության խորը իմացությանը:


-Ինչպե՞ս բնակություն հաստատեցիք Բելայա Կալիտվա քաղաքում, ի՞նչ գործունեությամբ եք զբաղվում այնտեղ:

-Պատերազմական շրջանում մենք բնակություն հաստատեցինք Նոյեմբերյանի շրջանի Զորական գյուղում, իսկ 1994թ. տեղափոխվեցինք Դոնի Ռոստովի մարզ` Բելայա Կալիտվա քաղաք, և մինչև հիմա աշխատում ու ապրում ենք այնտեղ: Սկզբում այնտեղ զբաղվել եմ ամենատարբեր աշխատանքներով` շինարարությունից մինչև ծառայությունների մատուցում, այնուհետև հիմնել եմ իմ սեփական բիզնեսը: Դրան զուգահեռ` փորձել եմ համախմբել հայությանը, ծրագրեր իրականացրել` ուղղված հայապահպանությանը: Իսկ 2015թ. ընտրվել եմ որպես տեղի հայ համայնքի ղեկավար, ինչը թույլ է տալիս առավել ընդլայնված գործունեություն ծավալել:
2016թ. Բելայա Կալիտվա քաղաքում խաչքար ենք տեղադրել` նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Ծրագրում ենք բացել հայկական կիրակնօրյա դպրոց: Փորձում ենք ամեն ինչ անել, որ հայերը պահպանեն իրենց ինքնությունը, լեզուն, բայց նաև կարողանան հաջողությամբ ինտեգրվել տեղի հասարակությունում:

-Որքա՞ն է հայերի թիվը Բելակալիտվիայի շրջանում, ի՞նչ խնդիրներ ունեն նրանք այնտեղ:

-Այնտեղ ապրում են 1000-ից ավելի հայեր: Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա բոլոր երկրներում էլ խնդիրներ կան, բայց պետք է նշեմ, որ Դոնի Ռոստովում հայերն իրենց օտար չեն զգում, մենք ունենք պատմություն, հերոսներ, ում այնտեղ ապրող նախկին ԽՍՀՄ պետությունների ժողովուրդները բարձր են գնահատում և հարգանքով վերաբերվում տեղի հայությանը: Բայց, ամեն դեպքում, քանի որ տեղի բնակչությունը բազմազգ է, հայ համայնքը` իմ գլխավորությամբ, ամեն ջանք գործադրում է, որ ազգամիջյան ընդհարումներ չլինեն:
Ինձ ավելի շատ անհանգստացնում են հայապահպանության, հայեցի դաստիարակության հետ կապված խնդիրները: Կիրակնօրյա դպրոցի ստեղծման հիմնական նպատակը հենց դա է, որ հայը հայերեն գրել, կարդալ իմանա, տեղյակ լինի իր պատմությանը, ճանաչի իր հերոսներին:

-Ի՞նչ հաճախականությամբ եք գալիս Հայաստան, և ի՞նչ զգացողություններ եք ունենում:

-Այս տարի արդեն հինգերորդ անգամ եմ գալիս Հայաստան: Իմ կապը Հայաստանի, Արցախի հետ մշտական է: Մենք Հայաստան ենք գալիս ընտանիքով, կինս ևս մեծ հայրենասեր է, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, և անհամբերությամբ է սպասում Հայաստան մեր այցելություններին: Ամեն տարի մայիսի 2-ին մենք, անպայման այստեղ ենք լինում, այցելում ենք Նոյեմբերյանում գտնվող մեր ծնողների գերեզմաններին:
Ինչ վերաբերում է զգացողություններիս, ապա ամեն անգամ Հայաստան այցելելիս սիրտս ուրախությունից և հպարտությունից լիանում է, ես նկատում եմ ամենափոքր հաջողությունն անգամ և դրանով երջանկանում:

-Դուք նաև բարեգործական ծրագիր եք իրականացնում, կպատմե՞ք այդ մասին:

-Ես և կինս, լինելով մանկավարժներ, նախ և առաջ օգնում ենք Նոյեմբերյանի Զորական գյուղում բնակվող մեր մանկավարժական կոլեկտիվին, բարձր առաջադիմություն ունեցող դպրոցականներին: Այժմ չեմ ուզում մանրամասնել, բայց ծրագրերը շատ են, ժամանակը ցույց կտա:

-Քանի՞ երեխա ունեք և արդյո՞ք նրանք գիտեն հայերեն:

-Ունեմ երկու տղա, որոնք ստացել են հայեցի դաստիարակություն, տիրապետում են հայոց լեզվին: Մեծ տղաս ավարտել է Դոնի Ռոստովի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, փոքր տղաս` բժշկական համալսարանը, բժիշկ-վիրաբույժ է: Իմ երեխաները մոր կողմից ցարական գեներալ, բժիշկ Ջահան Մարգարյանի ծոռներն են և նրա գենետիկ ժառանգության կրողները:

-Ինչպիսի՞ Հայաստանի մասին եք երազում:

-Երազում եմ ուժեղ, հզոր, խաղաղ, միավորված, տնտեսապես անկախ Հայաստանի մասին:

 

Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...