





2018-01-15 15:50
ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար
-Տիկի՛ն Հովհաննիսյան, «Դե Ֆակտո» ամսագրի խմբագրակազմը, հաշվի առնելով ողջ տարվա ընթացքում քաղաքական դաշտում Ձեր դրսևորած ակտիվությունը, ձեռքբերումները և հեռանկարային քաղաքական գործչին հատուկ գործելաոճը, Ձեզ ճանաչել է «Տարվա կին քաղաքական գործիչ 2017»: Որպես «Տարվա կին քաղաքական գործիչ»` ամփոփելով տարին` ՀՀ համար ի՞նչ կարևոր քաղաքական իրադարձություններ կամ ձեռքբերումներ կնշեք:
-Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գնահատականի համար: Ինչ վերաբերում է անցնող տարվա ձեռքբերումներին և իրադարձություններին, ապա 2017 թվականը կբնութագրեի որպես խիստ հագեցած տարի` կարևոր քաղաքական իրադարձություններով ու ձեռքբերումներով: Դրանցից կարևորներն առանձնացնելը բավականին բարդ է: Ներքաղաքական առումով միանշանակ տարվա գլխավոր իրադարձությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններն էին, որոնք փաստացի կառավարման խորհրդարանական համակարգին անցումն ապահովող ընտրություններ էին: Այս ընտրությունները, և սա միայն իմ գնահատականը չէ, աչքի ընկան իրենց կազմակերպվածության և հանրային վստահության բարձր մակարդակով: Արտաքին քաղաքականության առումով տարվա գլխավոր իրադարձությունը, իհարկե, նոյեմբերի 24-ին Եվրամիության և Հայաստանի միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումն էր:
-Որպես ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար` ինչպե՞ս կգնահատեք նոյեմբերի 24-ին Եվրամիության և Հայաստանի միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նշանակությունը ՀՀ համար, ի՞նչ հեռանկար է այն խոստանում:
-Համաձայնագիրը նոր հնարավորությունների փաստաթուղթ է. առաջին հերթին` Եվրամիության հետ համագործակցության խորացման հնարավորություն: Այն ընդգրկուն փաստաթուղթ է, որը ներառում է մի շարք առաջնային ոլորտներ` մարդու իրավունքներ, իրավունքի գերակայություն, ժողովրդավարության ամրապնդում, կոռուպցիայի դեմ պայքար, վիզաների ազատականացում և այլ ոլորտներ: Համաձայնագիրը խթան կլինի մեր հասարակության, ժողովրդավարական ինստիտուտների արդիականացման, արդյունավետ կառավարման համար:
-2017թ. միանշանակ նշանակալի տարի էր Ձեզ համար`որպես քաղաքական գործիչ: Ո՞րն է այս տարվա Ձեր գլխավոր ձեռքբերումը:
-Ես երբևէ տարվա ձեռքբերումների կամ ձախողումների հաշվառում` որպես այդպիսին, չեմ իրականացնում: Ինձ համար ամենամեծ ձեռքբերումն այն է, երբ հնարավորություն ես ունենում զբաղվել այն աշխատանքով, որին հավատում ես, իմանալ, որ քո աշխատանքի արդյունքում արձանագրվում են փոփոխություններ:
Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի
Վերադառնալ